RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ

Դեռեւս վաղնջական ժամանակներից հայերս զբաղվել ենք խաշնարածությամբ, ոչխարաբուծությամբ: Եվ բնական է, որ ոչխարի տված բարիքների մասին բազմաթիվ բառեր պետք է ունենայինք: Մասնավորաբար, բարիքներից մեկիՙ ոչխարի մազի համար ունենք չորս անվանումՙ բուրդ, ասր, գեղմ, կիզ : Այս բառերը հոմանիշներ են:

Բուրդ բառը բնիկ հայերեն բառ է: Կազմվել է բրդել «կտրել» բայից:

Բրդել նշանակում է «ջարդել, պատառ-պատառ կտրատել, մաս-մաս լինել, կտոր-կտոր լինել»: Փոխաբերական իմաստով նշանակում է «բարկությունը գրգռել, սաստիկ զայրացնել, բարկությունից պատռվել»:

Այս բառից են բրդոն «հացի պատառ», բրդուճ «պատառ, լավաշով փաթաթված ուտելիք», բրդոշ «մեջը հաց բրդած մածուն» բառերը:

Վրացիները մեզնից վերցրել են բուրդ բառըՙ բուրդո, բուրդի «հարդ, կալի մնացորդ» նշանակությամբ:

Այս բառերըՙ բրդոն, բրդուճ, բրդոշ , մի տեսակ լայն գործածություն չունեն, չնայած բնիկ հայերեն բառեր են:

Այժմ անդրադառնանք ասր բառին:

Ասր -ը եւս բնիկ հայերեն բառ է: Նշանակում է «բուրդ», ինչպես նաեւ «ասրից պատրաստած կտոր, զգեստ»: Հին եւ ընտիր բառ է ասվե բառը, որ նշանակում է «ասրից, բրդից պատրաստած»:

Նույն նշանակությամբ մյուս բառըՙ գեղմ -ը, եւս բնիկ հայերեն բառ է: Դարձյալ գալիս է նախնական «գիշատել, պատառոտել, կտրատել, խուզել» իմաստից:

Ինչպես տեսնում ենք, հայերը նույն բանը նշանակող երեք տարբեր բառեր են ունեցել, եւ երեքն էլՙ բնիկ: Սա շատ հետաքրքիր եւ եզակի իրողություն է:

Ինչպես ասացինք, ունեցել ենք նաեւ կիզ(ն) բառըՙ դարձյալ «բուրդ, ասր, գեղմ» նշանակությամբ: Սակայն այս բառի ստուգաբանությունն անհայտ է:

Հիմա ամենագործածականը բուրդ -ն է, բայց մյուս երկուսն էլ հավասար իրավունքներ ունեն:

Բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում բուրդը գզել դարձվածըՙ «մեկին խիստ քննադատել, վնասել, լավ ծեծել»: Այս դարձվածի մի բառիՙ բուրդ -ի մասին արդեն իմացանք: Իսկ ի՞նչ ծագում ունի գզել բառը: Պարզվում է, որ այն նույնպես նշանակում է «պատառոտել, ծվատել, մարմինը պատառ-պատառ անել, ճանկերով քերթել, կտրատել»:

Այսինքնՙ Աստված չանի, որ մեկի բուրդը գզեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ