RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022



Տեղադրվել է` 2022-01-13 22:51:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2266, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՆԳԱՄ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԲԱՆԱԿԻՆ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

«Ազգ»ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը

- Անցած տարի բոլորիս համար առաջնային էին սահմանների, անվտանգության ու բանակաշինության հարցերը: Թե ինչ դրական քայլեր են կատարվել օրախնդիր այս հարցերին լուծումներ տալու համար, կարծես թե տեսանելի չէ: Որպես մասնագետՙ դուք ի՞նչ վերլուծություն ունեք: Բանակը կարողացե՞լ է մեջքը ուղղել, անվտանգության առումով որեւէ քայլով առաջ գնացե՞լ ենք:

- Բանակաշինության, անվտանգային համակարգերի վերականգնման առումով, կարծում եմ, ոչ միայն որեւէ դրական շարժ չունենք, այլ նույնիսկ հետընթաց ենք արձանագրել: Այս պահին, ցավոք, ՊՆ-ի ԶՈւ-ի վիճակը նույնիսկ ավելի քաոտիկ է, ավելի քանդված, քան 2020 թ. նոյեմբերին էր: Բացատրեմ. հիշենքՙ պատերազմից հետո 4 նախարար փոխվեց, ընդ որումՙ վերջին նշանակվածն այնպիսի մարդ է, որ երբեւէ ոլորտում չի եղել ու կառավարման բավական սահմանափակ փորձ ունիՙ ընդամենը մի քանի տարվա: Հիմա հսկայական ու երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող կառույց է ղեկավարում: 44-օրյա պատերազմից հետո պետք է արագորեն վերլուծվեին հանգամանքները, եզրակացություններ արվեին, ու դրանց համապատասխան բարեփոխումներ արվեին, մոլբիլիզացիան, ըստ էության, նույնիսկ պետք է ավելանար, որովհետեւ տարածքների հանձնումով Հայաստանի անվտանգային իրավիճակը կտրուկ վատացել է: Արագ գործելու փոխարեն ի՞նչ տեսանքՙ կադրային ջարդ սկսվեց, որն առ այսօր չի դադարում, ավելի շատ տարածքներ հանձնվեցին, նույնիսկ այնպիսիք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէին հանձնել: Ըստ էության, այսպես կոչված օպտիմալացման անվան տակ կրճատվում են զինված ուժերը, պետությունը որեւէ կերպ պատասխանատվություն չի դրսեւորում գերիների, զոհվածների, անհետ կորածների, վիրավորների մասով: Անգամ դրամական հատուցումները ամիսներով ձգձվում են, չեն վճարում, հայտարարում, թե պետությունը պատերազմում վիրավորվածներին պետպատվերով չի բուժում: Գործող իշխանությունը որեւէ բանի համար չի ուզում պատասխանատվություն կրել, անընդհատ հարվածում է զինվորականներին, ու պատերազմի ավարտից հետո բոլոր առումներով հետընթաց ունենք:

- 2018 թ. իշխանափոխությունից ու անգամ 44-օրյա պատերազմից հետո իշխող ուժն ասես սպայական կազմին կամ գեներալիտետին վարկաբեկելու, նրանց նկատմամբ իրավական գործընթաց սկսելու ձեռագիրն է որդեգրել: Այժմ էլ գերությունից վերադարձած սպաները կամ պայմանագրային զինծառայողներն են պատասխանատվության կանչվում: Ի՞նչ է սա ձեզ հուշում:

- Ցավոք, ճիշտ եք նշում. այդ ջարդը, այո՛, շարունակվում է, ու դա բնականաբար չի կարող դրական անդրադառնալ բանակի մարտունակության, անվտանգության, անվտանգային համակարգերի արդյունավետության վրա: Ի դեպ, վստահ եմՙ նույն վիճակն է նաեւ ազգային անվտանգության ծառայությունում: Ինչ վերաբերում է Հայաստան վերադարձած գերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելուն, ապա ասեմ, որ միշտ էլ կարգը հետեւյալն էր. եթե միջադեպ է եղել, եւ ինչ-որ մեկը զոհվել կամ վիրավորվել է, ապա պետք է քրեական գործ հարուցվեր, քննություն տարվերՙ պարզելուՙ ինչ հանգամանքերում է դժբախտ պատահարը տեղի ունեցել: Մարդ հերոսաբար դիմադրելո՞վ, թե՞ դավաճանություն գործելով է գերի ընկել: Դա միայն դատավարության ավարտին կարող էր երեւալ: Բայց ելնելով պոպուլիզմիցՙ իշխանությունը սկզբում անխտիր բոլոր գերիներին հերոսացնում էր (թե ինչ հերոսացնելու բան էՙ դա էլ պարզ չէ), հետո արդեն երբ զգացին, որ դա իրենց շահերից չի բխում, բոլորին միանգամից սկսեցին դավաճան ասել: Մի աբսուրդ հայտարարությունից մեկ այլ աբսուրդ իրականություն նետվեցին: Ու բնական է, որ այդ մոտեցմամբ անհնար է կառուցել մարտունակ, անձնվեր զինված ուժեր: 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանի անվտանգային իրավիճակը շարունակել է վատթարանալ թե՛ զինված ուժերում, թե՛ անվտանգային բոլոր կառույցներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ