RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022



Տեղադրվել է` 2022-01-13 22:51:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2451, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆԻ ԾՈՒԽԸ ՉԻ ԱՂՏՈՏՈՒՄ ՔԱՂԱՔԸ, ԲԱՅՑԵՎ ՉԻ ՇՆՉՈՒՄ ԵՐԲԵՄՆԻ ՀՍԿԱՆ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Ուրվական քաղաքի է վերածվել Ալավերդին: Երբեմնի արդյունաբերական հսկան ասես մի կողմ է քաշվել բոլորից ու ծնկելՙ հոգնած, սպառված ու աշխարհից նեղացած: Լուռ իր դարդն է լացումՙ մռայլ ու անգույն կյանքի մասին: Միշտ դժգոհել են նրանիցՙ օդն աղտոտելու համար, այժմ ինքը թթվածնի կարիք ունի: Եռուզեռի, մարդկային չդադարող հոսքի քաղաքն այսօր ընդամենը մի քանի ժամ է շնչումՙ մինչեւ կեսօր, երբ հարակից բնակավայրերի մարդիկ գալիս, վարկերը փակում, բժիշկներից դեղերի հերթական չափաբաժինը ստանում ու հետ են գնում: Կեսօրից հետո Լոռու ձորի տիրակալը մենակ է մնում ինքն իր դարդ-հոգսերի հետ ու լուռ զրույցի բռնվում գիժ Դեբետի հետ:

Հայաստանին անկախություն բերած Ալավերդին այժմ սեփական կաշվի վրա է զգում Հայաստանի մասնատման ցավոտ ճակատագիրը: Ականատեսների ու վերլուծաբանների կարծիքովՙ 1990-ականներին Ալավերդիում սկսված բնապահպանական շարժումը հենց հիմք եղավ Հայաստանի անկախության շարժման համար: Էկոլոգիական աղետից դժգոհող ալավերդցիները թեեւ հասան իրենց նպատակին, մետաղաձուլարանի աշխատանքն ու ածխաթթու գազի արտանետումը դադարեցվեցին, բայց, դրան զուգահեռ, վրա հասան մութն ու ցուրտ տարիները: Ալավերդիում տարածված զրույցներից մեկի համաձայնՙ Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումից ու մետաղաձուլարանի փակումից հետո ձուլարանի աշխատակիցներից մեկը դիմում է պղնձաձուլարանի նախկին տնօրեն Նորիկ Սարգսյանին. «Ընկե՛ր Սարգսյան, տեսնում եք, չէ՞, թունավոր գազերի արտանետումից հետո Լալվարի դոշերն ինչ լավ կանաչին են տալիս»: Սարգսյանի պատասխանը չի ուշանում. «Դե գնացեք արածեք, սովից չկոտորվեք»:

Ալավերդին կրկին շնչել սկսեց մեկ էլ 2000-ականների կեսերին, երբ վերագործակվեց պղնձաձուլարանը, պղնձի հանքը վերաշահագործվեց, արտագաղթած ընտանիքներից շատերն անգամ վերադարձան ու սկսեցին շենացնել քաղաքը: Ձուլարանը մինչեւ 2018-ը շահագործող ընկերությունը վստահեցնում էր, որ չինական ընկերություններից մեկի հետ նմանը չունեցող ծրագիր են պատրաստվում իրականացնել, ինչը հնարավորություն կտար ածխաթթու գազը ոչ թե բաց երկինք արտանետելու, այլ դրանից ածխածին ստանալու ու Չինաստան արտահանելու: Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ, ու քայլելով իշխանության եկածների ուղղակի ճնշումների տակՙ պղնձաձուլարանի աշխատանքները դադարեցվեցին, հիմնարկի աշխատակիցները հարկադիր պարապուրդի մատնվեցին, ու սկսվեց Ալավերդու «ցուրտ ու մութ» տարիների նոր փուլը: Ճակատագրի հեգնանք ասես լինիՙ Հայաստանին բնապահպանական ցույցերով անկախություն բերած քաղաքն առաջինն էր, որ փակվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ:

Ցավ ի սիրտ, բոլորիս աչքի առաջ նրա հետ մեկտեղ ամբողջ երկիրն է ծվատվում: Ու տպավորություն է, որ Հայաստանին անկախություն բերած Ալավերդին այդ անկախության բզկտման առաջին ցուցիչը եղավ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ