RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2022-01-13 22:51:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1423, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐՈՐՈՎ ԻՆՁ ՀՈՂԻՑ ՀԱՆԵՑԻՆ, ԻՆՁ ՀՈՂՈՒՄ ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԹԱՂԵԼՈՒ...»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հունվարի 11-ի վաղ առավոտյան, երբ լրացել էր հորս երկրային հրաժեշտի մեկ տարին, վերջացել էր նախորդ օրը սկսված իմ աղեգալար տանջանքը, որոշել էի զանգել Ռազմիկ Դավոյանին, հարցազրույցի համար նախնական մեր բանավոր պայմանավորվածությունը գործողություն դարձնել: Ուրիշ անգամ այսպեսՙ իմ ներսի մասին ընթերցողին չէի պատմի:

Այժմ հարգելի համարեքՙ իմ այս անկեղծ բացախոսությունը:

Դավոյանի հետ հաճախ ենք հանդիպել, եւ ես նրան երբեւէ չեմ պատմել, որ իր բանաստեղծությանը ծանոթ եմ եղել, երբ դեռ կարդալ չգիտեի... Բառերի ոսկին մեր տանը հնչել է միշտ, երբ հայրս կար, երբ սովորական օրը նա իր ձայնով անգիր օծում էր: Դավոյանի բառը, դրա մեղեդին մեր տանը կային, նրա հետ մտերմության մասին հայրս պատմում էր, իսկ ես բոլոր «գաղտնիքները» ուզում էի խոստովանել մեր հարցազրույցային հանդիպմանը: Միտքս հունվարի 11-ին Դավոյանի հետ էրՙ մարդու, քաղաքական գործչի, բանաստեղծի հետ, հարցերս էի ձեւակերպում, երբ «պատասխանը» ստացա...հորս երկրային բացական ավելի թանձրացավՙ 60-ականների պայծառ սերնդի վառ մի վկայություն տեսիլք դարձավ:

Դավոյանի հետ մեր ճանապարհները հաճախ էին խաչվում. Հանրապետության 47 հասցեում բնավորված «Ազգ»-ից հենց դուրս էի գալիս, հասնում ժուռնալիստների միության շենքում գտնվող Համազգային թատրոն, նրան հանդիպում էիՙ իր գաղափարակից Սոս Սարգսյանի հետ լրացնում էին օրվա ոգեղենության իմ կարոտը, հումորն անպակաս, անչար ու բարի, իսկ նրանց զրույցի մեջ միշտ կարելի էր որսալ պինդ նստած այն հավատը, թե Միացյալ, Անկախը տեսնելու ենք: 90-ականներին, երբ Դավոյանը ղեկավարում էր Համազգայինը, Գրողների միությունը, չեմ նկատել, որ «պաշտոնյայի» վերից նայեր «ներքեւում» կանգնածներին: Նրա հայացքը ուղիղ է եղել նույնիսկ այն ժամանակ, երբ զրուցակիցն ավելի ցածրահասակ էր: Հիշում եմ այդպիդի մի պահՙ Համազգայինում նա նախընտրեց նստել, որ զրույցը վերեւ-ներքեւ չդառնա: Ես լավ եմ հիշում Գրողների միության աղմկալի ժողովները, իմ գրած հոդվածից շատերի վիրավորված լինելը, եւ նրա հետ անչար ու խաղաղ մեր զրույցը: Դավոյանի ժպիտն եմ հիշում, նրա հարգանքն ու սերը Հրանտ Մաթեւոսյանի հանդեպ, երբ գրողների միության նախագահի պաշտոնում որոշվել էր, որ տեղը պիտի զիջեր, եւ աջուձախից փորձում էին ՀՅԴ-ՀՀՇ հակասությունը կենտրոնական դարձնել... դա անշուշտ հերքելի չէր, բայց այնքան բարձր էր, ինձ այնքան սիրելի եւ ուսուցանողՙ մեծ մարդկանցՙ միտքը գրով ձեւակերպող, բարձրում կանգնածների իրար հանդեպ հարգանքը: Պաշտոնյա չէր Ռազմիկ Դավոյանը, պաշտոնյա չէր Հրանտ Մաթեւոսյանը: Ռազմիկ Դավոյանը կուսակցական էր, քաղաքականությունից հեռու չէր, հարթակ էլ էր բարձրանում, մի քանի տարի նախագահի խորհրդականի պաշտոն էլ զբաղեցրեց, բայց երբեք չէր մոռանում լսել դիմացինին, հարթակից, աստիճաններից, բեմից ներքեւ կանգնածին: Նա ընդդիմախոսին չէր լռեցնում. Երբ քննադատությունը հայհոյանքի սահմանից հեռու էր, ունկնդրում էրՙ Բան-ա-վեճի հանդեպ իր վերաբերմունքը, Բանի հանդեպ իր պատասխանատվությունը շեշտելով:

Ես Դավոյանին շատ արագ քայլելիս չեմ տեսել: Լրագրողի իմ վազքն ընդհատվում էր նրան հեռվից նկատելիս: Երբ քայլս փորձում էի հավասարեցնել, նկատում էր: Շրջապատող միջավայրին ուշադիր հայացքը տեսանելի էր միշտ, հոգատարություն կար նրա հայացքի մեջ շնչավոր ու անշունչ ամեն գոյի հանդեպ: Պոետ բառը միտքս չէր գալիս, երբ հեռվից տեսնում էի նրան, իսկ մերձավորությամբ անընդհատ զգում էի, որ բանաստեղծ է:

Ինձ միշտ հետաքրքրում էՙ ինչպե՞ս, ե՞րբ է գալիս մուսան: Ծիծաղը հիմա էլ լսում եմ: «Մուսաների գոյությանը զավեշտով եմ նայում: Օրվա ժամը կապ չունի ստեղծելու, արարելու հետ: Երբ ներաշխարհի մաքուր երկինքը կա, թռչունները երգում են, անաղարտ հրեշտակները քեզ են այցելում...»:

Դավոյանի բանաստեղծության մեջ պատկերն ու մեղեդին միասին են ծնվում, երբ տողն առջեւդ էՙ գրասեղանին դրված բաց գրքի վրա, աչքերիդ միջով նրա բառը սուզվում է ներս, եւ ներքին քո «տարածության» մեջ նրա բառը լսում ես: «Բաց արա կեղեւդ, ծառ»-ը Ռուբեն Հախվերդյանը երգում է հենց այդ «լսողությամբ», եւ սիրելի երգ է դարձել, որ դեռ երգվում է: Դավոյանի բառերի ձայնը երաժշտություն է, եւ եթե դրոշմվել է հիշողության քո պաստառին, ներդաշնակության, երջանկության, խաղաղության զգացում ես ունենում: Աշխարհն ու բնությունը կենսական առողջ լիցքեր են փոխանցում, մարդուն փնտրելու, նրան սիրելու պահանջ է արթնանում:

Ինձ համար շատ տխուր օր էր հունվարի 11-ը: Տխրությունս է՛լ ավելի խտացավՙ փողոցում, համերգասրահներում, թատրոնում չեմ հանդիպի ինձ հարազատի նման գրկող Ռազմիկ Դավոյանին: Նրա տեսիլքը սակայն ինձ հետ է, նրա ծիծաղը, ձայնը իր ստեղծած արձակ տողին, բայց առավել չափածոյին կպած զնգում են իմ մեջ... «Ձայները գուցե չեն մեռնում բնավ, ձայները գուցե բարձրանում են վեր...Եւ եթե ես ձայն ունեմ ապրելու, թող քո մեջ զնգա իմ ձայնը մաքուր»:

Երբ աշխարհը հրաժեշտ էր տալիս Ազնավուրին, նրա տաղանդի երկրպագուներից մեկը, որ Ֆրանսիայի նախագահն էրՙ անհրաժեշտաբար, մեզ մխիթարեցՙ Ֆրանսիայում Բանաստեղծները չեն մեռնում: Ամեն օր հայրենիք պաշտպանող պատանի զինվորին Եռաբլուրում ամփոփող արցունք հեղող երկիր ենք դարձել, եւ 81-ամյա Մարդուն ճանապարհելիս, էլ արցունք չունենք, բայցՙ Բանաստեղծներին պատվելու մի հին սովորություն, Մեծի հանդեպ պատկառանք դեռ չենք փշրել: Բանաստեղծները մեռնում են մեր երկրում ամեն զոհված Զինվորի հետ, բանաստեղծությունն անմեռ է մնում, անմահությանն ու հավերժությանը մերձ:

«Արորով ինձ հողից հանեցին, ինձ հողում ինչո՞վ են թաղելու...» Բանաստեղծի այս տողին ինչպե՞ս ենք պատասխանելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ