RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-30 09:30:43Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
#007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 24-04-2014



Տեղադրվել է` 2014-04-23 22:32:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1737, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ԱՊՐԻԼԻ 24 (ԳԻՇԵՐ)

Դավիթ ՀՈՎՀԱՆՆԵՍ

1

Գլուխս ջնջխվում է քարի տակ -

ինչպես ջնջխեցին գանգը Զոհրապի:

Մթագնում է իմ միտքը հստակ -

ինչպես մթագնեց ուղեղը Կոմիտասի:

Յաթաղանն է ոթում արյունըս կաս,

ու վերքեր բացում մարմնիս մեջ խորունկ:

- Ապրիլի 24-ն է հանկարծ մոտենում,

եւՙ ստիգմատնե՜ր են դուրս տալիս վրաս:

2

Չե՜մ կարող քնել... Նույն տարաժամն է:

- Տարբերությունը լոկ երկու ժամ է:

Լոկ երկու ժամ է - եւ հարյո՜ւր տարի,

բայց նո՛ւյնն է, նո՛ւյնն է թուրք ենիչերին:

Եվ երկու ժամ է, ինչ հայ զափթիեն

դեպի Կոմիտաս ուղղորդեց իրենց...

- Նրանք Պոլսում են, եսՙ Երեւանում:

- Չե՜մ կարող քնել: Քունս չի՛ տանում:

3

Մարմինս ցավում է: Տառապա՜ծ մարմի՛ն:

- Անապատների բովով անցած,

ետեւում թողած նախնյաց Հայրենիք,

պատժված, սակայն չգործած հանցանք:

Եվ հարյուր տարի հետո էլ, հիմա,

այս գիշերային լռության պահին -

մարմինս հանկարծ նվո՜ւմ է ցավի՛ց:

- Մարմինս հանկարծ գնում է ի մահ:

4

Եթե մարմինդ նվում է, ապա ո՞վ է

մեղավորը - թո՞ւրքը, թե՞ հայը:

- Եթե թուրքը քեզ խփում էր հարյուր տարի

առաջ, ապա հիմա խփում է հայը:

Քո հաղթանակած բանակի զինվորը քո

իսկ զինվորի վրա զենք է հանում,

բոմժը փողոցում աղբանոց է

քուջուջում, օլիգարխը իր

«Ռոլլս-Ռոյսն» է փողոց հանում

եւ քշում է մարդկանց վրայով, եւ

շտապում է (նրանք միշտ շտապում են),

եւ չի լսում աղաղակները մեղավոր

զոհերի,

բայց չի մոռանում ամեն ապրիլի 24-ին,

առավոտյան ժ. 10-ին ծաղկեպսակ դնել

ի հիշատակ միլիոնավոր անմեղ զոհերի:

- Եվ բանաստեղծը, որ արձանագրում է

այս ամենը (սա դեռ քիչն է)

նրան է ուղղում բառի բեւեռը.

- Դու ի՞նչ գործ ունես Ծիծեռնակաբերդում:

Գնա՛, մտիր մեջլիս,- եւ փրփրաբերան ժխտի՜ր Հայոց Եղեռնը:

5

Անգալի՛ք է երկիրը, որի կինը իրեն լլկած

խուժանի դուռն է գնում

եւ, ձեռքը մեկնածՙ ողորմություն է

խնդրում եւ կամ մատուցում մեկ այլ ծառայություն,

ի՛նչ գործ էլ լինիՙ նա կանի, ինչպես որ

արել է հեռավոր հնում,

երբ անապատում մի կում ջրի համար

նա ջարդում էր փակ դժոխքի դրունք,

բայց երի՛ցս անգալիք է երկիրը, որի

տղամարդը տարվա մեջ մի օր

բարձրանում է Ծիծեռնակաբերդ -

ծիծաղելով ու ծամոն ծամելով, եւ

ծաղկեփունջը ծանծաղաշարժ ու ծույլ ծածանելով,-

կարծես եկել է ստիպված, հենց

այնպես, ո՛չ հոգու, այլ հերթական

մի պարտք կատարելու լոկ...

- Մինչդեռ սպասում են իրեն սգո այս

«տոն» օրովՙ սգո կերուխում եւ սգո «տոնական երգ»:

6

Եթե Գողգոթայի ճանապարհը ելած

կարավանները խաչյալ անհույսների,-

սուրբ մարիամներիՙ Մայր կամ

Մագթաղենայ,

խաչի գնացող մանուկ հիսուսների,-

եթե գիտնային ճամփին մահահոտ,

որ նորից, հարյուր տարի հետո,

եղեռնվելո՜ւ են որպես սգո «տոն» -

կխաչվեի՜ն հաստատ մի երկրորդ մահով:

7

Անիծե՞լ են արդյոք պտույտն իրենց բախտի:

- Հավատացե՞լ են, որ գնում են ի մահ...

Թե՞ հույս են տածել թուրքի երախտիքին -

յուրյանց ազգանպաստ ծառայությանց

դիմաց:-

Ազգանպաստ - ո՞ւմ: Նպաստ - ո՞ր

ազգին:

- Թուրքի՞ն, որը քոչվորից չդարձավ ազգ...

- Հայի՞ն, ում քոչվորը դարձրեց

ստորակարգ,

բայց չկարողացա՜վ կոտրել - հայի ոգի՛ն:

8

Մեծ տառապանքը սրբացրեց նրանց...

- Դա սրբանալու ճանապարհն է միակ:

Եվ դժոխքի բոլոր ճամփաները հրակ -

նրանց սրբությունը վեհացնում են

միայն:-

Օ ՜, կյանքի գնով գնված սրբություն,

շատ թանկ չէ՞ր արդյոք գինը տաժանքի:

- Բայց ո՞վ կարող է չափել արժանիք...

կամ պատիվՙ մահվա՜ն գնացող մարդո՛ւ:

9

«Եղեռնու գոռձով» մասնագիտացած,

անեղեռն, փափուկ, կուշտուկուռ ապրած

եղեռնագետը, փափուկ ժպիտով,

հանկարծ հայտնվեց հեռուստացույցով

եւ, զոհյալներին տալով արժանիք -

փափուկ հորդորնե՜ր թափեց բերանից:

- Եվ այդ շաքյարից ես լոկ հասկացա.

- Սրա արյան մեջՙ չկա՜ հայու ցա՛վ:

10

Արյունը ամրացնող-զոդող է, բայց

արյունը նաեւ բաժանող է,

- արյունը կամուրջ է, բայց նաեւՙ

անդունդ,

- եւ գանգերը, ցցած իրենց լերկ ատամն

ու ժանիքը,

եւ կմախքները, արյան կամրջից

կախված գունդագունդ,-

օրորվում են, պարում,- եւ իրենց սոսկալի

երգն են երգում,

անթաղ կմախքների երգը,- ու ոսկերքը

շխկշխկում են անթաղ:

- Ո՛չ, եթե կա «հաշտվող» թուրք, ապա

չկա՛ հաշտվող հայ:

- Արյո՜ւն կա մեր միջեւ, որ չի՛

մակարդվում հայի երակներում:

11

Չե՛մ կարող հաշտվել, բայց չե՜մ էլ տանում

այսչափ եղեռնը:- Հիվանդանո՜ւմ եմ...

- Հրանտ Դինք, վկա եղբայր իմաստուն,

օգնիր, որ ե՛ս էլ գտնեմ հայ արյունըս.-

ո՞վ եմ ես. նե՞տ, որ սուրում է դեպ անհունը,

թե՞ արյամբ ծանրած մի վրիժապարտ...

- Բայց ինչպե՞ս ապրեմ ես այսպես

անհաշտ:

- Բայց ինչպե՞ս դրժեմ ես իմ արյունը:

12

Ի՛նչ ծանր բառ է - արյունը: Ի՜նչ ծանր բեռ:

- Եվ ինչո՞ւ հենց ի՛մ արյունը պիտի

խեղվեր...

- Իմ սուրբ արյունը, որ իմ նախնիներից

անմեռ

ժառանգել եմՙ որպես հավերժությա՜ն

սերմերն

իր հորձանքում տանող հավերժակա՛ն

մի գետ,

ինչպես որ հոսել է - քանի՜ հազար տարի:

- Ինչո՞ւ իմ արյունըՙ լոկ ի՛նձ պիտ

չարչարի:

- Ինչո՞ւ իմ եղբոր արյունըՙ չի՜ գալիս

ինձ հետ:

13

(Խոսում է Տերյանը)

Դու չես առաջինը, դու չես վերջինը...

- Ցեղասպանվել են շատ ժողովուրդներ,

ցեղասպանվել են դարեր ու դարեր -

դու չես առաջինը, դու չես վերջինը:-

Արժանապատիվ տար քո պատմությունը,

կանգնիր գալիքի կռվում աներեր...

- Դու չես առաջինը, դու չես վերջինը,

եւ թող չուտի՜ քեզ - սո՛ւրբ վրեժի թույնը:

14

(Խոսում է Թումանյանը)

- Հանգե՜ք, իմ որբե՛ր... Բայց հանգեք

ինչպես հատիկը հողում,

որ ծիլ է տալիս,- եւ դառնում մի նոր,

հըզոր Հայրենիք,

եւ դարերի մեջ խշշում է ազատ,- եւ չի

դողդողում

ո՛չ թուրքի ահից, եւ ո՛չ էլՙ մի նոր թուրքի

եղեռնից,

եւ դեռ թուրքին էլ գազանից մարդ է ահա

դարձընում,

եւ տալիս նրան եւ՛ դեմք, եւ՛ անուն, եւ՛

ամոթ, եւ՛ խիղճ,

եւ կավ է դառնում թուրքը, այլ ոչ թեՙ ոտքի

տակի խիճ,-

եւ հարությո՜ւն է առնում անմեղի

արյո՛ւնն այդ դարձում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 24-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ