RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 59. ԾԱՂԿԱԹԵՐԹԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԹՌՉՈՂ ԹԻԹԵՌԻ ԹԵՎԵՐԻՑ ՄԵԿԸ ԹԻԹԵՂԻՑ ԷՐ, ՄՅՈՒՍԸՙ ԹԵՐԹԻՑ

Ի՞նչն է ստիպել այսպիսի տարօրինակ վերնագիր դնել այս զրույցին, այսպիսի նախադասությունը անհեթեթություն չհամարելու ի՞նչ հիմքեր կան: Կա մի շատ պարզ եւ, միաժամանակ, զարմանալի բացատրություն. վերնագրի թռչող, թիթեռ, թիթեղ, թերթ բառերը ծագել են միեւնույն թիռ արմատից: Այո, շատ զարմանալի է լեզվաշխարհը, շատ հետաքրքրական եւ աներեւակայելի բաներ կան այնտեղ: Պետք է ներս մտնել եւ տեսնել: Ամենակարեւորը, որ լեզվատրամաբանական հենքը համոզիչ լինիՙ լեզվական օրինաչափություններից գիտական մեթոդներով բխող:

Եվ այսպես. ի՞նչ է նշանակել բնիկ հայերեն թիռ արմատը եւ ինչպե՞ս է ձեւափոխվել թիթեղ -ի ու թերթ -ի:

Նախ տեսնենք, թե քույր լեզուներում ինչ տեսք ունի այս արմատը: Առաջացել է հնդեվրոպական նախալեզվի pter արմատից, որիցՙ հունարեն պտերոն «փետուր, թռչունի թեւ, ծառի ճյուղ կամ տերեւ», պտերոս «թռչունի թեւ, թռչուն, ծառի տերեւ»: Նույն շարքից են սանսկրիտերեն patra «թեւ, փետուր» ,գերմաներեն feder «փետուր», լատիներեն penna «փետուր», ռուսերեն перо «փետուր» բառերը:

Հայերենում թիռ նշանակել է «թռչել, թռիչք» կամ «սաստիկ փափագ»: Ն եւ չ ածանցներով ստացվել են թռնել, թռչել, թռչուն բառերը: Արմատի կրկնությամբ կազմվել է թռպռտալ «թռչկոտել» բառը, այժմ խոսակցականՙ թպրտալ :

Ունեցել ենք նաեւ թռչան եւ թռիչ ՙ «աստղ», «ասուպ» բառերը: Թիռ կամ թիր ձեւերի կրկնությամբ ունենք թրթռել «թռչկոտելով գնալ», թռթռալ «սրտի թպրտալը», թրթռում «լույսի տատանում», թրթրակ «շուտ դարձող, ճարտարախոս (լեզու)» բառերը: Նույն թիռ արմատի թեռ ձայնդարձի կրկնությամբ ունենք թիթեռն «թիթեռնիկ» բառը, որը նշանակում է «թռչկոտող»: Թիռ -ի մյուս ձեւն է թեր , որի առաջին նշանակությունն է «թռչունի թեւ, փետուր», որը խիստ սերտորեն առնչվում է թռչելու գաղափարին: Իմաստի ընդարձակմամբ կամ փոխաբերությամբ բառն այնուհետեւ ստանում է «տերեւ, կողք, կողմ, թերի» նշանակությունները: Հիշենք, որ արմատը հունարենում նույնպես ուներ թե՛ «թեւ», թե՛ «տերեւ» նշանակությունները: Հայերենում թեր «փետուր» նշանակությունը պահպանված չէ, եւ թեր -ը, որպես «տերեւ», պահպանվել է բարբառներում: Ավելի գործածական է թ մասնիկով աճած թերթ ձեւը, որ նշանակում է «ծաղկի, բույսի, տերեւի, թղթի, որեւէ բարակ թիթեղի թերթ»:

Անչափ հետաքրքրական են թեր բառի «կողմ», «կողք» նշանակություններով կազմված բառերը: Օրինակ, ունենք յափսիթերս բառըՙ կազմված ափ եւ թեր բառերից: Գործածվում է յափսիթերս գնալ արտահայտության մեջ եւ նշանակում է «ոտքերի եւ ձեռքերի վրա թավալվել, գլորվել»: Հիշենք հափսաթաթիկ անել գավառական արտահայտությունը, որ գործածվում է երեխաների պարագայումՙ «չորեքթաթ գնալ, չոչ անել» նշանակությամբ:

Ընդ մասնիկով թեր -ը դառնում է ընդեր , որից էլՙ ընթեր «կողքին»: Այսօր ունենք ընթերակա բառը «օգնական, կրտսեր պաշտոն զբաղեցնող» իմաստներով, որը եկել է բառի «կողքը, մոտը գտնվող» իմաստից: Առ նախդիրովՙ առընթեր «կողքին, կից»: Հիշենքՙ կառավարությանն առընթեր մարմին : Թեր -ը կիրառվում է նաեւ «պակասավոր, քիչ» իմաստներովՙ թերի , որը գալիս է նրա «կողմնակի» իմաստից: Այսինքնՙ եթե կողմնակի է, «կողքից է», ուրեմն պակասավոր է, թերի է, հիմնականը չէ:

Թեր բառը թե՛ իմաստով, թե՛ հնչողությամբ զարմանալիորեն համընկնում է արաբերենից եկող թուրքերեն թերեֆ «կողմ» բառի հետ: Լատիներեն terminus «սահման» բառը եւս համեմատելի է «կողմ» նշանակող մեր թեր բառի հետ: Այնպես որ տերմին բառի փոխարեն կարող ենք ասելՙ թեր , ինչպես ասում ենքՙ եզր :

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ