RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022



Տեղադրվել է` 2022-01-13 22:51:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2292, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՂԱՐԻԲԱԲԱԴԻ. ԱՐՏԵՐԿՐԻ ԻՐԱՆՑԻՆԵՐԸ ՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ, Իրանագետ

1979 թ. Իսլամական հեղափոխությունից հետո աշխարհում ըստ էության ձեւավորվեց այսպես կոչված իրանական սփյուռքը: Թեեւ մինչ այդ էլ տարբեր ժամանակներում իրանցիներ ապրել են օտար երկրներում, սակայն հեղափոխությունից հետո կարելի է ասել իրավիճակը լիովին փոխվեց. աստիճանաբար ձեւավորվեցին իրանական համայնքներ:

Դեռեւս շահական վարչակարգի ժամանակներում արտերկրում բնակվող իրանցիները աչքի են ընկել այն կարեւոր առանձնահատկությամբ, որ հիմնականում ուսանողներ էին ու լավագույնս տիրապետում էին անգլերեն լեզվին: Այլ կերպ ասածՙ նրանք կրթական նպատակներով եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում բնակություն հաստատած ժամանակավոր միգրանտներ էին: Փաստորեն ի տարբերություն այլ ժողովուրդների սփյուռքների, որոնք հիմնականում աշխատանքային միգրանտներ էին, իրանականը առանձնանում է որպես բարձրագույն կրթությամբ աչքի ընկնող համայնքներ:

Եվ ահա Իսլամական հեղափոխությունից հետո նրանց մեծ մասը չվերադարձավ հայրենիք քաղաքական հայացքների կամ այլ պատճառներով, ավելինՙ հնարավորության դեպքում իրենց մոտ կանչեցին ազգականներին: Այդպիսով ձեւավորվեցին իրանական համայնքներ տարբեր երկրներում, հատկապես ԱՄՆ-ում ու եվրոպական երկրներում:

Ակնհայտ է, որ 1980-ական թվականներինՙ Իրան-Իրաք պատերազմի տարիներին ու դրան հաջորդած տասնամյակներին պատժամիջոցների պայմաններում դժվար էր ապահովել հայրենիքի ու իրանական համայնքների միջեւ կապը: Եվ ամենակարեւորըՙ գաղթածների եւ իշխանությունների ներկայացուցիչների միջեւ բացակայում էր երկխոսելու ցանկությունը: Դա չի նշանակում, որ այսօր չկա այդ խնդիրը, սակայն կարծես աստիճանաբար տեղի է տալիս: Նախ արտերկրում ծնված նոր սերունդը, ի տարբերություն իրենց ավագների, գործող իշխանությունների հետ համենայն դեպս չունեն հակադրվելու լուրջ պատճառներ, ընդգծված քաղաքական գաղափարախոսություն եւ այլն: Բացի դրանից, վերջին տարիներին բազմաթիվ իրանցիներ եւս տնտեսական գործունեություն են իրականացնում Իրանին հարեւան երկրներում, այդ թվումՙ Հայաստանում, համալրելով արտերկրում իրանցիների թիվը:

Եվ ահա օրերս ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի դատական իշխանության միջազգային հարցերով պատասխանատուի տեղակալ եւ Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին : Վերջինս անդրադարձել է արտերկրում բնակվող ավելի քան 4 միլիոն իրանցիներին:

Թերեւս իրանական պետական կառավարման չափանիշներով ինչ-որ տեղ հասկանալի է, որ այդ հարցին անդրադառնում է դատական իշխանության ներկայացուցիչը: Այդպիսով նախքան արտերկրում բնակվող իրանցիների հետ կապերի առավել խորացումը, կարծես պետության կողմից իրավական դիտանկյունից փորձ է արվում ուսումնասիրել ու ճանաչել նրանց, Իրանի սահմաններից դուրս ծնված արմատներով իրանցիներին եւ այդ կերպ որոշակի կապեր հաստատել օտար միջավայրում մեծացած նոր սերնդի հետ:

Հարկ է նկատել, որ բարձրաստիճան պաշտոնյան խոսելով նրանց մասին ընդգծել է, որ այդ թիվը կազմում է Իրանի բնակչության մոտ 5 %-ը: Ղարիբաբադիի գնահատմամբՙ արտերկրում բնակվող իրանցիներն Իրանի համար մեծ կապիտալ են:

Հիրավի, իրանական պետական համակարգը հատուկ վերաբերմունք ունի արտերկրում բնակվող իրանցիների նկատմամբ, քանի որ ներկայումս, հաշվի առնելով նրանց տնտեսական պոտենցիալը, ակնհայտ են դառնում հայրենական արդյունաբերության մեջ նրանց հնարավոր ներդրումները, որոնց կարիքն անհրաժեշտ է Իրանին: Ահա թե ինչու ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը հավաստիացրել է, որ բոլոր ժամանակներում էլ իշխանությունը որեւէ տարբերություն չի դրել արտասահմանաբնակ ու Իրանում բնակվող իրանցիների միջեւ եւ այնպես չէ, որ իրենք հայրենակից են համարում միայն երկրի ներսում ապրողներին ու անտեսում դրսի իրանցիներին:

Հավելենք, որ իրանական չափանիշներով արտերկրում բնակվող վերոնշյալ 4 միլիոն բնակչության մեջ ներառված են նաեւ վերջին 40 տարում երկրից արտագաղթած մինչեւ 200 հազար իրանահայերը, եթե նկատի ունենանք, որ 1970-ական թվականների վերջին նրանց թիվը հասնում էր շուրջ 250 հազարի: Նշելի է, որ արտագաղթած իրանահայերն այսօր էլ պահպանում են կապը աշխարհի տարբեր երկրներում գործող իրանական մշակույթի կենտրոնների հետ:

Ընդ որում 2010 թվականի տվյալներով արտերկրում բնակվում էր 2-3 միլիոն իրանցի: Նրանց մեծ մասն ապրում էր Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Պարսից ծոցի երկրներում, Թուրքիայում, Ադրբեջանում, Ավստրալիայում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում: Սակայն 2021 թվականին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է նոր վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ 4,037,258 իրանցիներ ներկայումս ապրում են արտասահմանում: Փաստորեն այլ երկրներ գաղթող իրանցիների թիվն ավելանում է: Ակնհայտ է, որ այս միգրացիայի պատճառներից է Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածությունը, որն ստեղծում է անապահովություն, եւ ավելի շատ իրանցիներ հեռանում են երկրից անվտանգության նկատառումներով: Մյուսները գաղթել են տնտեսական պատճառներով, օրինակՙ աշխատանքի հնարավորություններ փնտրելով:

Ըստ վերոնշյալ վիճակագրությանՙ առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում ենՙ ԱՄՆՙ 1,5 մլն, Կանադա եւ Միացյալ Թագավորությունՙ 400 հազարական եւ այլն: Հետաքրքրական է, որ ՀՀ-ում հաշվվում են մինչեւ 10 հազար իրանցիներ:

Այսպիսով, իրանական իշխանությունները սկսել են քայլեր ձեռնարկել իրենց հայրենակիցներին երկրի հետ կապելու ուղղությամբ: Եվ սա այն դեպքում, երբ Իրանն ունենալով բնակչության թվի համեմատ փոքրաթիվ սփյուռք, այդուհանդերձ կարեւորում է դրա նշանակությունը ու փորձում նրան ներգրավել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում:

Ավելորդ է նշել, թե որքան կարեւորություն ունեն արտերկրում բնակվող հայրենակիցները Հայաստանի որպես պետության համար, առավել եւս եթե այդ թիվն անցնում է 70 %-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ