RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022



Տեղադրվել է` 2022-01-13 22:51:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2188, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՆՎԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Մարդու կրթվածության առաջին աստիճանը մայրենի լեզվին տիրապետելն է:

Հայոց լեզուն այսօր բոլոր բուհերում պետք է լինի ամենապարտադիրը, իսկ հայոց լեզվի ուսուցիչըՙ ամենակարեւոր մարդը:

Լեզուն է որոշում ազգի գոյությունը, կեցությունը, իմաստը:

ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հանրապետությունում 2018-ի իշխանափոխությունից հետո առաջացած ընդհանուր ոգեւորության ժամանակ, նկատի ունենալով ընդդիմադիր շարժմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմին, «Ազգ»ում անկեղծ ցանկությամբ գրեցինք. «Մեկ տարի հետո գովենք»: Նոր կառավարությունը սկսեց գործել եւ... բազմախնդիր Գյումրիում իր երեւի ամենահրատապ գործը համարեց պետական կայացած հեռուստատեսություն ու 1930-ական թվականներից գործող ռադիո, իսկ երկրի կրթական ոլորտումՙ Կրթության ազգային ինստիտուտ փակելը: Ինչն արդեն տարակուսելի էր:

Ճիշտ է, մի կարեւոր գործ էլ արվեց: Զգալիորեն կրճատվեց մեր նախարարությունների թիվը, ինչը վաղուց հասունացած խնդիր էր: Ու գնահատելի դրական քայլՙ երկրի ուռճացված բյուրոկրատական ապարատի բեռնաթափման ճանապարհին: Այս ձեռնարկում երեւի ամենալուրջ մտահոգության առարկան մշակույթի նախարարության առանձին կարգավիճակի վերացումն էր, մեզ համար ռազմավարական կարեւորություն ունեցող մի քանի ոլորտների կառավարումը միատեղող կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի գերնախարարության ստեղծումը: Հայաստանի համար կրթությունը, մշակույթը լայն առումով,- գիտությունն ու գրականությունը ներառյալ,- ազգային ինքնության ու դիմագծի պահպանման, ազգային անվտանգության խնդիր են, եւ շատ կարեւոր էր այդ խիստ պատասխանատու գերկառույցի ղեկն ում հանձնելու սկզբունքի ընտրությունը: Հայոց մշակույթի, գիտության, կրթության նախարար լինելն իր խոր իմաստով սոսկ չինովնիկական պաշտոն չպետք է համարվի, այլ ավելի շատՙ առաքելություն: Ցավոք սրտի, նոր իշխանությունը նույնիսկ այս նշանակման հարցում առաջնորդվեց թեկնածուի ոչ թե տվյալ ոլորտներում ակնհայտ վաստակ, ներդրում ու ասելիք ունեցող ազգային հեղինակավոր, կարող անհատ լինելու, այլ առավել ընդունված «յուրայինության», տվյալ դեպքումՙ քայլած եւ «թավշյա հեղափոխության» մասնակից կուսակից լինելու հանգամանքով: Նման նախարարական աթոռը կարծես նաեւ ի պարգեւատրումն հանձնվեց գիտության թեկնածուի աստիճան ունեցող... արաբագետին, որը, ինչպես հետո պարզվեց, նույնիսկ Հովհաննես Թումանյանից մի երկու տող անգիր ասել չի կարող ու, իր իսկ խոստովանությամբ, ունի ռուսական, այլալեզու կրթություն: Այսինքն ուրիշ մտածողության ու մշակույթի կրող էՙ դրանից բխող արժեքային, լեզվական եւ այլ հետեւանքներով ու կողմնորոշումներով:

Մնացածը հայտնի է:

Կառավարությունում ո՞վ է պատասխանատու օրինախախտման համար

Պարբերաբար ժողովրդի քվեն վկայակոչող կառավարությունում իրենց ծրագրածն ու վճռածը կարծես թե համառորեն անում ենՙ նաեւ առ ոչինչ համարելով նույն այդ ժողովրդի, շահառու եւ մասնագիտական հանրության, հաստատությունների թեկուզ միահամուռ կարծիքը, առարկությունները, մերժումները... եւ ոչ միայն: Մենք հոգնեցինք ասելուց ու հակափաստարկներ բերելուց, իրենք, ինչպես երեւում է, չեն հոգնում իրենցը զոռով առաջ տանելուց ու չեն խպնում ոչնչից: Այդպես արհամարհելով հաստատեցին Հանրակրթության պետական իրենց չափորոշիչըՙ անգամ առանց անհրաժեշտ լեզվական խմբագրման: Այդպես Ազգային ժողովին ընդունել տվեցին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» իրենց հեղափոխիչ օրենքը (հարակից օրենքներում փոփոխություններով հանդերձ), որը նախ չհաստատվեց հանրապետության նախագահի, ապա ի վերջո որոշ կետերի մասով Սահմանադրությանը հակասող ճանաչվեց Բարձր դատարանի կողմից:

Վերջինիս օգոստոսի 2-ի այդՙ վերջնական ուժ ունեցող որոշումից երեք օր անց ԿԳՄՍ ներկայիս նախարար Վահրամ Դումանյանը , Մայր բուհում պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, թե նախարարությունը Սահմանադրական դատարանի որոշումը կընդունի ի գիտությունՙ վերաձեւակերպելով հակասահմանադրական դրույթները: Մինչդեռ օրենքն այլ բան է նախատեսում: Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ գործող օրենքի հոդված 73-ի 5-րդ կետի, «Սահմանադրական դատարանի կողմից Ազգային ժողովի ընդունած օրենքը կամ օրենքի վիճարկվող դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում օրենքը հանվում է շրջանառությունից»:

Բայց ահա, գործադիրն իր նոյեմբերի 25-ի որոշմամբ հաստատելով բուհերի 2022-2023 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը, չհաստատված եւ ուժի մեջ չմտած այդ օրենքի ոգուն համապատասխանՙ հայոց լեզվի ու գրականության եւ Հայոց պատմության քննություններն էլի հանել է պարտադիրների ցանկից: Միաժամանակ խախտելով նաեւ Լեզվի մասին ՀՀ գործող օրենքի պահանջը, ըստ որի «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»:

Ստացվում է միանգամից երկու օրենքի խախտում: Իսկ դա ենթադրում է նաեւ իրավական պատասխանատվություն ու, որ ավելի կարեւոր է, խախտման վերացում:

Ի դեպ, երբ ժամանակին գերնախարարի հրաժարականը պահանջողներ կային, նա իր նախագծերը քննադատողներին աջուձախ վատաբանելուց բացի նաեւ մի անգամ ասաց մոտավորապես հետեւյալը, թե ինքը առաքելություն է ստանձնել, գնում է ճիշտ ճանապարհով եւ այն մինչեւ վերջ է հասցնելու: Մեր կողմից նկատենքՙ դրսից ֆինանսավորվող ու աշխատանքային խմբում նաեւ «հարմար» կատարողներով առաքելությունՙ փաստորեն այժմ էլ շարունակվող:

Մյուս կողմից, այն ժամանակ հանդես եկավ նաեւ վարչապետ Փաշինյանն ու ասաց, որ իրականացվում է ոչ թե Արայիկ Հարությունյանի , այլ ՀՀ կառավարությա՛ն քաղաքականությունը: Կառավարությունը մեր մասնավորապես բուհական համակարգի առջեւ խնդիր է դրել լինել մրցունակ, աշխարհի առաջատար բուհերի հետ մրցակից: Ստացվում է, որ դրան ու մեր երկրի զարգացումն ապահովելուն խանգարում են հենց հայագիտական առարկաներն ու ազգային արժեքների սերմանումը: Եվ հենց որ այդ առարկաները պարտադիրից հանվեցին, ամեն ինչ կընկնի իր տեղը: Այո, եթե միայն խոսքը վերաբերում է այսօր կառավարությունում արդեն հանգուցային դիրք ու դերակատարում ունեցող Արայիկ Հարությունյանի պատկերացրած «համակեցության կանոններով ապրող հասարակություն» կառուցելուն...

Սթափվելու ժամանակն է

Աշխարհում համամարդկային ոչինչ ու ոչ մի ժամանակակից առաջընթաց չի կարող լինել օդի մեջ, առանց ամուր ազգային հիմք ու հենքի: Գլոբալացում կամ համաշխարհայնացում կոչվող հրեշը, ավելի ճիշտՙ այն հղացող ու գործի դնող ուժային եւ ֆինանսական կենտրոնները, շղարշվելով գեղեցիկ կարգախոսներով, շարունակում են աշխարհի տարբեր մասերում ազգային, պետական ու բարոյական հիմքերի խարխլման իրենց սեւ գործը: Դրա համար չխնայելով ո՛չ ջանքեր, ո՛չ ֆինանսական ու նյութական միջոցներ: Այս գործընթացին ոչ բավարար դիմադրությունը մեզ նման փոքր եւ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող երկրի, մեր ազգային հավաքականության համար կարող է վերջին հաշվով կործանարար լինել: Այդ հավաքականության կուռ միասնությունը, ազգային հենասյուն-արժեքներին փարվածությունը առկա մարտահրավերների դեմ մեր գլխավոր զենքը պետք է լինի: Այդ զենքը մենք, նաեւ մեր կրթական համակարգը, պարտավոր ենք տալ մեր եկող սերունդներին: Իսկ դրանից ամեն հետքայլն ու զիջումը կարող է հերթական անգամ թուլացնել մեր դիրքը: Նման հետքայլեր իրենց դառն հետեւանքներով արդեն կան, եղան...

Ժամանակին երկրի բուհերի բոլոր բաժիններում հայոց լեզու եւ գրականություն, Հայոց պատմություն առարկաների քննությունը եւ մի երկու կիսամյակ դասավանդումը պարտադիր դարձնելը իր խոր իմաստն ուներ: Այո, Հարվարդի, Քեմբրիջի համալսարաններում, Սորբոնի համալսարանում գուցե կարող են եւ չանցնել իրենց անգլերենը կամ ֆրանսերենը (թեեւ քիչ հավանական է ու իրականում հակառակը, աշխարհո՛ւմ են տարածում), ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի պատմությունը, նրանք խնդիր չունեն, իսկ մենք ունենք:

Եվ ի՞նչ, մեր ապագա մասնագետը պիտի բուհում օտար լեզուներ անցնի, օտար լեզուներով կրթական ծրագրեր կամ առանձին դասընթացներ անցնի, բայց իր մայրենի լեզվի գրագիտություն ու մասնագիտական եզրաբանությունՙ ո՞չ:

Լեզուն ազգի գլխավոր հատկանիշը եւ անկախ մասնագիտությունիցՙ ընդհանուր գրագիտության հիմքն է, գրականությունըՙ մարդ, հոգի դաստիարակողը (թե չէ կարող են լինել մասնագետ ռոբոտներ), իսկ պատմությունը... «Պատմութիւն. ետեւիդ նայիլ, առջեւդ տեսնել». Հակոբ Պարոնյանի այս դիպուկ ձեւակերպումը երեւի մեկնաբանության կարիք չունի: Բուհում սովորող ապագա մասնագետ երիտասարդը մեր երկրի նաեւ մի ապագա առաջնորդն ու մտավորականն է լինելուՙ նախագահ, վարչապետ, պատգամավոր ու նախարար, դիվանագետ, բժիշկ ու մանկավարժ, զորական, համայնքապետ եւ այլն: Առանց սեփական հայրենիքի ու ազգի պատմությունը, դրա դասերը հասուն հայացքով սերտած ու իմաստավորած լինելու նա աշխարհի փոթորկոտ օվկիանոսում մեր նավը վարելու է աչքերը կապած, կույր նավապետի նման:

Անհանգստացնող է նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի ապագայի խնդիրը, որի համար ծրագրվածում թաքնված վտանգներ են նշմարվում...

Գոնե հիմա նման խնդիրները վերաիմաստավորելու ժամանակն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ