RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 6847, Տպվել է` 442, Ուղարկվել է էլ.փոստով` 214

ԽԱՉԱԳՈՂ 25

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Դժբախտությունը հանկարծակի է գալիս: Առավոտյան հեռագիր ստացանք, Ոսկանի հայրն էր մահացել:

- Ի՞նչ եղավ էդ մարդուն,- զարմանքը չթաքցրեց Ոսկանը,- առողջ մարդ, ոչ մի հիվանդություն չուներ...

Տոլիկի ավտոն երկրորդ անգամ գնաց ավտոկայան, Ոսկանին ու Կամոյին տարավ:

Սաքոն Ոսկանին առաջարկեց թաղումից հետո վերադառնալ, չհամաձայնեց:

- Չէ՜, յոթ, քառասունք... չի ստացվի:

Կամոյի մասին խոսք չեղավ, առանց այդ էլ օգոստոսի վերջին գնալու էր, ինչ-որ ուսումնարանում պիտի սովորեր:

- Բան չհասկացան իրենց խոպանից,- Փայլակն ասաց,- մի ամիս էլ չաշխատեցին, գոնե թաղման փողը հանեին...

Հուլիսի 11-ին էին եկել:

Նորից մնացինք ութ հոգի, ինչպես սկզբում, բայց միայն մի արհեստավորով: Շարքի ու սվաղի շատ գործ ունեինք դեռ, Անտառայինի քսանութ համարի միջնորմները պիտի վերջացնեինք, սվաղեինք, սովխոզի տունը սկսեինք:

Հրանտն ու Փայլակը մնացին գյուղտեխնիկայումՙ բետոնի կաղապարները բարձրացնելու: Շուլան ու Դավիթը գնացին սովխոզի տան հիմքը փորելու: Ես ու Գիքորն էլ վարպետներիՙ Ռազմիկի ու Սաքոյի հետ գնացինք Անտառային: Սաքոն աշխատելու էր: Մի կարճ միջնորմ շարեց առանց լարի, շողուլի: Ռազմիկը քթի տակ ծիծաղում էր: Սաքոն մեզ նայեց, բայց մենք խուսափեցինք գնահատելուց: Նա մի տախտակ դեմ տվեց պատին, ուրագով խփեց, ուղղեց ներս ու դուրս ընկած տեղերը:

- Ըհը, էս էլ քեզ լար,- ասաց ինքնագոհ:

Ռազմիկը նույն չափի պատը նոր կես էր անում, գլուխը կախ իր գործին էր, եւ պատը պատի նման էր, ոչ թե Սաքոյի շարածի պես: Ճաշից հետո նա մենակ էր շարում:

Երկու հոգով բանվորություն էինք անում մի վարպետի համար, թեթեւ աշխատանք: Շատ ժամանակ էի ունենում հարեւանների բակին հետեւելու: Բակ ասելն այնքան էլ ճիշտ չէր, մեծ տնամերձ հողամաս էր: Այստեղ նույն բաներն էին ցանում, ինչ մեր գյուղում: Հատկապես կարտոֆիլի թփերն էին հարազատ պատկեր հիշեցնում, կանաչ, միաձույլ մակերեւույթով, որի մեջ հատիկ-հատիկ փայլփլում էին սպիտակ ու դեղին ծաղիկները, ակոսների արեւածաղիկներով եւ քջջող հավերով: Զարմանալի է, Երեւանում գյուղը չէր ձգում, ամենեւին չէի կարոտում, իսկ կարտոֆիլի մշակումը ամենատհաճ աշխատանքն էր ինձ թվում, չէի սիրում հողի գործը: Այստեղ գյուղի պատկերներն էին աչքիս երեւում:

Ամբողջ օրը, մինչեւ ժամը ինը Անտառային փողոցում էի անցկացրել, այնուամենայնիվ երեկոյան գնացի կենտրոն, միգուցե եկել է...

Դանդաղ էի գնում, կշտապեի, եթե իմանայի, որ «Երեւանյան օրերի խրոնիկան» են ցույց տալիս: Սկսվել էր, երբ մտա:

Հանդիսատեսները սովորականից քիչ էին, վերջում ընդամենը մի քանի հոգի մնացին: Ես զմայլվում էի երեւանյան տեսարաններով, տրամվայը գնում էր Խանջյան փողոցով...

Ինան չկար: Հույս չունեի նրան տեսնելու, բայց այգում երկար մնացի, լավ, հաճելի երեկո էր, արդեն գիշեր:

Նստել էի տաղավարի դիմացի նստարանին, երաժշտություն էի լսում: Ջահելները տաղավարում էին, քյավառցիներից նույնպես երեւում էին: Ջահելները զգում էին, որ իրենցից հեռու եմ մնում, հեգնանքով էին վերաբերվում: Ինձնից մեծ էին հավանաբար: Դուրս եկան աղջիկների հետ, անցան բարձրաձայն խոսելով: Մեկը բղավեց հայերենՙ Արամ, նստե՞լ ես... Ապա նույնըՙ ռուսերեն: Ակնհայտորեն ձեռ էին առնում, ջահել են, ոչինչ, մեծահոգաբար ներեցի: Ես նրանց անունները խառնում էի, կարծես Փայլակի հունիս-հուլիսի շփոթը լիներ:

Վերային տեսա, պարում էր: Բարեկազմ էր, ինչպես այստեղի աղջիկների մեծ մասը: Բայց այդ բարեկազմությունը, ինչպես գրեթե բոլորինը, կարծես զուրկ էր նազանքից: Պարզ, գյուղացի աղջիկներ, որոնց առօրյան անցնում էր հեծանիվ քշելով, գետում լողանալով եւ տնամերձ հողամասում աշխատելով: Ձմռանն էլ հավանաբար չմուշկներին ու դահուկներին էին տուրք տալիս: Ամուր ոտքեր, ամուր մեջք, ձիգ ու ներս ընկած փոր, նույնքան ամուր ուսեր ու վիզ: Ինան էլ, իր փայլուն ճկունությամբ հանդերձ, ամուր էր եւ մարզված: Տեսքով նրբագեղ էր, բայց նազանքը խորթ էր նրան, կծիծաղեր, եթե լսեր: Նազանք եւ սեթեւեթանք ճառագում էր Ալինան, վուլգար էր, բայց կանացի: Եվս մի աղջիկ կար, որ տարբերվում էր, Նինան: Բայց այդ պահին ես ուղղակի տենչում էի, որ Ինան հայտնվի, ոչ թե Նինան կամ Ալինան: Ես սիրում էի նրան, արդեն կասկած չունեի... Թեեւ երբեմն սատանան պտտվում էր ներսումս, որ պետք է ստուգել, իսկ ստուգելու լավագույն միջոցը համեմատությունն է: Գուցե ուրիշի հետ նույնքան լավ կստացվի... կամ ավելի լավ: Ան-

հրաժեշտ է փորձել, փորձելու համար պետք է ձգտել մինչեւ վերջ, անկոտրում համառությամբ: Այդպես ջրի մեջ մղվեցի Ինայի հետեւից: Եթե Վերան դուրս գար, նստեր մոտս, մտնեինք ծառերի մեջ, կգրկեի նրան, կհամբուրեի, կփորձեի, բայց նախաձեռնելու եւ իրականացնելու մղում չէի զգում: Ինձ Ինան էր ձգում:

Փորձությունը եկավ:

Մի աղջիկ նստեց նստարանին:

- Սիգարետ ունե՞ս,- հարցրեց:

Պահեցի «Օպալի» տուփը, սպասեցի, սիգարետ հանեց, վառեցի:

Սովորական աղջիկ էր, սովորական կարճ շրջազգեստով, որը կորցնում էր ոտքերի հմայքը: Դրանք տգեղ չէին:

Դիվինոյում քիչ աղջիկներ էին տաբատ հագնում, իսկ ջինսը դեֆիցիտ էր, ինչպես Երեւանում տարիներ առաջ: Զգում էի նախանձոտ հայացքները, երբ ջինսով էի դուրս գալիս:

- Դու չե՞ս ծխում,- շարունակեց աղջիկը:

- Ծխող չեմ:

- Ինչո՞ւ ես սիգարետ ու վառիչ պահում:

- Աղջիկների համար:

Մասամբ սուտ խոսեցի: Մի աղջկաՙ Ինայի համար էի պահում: Ես իրոք չէի ծխում, մեկ-մեկ փստացնում էի:

- Էլ ի՞նչ ունես աղջիկների համար,- հետաքրքրվեց նա:

Թեքվեցի եւ ուշադրությամբ տնտղեցի նրան հայացքով: Կարճ շրջազգեստը թռել էր վերեւ, բայց, համոզված էի, ոչ ցուցադրվում էր, ոչ էլ վուլգար էր, դա նրա համար բնական դիրք էր: Այդ շորը կարծես ավելորդ էր: Շեկ մազերը խառնիխուռն կախվել էին առողջ, արեւառ ուսերի վրա, ամբողջ մարմնից առողջություն էր բուրում, պինդ կոնքեր, մեջք, կո՜ւրծքը... ազատ-արձակ մեծացած:

- Դե,- հեգնեց նա խրախուսաբար,- ի՞նչ ես նայում:

- Դուք շատ գեղեցիկ եք եւ ցանկալի,- վերջին բառը շեշտեցի,- շնորհիվ, կարծում եմ, այստեղի հրաշալի բնության... Իզուր չէ, որ Ալթայում կառավարական առողջավայրեր կան: Միայն Ալթայի մաքուր օդն է մշտական թարմություն ապահովում...

Հրանտը խոսելիս բորբոքվում էր, ես հիվանդանում էի: Համոզված էի, որ լավ խաղ է ստացվելու, որովհետեւ կարողանում էի խոսել եւ միաժամանակ մտածել, օրինակ, Ինայի մասին:

Աղջիկն արդեն հոնքերը ձգելու տեղ չուներ, սկսեց բերանը ձգել:

Եթե Ինան այստեղ լիներ, կմտածեի, որ նա է ուղարկել այս աղջկանՙ ինձ փորձելու համար:

- Դու հիվա՞նդ ես,- վերջապես հասկացավ նա:

Ես գլխով հաստատեցի:

- Այդ դեպքում մի սիգարետ էլ տուր, գնամ:

- Խնդրեմ:

Նա երկուսը վերցրեց:

- Վերցրեք տուփը,- առաջարկեցի անկեղծ սրտով, Ինան այլեւս չէր գա:

- Ափսոս, գրպան չունեմ, տեղ չկա դնելու... տես, վերեւից գցեմ, ներքեւից կընկնի:

Նա հակվեց առաջ ցույց տալով, որ կրծկալ չունի, որպեսզի գոնե այդտեղ պարտակի տուփը: Ընտիր ստնտու կլիներ:

Աղջիկը սիգարետները հարմարեցրեց ականջների վերեւում, ինչպես Հրանտը մատիտն էր դնում:

- Համենայն դեպս հաճելի էր,- ասաց թեթեւակի շորորալով, որպեսզի շրջազգեստն ուղղվի կոնքերի վրա,- հանգիստ ծխեցի եւ այդ աղմուկից կտրվեցի...

- Խնդրեմ,- չմոռացա կանգնել հրաժեշտի պահին,- ինձ համար նույնպես շատ հաճելի էր Ձեր ընկերակցությունը:

Վերջին մղիչը չգործեց: Նա մտավ տաղավար, ես գնացի գետափ, որ այնտեղից Անտառային փողոցով վերադառնամ գյուղտեխնիկա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ