RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022



Տեղադրվել է` 2022-01-13 22:51:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2286, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՂՄՈՍԱՍԱՑՆ ՈՒ ՆՐԱ ՍՏԵՂԾԱԾ ԴԺՈԽՔԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Թուրք-ադրբեջանական հայատյացության դեմ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը «պայքարում են» խաղաղասիրական խոնարհումներով ու ձեռքմեկնումով: Սա աստվածաշնչյանՙ «երբ մի այտիդ հարվածում են, մյուսն էլ դեմ տուր» քրիստոնեական իմաստնությունը չէ, անգամ եթե ամանորյա ելույթում Նիկոլ Փաշինյանը սաղմոսներ մեջբերեց, իսկ նիկոլապաշտ տիկնայք, «ալելուիա՜» գոչելով, իրենց սրտի վաչապետին սոցցանցերում անվանեցին «սուրբ», «հայ ազգին երկնքից շնորհված սաղմոսերգու, սաղմոսասաց պարգեւ»:

Գրեթե ամեն օր Հայաստանի եւ Արցախի Մարդու իրավունքի պաշտպանները հարյուրավոր փաստեր ու վկայություններ են հրապարակում, որ Ադրբեջանն ավելի է խորացնում հայատյաց քաղաքականությունն ու այն դրսեւորում ոչ միայն պաշտոնական հայտարարություններում, այլեւ գործնականում:

Բաքվի բանտերում հայ գերիներին ստիպում են կրոնափոխ լինել: Եթե նրանց մարմինների վրա խաչ կամ քրիստոնեությունը խորհրդանշող այլ պատկեր կա դաջված, այդ հատվածն այրում են, արյունոտում:

Եթե մինչեւ հիմա միայն ազգային պատկանելությունն էր ծաղրվում, ապա այսօր արդեն հայատյացությունը նաեւ կրոնական դրսեւորում է ստացել: Ադրբեջանցիները հայ գերիներին դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկում նաեւ քրիստոնյա լինելու համար:

Հայաստանի ու Թուրքիայի բանագնացները Մոսկվայում շուտով քննարկելու են Հայաստան-Թուրքիա խաղաղության օրակարգը: Իսկ Էրդողանը պատրաստվում է իր երկրի խորհրդարանը մաքրել ոչ ազգայնամոլ պատգամավորներիցՙ իբր թուրք ինքունությունը վիրավորելու համար:

Իրականում 28 պատգամավորները Հայոց ցեղասպանության մասին են բարձրաձայնել: Էրդողանը նրանց ձգտում է զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից ու մանդատից:

Փաշինյանն ու նրա կառավարությունն ինչպե՞ս են պատրաստվում Հայաստան-Թուրքիա հանդիպմանը, ի՞նչ պետք է անի ու խոսի Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, չի քննարկվում, ոչինչ չի ասվում:

Թուրքիան դարձյալ Հայաստանից պահանջելու է խոսել առանց նախապայմանների, իսկ նրա «նախապայմանները», դեռ մի բան էլ ավելին, իրականացված են:

Ինչպես հայտնի է, նախկինում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար պահանջում էրՙ

1. Արցախի 7 շրջանները վերադարձնել Ադրբեջանին:

2. Ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

3. Հայոց ցեղասպանության մասին մոռանալ:

Այսօր այդ երեք նախապայմանները կատարված են, դեռ մի բան էլ «բոնուսով»ՙ Հայաստանի սահմաններից ներս ադրբեջանական զորքը հարմար տեղավորվել է, Զանգեզուրի միջանցքն էլ նվեր է Թուրքիային ու Ադրբեջանին, Արցախից էլ ոչ թե 7 շրջան, այլ 75 տոկոսն է հանձնված Ադրբեջանին, իսկ մնացած 25 տոկոսի նկատմամբ հայկական վերահսկողությունը միայն դե յուրե է:

***

Տարին սկսվեց Ադրբեջանի կողմից հերթական վայրագություններով ու սանձարձակություններով: Հունվարի 2-ին Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին ադրբեջանցի զինվորները փակել էին Ստեփանակերտից վերադարձող Հայաստանի հանրապետության քաղաքացու մեքենայի ճանապարհը, քարերով հարվածել, սպառնացել: Մեքենայի մեջ եղել են վարորդի կինն ու 3 տարեկան երեխան:

Դեպքը դատապարտել են, փաստերն արձանագրել ու հրապարակել Հայաստանի եւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները:

Արման Թաթոյանը հայտարարել է, որ պարբերաբար կրկնվող դեպքերից ելնելովՙ Հայաստանի եւ Արցախի բնակավայրերի հարեւանությամբ ադրբեջանցի զինծառայողներ չպետք է լինեն, նրանք սպառնալիք են խաղաղ բնակչության համար:

Հունվարի 10-ին ադրբեջանական կողմը մեկ օրում երկու ոտնձգություն է կատարել: Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա եւ Թաղավարդ համայնքների, ինչպես նաեւ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ համայնքի ուղղությամբ կրակահերթեր է արձակել:

Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանցիների բացած կրակահերթից այրվել է խաղաղ բնակչի ավտոմեքենան: 50 մետր հեռավորության վրա գտնվում է մանկապարտեզը: Երեխաները լսել են մեքենայի պայթյունը: Դաստիարակները նրաց տարհանել են մանկապարտեզիցՙ խաբելով, թե գնում են տիկնիկային ներկայացում դիտելու:

Նախիջեւանիկ գյուղի այգիներում աշխատող 4 անձանց եւ տրակտորի ուղղությամբ եւս ադրբեջանբցիները կրակ են բացել:

Սա դիտավորություն է, որի նպատակը հայ բնակիչներին վախի մթնոլորտում պահելն ու հայկական բնակավայրերը հայաթափելն է:

Ոչ ոք չի խոսում այն մասին, որ Սյունիքում հայկական գյուղերն արդեն հայաթափվում են: Թշնամու դիտակետում հայտնված բնակավայրերում տները դատարկվում են, շեներում մարդ չկա արդեն:

Ռազմական փորձագետները պնդում են, որ պետք է Ադրբեջանին ստիպել, որպեսզի հայկական բնակավայրերին մոտ գնվող դիրքերը հանվեն: Խաղաղ բնակիչներն ամեն վայրկյան մահվան, զանազան ոտնձգությունների սպառնալիքների տակ են ապրում: Ի վերջո, հենց սրա մասին է արդեն մեկուկես տարի բարձրաձայնում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանըՙ պետք է ստեղծվի անվտանգության գոտի, վահանի դեր կատարող ինչ-որ չեզոք տարածք, որից այն կողմում ադրբեջանական զինված ուժերը կլինեն, իսկ այս կողմումՙ խաղաղ բնակիչները:

Բացի բնակավայրերի ուղղությամբ կրակահերթերից ու խաղաղ բնակիչներին վնաս հասցնելուց, ադրբեջանական զինուժը հունվարի 11-ինՙ ժամը 14-ից սկսած, հարձակվել է հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ, ինչի հետեւանքով 2002 թվականին ծնված ժամկետային զինծառայողներ Արթուր Արտյոմի Մխիթարյանն ու Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը զոհվել են, եւս 3 զինծառայող հրազենային ծանր վնասվածք է ստացել եւ տեղափոխվել Երեւան:

Թշնամին կիրառել է նաեւ անօդաչու սարքեր, որոնք պտտվել են հայկական բնակավայրերի վրա:

Տարբեր աղբյուրներ օրվա ընթացքում տեղեկություններ էին հրապարկում, որ թշնամին ծանր տեխնիկա է օգտագործել ու մեր իսկ սուվերեն տարածքում հարձակվել մեզ վրա, կորուստներ ունենք, սակայն պաշտոնական հարթակները լռում էին:

Եվ միայն հունվարի 12-ին պարզ դարձավ, որ մենք եւս մի զոհ ունենքՙ 2003 թվականին ծնված Վահան Վաչագանի Բաբայան :

Վերին Շորժա, Կութ, Նորաբակ եւ Ազատ գյուղերի բնակիչները ստիպված են եղել իրենց տների նկուղներ տեղափոխվել, որովհետեւ ադրբեջանցիների կրակահերթերը մինչեւ ուշ երեկո շարունակվել են:

***

Ադրբեջանցիները շարունակում են իրենց սանձարձակ, անպատժելի դրսեւորել. մեր կողմից ոչ մի արձագանք ու պատասխան: Բացի Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքի պաշտպաններից, ոչ մի մարմին չի արձագանքում ադրբեջանական սադրանքներին, անգամ եթե զոհեր ունենք: Միայն Պաշտպանության նախարարությունն է ուշացած հաղորդագրություններ տարածումՙ վերջում ցավակցական տողով:

Ադրբեջանցիները նկարահանումներ են իրականացնում ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին, այլ այն հատվածում, որտեղ իրենք 45 կմ առաջ են եկել ու մտել Հայաստանի ինքնիշխան տարածք:

Օրեր առաջ ադրբեջանական ITV հեռուստաընկերությունը տեսանյութ տարածեց, որտեղ մեր զինվորներն արգելում էին նկարահանել իրենց դիրքերը, սակայն ադրբեջանցին լկտիաբար, սարկազմով հայտարարեց. «Կգնաս, կասես Արտակ Դավթյանին, որ ե՛ս եմ այստեղ նկարահանում անցկացնում ու ե՛ս եմ որոշումՙ նկարե՞լ, թե չնկարել»:

Ադրբեջանցին նաեւ հարցրեցՙ սահմանագծում, սահմանազատում արվա՞ծ է, եթե ոչ, ուրեմն սա ադրբեջանական տարածք է, ինչ կուզեմ, կանեմ:

«Միայն Հայաստանում է, որ շաբաթը մեկ Պաշտպանության նախարար է փոխվում»,- ծիծաղելով ասաց ադրբեջանցին ու շարունակեց նկարահանել մեր դիրքերը:

Ի դեպ, ադրբեջանցիների եւ հայ զինվորների հեռավորությունն ընդամենը մի քանի մետր էր: Այսինքնՙ ոչ մի երաշխիք, որ ադրբեջանցիներն ուզած ժամանակ ոչ միայն տեսախցիկ, այլեւ զենք չեն կիրառի:

Հիշեցնենք, որ նույն ադրբեջանցիներն անցյալ տարի պահանջել էին Հայաստանի ԱԱԾ-ից, որպեսզի հայ լրագրողները սահմանային որեւէ վայրում նկարահանում չիրականացանեն: Այդ պահանջը Հայաստանի իշխանությունները մինչ այսօր անխախտ իրականացնում են: Իսկ ինչ վերաբերում է մեզ, մենք ոչ մի պահանջ չունենք Ադրբեջանից: Մենք անգամ Հայաստանի իշխանությունը զբաղեցնող արարածներից չենք պահանջում բացատրություն, թե ինչո՞ւ «խաղաղության օրակարգը», «խաղաղության դարաշրջանը» իրենք չեն փաթաթում մի կտոր լավաշի մեջ ու չեն կերցնում իրենց երեխաներին ու ընտանիքի մյուս անդամներին:

Չենք պահանջում, չենք հարցնում, թե ի՞նչ իրավունքով Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնող, պատերազմում ու երկրի կառավարման բոլոր ոլորտներում պարտված, հեղինակազրկված, բարոյալքված գոյանքն Ամանորի գիշերը ռաբիս երգի տակ պարեց հայ զինվորների հետ, հետո հանգիստ գնաց իր տունՙ միսիան ավարտած համարելով:

Ու ժամեր անց Հայաստան երկրում ու մի պատառ Արցախում շարունակվեց իրական դժոխքը, այն դժոխքը, որի մեջ ապրում ենք արդեն երկու տարի:

Հ.Գ.- Վերին Շորժայի հատվածում թշնամու անօդաչուի հարվածից սպանված 19-ամյա Վահան Բաբայանը Հայաստանի թաեքվանդոյի մեծահասակների օլիմպիական գործող չեմպիոն էր: Նա ասել է. «Կյանքիս գնով հողս կպահեմ»:

Նույն օրը մարտական գործողությունների ժամանակ սպանված կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանը ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Յուրաքանչյուր հայՙ մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք:

Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով: Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի, այլ նաեւ գիտելիքի ու միասնականության շնորհիվ:

Հիշենք. Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու եւ կրթվելու վրա:

Ես հավատում եմ քեզ, իմ հայ ազգի ներկայացուցիչ: Մենք կհանդիպենք տարիներ անցՙ մեր երկիրը շենացնելու ժամանակ:

Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու:

Պատերազմը դեռ չի ավարտվել:

Գնում եմ, որ գամ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ