RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#015, 2013-08-31 > #016, 2013-09-14 > #017, 2013-09-28 > #018, 2013-12-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 28-09-2013



Նկարչություն

Տեղադրվել է` 2013-09-28 00:07:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 991, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԻՆՉՈ՞Վ Է ՕՇԱԿԱՆՑԻՆ ԻՆՔՆԱՏԻՊ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՓԻԼԻԿՅԱՆ

Արթուր Օշականցու արվեստին «Ազգը» ժամանակին անդրադարձել է մեկ անգամից ավելի: Այս տարի լրանում է նրա ծննդյան 60-ամյակը: Այդ առթիվ ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք Լոնդոնում ապրող պրոֆ. Հովհաննես Փիլիկյանի հոդվածըՙ ավելացնելով, որ ներկայիս Օշականցին իր ստեղծագործությունները ցուցադրում է Սինգապուրում:


Դասական նկարչությունը Իմաստ եւ Գեղեցկություն է պարունակում իր մեջ, ի հակադրություն արդի արվեստի որոշ գործերի, որոնք կարող են լինել անիմաստ, անդուր եւ այլանդակության գիտակցական կուլտի միտումնավոր գործողության արդյունք, ինչպես օրինակ Մարսել Դյուշանի «Շատրվանը» մակագրությամբ կտավը, որ հավանաբար որոշ մոդեռնիստներ համարում են... գեղեցիկ:

Օշականցու կտավները վերականգնում են անցյալ ժամանակների կտավների իմաստն ու գեղեցկությունը բրիտանական արդի արվեստի տգեղ միջավայրում (նկատի ունեմ Դեմիեն Հիրստի ահ ու սարսուռ պատճառող սատկած կենդանիներ, Տրեյսի Էմինի գարշելի էրոտիկ անկողին, Քրիս Օֆիլիի փղի թրիքներ պատկերող կտավները):

Արթուր Օշականցին նման ոչ մի հիմարությունների չի դիմում պարզապես Լոնդոնի «Թեյթ Մոդեռնի» հավանությանը արժանանալու համար: Նրան լիուլի բավարարում է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն թանգարանի» հեղինակավոր գնահատանքը իր արվեստի մասին:

Օշականցու նույնիսկ «կապույտ շրջանը» (որ հիշեցնում է Պիկասոյի նույնանուն շրջանը) հուսահատության երանգներ չի պարունակում եւ միահյուսված է լավատեսական, կենդանություն պարգեւող կարմրա-վարդագույն գույներին, կարմիր դրոշի տոնայնությանը (իր «Հայկական շարքի» (ՀՇ) նկարներում): Դա սկիզբ է առնում Հայաստանի խորհրդային շրջանի դրոշից, որտեղ կյանքի սեւ ու սպիտակ շախմատի տախտակը խաչաձեւվում է բացակա Հիսուսի բաց վարդագույն երանգի հետ:

Օշականցին, ի տարբերություն վերոնշյալների, լուրջ նկարիչ է: Նրա կտավները թաքուն իմաստ են ներփակում իրենց մեջ եւ պատմում են իր ժողովրդի, հնագույն ժողովրդի, գուցե տիեզերքում առաջին ժողովրդի, հարուստ, բայց եւ անվերջ բարդություններով հագեցած պատմությունը:

Դժվար է, գրեթե անհնար որոշել նրա յուղաներկ ստեղծագործությունների ճշգրիտ թվականը, քանի որ նա շարունակ վերադառնում է դրանց: Այդ պատճառով էլ, սովորաբար, հաճախորդի կողմից կտավի գնման օրը համարվում է նաեւ դրա ստեղծման վերջնական թվականը: Ծանոթ լինելով նրա կատարելության հասնելու ձգտումներին, ականատես եմ եղել, թե ինչպես աղոտ, անհստակ կտավը աստիճանաբար (երբեմն տարիների ընթացքում) դառնում է կանացի բարեմասնություններով օժտված ջութակների տրիպտիխՙ «Ծնունդ, խաչելություն եւ հարություն» վերնագրով արթուրյան ինքնատիպ, կենսատու արյունով շաղախված մի սրբապատկեր («Լոնդոնյան շարքի» (Լ.Շ.) նո. 18-20 կտավները):

Չմոռանանք, որ Արթուրը հասակ է առել եւ ինքնահաստատվել դեռ խորհրդային ժամանակներում, որն այլեւս անցյալ է: Այդ ժամանակաշրջանի հարյուր միլիոնավոր բազմազգ քաղաքացիներ այսօր բանկային եւ ապահովագրական խաբեությունների վրա հիմնված կապիտալիզմի հողմի քմահաճույքներին են հանձնված:

Ինչքան ինձ հայտնի է, ոչ մի նկարիչ այնքան համարձակորեն եւ այնքան գեղեցիկ կերպով չի պատկերել իր մանկիկին սնուցող Աստվածամորը, որքան Օշականցին իր այդ եռապատկերում: Դա խոսում է նրա «հայկականության», նրա ազգային ներաշխարհի մասին, որ մերժում է հոռետեսությունը, անհուսալիությունը եւ ձգտում վերակենդանացմանՙ բոլոր ժամանակներում: Այդ ներաշխարհը բնորոշ է մեր բազմաչարչար, անթիվ-անհամար կոտորածների ենթարկված ժողովուրդին, որն առաջինը մարդկության պատմության մեջ հանդգնեց կատարել այդ ժամանակվա համար ամենառիսկային քայլըՙ պետականորեն ընդունել նոր, հեղափոխական համարվող միաստվածության հավատըՙ քրիստոնեությունը բազմաստված հեթանոսական մշակույթների օվկիանոսում:

Սպանեք մի հայի, եւ տեսեք, թե ինչպես է նրա արյունը (Հիսուսի եւ Օշականցու կտավների արյան նման) վերածնելու, վերակենդանացնելու ոչ միան ինքն իրեն, այլ բոլոր այն ժողովուրդներին, որոնք իր նման ենթարկվել են ցեղասպանության: Մոտ 2000 գերմանացի սպաներ, որոնք հրամանատարներ էին Օսմանյան բանակում եւ ականատեսները դարձան իրենց դաշնակցի վայրագություններին Առաջին համաշխարհայինի ժամանակ, հետագայում իրենց երկրում դարձան նացիստական ցեղասպանները հրեաների:

Օսմանյան թուրքերը չափազանց վճռական էին հեղելու հայերի երակներում հոսող ամբողջ արյունը, եւ նրանց հետնորդներն այսօրվա Թուրքիայում ցնցված են, որ երեք միլիոն հոգի իրենց երկրում կրում է Օշականցու տրիպտիխներում նկարված հայի արյունը: Ամեն օր նորանոր թուրքեր հայտնաբերում են, որ իրենց տատիկները, որոնց շատ են սիրել երեխա եղած ժամանակ, իրականում ծագումով հայեր են եղել: Վախի մթնոլորտում ապրելով նրանք միայն իրենց մահվան սնարի վրա պառկելիս են հանդգնել խոստովանել իրենց ազգային իսկությունը:

Հայ ժողովուրդը սրբացրել է իր մեծագույն զավակներիցՙ Կոմիտասին: Գերմանիայում ուսում առած վարդապետը եւ միջազգային երաժշտական ընկերության անդամը լավ ծանոթ էր գերմանական երաժշտական շրջանակներում, որոնք գուցե նրան դուրս էին բերել Օսմանյան մահվան աքսորի ճանապարհից... բայց ավա՜ղ նաՙ արդեն ճաշակած լինելով ցեղասպանության արհավիրքը իր մաշկի վրա, կորցրել էր մտավոր հավասարակշռությունը: Օշականցին նրան յուրահատուկ ստեղծագործական մոտեցումով է նկարելՙ աչքերը փակ (կուրացա՞ծ: Հ.Շ. նո 12), չարչարված: Իսկ մեկ այլ կտավումՙ երաժշտական ջարդված նոտաների մեջտեղում այլանդակված գանգի տեսքով (Հ.Շ. նո 13):

Կրե՞լ է արդյոք Օշականցին ազդեցություններ: Բնականաբար: Ոչ մեկը առանձնացված կղզյակ չէ այս աշխարհում: Օշականցին իր ուսերի վրա է տանում հայկական նկարչության այնպիսի դասական հսկաների դրոշմը, ինչպիսիք են Արշիլ Գորկին, Մարտիրոս Սարյանը եւ Մինաս Ավետիսյանը: Լոնդոնյան շարքի նո. 16 կտավը գլուխգործոց է: Ինչպես իր բոլոր նկարներում, նա այստեղ եւս կարողացել է իր ընտրած նյութի թեմատիկ սահմանափակումներից այն կողմ անցնել եւ «Գաղթականները» կտավին հաղորդել «ունիվերսալություն, խորը մարդկայնություն»: Սուրբ ընտանիքի կրոնական թեման շոշափող իր մյուս կտավները (Լ.Շ.-ի նո 11 եւ Հ.Շ.-ի նո. 7, 8 եւ 9) նույնպես ավելի ընդգրկուն են եւ մարդկային ընտանիքի սրբությունն են փառաբանում: Մինչդեռ ցեղասպանությանը նվիրված շարքը (Լ.Շ.-ի նո. 15-ը, որը հիշեցնում է Պիկասոյի «Գերնիկան») ձոն է նվիրված աշխարհի տարբեր ծայրերում կատարված ցեղասպանություններիՙ անկախ մարդկային մաշկի գույնից եւ կրոնական հավատամքից:

«Գաղթականների» մեկ այլ կտավում, որտեղ քաղցկեղավարակ լեզուն սիրիական Դեր Զորի անապատներում սովամահության եւ մարմնի ջրազրկման մասին է խոսում, տղամարդու կեռավուն, արծվանման քիթը մարդու կերպարի ոչ միայն կովկասյան, այլեւ շումերյան եւ ասորական տիպին պատկանելու երեւույթն է բացահայտում:

Մարդկային կործանումի այս սրտառուչ տեսարանները բնորոշում են ամբողջ մարդկության տառապանքները, իմպերիալիստական պետությունների անհագ ագահությունների զոհ դարձած երկրների եւ ժողովուրդների ողբերգությունները: Աֆղանստան, Իրաք եւ այժմ էլ Սիրիանՙ ավերակ դարձած նրանցՙ իմպերիալիստների սատանայական չարագործությունների հետեւանքով: Վստահ եմ, «Հալեպ» շարքի կտավները առաջացել են հայ գաղթականների հին, մաշված, սեւուսպիտակ լուսանկարներից, որտեղ մեկ ընդհանուր ափսեից օգտվում են ծնկաչոք նստած աղքատ ընտանիքի անդամները: Չէ՞ որ Հալեպը վերջնակայանն էր 1915-ի ցեղասպանության, որ հիմա, այս րոպեիս անմարդկային ձեւով ռմբակոծության է ենթարկվում:

Բայց Օշականցու կտավի «ափսեն» կարող է (համամարդկային առումով) լինել նաեւ Լոնդոնի փողոցներում անտուն թափառականի ամանը, ի խայտառակություն հարյուրավոր տրիլիոն ֆունտ ստերլինգի շրջանառություն ունեցող մայրաքաղաքի: Կապիտալիզմը այդքան անմարդկային լինելու կարիքը չունի, եւ Սինգապուրի պետությունը վառ օրինակ կարող է ծառայել ասվածի:

Վերադառնալով Օշականցուն, նշեմ, որ ինչպես բոլոր իսկական արվեստագետները (ինչ որ էլ «իսկական» բառը նշանակի արվեստների բնագավառում), Արթուրը, որ շատ լավ գիտակ է իր արհեստի պատմությանն ու ավանդությանց, ժամանակ չունի երբեք «-իզմերին» տրամադրվելու: Նա դրանցից հեռու եւ անդինՙ «պարզապես նկարչությանն» է նվիրվածՙ ամենալայն ընդգրկումովՙ ինչպես թեմաների, այնպես էլ ոճերի: Նա արագաձեռն է եւ կատաղի, առատաձեռն է եւ բարձրահոգի: Անկախ Հայաստանի հավանաբար ամենից ուժգին արտահայտվող հետարդիական (պոստ-մոդեռնիստ) գեղանկարիչն է, իսկ եթե որեւէ «իզմի» ցանկանանք նախապատվությունը տալ, ապա նա, իմ կարծիքով, պետք է համարվի «աբստրակտ նատուրալիզմի» հիմնադիրը եւ հետեւորդը: Վերջին մոտ քսան տարիների ընթացքում նա Մեծ Բրիտանիայում վերստեղծում է հելլենիստական Եգիպտոսի գրեթե մոռացված «Ֆայյումյան» դիմանկարները, որոնք մեծապես անհատականացված նկարագրային հայտնություններ են, դիմաստվերներՙ խորապես հանելուկային եւ հոգեպես աստվածային:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

Կենսագրական տվյալներ

Արթուր Օշականցին ծնվել է Օշականում (Հայաստան) 1953 թվի հոկտեմբերի 5-ին: 1972-76 թվերին սովորել է Երեւանի Գեղարվեստի ինստիտուտում: Ցուցադրվել սկսել է 13 տարեկանից, նախքան ակադեմիական կրթություն ստանալը: 1980-ին ընտրվել է ԽՍՀՄ Նկարիչների միության երիտասարդական բաժանմունքի անդամ: 1988-ին դարձել է ԽՍՀՄ Նկարիչների միության լիիրավ անդամ: Միացյալ Նահանգներում (Վաշինգտոնում, Արլինգտոնում եւ Էն-Արբըրում, Դետրոյթ) 1989-ին կայացած ցուցահանդեսում ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից գործող «Սոցիալական հայտնագործության խորհրդային ֆոնդը»: Նույն թվին Մոսկվայում կայացած աշխարհի սոցիալիստական երկրների նկարիչների ցուցահանդեսում ներկայացրել է Խորհրդային Միությունը: Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ավստրիայում, Մ. Նահանգներում, Լեհաստանում, Իտալիայում եւ այլուր:

Առաջին անհատական ցուցահանդեսը Երեւանում կայացել է 1966 թվին: Նրա ստեղծագործությունները գտնվում են Երեւանի Մշակույթի կենտրոնում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Օշականի քաղաքապետարանում, Ստեփանակերտի պատկերասրահում, Էջմիածնի կաթողիկոսարանում, Ժնեւի «ՍՈՍ Արմենի» արվեստի կենտրոնում, Ալեք Մանուկյան արվեստի թանգարանում (Դետրոյթ), Արլինգտոն եկղեցում (Վաշինգտոն), Արվեստի ֆակուլտետում (Էն Արբոր, Միչիգան), Բելգիական արվեստի կենտրոնում (Դետրոյթ), «Մարիոթ» հյուրանոցում (Վարշավա), Շարլ Ազնավուրի եւ այլոց անհատական հավաքածուներում:

Նկար 2. «Մայրը եւ որդին»

Նկար 3. «Կոմիտասը»

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 28-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ