RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 65. ԱՏՅԱՆ

Ինչպես գիտենք, ատյան -ը պատմականորեն նշանակել է «ժողովատեղի (դահլիճ, հրապարակ)»: Երկրորդ իմաստովՙ «նիստ, ժողով»: Եվ երրորդ իմաստով հիմա նշանակում է «խորհրդակցական մարմին»: Այժմ բազմաթիվ բառեր կան, որոնք կազմված են ատյան բառից:

Տեսնենք, թե ինչ ճանապարհ է անցել ատյան բառը: Նախՙ դասական ուղղագրությամբ այն գրվում է ատեան : Եա երկբարբառի գոյությունը բառի մեջ թույլ չի տվել քմայնացնել տ բաղաձայնըՙ այն դարձնելով ծ , ինչպես հիմա շատերը աղավաղված արտասանում են ածյան , փոխանակՙ ատյան : Սա, մասամբ, նաեւ հայ ռուսախոսների «շնորհիվ» է այսպես դարձել եւ դառնում:

Եվ այսպեսՙ ատեան : Բառի սկզբնական, առաջին իմաստն է եղել «1. ժողով, ժողովի նիստ, 2. դատավորների ժողովը, 3. ժողովասրահ, դատարան, 4. դատաստան, դատարանի առաջ հարցաքննությունը»: Այնուհետեւ ատեան նշանակել է «ժամանակ»: Իսկ ինչպե՞ս: Ինչպե՞ս է տեղ ցույց տվող բառը հանկարծ սկսում ժամանակ ցույց տալ: Ճիշտ այնպես, ինչպես առաջ բառի դեպքում, որը տեղ է ցույց տալիս: Ինչպես հիշում եք, առաջ -ը կազմված է աջ բառիցՙ առնախդիրով: Աջ -ը նշանակել է «հաջողություն», իսկ որտեղ հաջողությունը, այնտեղՙ առաջադիմությունը: Իսկ առաջադիմությունը առանց ժամանակի գաղափարի անհնար է: Այդ պատճառով ընդհանրապես լեզուների մեջ այն բառերը, որ նշանակում են «առջեւ», նշանակում են նաեւ «նախ, նախապես, առաջուց», այսինքնՙ ժամանակ են ցույց տալիս:

Ճիշտ այդպես էլ ատեան -ը, որը տեղ էր ցույց տալիս, հետզհետե սկսել է նաեւ ժամանակ ցույց տալ, որովհետեւ այս բառի հետ կապված է եղել որոշակի գործողության ժամանակըՙ նիստ եղած կամ լինելու ժամանակը: Եվ հետո, ընդհանրացմամբ, առհասարակՙ ժամանակ: Արեւմտահայերենում ատեն ուղղակիորեն նշանակում է «ժամանակ»: Հակառակն է տեղի ունեցել ժամ բառի դեպքում, որն սկզբում ցույց է տվել ժամանակՙ եկեղեցական արարողության ժամանակը, այնուհետեւ տեղՙ եկեղեցի:

Հետաքրքիր բառեր ենք ունեցել, որտեղ ատեան -ը նշանակել է «ժամանակ». ատենահասՙ «ատենինՙ ժամանակին հասնող»: Այս բառը տրվել է Ս. Սարգսին: Ունենք ատեան հողմոյ բառակապակցությունը, որ նշանակում է «քամի փչելու ժամանակը»:

Այսօր դիսերտացիա օտար բառի դիմաց ունենք ատենախոսություն հայերեն բառը: Այս բառը բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) առաջարկած բառն է, որը հաստատեց եւ կյանք մտցրեց Լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհուրդը: Ատենախոսություն բառն, իհարկե, շատ վաղուց կար եւ նշանակում էր եւ է «ատյանում խոսող, ճառող», «հրապարակային տեղերում հասարակության առաջ որեւէ հարցի մասին խոսող»:

Ատյան բառի առաջին նշանակությունից (այսինքնՙ ժողով, ժողովի նիստ) են բխում ատենակալ, ատենաքարշ, հանդիսատյան բառերը: Հանդիսատյան բառը հիմա էլ շատ լավ կարող է ծառայել մրցահանդեսի ժյուրի բառակապակցության փոխարեն: Ընդհանրապես ժյուրի բառի փոխարեն ես վաղուց առաջարկել եւ գործածել եմ մրցատյան բառը, որը, կարծում եմ, գոյության իրավունք ունի:

Հետաքրքիր է, որ ատեան բառը, ինչպես նաեւ նիստ բառը ծագել են հնդեվրոպական նախալեզվի esd «նստել» արմատից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ