RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2022-01-13 22:51:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1080, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՀԻՐԵՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՎԱՆ ԼԵՈՅԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

Կահիրեի Ամերիկյան համալսարանի Թահրիր մասնաշենքի «Ապագա պատկերասրահում» (Future Gallery) բացվել է եգիպտահայ լուսանկարիչ Վան Լեոյի (1921-2002) նկարների ցուցահանդեսը, որը տեւելու է մինչեւ 2022 թվականի փետրվարի 22-ը, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը` լուրը քաղելով արաբական հանրածանոթ «Ալ-Ահրամ» օրաթերթից:

Ըստ լրագրող Դինա Քաբիլի , ցուցահանդեսը հնարավորություն է տալիս բացահայտելու ստեղծագործողի յուրահատուկ աշխարհը, հատկապես նրա աշխատավայրը, որտեղ Լեոն մինչեւ անցյալ դարի 90-ականների վերջը ոչ միայն վարպետորեն որսում էր եւ ֆիքսում եգիպտացի ականավոր մարդկանց (Թահա Հուսեյն, Դորիա Շաֆիք եւ ուրիշներ) եւ կինոդերասաններին (Օման Շարիֆ, Ռուշդի Աբազա, Ֆաթեն Համամա, Սամիա Գամալ եւ ուրիշներ), այլեւ «անմահացնում» տեղացի հասարակ մարդկանց եւ կոսմոպոլիտ Կահիրեում ապրող օտարազգիների կերպարները: «Այդ լուսանկարներում զգացվում է այն ջերմ ու բարեկամական զգացմունքը, որ գոյություն ուներ Լեոյի եւ լուսանկարվողի միջեւ», գրում է Դինա Քաբիլը, հավելելով. «Այդ հատուկ վերաբերմունքը մենք զգում ենք նաեւ այս երկրի եւ նրա ժողովրդի հանդեպ այս եգիպտահայի ցուցաբերած «կապվածությունից»: Կահիրեում էր երիտասարդ Լեո Վան Բոյաջյանը հաստատվել 1927-ին` փախչելով Օսմանյան կայսրությունում սանձազերծված ցեղասպանությունից: Այստեղ նա այդ ժամանակ աշխատում էր ընտանեկան հարկի տակ բացված «Ստուդիո Վենուսում» (Studio Venus), եւ շատ մոտիկ էր իր եղբոր` Անջելոյի հետ: Երբ վերջինս 1941-ին Փարիզ տեղափոխվեց, Լեոն նոր արվեստանոց բացեց քաղաքի կենտրոնում, որտեղ էլ շարունակեց ստեղծել սիրած քաղաքի փառքն ու վերիվայրումները պատկերող իր անկրկնելի լուսանկարները»:

1998-ին, ըստ լրագրողի, հետեւելով Կահիրեի Ամերիկյան համալսարանում դասավանդող իր ընկերոջ` Բարրի Այվերսոնի հորդորներին, Լեոն լուսանկարների իր ամբողջ հարստությունը նվիրում է Ամերիկյան համալսարանին, նրանում գործող «լուսանկարների եւ կինոհավաքածուների գրադարանին», որի տնօրենն ու կուրատորն է Օլա Սեյֆը: Այնտեղ այժմ գործում է նաեւ Լեոյի արվեստանոցի խնամքով պատրաստված կրկնօրինակը, հատկանշական 2 լուսանկարներով, որոնցից առաջինում եգիպտահայն է Գիզայի բուրգերից մեկի գագաթին, իսկ երկրորդում` 1940-ականների Թահրիր հրապարակը:

Մեր կողմից ավելացնենք, որ երկրի եւ նրա ժողովրդի հանդեպ Լեոյի «կապվածությունը» այս ցուցահանդեսով փաստորեն փոխհատուցվում է: Նրա ժառանգությունը ապահով վայրում է գտնվում, պահպանվում եւ գնահատվում, որի համար պարտավոր ենք հայտնել մեր գոհունակությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ