RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 67. ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է խայտառակությունը. «ամոթալի, զազրելի գործ, ծաղր ու ծանակի առարկա դարձած արարք, վատ, տգեղ, անպատվաբեր վարքագիծ» եւ այլն: Ի՞նչ կազմություն ունի խայտաբղետ իմաստներ ունեցող այս բառը:

Խայտառակ բառն ստացվել է խայտ եւ առակ արմատների միացմամբ եւ նշանակում է «նշավակ, առարկա ծաղրի, նշան առակի»:

Մի արմատն է առակ -ը, որի մասին նախորդ զրույցում խոսեցինք: Ավելացնենք միայն, որ թե՛ խայտ -ը, թե՛ առակ -ը բնիկ հայերեն բառեր են:

Խայտ -ը հնդեվրոպական արմատ է, սկզբնապես նշանակել է «լույս, փայլել, երեւալ, այրել»: Հետագայում նշանակել է «խատուտիկ, պիսակավոր». հիշենք կարմրախայտը եւ խատուտիկը:

Նշենք նաեւ, որ խայտ -ի փոխարեն այժմ, չգիտես թե ինչու, գործածում են օտար խալ բառը:

Խայտալ հայերենում նշանակում է «ուրախությունից թռչկոտել, սաստիկ ուրախանալ»: Գերմաներենում կա heiter «ուրախ» բառը, որը թե՛ իմաստով, թե՛ հնչողությամբ գրեթե նույնն է մեր բառի հետ:

Խայտ բառից է նաեւ խայծ -ը, որի բուն եւ առաջին նշանակությունն է «պիսակ, բիծ»: Խայծ նշանակել է նաեւ «չորս կողմը պատող սպիների մեջ մաքուր մնացած մի կտոր տեղՙ մարմնի վրա»: «Արտի մեջ մի փոքր չվարած մասը» նույնպես խայծ է: Սրանցից էլ փոխաբերաբար բխում է սակավության, նվազության գաղափարըՙ «մի քիչ, փոքր ինչ, մի պատառ»: Հենց այս վերջինից էլ առաջացել է «մսի փոքր կտոր, որ իբր ձկան կեր կարթի ծայրին են ամրացնում ձուկ բռնելու համար» իմաստը: Չնայած խայծ կարող էին դառնալ հենց սպիները եւ ոչ թե սպիների մեջ մաքուր մնացած մի կտոր տեղը: Չէ՞ որ տղամարդիկ սիրում են հպարտանալ իրենց սպիներով, որոնք կանանց համար կարող են լինել խայծ:

Փոխաբերաբար խայծ նշանակում է «մեկին հրապուրելու, իր կողմը գրավելու, որեւէ ծուղակի մեջ գցելու միջոց»: Ասենքՙ օձի լեզուն խայծ է կնոջ սիրտը գրավելու համար: Ճիշտ է, օձի լեզու ունենալը կարծես թե քիչ է, պետք է նաեւ այդ լեզուն թափել :

Վերջում նշենք, որ գավառական խատուտիկ, խատուլիկ «գույնզգույն, սիրունիկ» բառերը դարձյալ խայտ -ից են: Խատուտիկ ծաղիկը իր անունն ստացել է, ամենայն հավանականությամբ, կամ դեղին ծաղկապսակի պատճառով, կամ սպիտակ սերմնագլխիկի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ