RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ

Զարմանալի է, բայց փաստ, որ կան բազմաթիվ բառեր, որոնց գոյությունը պայմանավորված է պարզ սխալներով կամ թյուրիմացություններով: Այս զրույցում կանդրադառնանք դրանցից մի քանիսին, որոնց հետ կապված պատմությունները բավականին հետաքրքրաշարժ են: Ահավասիկ այդ բառերը:

Ապաթարց . թարգմանաբար կազմված է հունարենի ապոստրոֆոս բառից (ապա + դարձ): Հայերենը պետք է լիներ ապադարձ : Հետագա արտասանությամբ դարձել է ապաթարց եւ այդպես էլ մտել բառարաններ:

Արձագանք . ճշգրիտ գրությունն է արձագանգ , բարդված է արձ եւ գանգ բառերից: Արձ -ի համար որոշակի ստուգաբանություն չկա, իսկ երկրորդը գանգյուն «հնչյուն» բառի արմատն է: Կարծիք կա, որ արձարձան բառից է, որը նշանակում է «քար, ժայռ, վեմ»: Այսինքնՙ արձագանք նշանակում է «քարերի ձայն»:

Շերամ . ճիշտ ձեւն է շերաս (մետաքսի որդը): Վերջին տառըՙ ս -ն, սխալ կարդացվելով (հավանաբար բութ (ՙ) նշանի պատճառով), դարձել է մ : Բառը սկսել են գրել շերամ :

Սմբուկ . խոսքը անբարեհունչ բադրիջան (բադրջան, պատինճան) բառի մասին է: Արաբերեն անաբ բառից է, որը տվել է նախ հայերեն ամբուկ , իսկ հետո, ա եւ ս տառերի նմանությունից շփոթվելով, սմբուկ :

Թանգարան . պարսկերեն թանգ (նեղ) բառից է, որ հետո ձեռք բերեց «մեծագին, սուղ» նշանակությունները: Արեւելահայերենում ունենք թանկ, թանկանալ, թանկանոց, թանկարժեք եւ այլ բառերը, բոլորը գրված կ -ով, արեւմտահայերենումՙ թանգարան , որը միակ բառն է գ -ով: Այս անմիօրինակությունը շփոթ է առաջացնում: Ճիշտ կլիներ թանգարան -ն էլ գրել թանկարան :

Շագանակ . ճիշտ ձեւն է շահդանակ : Շագանակ բառը բառարան են մտցրել Մխիթարյան միաբաններըՙ ընտրելով մեր ձեռագրերում տարածված բազմաթիվ այլագրություններից: Բայց հետագայում պարզվել է, որ ճիշտ ձեւն է շահդանակ , այսինքնՙ «շահի սերմ, արքայական հատիկ», եւ խոսքը կանեփի սերմի մասին է եւ ոչ թե այսօրվա շագանակի:

Գչիր . սխալ ընթերցման հետեւանքով առաջացած եւ բառարաններ մտած բառ է. սովորական գրիչ բառը սխալ գրելով եւ սխալ ընթերցելովՙ ստեղծվել է գչիր բառըՙ «շաղափ, ծակիչ» իմաստով:

Եվ վերջում մի հետաքրքիր, ոչ ճիշտ մեկնաբանության մասին:

Խոսքը չնաշխարհիկ բառին է վերաբերում:

Չնաշխարհիկ . «արտակարգ կերպով լավ, գեղեցիկ, անզուգական, աննման»: Շատերը համարում են, որ բառը նշանակում է «չին աշխարհից բերած»: Այնինչ Աճառյանը պնդում է, որ այդ դեպքում բառը պիտի լիներ ճենաշխարհիկ : Եվ տալիս է իր ստուգաբանությունըՙ չնաշխարհիկ -ը կազմված է ոչ (չ) եւ աշխարհ բառերից: Այսինքնՙ «աշխարհից դուրս, ոչ այս աշխարհից, արտակարգ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ