RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 100. 9, 10, 100 ԵՎ 300 ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ [1]

Ընդհանրապես 1 - 10 թվերն արտահայտող թվականները գալիս են հնդեվրոպական նախալեզվից եւ բնիկ հայերեն բառեր են, ինչպես նաեւ տասնյակների անուններըՙ քսան, երեսուն եւ այլն: Մեկ թվականի մասին զրուցել ենք: Իսկ ինչով են նշանավոր ինը, տասը, հարյուր եւ երեք հարյուր թվականները : Ոչ մի բանով: Սակայն հիշենք. արդեն 10 տարի է, որ կա «9-րդ հրաշալիքը», լույս է տեսնում նրա 300-րդ համարը: Իսկ 100-ը՞: Սա եւս հոբելյանական է. շատ շուտով եթերում կլինի « Զարմանահրաշ հայերեն » հաղորդաշարի 100-րդ թողարկումը: Սա է 9, 10, 100 եւ 300 թվերի առանձնացման պատճառը:

Ինչպես նշեցինք, ինը կամ ինն բառը բնիկ հայերեն է. նրա ցեղակիցներն են սանսկրիտերեն nava , պարսկերենՙ nuh , լատիներենՙ novem , գերմաներենՙ neun ,ռուսերենՙ девять , անգլերենՙ nine եւ այլն: Ըստ որոշ հնդեվրոպագետներիՙ ինը բառը առաջացել է հնդեվրոպական նախալեզվի nevo «նոր» բառից: Հնդեվրոպական թվարկությունը հնագույն ժամանակ քառյակներով էր. ութից հետո գալիս է նոր քառյակ, եւ այդտեղից էլՙ 9:

Տասը կամ տասն թվականը բնիկ հայերեն բառ է. ցեղակիցներն են պարսկերենՙ dah , օսերենՙ das , լատիներենՙ decem , գերմաներենՙ zehn , ռուսերենՙ десять , անգլերենՙ ten եւ այլն:

Ենթադրում են, որ հնդեվրոպական նախալեզվում տասը նշանակել է «երկու ձեռք», բայց կարեւոր է, որ այսօր ճիշտ գրեն եւ ճիշտ արտասանեն բառը: Թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում տասը, տասն բառի ը, ն տառերը հաճախ անտեսում ենՙ ասելով եւ գրելով տաս, տասամյակ, տասմեկ, տասյակ եւ սխալ այլ ձեւեր:

Հաջորդ թվականը, որ ներկայացնում ենք, հարյուր -ն է, որն, ինչպես նշեցինք, «Զարմանահրաշ հայերեն» հաղորդաշարին է առնչվում: Հարյուր բառի նախնական ձեւն է հարեւր : Հր. Աճառյանի «Արմատականում» որեւէ ստույգ բացատրություն չկա բառի ծագման վերաբերյալ: Իսկ ահա Էդ. Աղայանը իր «Բառաքննական եւ ստուգաբանական հետազոտություններ» գրքում մանրամասն ստուգաբանում է հարյուր բառը եւ տալիս հետեւյալ սպառիչ բացատրությունը. «Հայերեն հարյուր բառը ծագել է հնդեվրոպական նախալեզվի ar արմատից aro մասնիկով: Իսկ ar նշանակել է նաեւ «հաշվել, համրել»: Այդպես է նաեւ գերմաներենումՙ hun dert , որ նշանակում է «հարյուր հաշիվ» կամ «հաշիվը հասավ հարյուրի»: Հնդեվրոպական «հարյուր» նշանակող բառը հայերենում պետք է տար սան կամ սուն , որը նույնն է տասնավորների սան (սուն) բաղադրիչների հետ եւ նշանակում է «տասն»: Օրինակՙ երեսուն («երեք տասն»), քառասուն («չորս տասն») եւ այլն: Սա է պատճառը, որ բառը չի պահպանվել եւ փոխարինվել է «թիվ, հաշիվ» նշանակող բառով»:

Մնաց վերջինՙ 300 թիվը, որը մեր թերթի հոբելյանական համարը նշող թիվն է: Սրա կառուցվածքը բավականին պարզ էՙ երեք հարյուր:

Այսքանըՙ «9-րդ հրաշալիքի» բազմահոբելյանին առնչվող թվերի մասին:


[1] Այս զրույցը տպագրվել է «9-րդ հրաշալիքի» 300-րդ համարում (2004 թ. նոյեմբերին):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ