RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 19-09-2014



ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆ

Տեղադրվել է` 2014-09-18 22:26:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1249, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԳՈՒՅՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Վերաիմաստավորում

Արվեստի հետ ներքին զրույցը, զգացական հաղորդակցումը անհայտ ուժի ձգողականության օրենքին է ենթակա: Ժամանակը դրա մեջ չնախատեսված, բայց ռեալ գործոն է, քանի որ ժամանակը հաճախ է վերանայման մղում կարծիքներ ու վերաբերմունքներ, եւ սա` անհատական ընկալման մակարդակներում նաեւ: Այս անդրադարձը կայացած ցուցահանդեսի, նկարչի հետ հանդիպման կամ նոր տպագրված կատալոգի առիթով չէ, այսինքն` արվեստի գործի անմիջական տպավորության, ավելի շուտ ժամանակի ու նկարի հարաբերության ու դրանից ծնված զգացողություն է: (Մեկ շաբաթից` սեպտեմբերի 26-ին լրանում է Արամ Իսաբեկյանի ծննդյան 62-րդ տարին, նույն օրը գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի` նրա պաշտոնավարության 20 ամյակն է, ուստի առիթը ավելի քան խոսուն է:)

Գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում 2011-ի աշնանը բացված Արամ Իսաբեկյանի «Իմ այգին» նկարաշարի հանդեպ հետաքրքրությունը ավելի ընդլայնվում, արձագանքները շարունակվում են հիմա էլ` արվեստասերների, կոլեկցիոներների, գալերիստների միջավայրում: Գաղտնիքը` նկարների ու նրանց ստեղծողի միջեւ ներքին մտերմության ու ջերմության այն կապն է, որ անթաքույց արտահայտված է վրձնահարվածի յուրաքանչյուր շարժման, գույնի տարածվող ամեն նրբերանգում. - թերեւս այն հիմնականը, որով այս նկարաշարը տարբերվում է արվեստագետի նախընթաց շրջանի մնացած գործերից:

Առհասարակ Արամ Իսաբեկյանի նկարչությանը բնորոշ է ներքին կենտրոնացումը` ավելի ստատիկ վիճակների, մտածողական ենթատեքստային շերտերի առկայությունը. նվազ հուզական տրամադրությունները գեղարվեստական պատկերին հաղորդում են որոշակիություն, կերպարին` հաստատակամություն-վճռականություն, որն առավել ցայտուն արտահայտված է դիմանկարի (ինքնադիմանկարի) եւ նատյուրմորտի ժանրերում, որտեղ արվեստի կատարելության սահմանները հիշեցնում են գեղանկարչության դասական մոտեցումների ու չափանիշների մասին, եւ որտեղ տեխնիկական վարպետ կատարմանը զուգահեռ առկա են նկարչի վերաբերմունքն ու տրամադրությունը` որքան էլ` ետնաբեմում, սակայն հայտնաբերում ես դա ինքդ քեզ համար, երբ նկարների հետ զրույցը ավելի տեւական է դառնում: Սա է հենց ժամանակի`անհատի ու ստեղծագործության միջեւ լուրջ գործոն լինելու հանգամանքը, այսինքն`մտածողության մեջ, ներսում ընթացքող «գործողությունների» հետեւանքը: (Այդպես են, թերեւս, ժամանակային տարածության մեջ արվեստի գործերի ճակատագրերը որոշվում, եւ ժամանակը այն հնարավորությունն է փաստորեն, որն ամեն անգամ նորովի հայտնաբերել կարող է տալ ստեղծագործության մեջ թաքնված արժեքները):

Դիմանկարի ժանրում Արամ Իսաբեկյանի կերպարների ամբողջականությունը ապահովվում է նրանցից յուրաքանչյուրին բնորոշ անհատական խառնվածքի շեշտադրությամբ, արտաքին ֆիզիկական նմանությունը կերպարի մեկ կողմն է միայն, բացահայտ է նկարչի` անձի (բնորդի) ամենահատկանշական գիծը տեսնելու տաղանդը, ներկայացնելու` ոչ թե, կամ ոչ միայն տվյալ պահի հոգեվիճակը, այլեւ նրա մարդկային բնույթի, բնավորության այն առանձնահատուկը, այն հիմնականը, որով նա տարբերվում է մյուսներից, ինչը եւ նկարներում արտահայտված է շատ որոշակի, հստակ` վստահ, շեշտակի վրձնահարվածների միջոցով: Իսաբեկյանի պորտրետները աչքի են ընկնում ընդգծված խարակտերայնությամբ, կայուն խառնվածքով, նպատակայնությամբ, անհատական ձեռագրի անշփոթելիությամբ: Բավական է հիշել դրանցից մի քանիսը, ինչպես`«Հորս դիմանկարը», «Վերածնունդ», «Նվիրում», «Մհերը», «Աննան կանաչ ֆոնի վրա», «Փարավոն Միրզոյանի դիմանկարը», «Բանաստեղծ Արմեն Շեկոյան», եւ այլն: Բոլոր այս գործերում հայացքի խորքը նկարչության լեզվով կարդալու կարողությունն ու դրա վերարտահայտման վարպետությունը նրանցից մի մասին քանդակի տպավորություն է հաղորդում: Ասվածը վերաբերում է մասնավորապես Էդվարդ Իսաբեկյանի դիմանկարին. կերպարի ներքին խոհականությունը, մտասույզ-մտահոգ վիճակները, ճերմակ մազերի, ծանրացած կոպերի, կիսախուփ, կիսախոնարհած հայացքում ապրված կյանքն ու դրա վերաիմաստավորումը`ոչ այն է ներսում կուտակված տխրություն է, ոչ այն է դառնություն, ափսոսանք կամ կարոտ. այս ամենը, անցյալը այսինքն`որքան բարդ, բազմաշերտ ու հարուստ, միաժամանակ` ընթեռնելի, խտացված է նրա ողջ կեցվածքում, հայացքն իր վրա բեւեռող կիսափակ ձեռքերի` միմյանց ագուցված տպավորիչ դիրքի մեջ:

Դիմանկարների շարքում բացառիկ իրագործում է «Վերածնունդ» կտավը, իրապես վերածնունդ` նոր բացվող աշխարհ ներքնապես կենտրոնացած երիտասարդ կյանքի, որտեղ կատարելության մղումը հասնում է գույնի ազատագրման, գծի թարմության, հորիզոնի անսահմանության:

Որոշակի թատերայնություն կա իրերի պատկերավորման ձեւերում` ոչ այնքան հաճախակի օգտագործվող դիմակների, թատերական դիմահարդարման այս կամ այն առարկայի, ժանյակավոր կամ փետրավոր գլխարկների, կեղծամների, մուգ ծալքերով վարագույրների, պատվանդանների ներկայությամբ պայմանավորված, որքան նատյուրմորտների` հանդիսավոր, ինչ-որ տեղ ծիսական մթնոլորտի առկայությամբ: Իրերի` միմյանց հանդեպ «ունեցած հարաբերությունները», դրանց շատ հղկված նրբին ձեւերը, կեցվածքը, գունային միջավայրն անգամ փակ, խորհրդավոր, զգացողություններ են առաջացնում («Վենետիկյան դիմակներ» շարքը): Քսվածքի հարթ - ողորկ մակերեսները կատարման տեսակետից են միայն այդպիսին թվում, դրանց իմաստային խորքը տարբեր տրամադրություններ ու մտքեր է «շոշափել» տալիս, ինչը հատուկ է թատերային-դիմակային բոլոր վիճակներին` լինեն դրանք բեմին, թե կտավին:

Կոմպոզիցիոն աշխատանքներն ունեն ներքին ընդհանուր կապ ու անցյալ` ժամանակի ավելի լայն կտրվածքով, պատմություններ, որ երբեմն նկարից նկար փոխանցվող սյուժետային զարգացումներ են կարծես ունենում: Դրանց մի մասում օգտագործված նշանները պարզ դեկորներ չեն, այլ իմաստակիր միավորներ, սիմվոլներ, ենթիմաստային բանալիներ: Միեւնույն պերսոնաժի` տարբեր իրադրությունների, հոգեվիճակների մի քանի տարբերակով ներկայացված լինելը երբեմն ինտրիգային զգացողություն է առաջացնում. նկարից նկար շրջող երկու մերկ կանայք, պառկած կինն ու ասպետը, կնոջ գլխավերի թռչունը տարաշխարհիկ հարաբերություններ, գաղտնիքներ են առաջադրում- (այդպես է թվում համենայն դեպս):

Կտավները գույնի` մտորումների մղող թանձր տոների մեջ են: Այս ընդհանուր մթնոլորտը, իրերի աշխարհի այս լուռ խտացումները Իսաբեկյանի արվեստը ինտուիտիվ-զգացականից հեռացնում, ինտելեկտուալ-մտածողական հարթություն են տեղափոխում: Գեղարվեստական այսպիսի մտածողությունը, ընտրված թեմատիկան, մաներան ու ոճը, գծի, պատկերի կանոնիկությունն ու խստությունը, գունային, այսպես ասած, փակ տարածքները թույլ են տալիս քաղաքային կյանքի նկարիչ համարել նրան, եթե նկարչի վրձինը վերջին շրջանում չփոխեր ոչ միայն գունային եւ թեմատիկ ամպլուան, այլեւ գեղարվեստական մտածողությունը: Ըստ ամենայնի, արվեստագետը ստեղծագործական այդ շրջանում վերափոխել է կյանքին նայելու կերպը, ապրելաձեւը, որն էլ ծնունդ է տվել «Իմ այգին» հրաշալի նկարաշարի: Առհասարակ Արամ Իսաբեկյանի նկարչական որոնումների շրջագիծը` թեմատիկ, ոճական, նաեւ ժանրային առումներով բավական լայն է: Նա ստեղծագործում է բոլոր ժանրերում` դիմանկար, նատյուրմորտ, պեյզաժ, գրաֆիկա, գծանկար, էտյուդ, կոմպոզիցիա, դասական ձեւերից մինչեւ մոդեռն-ավանգարդիստական տարրերի կիրառումով (վերջիններսՙ ավելի հազվադեպ եւ դեկորային):

«Իմ այգին» շարքը Աշտարակի իր առանձնատան եւ այգու` ամեն բացվող ու փակվող օրվա մեջ ապրվող բնության եւ մարդու փոխըմբռնման, միմյանց հավատալու ու միմյանցով ապրելու զգացական կապի նկարչական արտահայտությունն է: Այստեղ ամեն ինչ թելադրում է լույսը, որովհետեւ գույնը ծնվում է լույսից: Կյանքի այս նոր իմաստավորման գլխավոր նշանը գույնի մեկնաբանությունն է` էապես տարբերվող նախկինում իշխող մուգ տոնայնություններից: Այս բոլոր ծաղիկները, թփերն ու բույսերը այլեւս կյանքի անբաժանելի մասն են, այգին դառնում է կենսական տարածք, որը ոչ միայն ստեղծագործական լիցքակիր, նաեւ հոգեկան անդորրություն պարգեւող վայր է, նկարչի ու բնության կապը միստիկական բնույթ է կրում, բացվող ծաղկի ամեն թերթիկի, ամեն նոր կանաչի հետ նոր հույս է արթնանում, ամեն նոր ծիլ նոր խորհուրդ է բերում, բույսի ամեն աճ հրաշքի պես է: Այգին հրճվանք է ծնում, ներսի երփնապնակին նոր գույն հաղորդող վարդի թփերի, յասամանի փթթող գեղեցկությունը անդրադարձվում է, երկրորդ կյանք ապրում կտավներում: Սա նկարչի տուրքն է բնությանը, ապրած օրերին տարբեր իմաստ հաղորդած այդ իրականության գեղարվեստական արձագանքը. այն բնական է, անմիջական, շարունակելի, փոփոխվող ու խորհրդավոր: Աշտարակի իր տունը շարքի երկու կտավներում ոչ թե առանձնանում կամ զատվում է, ընդհակառակը` ամբողջացնում, խտացնում է տպավորությունը: Տունը մետաֆոր է` հայրենիքի, հողի, ամրության, այն կրողն է անցյալի թանկ հիշողությունների, կյանքի լույսի ու ստվերների: Ուշ աշնանային պեյզաժի ֆոնին տան դիմահայաց պատի լուսավոր, անխառն դեղինը արտակարգ համադրություն է կազմում ծառերի չորուկ ճյուղերի նրբության հետ եւ նույն գեղեցկությունը` գարնան փարթամ կանաչի հետ: Կյանքը ներդաշնակ հասունացման մեջ է` բնականոն ու ճշմարիտ: Բնանկարի պարզ թվացող արտաքին շերտի տակ նկարիչը աչքի համար անտեսանելի, ներքին շերտերում է թաքցրել հիմնական ասելիքը, մարդու կյանքի իմաստի, նրա սպասումների առավել հասունացած, փորձառությամբ ապրվածը, որը ծնում է նոր հայացք ու վերաբերմունք. բացվում է նոր օրը, անցորդը բարեւում է քեզ, ինչ-որ մեկը մի բան է խնդրում, մեկին օգնում, մի լավ բան ես անում, մի տեղ տարակուսում, մի տեղ տրտմում ես, ձեռքդ չի շոշափում որոնածդ, բայց կա լույսը, կա պատուհանի ապակուն հպվող տերեւը, որն ապրում է, շարժվում, խոսում հետդ, կա այգին` ամառվա տաքության մեջ ծաղկած, աշնանային գեղեցկությամբ նվաղուն, փույթ չէ թե ավելի ուշ մերկացած կամ ճերմակած, միեւնույն է ` նա գեղեցիկ է ... ու դա կյանքն է:

Այս շարքը պահի տրամադրությունների արձագանք չէ, սա հայեցում է, կենսափիլիսոփայություն, վերաբերմունք է կյանքի հանդեպ, նոր իմաստավորում, բնության ձայները տարբերակելու, նրա ռիթմը որսալու, նրա սկիզբն ու ընթացքը ճանաչելու, նրանից դասեր առնելու փորձ` ոչ միայն իբրեւ գեղարվեստական մտածողություն, այլեւ իբրեւ հոգեվիճակ ու ապրելու կամք:

Այգին խորհրդանշում է կյանքի շարժումը, բնության ձայնը մարդուն ուղղված, նրա շարունակականության ու ժամանակի պտույտի խորհուրդը: Նկարաշարը հեղինակի դրսի ու ներսի ապրումների, դրանց հակադրություն-համադրությունների բյուրեղացված վիճակներն են, որտեղ գլխավոր խորհրդատուն լույսն է`շռայլ ու հաղորդական: Շարքի յուրաքանչյուր նկար այդպիսին է` լավատեսությամբ ստեղծված, երանգների հարուստ փոփոխություններով, նուրբ անցումներով, օրվա տարբեր պահերի` վաղ առավոտի, միջօրեի, երեկոյացող ստվերների տրամադրությունները շոշափող, երանգների խաղը զգացող, ցանկալի, դրախտային - բաց մթնոլորտ ստեղծելու նախամտադրությամբ,- որովհետեւ այդպիսին նա ուզում է տեսնել կյանքը... Բնության այս կտորը` նկարչի հոգուն հարազատ այս անկյունը կյանքն արարելու անդադար պրոցեսում է, կտավները դրա հաշված պահերի արձագանքներն են, իսկ որքա՜ն այդպիսիք դեռ կլինեն նկարչի մտապատկերում, գույնի լեզվով մարմնավորվելու որքա՜ն սպասում` ամեն բացվող օրվա ձայնին, խորհրդին անսացող:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 19-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ