RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022



Տեղադրվել է` 2022-01-13 22:51:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1339, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՏԱՐԻ, ՆՈՐ ԱՐԳԵԼՔՆԵՐ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ազգային ժողովի ընդունած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020 թվականի մարտի 21-ից: Իսկ որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում աստիճանաբար` ժամանակ եւ հնարավորություն տալով հանրությանն ու տնտեսվարողներին դրանց պատրաստվելու:

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հակածխախոտային օրենսդրությունը, ըստ որի ծխախոտները վաճառասրահներում ու հանրային սննդի կետերում, բացառությամբ օդանավակայանի անմաքս առեւտրի խանութների, արգելվում է հրապարակային ցուցադրել: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է, որ սա կնպաստի, որ երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործումը կնվազի: Նախարարը նշում է, որ Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27,9%-ը ծխում է եւ գերակշռող մասը տղամարդիկ են:

«Եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենքՙ ծխախոտը պետք է տակից վաճառեն: Ես մեր երեխաներին ու ոչ միայն երեխաներին կոչ եմ անում տներում էլ արգելել ծխախոտի օգտագործումը»,- նիստի ընթացքում իր հերթին ասում է վարչապետը, նաեւ նշում, որ ծխախոտի տուփը հանրային կյանքում վերանում է:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իր «ֆեյսբուք»-ի էջում գրում է. «...Նաեւ արգելված է վերոնշյալ որեւէ արտադրանքի իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներումՙ դրանց (այդ թվումՙ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշներիՙ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Այս դրույթների լիարժեք կիրառումը ժամանակի ընթացքում էականորեն իջեցնելու է ծխախոտի օգտագործումը մեր երկրում, ինչն էականորեն ազդելու է մեր բնակչության առողջության բարելավման եւ մեր երկրի տնտեսության զարգացման վրա:

Տնտեսվարողներին կոչ եմ անում խստորեն հետեւել օրենքի պահանջների կատարմանը, իսկ ստուգող մարմիններինՙ պատշաճ վերահսկողություն իրականացնել: Առանց առողջ հասարակության չի կարող լինել ամուր տնտեսություն»:

Օրենքի պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակումՙ 200-250 հազար դրամի չափով: Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետոՙ վեց ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակումՙ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

Մարտի 15-ից ուժի մեջ է մտնելու հանրային սննդի օբյեկտներում, այդ թվումՙ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներ) ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման արգելքը:

Ավելի քանի 14 օր է, ինչ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելված է: Պլաստիկից թղթի կամ շորի տոպրակների անցնելու որոշումը կառավարությունն ընդունել էր դեռ 2020 թվականին, իսկ հունվարի մեկից ուժի մեջ է մտել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը: Հիմնավորում ենՙ պոլիէթիլենը լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, դրա քայքայման համար հարյուրավոր տարիներ են պետք, այրվելու դեպքում էլ մարդու առողջության համար վտանգավոր նյութեր են արտադրվում: Սակայն, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո էլ տոպրակները շարունակում են լայնորեն կիրառվել գրեթե բոլոր խանութներում:

Կառավարությունը հայտնում էՙ պլաստիկե տոպրակների արգելանքը պետք է վերահսկեն ոչ թե տեսչական, այլ տեղական ինքնակառավարման մարմինները, սակայն թե ինչպեսՙ առայժմ հստակ չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասացՙ ՏԻՄ ներկայացուցիչների հետ պետք է քննարկեն հարցն ու պարզաբանեն այս կարգավորումը: Ինչպես նաեւ պարզվում է, որ վերահսկող մարմինները դեռ տեխնիկապես պատրաստ չեն ստուգելու առեւտրի կետերի տոպրակների խտության միկրոնը:

Առեւտրի կենտրոնի աշխատակիցները հավաստիացնում են, որ իրենց վաճառած տոպրակները համապատասխանում են կառավարության չափանիշներին եւ իրենք ոչ մի օրենք չեն խախտում: Խոսքերն իրականությանը համապատասխանում են, թե՞ ոչ, որեւէ մեկը հստակ ասել չի կարող:

Չնայած որոշումը, ըստ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի , կառավարության առաջնահերթություններից է, վերահսկողները խանութներ դեռ չեն այցելել: Ընդ որում, ստուգումներն էլ, ըստ ամենայնի, շուտ չեն սկսի: Երեւանի քաղաքապետարանից ասում ենՙ դեռ պետք է քննարկենՙ կարգն ու ընթացքը որոշելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ