RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-30 09:30:43Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
#007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 24-04-2014



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2014-04-23 22:32:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1835, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ԱՐԱԲ ՊԱՏՄԱԲԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Լիբանանյան ուղեւորությանս ընթացքում անհնար էր շրջանցել արաբ (դուրզի) պատմաբան Սալեհ Զահր ադ-Դինին: Սալեհի մասին շատ էի լսել, գիտեի, որ Հայաստանին եւ հայությանը նվիրված մի շարք գրքերի հեղինակ է: Բեյրութահայ լրագրող Հովսեփ Արթինյանի եւ Լիբանանում սիրված երգիչ, գուսանական ու ժողովրդական երգերի կատարող Մանուկ Մինասյանի հետ միասին ուղեւորվում ենք Սալեհի հայրենի Քֆարֆագուդ գյուղը` Լեռնալիբանանիՙ գերազանցապես դրուզներով բնակեցված Շուֆի շրջանում, ուր նա ապրում ու ստեղծագործում է: Արաբ պատմաբանի հետ հանդիպելու նախնական պայմանավորվածություն կար:

Սալեհի աշխատասենյակը ավելի շատ գրադարան է հիշեցնում: Սենյակի չորս պատերը ծածկված են գրապահարաններով ու գրքերով, տասնյակ թղթապանակներով, որոնցում նրա` արդեն տպագրված, ինչպես նաեւ անտիպ աշխատանքների բնագրերն են:

- Ձեր մասին առաջին անգամ Երեւանում եմ լսել լիբանանահայ իմ ընկերոջից,- ասում եմ Սալեհին,- կարծում եմ հաճելի կլինի մեր շփումը:

- Իմ բոլոր շփումները հայերի հետ միշտ էլ հաճելի են եղել,- ասում է Սալեհը:- Երբ տեղեկացա ձեր այցի մասին, հանդիպելու եւ զրուցելու ցանկություն առաջացավ: Յուրաքանչյուր հայի այցը իմ օջախը, մանավանդ մտավորականի, առանց չափազանցնելու կարող եմ ասել, տոն է ինձ համար:

Իր մասին փորձում է քիչ խոսել, ավելի շատ պատմում է իր այցելության մասին Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ: Իսկ երբ հարցրի, թե ի՞նչը ստիպեց իրեն հետաքրքրվել հայերով ու հայոց պատմությամբ, առավել եւս գրքեր հրատարակել Հայաստանի մասին, նա մի պահ ընկավ մտորումների գիրկը...

- Գիտեք, այդ ամենը վաղուց է սկսվել,- պատմում է նա: -Նախաձեռնողը Լիբանանի Սոցիալիստական¬առաջադիմական կուսակցության եւ դուրզիների քաղաքական առաջնորդ Վալիդ Ջումբլաթն է: Նրա համար Հայոց ցեղասպանությունը ներկայացնելը բացառապես սկզբունքի հարց է: Իր հանձնարարականով ու ղեկավարությամբ դեռեւս 1986 թվականին մենք նախաձեռնեցինք լիբանանյան «Լեռան ձայնը» («Սաութ ալ Ջաբալ») ռադիոկայանով Հայաստանի մասին հաղորդաշարեր սփռել ամենուր` ունկնդրին տեղեկացնելով ճշմարտությունը հայերի ու հայոց պատմության մասին, այնուհետեւ սկսեցինք նաեւ գրքեր հրատարակել: Մեր նպատակն էր հստակ ու ճիշտ պատկերացում տալ հայերի ցեղասպանության մասին, թեեւ այդ ամենի համար ժամանակ առ ժամանակ մեզ մեղադրող զանգեր էին հնչում, մանավանդ Թուրքիայի դեսպանությունից: Մեր դիրքորոշումը, սակայն, անփոփոխ էր ու հստակ` երբեք չշեղվել պատմական ճշմարտությունից: Հայաստանի մասին շուրջ տասնյոթ գիրք եմ հրատարակել,- ավելացնում է Սալեհը,- հիշատակեմ դրանցից միայն մի քանիսը` «Արաբների վեհանձնությունն ու հայերի երախտագիտությունը», «Հայերը եկեղեցու, քաղաքականության եւ տնտեսության մեջ», «Օսմանյան կառավարության քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանում եւ դրա նկատմամբ միջազգային ուժերի դիրքորոշումը» գրքերը: -Իսկ այս բնագիրը, որ տեսաք գրասեղանիս, նոր աշխատությունս է Հայոց ցեղասպանության մասին: Ծրագրել եմ գիրքը հրատարակել 2015 թվականին` Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առթիվ: Արդեն ավելի քան մեկուկես տարի է աշխատում եմ այդ բնագրի վրա: Շատ հետաքրքրական ու բացառիկ գիրք է լինելու, քանի որ ներառելու է իմ բոլոր գրառումները տարեց մուսալեռցիներից, տեղեկություններ եմ հավաքել հայկական տարբեր կուսակցություններից, եկեղեցիներից, նաեւ բազմաթիվ ուսումնասիրություններ եմ կատարել: Սա արաբերենով առաջին գիրքն է լինելու, որ պատմելու է Ադանայի ջարդերի, Մուսա լեռան ինքնապաշտպանության, տեղահանված մուսալեռցիների մասին, ովքեր Լիբանան եկան ու հիմնեցին հայկական Այնճար բնակավայրը: Գիրքս մոտ վաթսուն փաստաթուղթ է ընդգրկելու Այնճարի հիմնադրման մասին, նաեւ բազմաթիվ լուսանկարներ, որոնք վկայում են հայերի հանդեպ Ադանայում ու Մուսալեռում տեղի ունեցած արյունալի ոճիրները: Կան նաեւ պաշտոնական որոշ փաստաթղթեր Այնճարի հիմնադրման մասին, որոնք ինձ են տրամադրել Այնճարում ապրող տարեցները, տեղի քաղաքապետարանը:

Սալեհ Զահր ադ-Դինն ասաց, թե 2015 թվականին Երեւան կայցելի Հայոց ցեղասպանության մասին պատմող իր նոր գրքով, իսկ 100-րդ տարելիցի առիթով զեկուցում կունենա: Այդ նպատակով նա արդեն հրավերներ է ստացել Հայաստանից, Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսից, ով ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնախմբի անդամ է, նաեւ Լիբանանում Հայաստանի դեսպանատնից:

Սալեհը թեկնածուական ատենախոսություն պատրաստեց եւ որոշեց պաշտպանել ոչ թե Լիբանանում, այլ` Հայաստանում: Նա մտաբերում է ավելի քան քսանամյա վաղեմություն ունեցող տարիները` 1990-ականների սկզբները...

- Առաջին անգամ Երեւան այցելեցի Հայաստանի արտգործնախարարության նախաձեռնությամբ: Բազմաթիվ հանդիպումներ եղան տարբեր մարդկանց, հատկապես պատմաբանների հետ: Ինձ վրա մեծ տպավորություն թողեց զրույցը ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի հետ: Երկար զրուցելուց ու շատ հարցեր քննարկելուց հետո նա ինձ առաջարկեց պատրաստել թեկնածուական ատենախոսություն եւ պաշտպանել ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում: Առաջարկն ինձ համար հաճելի անակնկալ էր ու ես սիրով ընդունեցի: Օրեր անց կրկին հանդիպեցի Գագիկ Սարգսյանին: Երկար բանակցելուց հետո որոշվեց ատենախոսության թեման` «Օսմանյան կառավարության քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանում եւ մեծ տերությունների դիրքորոշումը Հայկական հարցում»: Սկսեցի հիմնարար եւ լուրջ ուսումնասիրություններ կատարել: Քաջատեղյակ էի, որ հին եւ նոր շրջանի արաբ շատ պատմաբաններ վավերագրեր են թողել հայոց պատմության մասին, դրանից զատ` օտարալեզու ահռելի գրականություն եմ ուսումնասիրել, որով հարստացրել եւ ավելի համոզիչ եմ դարձրել ատենախոսությունս: Շուրջ երեք տարի տեւեց մինչ ավարտին հասցրի աշխատանքս: Ատենախոսությունը մեծ հաջողություն ունեցավ:

- Որպես պատմաբան, ամեն ինչի հիմքում տեսնում եմ փաստավավերագրական նյութը,- զրույցն առաջ է տանում արաբ պատմաբանը,- առանց որի անհնար է անկողմնակալ պատմություն շարադրել: Գուցե շատերն ինձ մեղադրեն «հայամետության մեջ», սակայն նման բան չկա: Ես արդարության կողմնակից եմ, հստակ եւ որոշակի պատկերացնում եմ Հայ դատի ու հայոց արդար պահանջատիրության կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում եմ: Շատ տրամաբանական է, որ այդ ամենը պիտի հարուցեր թուրքերի զայրույթը: Հակառակ ինձ հասցեագրված բազում սպառնալիքների, ես անշեղ եմ իմ ընտրած արժանապատիվ ու արդար ուղուց: Քանիցս փորձել են ինձ սիրաշահել ու կաշառել: Բոլոր փորձերը, սակայն, ապարդյուն են եղել: Իմ սկզբունքն է` «Վկայիր ճշմարտությունը, նույնիսկ եթե կախաղանի պարանը վզիդ են անցկացրել»: Ես մնում եմ Հայ դատի պաշտպանության ջատագով:

- Ձեր սկզբունքայնությունը պարզապես դրականորեն վարակիչ է,- ասում եմ Սալեհին,- բայց այդ կերպ ապրելով ու ստեղծագործելով, ձեր շուրջ ընդդիմադիրների մի ամբողջ բանակ կհայտնվի:

- Ընդդիմադիրները նոր չէ, որ պիտի հայտնվեն, նրանք վաղու՜ց արդեն կան,- քմծիծաղելով ասում է զրուցակիցս: -Լիբանանում, ցավոք, կան կաշառված պատմաբաններ, ովքեր կիսում եմ թուրքական տեսակետները: Դրանք գործակալներ են եւ ֆինանսավորվում են Թուրքիայից: Մի դեպք հիշեմ եւ ամեն բան ձեզ պարզ կլինի: Հայոց ցեղասպանությանը վերաբերող թեմայով հրավիրված էի դասախոսություն կարդալու Հայկական բարեգործական ընդհանուր միության սրահում: Դասախոսությունից մեկ օր առաջ ինձ զանգահարեցին Թուրքիայի դեսպանատնից: Առաջարկեցին չեղյալ համարել ելույթս` ասելով, որ քիչ հետո ինձ կմոտենա մեկը եւ որպես «շնորհակալության նշան» կհանձնի 5000 դոլար պարունակությամբ մի ծրար: Դեռ ավելին. ասացին, եթե ընդհանրապես հրաժարվեմ Հայկական հարցի ուսումնասիրությունից, բանկում իմ անունով հաշիվ կբացեն եւ ժամանակ առ ժամանակ գումար կփոխանցեն: Ես սառնասրտորեն ասացի, որ դասախոսությունից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ հրավիրատոմսերն արդեն բաժանվել են: Զրուցակիցս ավելի համառ գտնվեց ու ասաց. «Անհոգ եղեք, մենք ձեզ կտանենք հիվանդանոց, կասենք վատառողջ եք եւ դրանով կլուծվեն բոլոր հարցերը»: Ես, սակայն, նրանից ավելի համառ գտնվեցի ու հակադարձելով ասացի. «Ես փողի կարիք չունեմ ու մի կարծեք, թե կարող եք ինձ գնել փողով»: Լսելով կտրուկ պատասխանս, Թուրքիայի դեսպանատան աշխատակիցն անցավ բացահայտ սպառնալիքների` ասելով. «Այս ամենից քեզ փրկություն չի լինելու»:

- Փաստորեն, նույնիսկ սպառնացել են ձեզ...

- Պարբերաբար սպառնում են, բարեկամս, բայց ես միշտ քամահրանքով եմ վերաբերվում թուրքական սպառնալիքներին,- հանգիստ ու սառնասրտորեն պատասխանում է Սալեհ Զահր Ադ-Դինը,- այդ սպառնալիքներից հետո մի քանի անգամ բանակցել եմ մեր քաղաքական առաջնորդ Վալիդ Ջումբլաթի հետ, ով ինձ խորհուրդ տվեց ժամանակավորապես նվազեցնել այցելություններս Բեյրութ, ապա բանակցեց Թուրքիայի դեսպանատան հետ` հորդորելով աշխատակիցներին, որ այլեւս չանհանգստացնեն ինձ: Այդ ամենը, սակայն, երկար չտեւեց: Մեկ ամիս հետո դարձյալ սպառնալիքների տարափ սկսվեց: Զարմանալի բան չկար: Ինձ ոչ մի սպառնալիք չի ահաբեկի, ես ունեմ սկզբունքներ, որոնք շատ ավելի թանկ են իրենց առաջարկած գումարներից: Մենք Հայ դատի ու արդար պահանջատիրության համակիրներ ենք, քանի որ վստահ ենք` դա իրավունքի դատ է, սուրբ դատ է ու երբեք զիջողության չենք գնա:

- Ձեզ լսելուց հետո բոլոր մեկնաբաննություններն ավելորդ են,- հիացած ասում եմ արաբ պատմաբանին:- Դուք, անշուշտ, լավ կհասկանաք, թե ինչ ասել է ապրել կորուսյալ հայրենիքի ցավով: Ցեղասպան թուրքը արդեն հարյուր տարի բռնազավթված է պահում հայոց պատմական հայրենիքի 90 տոկոսը, ուր մեծ մասամբ իսպառ վերացվել են մեր մշակութային արժեքները` վանքերն ու եկեղեցիները, սրբավայրերն ու շիրիմները, մեր նախնյաց շեները:

- Ես լավ եմ հասկանում հայերին, նրանց կորստի անափ ցավը,- ասում է Սալեհը: -Որպես Հայ դատի պաշտպան, ես անցանկալի անձ եմ թուրքական իշխանությունների համար եւ արգելված է իմ այցը Թուրքիա: Երբ լույս տեսավ «Հայերը. Ժողովուրդ եւ դատ» առաջին գիրքս, թուրքերը Լիբանանի գրախանութներից հավաքեցին գրքիս տպաքանակի որոշ մասը, իսկ Թուրքիայի դեսպանատան անվտանգության պատասխանատուն բորբոքված եկավ մեր գրասենյակ եւ ինձ բառացիորեն ասաց. «Քո մուտքը Թուրքիա այլեւս արգելված է»: Դա 1988 թվականն էր: Ես հեգնանքով ժպտացի ու պատասխանեցի նրան` ասելով, որ վերջին երկիրը, որ ցանկանում եմ տեսնել, դա Թուրքիան է: Եթե մուտքի արտոնագիր պահանջեմ, հանգիստ կարող եք մերժել: Այնպես որ թուրքերը երբեք անպաասխան չեն մնում իմ կողմից: Եվ դա է բորբոքում ու հարուցում նրանց զայրույթը: Միայն ճշմարտության լեզվով պիտի ցույց տալՙ ով է թուրքը:

Սալեհին խնդրեցի պատմել նաեւ Արցախ կատարած իր այցի մասին:

- Պաշտոնական հրավերը եղել է միայն Երեւանից, իսկ Արցախ ինքս եմ ցանկացել այցելել` աչքովս տեսնելու տեղի հուշարձաններն ու արձանագրությունները` համոզվելու, որ դա հայերի պատմական հողն է: Դա 1993 թվականն էր: Երբ անցնում էինք Լաչինով, որ հիմա վերանվանվել եւ Բերձոր է կոչվում, շատ վտանգավոր էր: Շուշին նոր էր ազատագրվել, Արցախն արդեն ինքնիշխան էր դարձել, բայց ռազմական գործողությունները շարունակվում էին եւ խաղաղությունն անկայուն էր դեռ: Որպես պատմաբան, ես լավ գիտեմ, որ յուրաքանչյուր ժողովրդի պատմությունը վաղնջական ժամանակներում միշտ արձանագրված է եղել ժայռերին, քարերի վրա ու վանքերի որմերին: Հենց դրա համար էլ այցելեցի Արցախ, որպեսզի լավ հասկանամ գոյապայքարի խորհուրդը: Արցախում տեսածս միանշանակ վկայում է այդ ամենի հայկական լինելու փաստը: Ես լավ գիտեմ, որ անցյալ դարի 20-ական թվականներին Արցախի բռնազավթումը Ստալինի կողմից սարքած խաղ էր, որի համար հայերը թանկ գին վճարեցին` շտկելու պատմական անարդարությունը: Այն ինչ տեսա Արցախում, միմիայն հայկական է, ադրբեջանական հետք անգամ չկա ու չի էլ եղել: Բացի այդ, ուսումնասիրություններս էլ դա են ապացուցում: Երկօրյա այցի ընթացքում ամենուր եւ ամեն առիթով ականատես էի լինում, թե ինչպես են արցախցիները սիրում իրենց հողը: Արցախի ինքնորոշումը երբեք քննարկման առարկա լինել չի կարող, դա շատ հստակ ու թափանցիկ է: Արցախը եղել եւ մնում է հայկական հող:

Սալեհի պատմությունները մտորելու տեղիք են տալիս: Թվում է, թե հայրենիքի կորստով ապրող հայը միայն կարող է այս կերպ մտածել, բայց երբ լսում ես օտարազգի, այն էլ արաբ մուսուլման պատմաբանին, հասկանում ու համոզվում ես, որ դեռ բաբախում է արդարության ցաված սիրտը, որ դեռ արթուն է մարդկության խիղճը ու դեռ կան մարդիկ, ովքեր ինքնակիզվող սիրով նվիրյալ են դառնում` կռիվ տալով աշխարհի անարդարության դեմ:

Սալեհը ցավով է խոսում Ծիծեռնակաբերդում` Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ ունեցած իր զգացողության մասին:

- Ծիծեռնակաբերդում, հավերժական կրակի մոտ, մտորում էի, թե որքա՜ն խոցելի է մարդ-արարածը,- դառնացած ասում է նա,- եւ ինչպե՜ս կարող էր աշխարհի աչքի առջեւ մարտիրոսվել մի ամբողջ ժողովուրդ, իսկ թուրք մարդասպանը մնա անպատիժ: Քրիստոնեական գերտերությունները լավ են գիտակցում, որ հայերը առաջին քրիստոնյաներն են, բայց ցավոք, սատար են լինում Թուրքիային: Այդ ամենը մեկ անգամ եւս վկայում է, որ քաղաքականությունն ու դիվանագիտությունը բարեկամ ու մարդասիրություն չեն ճանաչում: Թեեւ չունեմ հայկական անձնագիր, բայց Հայաստանում գտնվելիս ես ինձ լիարժեք հայ եմ զգում, ինչպես Լիբանանում` լիբանանցի: Հեռվից հաճախ եմ կարոտում սիրելի Հայաստանը, երկիր, որ իմ գործունեության ու ոգեշնչման առանցքն է: Ուրախ եմ Աստծո տված այդ մեծ պարգեւի համար:

- Մի օր անձնագիր էլ կունենաք, սիրելի Սալեհ,- կատակում եմ ես,- միթե՞ ձեր արած հսկայածավալ աշխատանքը հազարապատիկ ավելի կարեւոր չէ, քան քաղաքացիության վկայագիրը: Ձեր արածով ինքներդ ձեզ Հայաստանի քաղաքացիություն եք շնորհել, իսկական հերոս եք:

- Ի՜նչ հերոս, սիրելի բարեկամ,- համեստորեն պատասխանում է ժպտադեմ Սալեհը,- ես սովորական մահկանացու եմ: Ամեն բան անում եմ ոչ թե պարտադրված, այլ` անմնացորդ նվիրումով:

Քանիցս համոզվում եմ, որ հայ ժողովրդի նման բարեկամներին պիտի քաջալերել ու փայփայել, ովքեր ինքնակամ, սիրով ու նվիրումով, երբեմն նաեւ վտանգի ենթարկելով իրենց կյանքը, հայանպաստ գործ են կատարում ու դառնում պատմական անցուդարձերով լի անցյալ եւ ներկա դարերն իրար կապող մեր օրերի ժամանակագիրը: Սալեհ Զահր ադ-Դինը այդ բացառիկ ժամանակագիրներից է:

Երեւան-Բեյրութ-Երեւան, Նոյեմբեր, 2013 թ.

Նկար 1. Սալեհ Զահր ադ-Դինի «Հայերը եկեղեցու, քաղաքականության եւ տնտեսության մեջ» գիրքը:

Նկար 2. Սալեհ Զահր ադ-Դինի հետ զրուցելիս:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 24-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ