RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#007, 2013-04-20 > #008, 2013-05-04 > #009, 2013-05-18 > #010, 2013-06-01 > #011, 2013-06-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 18-05-2013



Տեղադրվել է` 2013-05-18 22:22:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 814, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մ. Բ.

Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետ սըր Ռոբերտ Ուոլպոլի ժառանգներից 1779 թվականին 40.555 ֆունտ ստերլինգով ռուսական կայսրուհի Եկատերինա Երկրորդի ձեռք բերած հազվագյուտ հավաքածուի ցուցադրությունը Լոնդոնի Հոուտն Հոլ կոչված վայրում, որ լորդ Չամլիիՙ Ռոբերտ Ուոլպոլի անմիջական ժառանգի անձնական սեփականությունն է, համարվում է բացառիկ իրադարձությունՙ թե՛ պատմական, թե՛ այժմեական տեսանկյունից: Ուոլպոլի հավաքածուն հիմնականում պահպանվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում (մի քանի կտավ ժամանակին հանձնվել է Մոսկվայի Պուշկինյան թանգարանին, եւս մի քանիսը Ռուսաստանի եւ Ուկրաինայի թանգարաններին): Այսպիսի խոշոր, մասշտաբային էքպոզիցիայի կազմակերպումը մի առանձնատան հարկի ներքոՙ պատմության մեջ համարվում է աննախադեպ, այդ ընթացքում, այս վայրը կստանա թանգարանի կարգավիճակՙ խիստ անվտանգության ապահովմամբ: Այս առիթով ցուցահանդեսի համակարգող Թերի Մորելը ասել է, որ ցուցադրությունը կհիշեցնիՙ թե ինչպիսի հարստություն է կորցրել Բրիտանիան, մոտ 2,5 դար առաջ: Վերածննդի վարպետների նկարների այս հավաքածոյի վաճառքի գաղտնի գործարքը, որ արվեստի պատմության մեջ համարվում է ամենանշանավորներից մեկը, իրականացել է աճուրդի ֆիրմայի հիմնադիր Ջեյմս Կրիստի միջնորդությամբ: Այս երեւույթը անգլիական հասարակության վրդովմունքն է առաջացրել, քանի որ դա կարող էր դառնալ Բրիտանիայի ազգային թանգարանի հիմքը, որը դեռեւս երկրում ձեւավորված չէր: Եղածը ընդամենը ոչ այդքան վաղուց գոյություն ունեցող թանգարան էր, բաղկացած գեղանկարների եւ փորագրանկարների արտատիպերի հավաքածոյիցՙ հեռավոր նմանություն իսկ չունենալով Ուոլպոլի հազվագյուտ հավաքածուի հետ: Մինչդեռ Լոնդոնի ազգային թանգարանի հիմնադրմանը դեռ բավական ժամանակ էր անհրաժեշտ: Փոխարենը, սակայն, ինչպես տեղեկանում ենք ռուսական մամուլի հրապարակումներից, գեղարվեստական այդ շքեղ հավաքածուն հիմք դարձավ Էրմիտաժի թանգարանի ստեղծման:

Ճոխության սիրահար սըր Ռոբերտ Ուոլպոլըՙ արվեստի գործերի մոլի, միաժամանակ գիտակ հավաքածուորդը, արժեքավոր կտավներ ձեռք բերելու համար ոչինչ չէր խնայում, նա հատուկ այս հավաքածուին արժանի կառուցեց համապատասխան չափանիշներով Հոուտն Հոլը: Արվեստի գործերի հանդեպ նման կիրք է ունեցել նաեւ Եկատերինա Երկրորդը: Երկուսն էլ հրաշալի հասկանում էին արվեստի լեզունՙ ընտրություն կատարելով լավագույնների մեջ:

Երբ Անգլիայում հայտնի է դառնում հավաքածուի հնարավոր վաճառքի լուրը, բրիտանացի պառլամենտականները փորձ են անում ամեն կերպ ձեռք բերել հազվագյուտ հավաքածունՙ առաջադրելով ազգային թանգարանի ստեղծման գաղափարը, որի հիմքը կլիներ այդ հավաքածուն, սակայն իրականացնել այն չի հաջողվում: Այս առիթով Եկատերինա Երկրորդը ասել է, թե ինչպես կատուն իր բռնած մկանը ոչ մի կերպ բաց չի թողնի, այնպես էլ ինքը ոչ մեկին չի զիջի Ուոլպոլի հավաքածուն: Այս ձեռքբերումը մեծագույն իրադարձություններից մեկն է համարվում Էրմիտաժի պատմության մեջ, մինչ Բրիտանիայում ցայսօր հավաքածոյիՙ երկրից դուրս հանումը համարվում է վիթխարի կորուստ: 200 տարի անց այս նկարների վերադարձը հայրենիք, իրավամբ մեծ իրադարձություն է: Ի մասնավորի, նշվում է նաեւ մի այսպիսի հանգամանք. ճակատագրի հեգնանքով Ուոլպոլի հավաքածուի Ռուսաստան տեղափոխվելը փաստացի փրկել է այն, որովհետեւ այդ նկարներիՙ երկրից դուրս գալուց շատ չանցած, իսպառ այրվել է այն պատկերասրահը, որտեղ գտնվում էին:

Ռոբերտ Ուոլպոլի անմիջական ժառանգ լորդ Չամլին, որը հավաքածոյի նկարները դիտելու համար մի քանի անգամ եղել է Ռուսաստանում, նշել է, թե հավաքածուիՙ հայրենիք վերադառնալու եւ նրանց թեկուզ մի քանի ամսով հարազատ վայրում ցուցադրվելու մասին իր նախնիները կարող էին միայն երազել:

Շուրջ 200 մեծարժեք կտավներից բաղկացած բրիտանացի վարչապետի այս հավաքածոն Էրմիտաժում պահպանվել է գրեթե ամբողջությամբ, բացառությամբ մի քանի կտավների, որոնք հանձնվել են Մոսկվայի Պուշկինյան թանգարանին եւ Ռուսաստանի մի քանի այլ թանգարանների, ինչպես նաեւ Ստալինի ժամանակ վաճառվել օտարների: 1930-ականների Ստալինի հրամանով երկրի ինդուստրացմանն անհրաժեշտ արդյունաբերական սարքավորումներ ձեռք բերելու համար Էրմիտաժը ստիպված ամերիկյան հավաքածուորդներին է վաճառել հին վարպետների մի քանի կտավ, այդ թվում Ուոլպոլի հավաքածուից Վելասկեզի «Իննոկենտի X պապի դիմանկարը»: Բարեբախտորեն նման վաճառքներ շատ չեն եղել: Երեւույթը կանխելու համար Էրմիտաժի կուրատորները կարողացել են համոզել, որ թանգարանի նկարների մեծ մասը բնօրինակներ չեն:

Բրիտանացի մասնագետները Ուոլպոլի հավաքածոն ընդգրկման ծավալով եւ համարձակությամբ համարում են հազվագյուտ եւ հավասարը չունեցող: Ըստ նրանց, այն ներկայացնում է XVIII դարում արվեստի գործերի հավաքչության նշանակությունը, դրա քաղաքական եւ էսթետիկական իմացության չափանիշները, միաժամանակ պահպանմանն ու ցուցադրմանն անհրաժեշտ կառույցի ճարտարապետական առնանձահատկությունների կարեւորությունը: Նորֆոլքի կոմսության Հոուտն Հոլի նորօրյա այս ցուցադրությունը ամենայն ճշգրտությամբ հարազատ է մնալու նախնական վիճակին: Էքսպոզիցիան կարվի ըստ այն նախագծի, որը վերջերս գտնվել է սըր Ռոբերտ Ուոլպոլի հին իրերի մեջ: Ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքները տեւել են 3 տարի: Ցուցահանդեսը (մայիսի 17 - սեպտեմբերի 29) զուգադիպում է Էրմիտաժի թանգարանի 250-ամյա հոբելյանին:

Նկար 1. Վան Դեյք. «Հանգիստՙ Եգիպտոսի ճանապարհին»

Նկար 2. Պարիզ Բորդոնե. «Երկու կին, հրեշտակը եւ զինվորը»

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ