RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ

Մարդկանց խմբերի բաժանելը բարդ է: Բանն այն է, որ մարդիկ բաժանվում են զանազան խմբերի ըստ որեւէ հատկանիշի: Օրինակ, մարդկանց կարելի է բաժանել ըստ մասնագիտությունների . զինվորականներ, գրողներ, երաժիշտներ, դերասաններ, դերձակներ, մարդասպաններ, պատգամավորներ, սուտասաններ, փաստաբաններ եւ այլն: Հնարավոր է բաժանել ըստ բնակավայրի . ղարաբաղցիներ, ապարանցիներ, գյումրեցիներ, սեւանցիներ, քյավառցիներ եւ այլն, ըստ հակումների . կնամոլներ, ամուրիներ, փողամոլներ, խաղամոլներ, ազգամոլներ, բամբասողներ, գարեջրասերներ եւ այլն, ըստ կրթության . անգրագետներ, կիսագրագետներ, գրագետներ, բուհավարտներ, հայկական կրթությամբ, ապազգային կրթությամբ եւ այլն, ըստ տարիքի . նորածիններ, մանկամսուրականներ, մանկապարտեզականներ, դպրոցականներ, ուսանողներ, պատանիներ, երիտասարդներ, ծերունիներ եւ այլն, ըստ հավատի . քրիստոնյաներ, մուսուլմաններ, բուդդայականներ, ավետարանչականներ, հիսունականներ, եհովականներ, չեհովականներ եւ այլն:

Բնականաբար, ըստ այսպիսի հատկանիշների բաժանումները կարելի է անվերջ շարունակել: Սակայն կանգ առնենք մարդկանց անփոփոխ խմբեր նշանակող մի քանի անվանումների վրա: Դրանց ամենափոքր միավորը ամուսիններն են : Ամուսին -ը բնիկ հայերեն բառ է, կազմված է ամՙ «համ, կից, միասին», ուս ՙ «վարժվել, սովորել» արմատներիցՙ -ին մասնիկով:

Հաջորդ միավորը ընտանիքն է : Ընտանիք բառը կազմված է ընդ նախդիրով, տուն բառից, իբրեւ ընդտանի , այսինքնՙ մի տան մեջ, միասին: Անչափ հետաքրքրական է, որ հնում տուն նշանակել է նաեւ կին : «Տուն ունե՞ս: Տուն առե՞լ ես» նշանակել է «Կին ունե՞ս: Կին առե՞լ ես» : Քանի որ առանց կնոջ ավեր է տունը, տուն չկա:

Ընտանիքից հետո գերդաստանն է : Գերդաստանը բնիկ հայերեն բառ է. նախնական իմաստն է «ծառաների եւ գերիների ամբողջությունը», ինչպես նաեւ «ինչքը, ունեցվածքը, կալվածքը, հողերը»: Նորովի նշանակում է «մեծ ընտանիք»:

Գերդաստանից հետո տոհմն է : Տոհմ նշանակում է «զարմ, ցեղ, ազգատոհմ»: Փոխառություն է պարսկերենից: Տոհմ -ին զուգահեռ եւ ավելի մեծ միավորում նշող բառ է ցեղ բնիկ հայերեն բառը, որի սկզբնական նշանակությունն է «բաժանմունք»: Ունենք երկցեղ բառը, որ նշանակում է «երկպառակտված, երկփեղկված»:

Հաջորդը ժողովուրդն է: Ժողովուրդ բառը կազմվել է ժողով բառից, որ նշանակել է «հավաքում, հավաքույթ, աղմուկ, կռիվ, եկեղեցի, ամփոփ, կծկված»: Ժողովուրդը դառնում է ազգ : Ազգ -ը, ըստ Հր. Աճառյանի, փոխառյալ է պարսկերենից, թեպետ կան այլ մեկնաբանություններ եւս:

Մարդկանց կարեւորագույն խմբերից է, ցավոք սրտի, կուսակցությունը : Բառի հիմքում կույս -ն է, որ նշանակում է «կողմ»: Այսինքնՙ կուսակցություն նշանակում է «կողմնակցություն, կողմնապահություն»: Ցավոք, բոլոր կուսակցություններն իրենց կուսակցական շահերը վեր են դասում ազգի շահերից. այլ կերպ չես բացատրի մեր կուսակցամոլությունը: Վերջում անդրադարձանք այս խմբին, որպես ոչ մի հատկանիշով չբնորոշվող խմբի: Այս խմբի մեջ կարող է լինել ամեն տիպի մարդՙ տգետ, անգրագետ, մարդասպան, նախկին պատգամավոր, դավաճան, սուտասան, ստամտավորական եւ այլն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ