RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-12-02 23:32:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 831, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱՍԱԴԵՆԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՐՈՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (Armenian Mirror-Spectator)

Փասադենայի հայկական Կիլիկիա ավետարանական եկեղեցու (ՀԿԱԵ) բակում հոկտեմբերի 9-ին պաշտոնապես բացվել է Արմեն Արոյան գրադարան-թանգարանը: «Միրոր-Սփեքթեյթրում» Գեւորգ Քյոշկերյանը տեղեկացնում է, որ ՀԿԱԵ-ն առաջին հայկական եկեղեցին է, որ կառուցվել է Փասադենայում 1922-ին: Անվանումը մի երկու անգամ փոխվել է, իսկ ներկա տարածքը ձեռք է բերվել 1991-ին:

Եկեղեցու վերապատվելի Սերոբ Մկրտչյանը կատարել է բացման խոսքը, որից հետո բեմ է հրավիրել եկեղեցու ծիսական խորհրդի նախագահ Արա Ասիլյանին , որ վարի միջոցառումը: Վերջինս մեծապես գնահատել է Արոյանի 40-ամյա գործունեությունը որպես երգչախմբի ղեկավարի եւ երախտագիտություն է հայտնել նրա առատաձեռն նվիրատվության համար, որի շնորհիվ եկեղեցապատկան մի սենյակ հիմնովին վերանորոգվել եւ վերածվել է գրադարան-թանգարանի, որտեղ Արոյանի ավելի քան 3000 պատմական հատորներ, հազվագյուտ մետաղադրամներ, դրոշմանիշեր եւ պղնձե իրեր մշտական ցուցադրության կդրվեն ապագա սերունդների համար: Ասիլյանը նաեւ նվիրել է Արարատ լեռան լանջից ժայռի մի կտոր, որ իրեն է տրամադրել դեպի սրբազան լեռը ուխտավորների մի խումբ առաջնորդած Հարութ Տեր-Դավիթյանը : Այդ մասունքը եւս մշտական ցուցադրության կդրվի:

Մյուս ելույթ ունեցողները նույնպես դրվատանքի խոսքեր են ասել Արոյանի հասցեին: Գեղարվեստական բաժնին իրենց մասնակցություն են բերել «Փաթիլ» պարային ակադեմիայի անդամները եւ «Վեմ» երաժշտական համույթը (UCLA) Մովսես Պողոսյանի ղեկավարությամբ: Օրվա գլխավոր բանախոսն է եղել դոկտ. Փիթեր Քաուին , որ շեշտը դրել է Արեւմտահայաստանի պատմական վայրերի վերաբերյալ Արոյանի հարուստ գիտելիքների վրա: Միջոցառման վերջում Արոյանը կտրել է նորաբաց գրադարան-թանգարանի ժապավենը:

Արմեն Արոյանը տարիներ շարունակ ուխտավորների խմբեր է առաջնորդել դեպի Արեւմտյան Հայաստան: Մեծ հոգատարությամբ հետեւել է, որ խմբի մասնակիցները այցելեն իրենց ծնողների կամ նախնիների պապենական տները` Կեմերեկ, Սվազ (Սեբաստիա), Դաքեսի հովիտ (Դաքեսյանների անունով) եւ այլ վայրերում, տրամադրելով նրանց պատմական անհրաժեշտ տեղեկություններ:

Նոր գրադարան-թանգարանում կազմակերպվելու են դասախոսություններ, թեմատիկ ցուցահանդեսներ եւ համերգներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ