RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#016, 2013-09-14 > #017, 2013-09-28 > #018, 2013-12-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 07-12-2013



Քարի ճիչը

Տեղադրվել է` 2013-12-06 21:30:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1323, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 23

«ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԸ»-ՀՈՒՅՍԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Արտո Չաքմաքչյանի հուշաքանդակի տեղադրումը կանադական Լավալ քաղաքում

Ինչպես է ապրում ամեն բացվող նոր օր արվեստագետը, ինչպես է նա տեսնում անվերջ տեղի ունեցող նոր փոփոխությունների ապագան, ինչպես են արձագանքվում դրանք իր ներսում, երբ թվում է աշխարհին բնավ չի դիպչում, ու թվում էՙ արտաքին աշխարհը նրա արվեստի մետաֆիզիկական էության հետ կապ չունի եւ ներգործություն չունի: Արտո Չաքմաքչյանի արվեստի առանձնահատկությունը դրաՙ բացառապես ներհայեցողական բնույթն է, ներքին մտածողական աշխարհի չափազանց խորասույզ վիճակները: Եվ այս արվեստի հետ իրական հաղորդակցումը բարդ է այնքանով, որքանով դժվար է ստեղծագործողի համար քարի, մետաղի լեզվով այսպես փիլիսոփայելը:

Այսպիսի արվեստի զարգացման ընթացքի տրամաբանական շարունակությունը անխուսափելիորեն հանգեցնելու էր պատկերարտահայտության վերացարկման ներկա ձեւերինՙ գաղափարի բացարձակ գերակայմանը նյութականությանը:

Եվ այլեւս տարօրինակ չի թվում, ավելինՙ օրինաչափ է սովետական մտածողության կողմից Չաքմաքչյանի արվեստի մերժել-չընդունելը: Եվ կարծես դա ազատության (իմաՙ քաղաքական) կամ գաղափարախոսության հետ կապ չունի, դա գեղարվեստորեն մտածելու այնպիսի կուլտուրա է, որն ավելի շատ հատուկ է զարգացած հասարակություններին: Ուստի երբ պատկերացնում ես, թե ինչպես կընդուներ այսպիսի արվեստը հայաստանյան ներկա պարզունակ ու գռեհկացած արվեստի միջավայրը, սիրտդ կուչ է գալիս ցավից ու հուսահատությունից: (Արտո Չաքմաքչյանը Եգիպտոսից Հայաստան ներգաղթեց 1948 թվականին, 1975 նա բնակության տեղափոխվեց Կանադա: Այժմ ապրում եւ ստեղծագործում է Մոնրեալում):

Եվ այս պատճառով էլ ու այդպես էլ նրա «Քայլող մարդը» չքայլեց մեր քաղաքի «Հյուսիսային» կոչվող պողոտայով: Մի արձան, որի ներկայությունը պիտի հիշեցներ մարդկային էակի մտային ու հոգեկան աշխարհի մշտական գոյության ու դրա անվերջ շարժման անխուսափելիության մասին:

Արվեստագետը նյութի դիմադրության հաղթահարումը հասցրել է այն աստիճանի, որ հնարավոր է դարձրել քանդակի լեզվով խորհրդածել մետաֆիզիկական բնույթի անհավանական թվացող իրակությունների մասին: Ամենախոսուն նշանն այս հաղորդակցմանՙ խորունկ լռությունն է, հիմնական մետաֆորը իր քանդակագործության: «...Աստծու հետ է խոսում, բայց ամբողջը իր մենախոսությունն է (խոսքը Նարեկացու քանդակի մասին է): Ես այդ մենախոսությունը դարձրի իրական արձան: Լուռ: Ժամերով կարող ես նայել եւ լռություն ես տեսնում» :

Արտո Չաքմաքչյանը լռություն է քանդակում, նա մարդու լռության ձայնը հասցնում է Աստծուն: Նրա խոհն ու խորհրդածությունը զուտ գեղարվեստական ձեւից ու ասելիքից այն կողմ է, նրա վերացարկումները պատկերային աշխարհի գեղարվեստական մտածողությունից փոխադրվում են փիլիսոփայության ոլորտ: Սուբյեկտը, մարդուն բնորոշ երկփեղկված էության արտաքինՙ իմա փոփոխվող, քայքայվող կաղապարից (նյութից), անցում է կատարում ես-ի փակ տարածք, այսինքնՙ ներքին մտածողության հոգեվոր աշխարհ: Այստեղ է արվեստագետը կատարում իր անսովոր բացահայտումները, իր «պեղումնաբանական մեդիտացիաները»:

Մոնրեալյան վերջին կատալոգի (CROIX ET FICTIONS) յուրաքանչյուր բաժնի հեղինակային նշագրումները հակիրճ, բայց ամբողջական բնութագրում են տվյալ շրջանի իր գեղարվեստական մտածողությունն ու արտահայտությունները: «Խաչապատկեր-խաչելություն» բաժնում կարդում ենք. «Խաչելությունը որպես պատմական իրողություն եւ քրիստոնեական իկոնոգրաֆիա, ինձ չի գրավում, ինձ հետաքրքրում է այն, որ դա սինթեզն է մարդկային խորը տառապանքի» :

Երբ անցած աշնանը այստեղՙ Երեւանում զրուցում էի իր հետ, եւ իր ձայնի կիսաշշուկների միջից փորձում զգալ նրա ներքին վերաբերմունքներն ու մտքի տատանումներըՙ թե ինչպես է նա խաչի նոր ձեւ ստեղծել. «Ես Քրիստոսին խաչի մեջ պատկերեցի: Փոփոխության ենթարկվեց, իսկ փոխել Խաչելությունը, մեծ համարձակություն է: Երկու նոր խաչ ստեղծեցի: Խաչի երկու ֆիգուր, երկու կտոր միանում, բոլորովին նոր ձեւ է ստացվում» , ավելի ուշ հասկացա, թե ինչու է նա արել դա: Դա իր արվեստի, պրկված մտածողության ու ապրելակերպի խտացումի արտահայտությունն է, երբ արվեստագետը մարդկային կյանքի ողջ դրաման, առհասարակ մարդկության անցած ճանապարհի հոգու պատմությունը ընկալում է որպես անելանելիություն, ցավի անվերջանալի շղթա, պարույրաձեւ տառապանքի դատապարտվածություն եւ այս ապրումի ծանրությունը, խոհը կրում իր ներսումՙ որպես Ողբերգության նոր Մատյանՙ արձանագրելով վրան քարի իր սեփական ճիչը... Ի՜նչ տարբերություն գրչի՞ միջոցով է մարդը խոսում Աստծո հետ տառապանքի մասին, քարի՞... թե՞ գույնի:

Եվ իսկպաես հուզիչ էր, երբ լուրը ստացանքՙ կանադական Քվեբեկի նահանգի Լավալ հայաշատ քաղաքում Արտո Չաքմաքչյանի վերջինՙ «Խաչելություն» շարքի քանդակներից մեկի տեղադրման եւ պատշաճ մակարդակով բացման արարողության մասին: Խաչելություն-հարություն-վերածնունդ խորհրդանշող քանդակի խորքային իմաստը, ինչպես իր խոսքում նշել է Արտո Չոքմաքչյանըՙ հույսն է:

Քանդակիՙ խաչի եւ Քրիստոսի միաձուլվածության գաղափարը խորհրդանշում է այն հույսը, այն կապը, որ կա մարդկային տառապանքի ու հանուն այդ նույն մարդկության փրկության համար խաչի վրա զոհվածի միջեւ:

Հավերժական ու անքակտելիՙ տառապանքն ու փրկության հույսը:

Քանդակըՙ 3,5 մ բարձրությամբ, պատվանդանովՙ 4,5 մ, ձուլված է Եվրոպայի լավագույն ձուլարաններից մեկումՙ Ֆլորենցիայում եւ Կանադա փոխադրված նավով:

***

Ինչպես տեղեկացնում է կանադահայ «Հորիզոն» շաբաթաթերթըՙ քանդակի բացումը Լավալի կենտրոնում տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ինՙ ներկայությամբ կանադացի պաշտոնյաների եւ հայ համայնքի ներկայացուցիչների, հանդիսավորապեսՙ երկու պետությունների օրհներգերով եւ դրոշների շքախմբային մուտքով:

Ըստ էության, քանդակի բացման արարողությունը լավագույն առիթներից էր, որի շուրջ կանադահայությունը վերահաստատել է պահանջատիրության իր ուխտը:

Հայաստանի, Արցախի, Կանադայի, Քվեբեկի եւ Լավալի դրոշների ներքո հոգեւոր թեմի առաջնորդ Նաթան արք. Հովհաննիսյանը եւ Խաժակ արք. Հակոբյանը, վերապատվելի Մանվել Ճինպաշյանը եւ Գեւորգ ծ.վ. Զապարյանը կատարել են հուշարձանի օրհնության արարողությունը:

Ողջույնի խոսք են ասել Լավալի քաղաքապետական խորհրդի անդամ Ժոզլին Կերթեն, Քվեբեկի խորհրդարանի անդամ Սուզան Փրուլը, Կանադայի խորհրդարանի անդամներ Խոսե Նունե Մելոն, Ստեֆան Դիոն, Կանադայի խորհրդարանի նախկին անդամ Մադլեն Տալֆոն Կիրալը: Շնորհավորելով քանդակի նորամուտը քաղաքի կենտրոն, նրանք միաժամանակ հիշել են Հայոց ցեղասպանությունըՙ դիտելով այն որպես ոճրագործություն մարդկության հանդեպ, դատապարտել Հայոց ցեղասպանության հանդեպ որդեգրած ուրացման քաղաքականությունը, զորակցել կանադահայությանը: Ելույթ է ունեցել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանըՙ հետագա ցեղասպանությունները կանխելու համար կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Սրտի խոսք է հղել ներկաներին քանդակի հեղինակ Արտո Չաքմաքչյանը:

Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական բաժնով, ելույթներով հանդես են եկել երգիչներ Սարգիս Պարսամյանը, Էլի Բերբերյանը, Լաուրա Բերբերյանը, դուդուկահար Վաղարշակ Ատեմյանը, 5-ամյա ասմունքող Գրետա Մխիթարյանը:

Միջոցառումը հանդիսավարել է Անի Արեւյանը: Լավալի Հայկական ցեղասպանության հուշարձանի միացյալ հանձնախմբի ատենապետ Սաքո Յագուպյանը, հուշարձանի հանձնախմբի անդամ Հովիկ Թյուֆենքճյանը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Կանադայի միացյալ հանձնախմբի ատենապետ Մհեր Գարագաշյանը ելույթներում հաստատել են հայոց պահանջատիրության կանադահայության վճռակամությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 07-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ