RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-09-2014



ՀԱՄԵՐԳ

Տեղադրվել է` 2014-09-11 22:19:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 800, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

տեւողությունըՙ ակնթարթային, տպավորությունըՙ տեւական

Դեռ երաժշտական լուրջ ականջն ու գրիչը կգնահատեն այն սիրառատ ձոնը, որ Սայաթ-Նովայի «Բլբուլի հիդ» նշանավոր տաղը 2014-ի փարաջանովյան «Ոսկե ծիրանին» կենսունակ դարձավ օպերային շնչառությամբՙ մանրանկարչությունից մեզ հարազատ կապույտը զգեստ դարձրած, խոսքըՙ նռան զգույշ շարված հատիկ, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանի նվագակցությամբ Հասմիկ Պապյանը հանդիսատեսին առաջին անգամ «ուրիշ երգով» չէ (հայ պոեզիան հենց իրենն է) ուրիշ ժպիտով հմայեցՙ Սայաթ -Նովայի անանց սերը դրոշմված լեզվին, շրթունքին, սրտին:

2014-ին երեւանյան մշակութային լուրջ իրադարձությունների շարքում չի կարելի աննկատ թողնել այն խիզախումը, որ իրականություն դարձրեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբըՙ «Հովեր» եւ «Սպեղանի» երգչախմբերի միասնական ջանքերով Արամ Խաչատրյան բեմում համերգային տարբերակով ներկայացնելով Պուչինիի «Տոսկան»: Ես, որ եվրոպական օպերային տարբեր բեմերում քանիցս ըմբոշխնել եմ երաժշտական այս անթառամ, հանդիսատեսին թատրոն «բերող» պատմությունը ու մորս նվիրական իրերի պայուսակից գիտեմ, որ Երեւանում հեռու անցյալում այն բեմադրվել է, ինչպիսի սպասումով էլ, որ ներկայանամ դահլիճ, անկեղծ լինեմՙ չեմ հագենալուՙ օպերա եմ ուզում: Թե ինչու Սպենդիարյան օպերային թատրոնն իր խաղացանկը չի հարստացնում համաշխարհային այս եւ ուրիշ գոհարներով, մեր ենթադրությունից առավել հետաքննող լրագրության գրչին է սպասում, բայց հայ հանրությունն ուրախ էՙ տոմս է գնել, սպասում է... Օպերայի վառ գույների փնտրտուքս անթաքույց շղարշ հագավ, երբ բեմից դիրիժորն իր հույզը փոխանցեց, երկրային ձայներն արձագանք գտան երկնքում, ու համերգային կատարման արտոնությունը «ստանալով», արտիստական կիրքն ու սրտառուչ խաղը գրկեցին դահլիճը: Ես հանձնվեցի, կողքիս նստածներն էլ... Հուլիսի 11-ին դահլիճը փետրվարի 11-ի, 13-ի նման անհագ ծափահարում էր, նաեւ թաց աչքը սրբումՙ հազար անգամ տեսած ու լսած, երգած պատմությունը չի դադարում մարդու սրտի հետ խոսել, ազնվացնել, գեղեցկացնել, կյանքը սիրել տալ, մի բացատրությամբՙ բեմում դիրիժոր Էդվարդ Թոփչյանն էր, Հասմիկ Պապյանը (Տոսկա), Հովհաննես Այվազյանը (Մարիո Կավարադոսի), Ամառտուվշին Էնխբաթը (Բարոն Սկարպիա), Հրանտ Պապյանը (Չեզարե Անջելոտի), Սարգիս Բաժբեուկ- Մելիքյանը, Պերճ Քարազյանը, Հովհաննես Ներսիսյանը, Պողոս Բեազբեկյանը, Լեւոն Հայրապետյանը: Ու մինչ կուլիսներում զրուցակից գտնելս, ականջս որսացՙ «Հասմիկ Պապյանը որտեղ էլ լինի, հաջողությունը վազեվազ կգա»... Ահա եւ զրույցիս առանցքը:

Էդուարդ Թոփչյան. - Մենք 2013-ի հուլիսի 25-ին Հասմիկ Պապյանի հետ Վերդիի եւ Վագների 200-ամյակին նվիրված համերգ ունեինք («Ազգը» ժամանակին անդրադարձել է- Ան.Հ.) ու այդ օրը որոշեցինք «Տոսկա» անել: Մի քանի պատճառ կարՙ առաջիններից մեկըՙ մոտ 50 տարի Հայաստանում չէր հնչել, այն ժամանակ էլ որ եղել էր, ոչ ոք չի հիշումՙ ինչ էր եղել, Տոսկան սոպրանոյի այնպիսի մի հսկայական պարտիա է, որ Հասմիկ Պապյան պիտի ունենաս, որ այն հնչեցնես: Երկուսս էլ շատ ուրախացանք, որ «Տոսկա» պիտի անենք, դե Հասմիկի ծանր գրաֆիկի մեջ դեռ փետրվարին անցքը գտանք, շատ մեծ հաջողություն ունեցավ, զանգահարեցի խնդրեցի, որ համերգաշրջանի փակումն, անցյալ տարվա նման այս տարի էլ իր հետ անենք: Հասմիկի հետ համերգ անելը ամեն մեկ երաժշտի համար հսկա երջանկություն է, ինձ համարՙ մանավանդ, եւ շատ ուրախ եմ, որ «Տոսկայով» փակում ենք այս համերգաշրջանը: Հասմիկի մասին ես չէ, աշխարհն արդեն ասել է: Ինքը մեծ երաժիշտ է, մեծ արտիստ է, քայլող արվեստ է, սկսած իր կերպարից:Կյանքում վերին աստիճանի կիրթ ու արիստոկրատ մարդ է: Հազարավոր մեծ երգչուհիներ կտեսնեք, որ հնարավոր է այդ կարգի նկարագիր չունենան, հազարավոր չասենք, քանի որ հազարավոր մեծ երգչուհիներ չկան, բայց տասնյակները կան պատմության մեջ:

- Դուք անշուշտ միայն հայ նկատի չունեք:

- Երբ Հասմիկի մասին եմ խոսում, հպարտանում եմ, որ հայ է, ես նրան ընդհանրապես հայկական իրականության մեջ չեմ համեմատում, հայկական իրականությունը Հասմիկ Պապյան չի ունեցել, ունեցել ենք էլի մեծ երգչուհիներ, որոնք Հայաստանի հետ այդքան կապված չեն եղել, մենք նրանց այդքան լավ չգիտենք: Լուսին Ամարային Կարայանի ձայնագրության մեջ եմ տեսել, գիտեմ, որ մեծ հաջողություններ է ունեցել, բայց... այսօր ունենք Հասմիկ Պապյան, այդպիսի մեծություն, վստահ եմ, չենք ունեցել, միգուցե ընդհանրապես երգչական արվեստում:

- Մաեստրո, շատ անձնական չդարձնեմ, բայց ինձ միշտ հետաքրքրում են նաեւ մարդկային հարաբերությունները: Երբ մի արվեստագետը մյուսի հետ բարեկամություն է անում կամ քույր-եղբայրություն, ինչպես Դուք էիք նշել մի առիթով:

- Այո, այդ գաղափարից ամեն անգամ հուզվում եմ: Քույր-եղբոր հարաբերություն կա մեզ մոտ եւ դրա հետ մեկտեղՙ հսկայական հարգանք իր հանդեպ:

- Դրա կամուրջը մաքուր արվեստի հանդեպ Ձեր հայա՞ցքն է:

- Բնականաբար արվեստից է սկսվել: Հետո նաեւ փոքր ժամանակվանիցՙ տեսնում էի, որ Հասմիկ Պապյանն արդեն հայտնի երգչուհի էր, իսկ ես դեռ երեխա էի, չնայած հիմա մեր տարիքային տարբերությունն այդքան մեծ չէ, բայց այն ժամանակ ինքը շատ երիտասարդ արդեն մեր ամենապրիմա անունն էր, հետո երբ ինքը շատ արագ Եվրոպայում ու աշխարհում շատ մեծ հաջողության հասավ, ինձ համար բոլորովին զարմանալի չէր, որովհետեւ զարմանալի կլիներ, որ այդ տվյալներով այդպիսի երաժիշտը, այդպիսի արտաքինով, այդպիսի խելքով, չհասներ այդպիսի հաջողության:

- Մաեստրո, եթե խելքն եք մատնանշում, ապա կարո՞ղ եք պատկերացնել, որ ասենք Հասմիկ Պապյանին քաղաքական որոշումներ կայացնելու առիթ են տալիս, համաձայն կլինեի՞ք դրան:

- «Քաղաքական» ասելով ի՞նչ նկատի ունեք: Արվեստի քաղաքականությա՞ն:

- Նաեւ:

- Չեմ կարծում, թե քաղաքականության պես կեղտոտ բանը Հասմիկի տեղն է: Բայց իհարկե արվեստի քաղաքականության մեջ, նամանավանդ այսօր, կարծում եմ, որ պիտի օգտվեինք Հասմիկի նման մեծությունից եւ բարձրացնեինք մեր օպերային արվեստը Հայաստանում: Նա հիանալի հայ է, շատ կապված այս երկրին, շատ ցավող այս երկրի համար: Ինքն ամեն ինչ ունի եւ ամեն ինչ գիտի: Մի կողմիցՙ կարծես այսօր ավերված է օպերային արվեստը, մյուս կողմիցՙ ամեն ինչ ունենք, որ դա այդպես չլինի,իսկ դրա կողքին էլ մի Հասմիկ Պապյան ունենք, որ այսօր կարող է միայն իր ներկայությամբ, իր աուրայով, իր խորհուրդներով ու գիտելիքներով այդ ամենը հասցնել համաշխարհային մակարդակի, բայց մենք այն տարօրինակ ժողովուրդն ենք, որ չենք օգտվում այդպիսի բաներից: Սիրում ենք ինչ-որ դատարկ բաներից խոսել, ինչ-որ մարդկանց վերագրել թե իբր հայ են, երբ ամենեւին էլ հայ չեն: Հասմիկին հայ ժողովուրդը պաշտում է, դա ակնհայտ է եւ դա հիանալի է: Համագործակցում ենք, երաժշտությամբ ենք զբաղվում, սա էլ է հիանալի, մյուս կողմից էլՙ կարող ենք օգտվել նրա փորձառությունից, սա դեռ չենք անում:

Սոնա Հովհաննիսյան. - Հասմիկի հավաքվածությունը, ամբողջականությունը, ճաշակը, հմայքը բեմի վրա... այս բոլորը շատ բարձր եմ գնահատում:

Արամ Աբրահամյան. - Ցավում եմ, որ Հասմիկը հազվադեպ է այստեղ գալիս: Կարծում եմՙ հիմա պիտի ստեղծել այդ հնարավորությունը: Կա երգիչ-երգչուհի, կա դաշնակահար եւ կա երաժիշտ. այնպիսի մակարդակի երաժիշտ, ինչպիսին Հասմիկ Պապյանն է, մեզ մոտ քիչ են: Կարծում եմ ավելի հաճախ պետք է իրեն լսել այստեղ եւ ավելի մեծ տեղ տալ:

- Ի՞նչ է նշանակում «ավելի մեծ տեղ տալ»:

- Ինչո՞ւ օրինակ նա մեր օպերայում չի երգում մի ամբողջ դերով:

- Այդ հարցն ուղղենք օպերային թատրոնի ղեկավարությանը:

Գերմանիա, Քյոլն

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ