RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 11-07-2014



ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-07-10 22:59:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1171, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ ԴԻՐԻԺՈՐԸ ՎԱԳՆԵՐՅԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԻ ԱՌԻԹՈՎ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Օրեր առաջ ներկայացվող հայտագիրը տեղեկացնում է «Արամ Խաչատրյան» համերգասրահի յուրաքանչյուր շաբաթավերջի համերգային ծրագրի մասին. նախորդ ամսվա նախավերջին ուրբաթօրյա համերգային ծրագրում միայն Վագներ էր. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղղեկ.` Էդ. Թոփչյան) անվանի դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ հնչեցրեց հատվածներ գերմանացի կոմպոզիտորի «Նիբելունգի մատանին» տետրալոգիայի «Հռենոսի ոսկին», «Վալկիրիա», «Աստվածների մթնշաղը» օպերաներից (փորձերի սակավության պատճառով հանվել էր «Զիգֆրիդ» -ից հատվածը):

Վագների երաժշտությունը եւ հայ բեմում հնչելու նրա հազվադեպությունն արդեն իսկ հետաքրքրություն ստեղծել էին` ապահովելով խստաճաշակ հանդիսականի ներկայություն, նաեւ ակնկալիքն ու սպասումն էլ բազմանշանակ էին:

Զավեն Վարդանյանը դիրիժորական գործունեությունից բացի մշակութային գործչի լայն համարում ունի եւ լուրջ գործունեություն է ծավալել` մասնավորապես գերմանական եւ ավստրիական դասական երաժշտության տարածման եւ ճանաչողության առումով: Գերմանական կոմպոզիտորական արվեստի հանդեպ նրա առանձնահատուկ վերաբերմունքը եւ հոգեհարազատությունը դեռեւս կոնսերվատորիական տարիներից եկողՙ հետագայում ավելի է խորացել: Նա հիմնադրել եւ ղեկավարել է Գերմանակ-ավստրիական երաժշտության բարեկամների ընկերությունը, Հայկական Բախյան ընկերությունը, Հայաստանի Վագներյան ընկերությունը:

Նրա գործունեության հատկանշական գիծը` հայ երաժշտական կատարողական երկացանկը նոր ստեղծագործություններով հարստացնելու ձգտումով, երաժշտական մտածողության, ճաշակի զարգացմանն ուղղված, իրականացվել է բազմաթիվ համերգներով` ժամանակակից երաժշտության տասնյակ պրեմիերաների, այդ թվում` հայ եւ օտար կոմպոզիտորների 70-ից ավելի ստեղծագործությունների առաջին կատարումներով, ինչպես եւ գիտաժողովների, փառատոների կազմակերպումը միեւնույն նպատակին են ծառայել: Մասնագիտական իր ճանապարհը նա անցնում է նվիրումով ու պատասխանատվությամբ, ի շահ արվեստի ճշմարիտ արժեքների, կարելի է ասելՙ կյանքային դժվարին սկզբունքներ որդեգրած նաեւ (նկատի ունենք մարդկային բարոյական արժեքները- այն, ինչը չի հնանում, արդիական է միշտ):

2015-ի հունվարին կլրանա Զավեն Վարդանյանի ծննդյան 70 տարին եւ գործունեության 40 ամյակը. երբ մի քիչ ավելի մոտ ես ծանոթ լինում իրեն, չես կարող չզգալ հոգու այն մաքրությունը, այն խորությունը, որով մոտենում է նա արվեստին, ապրում արվեստի, կյանքի բերած ոչ միայն հաճույքը, այլեւ դառնությունը... եւ` զարմանալի թեթեւությամբ: Սա նկարագիր է, եթե կուզեք համոզմունք` արտիստին բնորոշ, դավանանք` վերապրումի ճշմարտությանը, այն ինչը նա համարում է հոգեւոր անհրաժեշտություն ոչ միայն բուն ստեղծագործական, նաեւ կատարողական արվեստի համար: Իր հետ մի քանի զրույցներից ուրվագծվում է արվեստագետի ներքին դիմանկարը` իդեալներն ու կողմնորոշումները, երեւակայության, միֆի ու իրականության «սահմանների» իր ըմբռնումները` երբ կարելի է շարունակել մնալ երազող այս իրականության մեջ, լիարժեք ապրելով ներկան, միաժամանակ զգալ անցյալի մշակութային հեւքը, ուսումնասիրելով, ճանաչելով կոմպոզիտորին եւ նրա ստեղծագործությունը, փորձել գնալ ավելի խորքը` թափանցելու անցյալի մշակութային շերտերի մեջ, վերապրելու այդ կյանքը, հասցնելով դա ինքնամոռացության աստիճանի նույնիսկ, զգալ ժամանակաշրջանի առանձնահատկությունն այնպես, որ բեմում երաժիշտներին փոխանցելիս` համոզիչ լինի սեփական վերապրումը եւ նույն զգացումներով հնարավոր լինի վարակել նաեւ դահլիճում նստածներին: Տպավորությունս հիմնավորվեց, երբ կարդացի Դանիել Երաժիշտի խոսքերը` մաեստրոյի ղեկավարությամբ Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» պասսիոնի երեւանյան առաջին կատարման առիթով գրված.

«...Մեր աչքի առաջ դիրիժորը գծագրում էր Բախի «գոթական տաճարը», խմբերգերի սյուները կամարակապում ռեչիտատիվներով, արիաների ժապավեններով պարուրում դրանք: Ողբերգության, «կատարսիսի» օրենքով լսողներիս ներգրավեց գործողության մեջ` ամբոխային խմբերգերում մեղսակից էինք դառնում, մադրիգալային խմբերգերում խաչը ուսած, գայթելով հետեւում էինք Հիսուսին դեպի Գողգոթա, խորալներում եւ արիաներում կիսում երգիչների գորովանքն ու կսկիծը առ Հիսուս»:

Երաժշտագետ Աննա Արեւշատյանի բնութագրումը` թե «Զ. Վարդանյանին բնորոշ են ոգեշնչված դիրիժորական ժեստը, արտակարգ արտահայտիչ ձեռքերը, որոնք կարծես կերտում են երաժշտությունը եւ միաձուլվում նրա հետ, զուսպ, սակայն ներքին արտահայտչականությամբ եւ կամքով լեցուն ազնվաբարո եւ կենտրոնացված ղեկավարման կերպը» , հրաշալի համադրվում է Լիտվիայի կոնսերվատորիայի դոցենտ Պ. Յուոդիշյուսի խոսքին` «Սքանչելի դիրիժոր, որ գեղեցկորեն է «երգեցնում» մեղեդիական գիծը, ճշգրիտ վարում ֆրազը, դնում անհրաժեշտ շեշտերը» , իսկ Էդվարդ Միրզոյանը եւ Ալեքսանդր Հարությունյանը Զավեն Վարդանյանի կատարումներին հատուկ են համարել «Բնական արտիստիզմը, մեկնաբանման խորությունն ու հուզականությունը, ֆրազների քանդակային բնույթը, ոճային ճշգրիտ զգացողությունը» : Այս բնութագրումներին հավելենք Լեւոն Իգիթյանի կարեւոր նկատառումը` Վարդանյանի մեկնաբանության մեջ առկա երաժշտական հսկայական գիտելիքների, գեղարվեստական էրուդիցիայի մասին:

Վաղուց հայտնի է Վարդանյանի երաժշտական ձեռագրի` հիացմունք պատճառող խիզախումը այնպիսի ծրագրերի իրագործման, որոնք ոչ միայն նոր են, մեզանում մինչ այդ չկայացած, նաեւ խստապահանջ են, ավելի աշխատատար. Մոցարտ` «Բաստիեն եւ Բաստիենա» (1982), «Առեւանգում հարեմից», (1995), «Կախարդական սրինգ», (1996), «Այդպես են վարվում բոլոր կանայք» (2008), Բախ` «Չարչարանքներ ըստ Հովհաննու», (1999), «Չարչարանքներ ըստ Մաթեոսի», (2001), Հայդն` «Աշխարհի արարումը» (2001), «Նելսոն մեսսա» (2013), Ռ. Շտրաուս` «Ալպիական սիմֆոնիա» (2002), Ստրավինսկի` «Սաղմոսների սիմֆոնիա» (2002). թվարկումը կարելի է շարունակել, ըստ որում, ստեղծագործությունների մեծ մասը հնչել են բնագրով, գերմաներեն: Սա վկայությունն է այն իրողության, որ Զավեն Վարդանյանը ոչ միայն գերմանական երաժշտության ակտիվ պրոպագանդողն ու տարածողն է մեզանում, այլ նաեւՙ գերմաներեն լեզվի, եւ դրա ամենաթարմ դրսեւորումը հունիսի 20-ի համերգն էր` Ռիխարդ Վագների «Նիբելունգի մատանին» քառապատումից հատվածների կատարումը, որի վոկալ մասը Հայաստանում հնչեց առաջին անգամ: Ներկա պրոֆեսիոնալ երաժիշտները, երաժշտագետները, մելոմանները, բնականաբար ընկալման տարբեր մակարդակներով, նշում էին համերգի հաջողությունն ու գրավչությունը, նրա կարեւորությունը:

Զրուցակիցներս` երաժշտագետ Աննա Արեւշատյան, կոմպոզիտոր Երվանդ Երկանյան, բանաստեղծ Հենրիկ Էդոյան, միակարծիք էին, որ գաղափարական, փիլիսոփայական շերտերով հագեցած Վագների ստեղծագործությունների կատարումը երաժշտական աշխարհում առհասարակ կարեւոր իրադարձություն է համարվում, իսկ մեզ համար առավել եւս, քանի որ մեր բեմում Վագներ քիչ է հնչել: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ կոմպոզիտորի գործերի ամբողջական կատարումը` հատկապես «Նիբելունգի մատանին», շատ հազվադեպ երեւույթ է գրեթե ամենուրեք, Զավեն Վարդանյանի այս նախաձեռնությունը իսկապես դրվատանքի ու համակրանքի արժանացավ` «պատիվ բերող համերգ` յուրաքանչյուր երկրի, դիրիժորի եւ նվագախմբի համար» (Ե. Երկանյան): Նշվեց նվագախմբի պատշաճ հնչողությունը` նույնիսկ այդքան սակավաքանակ փորձերից հետո եւ վագներյան օպերային երգեցողության փորձի գրեթե բացակայությամբ` վոկալիստների մասնակցության քաջությունը եւ որոշակի հաջողությունը: Կարեւոր համարվեց Վագների երաժշտությանը ավելի հաճախ անդրադառնալու անհրաժեշտությունը, մանավանդ, ինչպես ցույց տվեց համերգը` «Կա այն դիրիժորը, որը վագներյան երաժշտության ջատագովն է եւ ունի համապատասխան գիտելիքներ եւ կատարողական կուլտուրա» (Ա. Արեւշատյան): «Հազվագյուտ համերգ էր, եւ սոլիստները շատ լավ էին: Զավեն Վարդանյանը իսկապես սիրով էր աշխատել ե՛ւ օրկեստրի, ե՛ւ սոլիստների հետ: Ուրախալի է, որ Վագները երկար տարիներ հետո կրկին հնչեց մեր բեմում շնորհիվ Զավեն Վարդանյանի» , այսպիսին էր կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի կարծիքը:

Այս համերգը առիթ եղավ վերհիշելու Վարդանյանի ղեկավարությամբ «Կախարդական սրինգ» օպերայի համերգային կատարումից հետո նշանավոր գրող, հրաշալի թարգմանիչ Կարպիս Սուրենյանի խոսքերը, որ շատ արդիական է վագներյան վերոհիշյալ համերգի առիթով. «...Ինձ այս օրերին ամենից ավելի հուզում է փաստը, որպես մշակութային իրադարձություն: Գլուխ բերված է մի գործ, ի ջանք է դրված այնպիսի աշխատանք, որ կարելի է հերոսական կոչել մեր օրերում» : (Ի դեպ, Վարդանյանը առաջին դիրիժորն է մեզանում, որ համերգային կատարմամբ իրականացրել է մի շարք օպերաներ, եւ փաստորեն այս ավանդույթը սկսվել է նրանից):

Դիրիժորի հետ մեր զրույցի` մի քանի պահեր հատկապես հիշողությանս մեջ մնացին անդարձ. ես զարմացած էի պահի մեջ առօրյա իրականությունից վերացարկվելու եւ այլ ժամանակի (վագներյան) մեջ հայտնվելու նրա ներքին ունակությունից, տպավորված էի, բայց առավել եւս ուսանելի էր ոչ միայն դարաշրջանի գեղագիտական-գեղարվեստական, երաժշտական հոսանքների, փիլիսոփայական ուղղությունների նրա իմացությունը, նաեւ պատմական իրադարձությունների լավատեղյակությունը:

Երբ խոսում էր երաժշտության, արվեստի` բնությունից ներշնչվող այդ հզոր ուժի մասին, ասես ականատեսն էր դարձնում բնության տարերքին, երբ նկարագրում էր գերմանական բնաշխարհը, Հռենոսի սրբազան ջրերի մեջ ասես գերմանական հինավուրց ազգի ոգին էր ալեկոծվում... (Այդպես, ամենայն հավանականությամբ, դիրիժորը փորձերի ընթացքում աշխատում է արտիստների հետ`ավելի տեսանելի, հասկանալի դարձնելու համար երաժշտության միջավայրը):

19-րդ դարի օպերային արվեստի խոշորագույն ռեֆորմատոր, գերմանացի նշանավոր մտածող Ռիխարդ Վագները շարունակում է պահպանել իր երաժշտության ազդեցության հզոր ինդիվիդուալիզմը, առանձնահատկության եզակիությունը մինչեւ այսօր: Նման արվեստին մերձենալու, այն ճանաչելու, առավել եւս մեկնաբանելու համար, ինչպես Զավեն Վարդանյանն է կարծում, անհրաժեշտ է երաժշտական արվեստի` եւ ոչ միայն, տեսական եւ պրակտիկ խորը գիտելիքներ, մասնագիտական լրջագույն պատրաստվածություն: «Ես չեմ կարող բեմ հանել մի ծրագիր, եթե կատարվող գործերը չեմ ուսումնասիրել խորապես: Ինձ հասկանալի պիտի լինի պարտիտուրայի յուրաքանրյուր տարր, հարմոնիկ եւ մելոդիկ դարձվածք, տոնայնական հարաբերություններ, նրանց տեղն ու դիրքը ընդհանուրի մեջ, ռիթմական կազմակերպվածությունը, դինամիկական փոխհարաբերությունները, դրամատուրգիան, տեքստային առնչությունները գործիքավորման եւ հարմոնիայի հետ, կարճ ասածՙ նրա ներքին կյանքը: Մինչեւ պարզ չլինեն ստեղծագործության անատոմիան ու մորֆոլոգիան, շոշափելի չդառնան ստեղծագործության ֆակտուրան սնող էներգետիկ ռեսուրսների համակարգը, նրանց շարժման ուղղությունները, մինչեւ չզգամ զարկերակի բաբախումը, չեմ կարող այն ղեկավարել: Եւ հետաքրքիրը ի՞նչ է, գիտեք: Ամիսներ անց, երբ կատարված ստեղծագործության պարտիտուրը վերցնում եմ ձեռքս, շատ ուշադիր թերթում այն, զարմանքով հայտնաբերում եմ բաներ, որոնք առաջ չեմ նկատել: Աշխարհահռչակ դիրիժոր Ստոկովսկու խոսքերով` այն անընդհատ աճում է բաոբաբի ծառի պես» :

...Համերգից հետո կուլիսների հետեւում շնորհավորանքի պահն է` ջերմ, զուսպ, կամ այլ.- հարցնել` թե սպասելիքն իրականացավ, պետք չէ, որովհետեւ «բեմը» դեռ շարունակվում է, երաժշտությունը դեռ չի ավարտվել: Ավելի ուշ այս հարցին նա կպատասխանի իհարկե.

«Ես բառեր չեմ գտնում արտահայտելու շնորհակալության այն չափը, որն ունեմ նվագախմբի արտիստների հանդեպ: Նոտաները նրանք տեսում էին առաջին անգամ, երաժշտությունը շատերը չգիտեին: Բայց հանդես բերին մեծ համբերություն եւ առավելագույնս կատարեցին պրոֆեսիոնալ արտիստի իրենց գործը` այն էլ հերթական համերգից հետո, առանց հանգստի եւ այդ բարդագույն ծրագրի համար նախատեսված...չորս փորձով: Չնայած մանր թերություններին, նվագախումբը հնչեց մոնոլիտ, մոնումենտալ, կարողացավ պահպանել ու արտահայտել երաժշտության ոգին: Այս ամենը նկատի ունենալով` կարող եմ ասել, որ նվագախումբը սխրանք գործեց: Սա շատ թանկ է ինձ համար: Իմ դիրիժորական կարիերան սկսել եմ այս նվագախմբում` 1975-ի հունվարից մինչեւ 1979 թվականը, իբրեւ ասիստենտ` տաղանդավոր դիրիժոր եւ նվագախմբային ծրագրերի ռեֆորմատոր Դավիթ Խանջյանի, ուստի հասկանալի է, որ այս նվագախումբը շատ հարազատ ու անչափ սիրելի է ինձ:

Հատուկ շնորհակալություն` «Նիբելհայմի» տեսարանի մասնակից երիտասարդ հարվածայիններին, եւ անհրաժեշտ գործիքները պատրաստող` մշակույթի հրաշալի գիտակ, դասական երաժշտության երկրպագու, գիտնական- գյուտարար, իմ մեծ բարեկամ Միքայել Համամչյանին: Իմ ջերմ շնորհակալությունը`վագներյան նոտային գրականության ձեռք բերմանը մեծապես աջակցած օպերային թատրոնի նվագախմբի արտիստ Կիմ Սարգսյանին: Ուզում եմ նշել տավղահարների աշխատանքը` հատկապես Ժաննա Հովհաննիսյանի (աշակերտը` հռչակավոր տավղահարուհի Դուլովայի), որը, ինչպես եւ մյուսները, հրաշալի կատարեց իր դժվարագույն պարտիան: Շատ գոհ եմ երգիչների կատարողական մակարդակից. այս հարցում իր անգնահատելի օգնությունն է բերել դիրիժոր-կոնցերտմայստեր Վարդուհի Մինասյանը: Իմ հիացմունքն ու շնորհակալությունը նրան: Համերգը ցույց տվեց, որ ունենք երգիչներ, որոնց հետ տքնաջան աշխատելու դեպքում կարող ենք հասնել լավ արդյունքների:

Իմ խորին շնորհակալությունը` ՀՊՖՆ տնօրեն տիկին Ռուզան Սիրունյանին, որի ջերմ վերաբերմունքը զգացել եմ մշտապես»:

Հայ երաժշտական հանրությունը ինչպես անցյալում, այսօր առավել եւս կարիք ունի գործի նվիրյալ, տաղանդավոր, բարձր կուլտուրայի եւ գաղափարների տեր մտավորական-դիրիժորի, որի կատարումներին սպասում է միշտ: Հուսանք, որ մաեստրո Զավեն Վարդանյանի այս մտահղացումը շարունակություն կունենա իր հաջորդ համերգներում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 11-07-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ