RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022



Տեղադրվել է` 2022-01-13 22:51:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1696, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԼԱԴԻՄԻՐ ԹԱԹՈՍՈՎ

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

(1926-2021)

Սանկտ-Պետերբուրգում կյանքից հեռացավ թատրոնի եւ կինոյի սիրված դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Թաթոսովը : Ուռուցքային հիվանդությամբ տառապող 95-ամյա դերասանը հիվանդանոցում վարակվել է քովիդով, այդ երկու հիվանդությունների զուգորդումն էլ դեկտեմբերի 24-ի վաղ առավոտյան նրա մահվան պատճառն է դարձել:

Վլադիմիր Թաթոսովը ծնվել է 1926 թ. մայիսի 10-ին, Մոսկվայում, հայ ծնողների ընտանիքում: Նրա հոր պապըՙ Ստեփան Տեր-Թադեւոսյանը, եղել է Բաքվի հայ եկեղեցու հոգեւոր հովիվը, իսկ պապըՙ նավթարդյունաբերող, որը ջարդերի ժամանակ զոհ է գնացել ադրբեջանցու գնդակին: Դերասանի հայրըՙ Միխայիլը, եղել է լրագրող եւ լենինգրադյան հրատարակչության գլխավոր խմբագիր, մայրըՙ Մելինեն, տնային տնտեսուհի:

Հինգ տարեկան է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են Լենինգրադ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թաթոսովը սովորել է Սվերդլովսկի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցում, սակայն դպրոցի ղեկավարությունը, նկատելով պատանու դերասանական տաղանդը, ուղարկել է նրան Սվերդլովսկի թատերական ուսումնարանում ուսանելու. Թաթոսովն ավարտել է այն 1946-ին: Նա խաղացել է Լենինգրադի առաջատար բեմերում, ամբողջ կյանքում կապված է եղել թատրոնին, կինոյին եւ էստրադային: Թաթոսովի համար ճակատագրական եղավ ծանոթությունը ռեժիսոր Գեորգի Տովստոնոգովի հետ, որը երիտասարդ դերասանին հրավիրել է նախՙ Լենինգրադի Լենինյան կոմսոմոլի թատրոն, իսկ 1963-ինՙ Մեծ դրամատիկական թատրոն (ռուսերեն հապավումըՙ ԲԴՏ):

Հենց ԲԴՏ-ում էլ Թաթոսովը փայլեց Գ. Տովստոնոգովի (Անճարակՙ «Հենրի IV», Դեֆոՙ «Ճշմարտությու՛նը: Ոչի՛նչ, բացի ճշմարտությունից»), ինչպես նաեւ Ռուբեն Աղամիրզյանի (Զուրիկոՙ «Ես, տատիկը, Իլիկոն եւ Իլարիոնը») եւ Էրվին Աքսերի ( Օ Քեյսիՙ «Արտուրո Ուիի կարիերան») բեմադրած ներկայացումներում: «Ընդհանրապես ես դերասանների այն դասակարգից եմ, որոնք փորձում են կատարել բեմադրիչի յուրաքանչյուր հանձնարարություն: Ընդունենքՙ ռեժիսորն ինձ հիմարություն է առաջարկում, բայց չէ՞ որ նա կարող է եւ սխալվել: Չէ՞ որ նա որոնում է: Պետք չէ նրան խանգարել», - ասել է Թաթոսովը: Եղել է Լենինգրադում Վլադիմիր Վիսոցկու եւ Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործական երեկոների նախաձեռնողը: 1971 թ. աշխատանքի է անցել «Լենֆիլմ» կինոստուդիայում, 1993 թվականից խաղացել Սանկտ-Պետերբուրգի Ն. Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոնում: Հանդես է եկել էստրադայում, որոշ ժամանակՙ Արկադի Ռայկինի հետ, որը կատակել է. «Վոլոդեչկա, դուք կարողանում եք Կոլյա Չերկասովին նմանակել, Մերկուրյեվին նմանակել, նաեւ ինձ, իսկ ձեզ նման կարո՞ղ եք»: ԲԴՏ-ի դերասանուհի Լյուդմիլա Մակարովայի հետ ներկայացրել է «Մարգարտիկ» հումորեսկըՙ ըստ Վ. Կատաեւի: Մի քանի անգամ մասնակցել է ամանորյա «Գոլուբոյ օգոնյոկներին»: 2005 թ. հրատարակել է «Իսկ ես թռչել եմ ուզում...» գիրքը: Ձայնագրվել է որպես երգերի կատարող, զբաղվել է նկարչությամբ, կերտել ժամանակակիցներիՙ Մարսել Մարսոյի, Եֆիմ Կոպելյանի, Սերգեյ Յուրսկու դիմանկարները: Թաթոսովը երկու անգամ ամուսնացել է միեւնույն կնոջՙ Լիդիայի հետ, որը եղել է նավաստու դուստր: Կնոջ մահվանից հետո դերասանն ապրել է միայնակՙ իր շան հետ:

Թաթոսովը նաեւ հնչյունավորման եւ կրկնօրինակման մեծ վարպետ էր (Ա. Տարկովսկու «Սոլյարիս», Վ. Ակսյոնովի «Ինչպես դառնալ աստղ» եւ այլն): Իր իսկ մեկնաբանությամբՙ հնչյունավորել է ոչ թե դերակատարի շուրթերը, այլ աչքերը: 1970 թ. «Հայֆիլմում» նկարահանված «Լեգենդ Փարվանա լճի մասին» մուլտֆիլմում Թաթոսովը հնչյունավորել է թումանյանական պոեմըՙ Իոսիֆ Բրոդսկու թարգմանությամբ:

80-ից ավել դերեր է խաղացել կինոյում, այդ թվումՙ «Մեծ ընտանիք» (Կաննի կինոփառատոնի մրցանակ «լավագույն դերասանական կազմի համար»), «Ինտերվենցիա», «Հուլիսի վեցը», «Ինժեներ Գարինի կործանումը», «Ծղոտե գլխարկ», «Ես քեզ երբեք չեմ մոռանա», «Արահետ դեպի երկինք», «Շերլոկ Հոլմսի եւ բժիշկ Վաթսոնի արկածները. Քսաներրդ դարը սկսվում է», «Գոբսեկ», երբեմն մարմնավորելով նաեւ իր ազգակիցներին: Վերջին կինոդերը խաղացել է 2018 թ.ՙ «Սոլո» կարճամետրաժ ֆիլմում:

Թաթոսովը կապված է եղել իր արմատներին, նկարահանվել է «Հայֆիլմում» («Տասներկու ուղեկիցներ», «Մսյո Ժակը եւ ուրիշները», «Արահետ դեպի երկինք»): Այսօրվա հայ հանդիսատեսին նա հատկապես ճանաչելի է «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում խաղացած Խաչյանի կատակերգական դերով: Առաջին անգամ Հայաստանում եղել է 34 տարեկանում, վերջին անգամՙ 2013-ինՙ «Հայաստանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում, երբ 86-ն անց էր: 44-օրյա պատերազմի ընթացքում Վրեժ Հարությունյանին տված իր հարցազրույցում Թաթոսովն ասել է, որ եթե երիտասարդ լիներ, կգնար Հայաստանՙ լինելու իրենց հողը պաշտպանող հայորդիների կողքին:

Բարեկազմ, թխահեր դերասանը աչքի է ընկել կենդանի խաղով եւ վառ միմիկայով, հմայել իր ճանաչելի տեմբրով: Թաթոսովը հայտնի էր ոչ միայն որպես բազմակողմանի, մշտապես պահանջված դերասան, այլեւ իբրեւ պատմող, սրամիտ զրուցակից եւ նմանակող: Մի առիթով նա ասել է. «Ինձ չեմ կարող անվանել երջանիկ մարդ, բայց բախտն իմ հանդեպ բարեհաճ է եղել: Իսկ երջանիկ ինձ կանայք են դարձրել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ