RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-09-2014



Տեղադրվել է` 2014-09-25 20:57:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1218, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՆՎԻՐՅԱԼԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Շահեն Խաչատրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ

«Տասնամյակների ընթացքում հաճախ լինելով Սարյանի տանը` ես ականատեսն եմ եղել այն վիթխարի աշխատանքին, որ կատարում էր նկարչին մոլեռանդորեն նվիրված Շահեն Խաչատրյանը: Մենք ընկերներով իրար ասում էինք` ինքը Սարյանի վերջին բախտն է: Ասվածի հաստատումն է նրա հավաքած ու այստեղ ներկայացված սարյանական գլուխգործոցները»:

ԷԴՈՒԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ


Գեղանկարչության ասպարեզում Շահեն Խաչատրյանի գործունեության ծավալները հավասարը չունեն, եւ նվիրումը աներկբայորեն եզակի է: Այսօրինակ նվիրումը բարեբախտություն է հայ կերպարվեստի համար. հարկավոր է ընդամենը հայացք նետել այդ կյանքի անցյալին ու ներկային, թերթել այդ էջերը, թեկուզ միայն թվարկել այն աշխատանքները, որ նրա մտքի, լարված ջանքերի, սրտի անհանգիստ տրոփի արդյունք են: Ազնվասիրտ ու անդադրում այս հայորդին աշխարհ եկել է հոգու իր իղձն իրականացնելու. իր սիրո օբյեկտը նկարչությունն է, ընտանիք, մտերմություն, բարեկամություն` այս բաները նկարիչների, նկարների մեջ է նա գտել, օրն իր համար գույնի մեջ է իմաստավոր, դրանից դուրս կյանքը անգո է: Նա հայտնվում է ամենակարեւոր տեղերում, գործում է անխոնջ ու զարմանալին` հաջողում է աննկատ մնալ` մեղմ, հանդարտաբարո իր անձը պահելով գործի թիկունքում.- գիտի թերեւս Ֆլոբերի գրածը Ժորժ Սանդին`«Մարդը ոչինչ է, գործը` ամեն ինչ»: Այսպիսի մարդիկ հայտնվում են ուշ-ուշ, հայտնվում են հատուկ առաքելությամբ ու դառնում ճակատագիր, դառնում հոգեւոր լինելություն:

Մարտիրոս Սարյանը նրան թանգարանի զինվոր կոչեց` արվեստի նվիրյալ, որ ապրում է բացառապես այդ գիտակցությամբ, զինվորի պատասխանատվության, կամքի, ինքնամոռացության շնորհներով: Արվեստաբան, նկարահավաք, հրատարակիչ, ցուցահանդեսների կազմակերպիչ, փորձագետ - կերպարվեստին հավատարմորեն ծառայող խոնարհ մշակ, որ չնայած ժամանակի կամայականություններին` իրականության բերած մռայլ ստվերներին, կարողացավ անբասիր պահել այն իդեալները, այն գաղափարները, որ փայփայում էր դեռ վաղ տարիներից:

Ի՞նչ է ուզում անհանգիստ այս հոգին- Ոչի՛նչ: Նա միայն տալիս է, իր ժամանակի ուղեւորն է նա` լույսը ձեռքին, որ ճանապարհի իր հետքն օր-օրի խորացնում, ամեն նոր գործով մեր մշակույթի շերտերին նոր գույն է ավելացնում: Նա կյանքը հարստացնողների սակավաթիվ խմբից է: Այստեղ է, որ մեզ պետք է խոհեմության կոչենք ու մտածենք պարտքի մեր բաժնի մասին` երախտագիտության, հարգանքի, գնահատման:

- Շահեն, հավատո՞ւմ եք` որ 80 տարեկան եք,- ակամայից եմ հարցնում, որովհետեւ նայում եմ իրեն ու չեմ հավատում:

- Նկատի առնելով, որ մասնակցում եմ ցուցահանդեսներին, էքսպոզիցիաների պատրաստմանը, աշխատում եմ այնպես, ինչպես երիտասարդ ժամանակ ու մտքովս չի անցնում, որ 80 տարեկան եմ: Մտքովս չի անցնում...

1946-ին ընտանիքով տեղափոխվեցին Հայաստան, հայրը` ծնունդով էրզրումցի, ջարդերից փրկված վարպետ Գեւորգը դառնալով զավակներին ասաց` «Ահա մեր հայրենի հողը, որին պիտի նվիրեք ձեր կյանքը». այս խոսքերը պատանու հոգում պատգամի պես հնչեցին:

Բուռն գործունեությամբ հագեցած ճանապարհ վիճակվեց նրան, որն ամբողջությամբ ծառայություն էր հայ մշակույթին: Ու հիմա էլ` իր 80- ամյա հասակում նույն նվիրումով աշխատում է: Երբ հանդիպեցինք, նոր էր վերադարձել Շուշիից, արվեստի մասին դասախոսություններով հանդես էր եկել Շուշիի պատկերասրահում, մասնակցել առաջին ցուցադրությանը, նկարներ նվիրել:

Երբեմն ինձ թվում է`չկա մի հայ Հայաստանում կամ սփյուռքում, որ ծանոթ չլինի Շահեն Խաչատրյանի գործունեությանը, չճանաչի նրան. այսքա~ն ջանք ու եռանդ, թիկունքում այնքան գործ ունի արված, որ զարմացած ես մնում` երբ է հասցնում:

Նկարչության հանդեպ սեր դպրոցական տարիներից, դեռեւս Հալեպում սովորելիս, ուներ, բայց Հայաստան գալու սկզբնական շրջանում կյանքը ուրիշ հուն մտավ, թվում էր` մոռացվեցին հին սերերը` նկարչություն, երգեցողություն, երբ մի օր պատահաբար «Օգոնյոկ» ամսագրում տեսավ Այվազովսկու նկարներից մեկը, ու ամեն ինչ ետ եկավ: Դարձավ Պետական պատկերասրահի մշտական այցելու: Կյանքն արդեն նախասահմանել էր անցնելիք ճանապարհը. աշխատանքի անցավ պատկերասրահում, քիչ անց սովորելու մեկնեց Լենինգրադ, Գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանության բաժնի 6 -ամյա կուրսը 4 տարում ավարտեց:

«1967 թվականին Բուդապեշտում կազմակերպվեց Սարյանի ցուցահանդեսը, նույն թանգարանում ներկայացվեցին նաեւ Պիկասոյի գործերը: Այնտեղից նամակներ էի գրում Սարյանին` թե ինչպես է ցուցահանդեսը ընթանում, ինչ վերաբերմունք, ինչպիսի կարծիքներ կան: Վերադարձիս արդեն Վարպետի թանգարանի շինարարությունն ավարտվել էր եւ հիմնադիր- տնօրեն էին փնտրում: «Ո՞վ էր ինձ նամակներ գրում Բուդապեշտից»,- մի օր հարցնում է Սարյանը: Ասում են` «Ինչպե՞ս կլինի, նա հայրենադարձ է, կուսակցական չէ»: Սարյանը սակայն որոշումն արդեն մտքում կայացրել էր` «Կանչեք, թող գա ինձ մոտ»:

Հանդիպումը կայացավ. այդ օրվանից սկիզբ դրվեց Վարպետի հետ բարեկամության:

Սարյան թանգարանում Շահեն Խաչատրյանը աշխատեց (հիմնադիր- տնօրենն է եղել) շուրջ 40 տարի` 1967-ից մինչեւ 2005 թվականը. այստեղ ապրեց կյանքի ամանաթանկ պահերը, անցավ ամենաբեղուն շրջանը: Գլխավոր նպատակն էր գտնել, հավաքել Վարպետի կարեւորագույն նկարները` հատկապես վաղ շրջանի գործերը, կազմակերպել այնպիսի ցուցահանդեսներ, որոնք նպաստեն Սարյանի միջազգային ճանաչմանը: Հայաստանից, սովետական տարբեր քաղաքներից, արտերկրից նա կարողանում է թանգարան բերել 75 նկար: Վարպետի մասին առաջին ուսումնասիրությունը գրեց ծննդյան 90-ամյակի առիթով, որին հետեւեցին պատկերագրքերի ու կատալոգների շարքեր` տպագրված Լենինգրադում, Մոսկվայում, Մոնրեալում,Կահիրեում, Փարիզում եւ այլուր: Կազմակերպեց մի քանի տասյակ ցուցահանդեսներ աշխարհի տարբեր քաղաքներում, որոնցից Ֆրանսիայում կայացած երեքը` 1980-ին, Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում, Սարյանի 100-ամյակին նվիրված, 1984թ.-ին, Փարիզի ազատագրման 40 ամյակին նվիրված «Սարյանի 40 ծաղիկները», նկարչի արվեստի միջազգայնացման գործընթացում կարեւոր նշանակություն ունեցան: Եւ երրորդը` 2001-ին Անտիբի Պիկասոյի թանգարանում բացված ցուցադրությունն էր, որին ներկաՙ Փարիզից հատուկ եկած արվեստի 18 հայտնի տեսաբանների, արվեստի գործիչների արժեքավոր կարծիքները Սարյանի նկարչության միջազգային գնահատության սկիզբը դրին: Տարօրինակ է, իհարկե, որ «Սարյանը եւ Փարիզը» հայերեն հրատարակված գրքում Շահեն Խաչատրյանի կազմակերպած վերոհիշյալ երեք ցուցահանդեսների եւ ալբոմների առաջաբանների մասին որեւէ հիշատակում չկա:

Կյանքի գործի հաջորդ կարեւոր հանգրվանը Հովհաննես Այվազովսկին էր. պատահական չէր նրա նվիրումը հայ հանճարեղ ծովանկարչին: Հետազոտական հանգամանալի աշխատանքը, խորքային ուսումնասիրությունները բացահայտեցին Այվազովսկու ազգային արմատներին վերաբերող անհայտ փաստեր` հաստատելով նրա հայկական ծագման իսկությունը. բոլոր այդ հրատարակություններում հատկապես շեշտված է նկարչի սերտ կապը ազգային մշակույթին:

Շ. Խաչատրյանի ջանքերի շնորհիվ Այվազովսկուն հնարավոր եղավ ներկայացնել պատկերասրահի հայկական բաժնում. մինչ այդ նկարչի վրձնին պատկանող հայկական թեմայով նկարները հայտնի չէին: Առաջին կտավը` «Նոյը իջնում է Արարատից» հայտնաբերեց Ազգային գրադարանում : Այդ նկարը Մարտիրոս Սարյանը 1921-ին Նոր Նախիջեւանի դպրոցից էր բերել եւ հանձնել պատկերասրահին: 1930-ականներին, երբ երկրում մոլեգնում էին կրոնական հալածանքներն ու կույր ատելությունը, նկարը պատկերասրահից արտաքսվել էր: Մեծ դժվարությամբ Թիֆլիսից նրան հաջողվեց բերել «Բայրոնի այցը Սբ Ղազար կղզի» կտավը, իսկ Ուլյանովսկից կարողացավ բերել «Մխիթարյան հայրերը Սբ Ղազար կղզում» նշանավոր նկարը: Հայտնաբերեց շուրջ հարյուր տարի կորած համարվող, պատմական նշանակությամբ` 1894-96 թվականների համիդյան հայկական կոտորածների թեմայով Այվազովսկու չորս նկարներից երեքը` Բեյրութում, Մոսկվայում, Մինսկում: Այդպես` Այվազովսկու 12 նկար նա կարողացավ վերադարձնել մեր պատկերասրահին:

Նրա կյանքի ուղեկիցը եղան շատ հայ նկարիչներ, այնուամենայնիվ նկարչական ինքնատիպությամբ, գեղարվեստական մտածողությամբ ու գույնի խորքով Սարյանից ու Այվազովսկուց հետո, նրան առավել հոգեհարազատ եղավ Արշիլ Գորկին, ապա Մինաս Ավետիսյանը եւ Հակոբ Հակոբյանը, որոնք իր կազմակերպած ցուցահանդեսներով միջազգային գնահատման արժանացան:

Շահեն Խաչատրյանի ողջ գործունեությունը, մշակութային, արվեստաբանական ծավալուն աշխատանքը` հարյուրից ավելի ցուցահանդեսների կազմակերպումը Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Իտալիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Հունգարիայում..., տասնյակ ալբոմների ու գրքերի հրատարակությունը («19-20-րդ դարերի հայ նկարիչներ», «Ֆրանսահայ կերպարվեստ», «Քրիստոնյա Հայաստան-1700» (Մայր թանգարանների նվիրատուները), «Ցավի գույնը» (Եղեռնի անդրադարձը հայ կերպարվեստում), հայ նկարիչներին նվիրված հինգ հատորյակը Կանադայում տպագրված, «Ճանաչիր եւ սիրիր» մատենաշարը), նկարահավաքչական գործը` 400-ից ավելի նկարների` հայրենիք վերադարձնելը, Հայաստանի թանգարանները (Ազգային պատկերասրահ, Սարյանի, Ժամանակակից արվեստի, Ժողովրդական արվեստի, Էջմիածնի Մայր տաճարի, Շուշիի) հարստացնելու, նաեւ իր կողմից նկարներ նվիրաբերելու անձնուրաց ջանքերը, Հայաստանի մի շարք քաղաքներում (Եղեգնաձոր, Սիսիան, Ալավերդի, Մարտունի, Լաչին) թանգարանների հիմնումը ազգային նվիրումի անուրանալի դրսեւորում է:

Բացառիկ է մի այլ ծառայություն եւս: Լինելով հեղինակավոր փորձագետ` նա հրավերներ է ստանում միջազգային նշանավոր (Լոնդոնի Sothebys, Փարիզի Christie՛s) աճուրդատներից` վաճառքի դրված հայ նկարիչների գործերի իսկությունը հաստատելու առաջարկով: Նշենք միայն Սարյանի` 1906թ. «Բանաստեղծը. Արագածի լանջերում» նկարը, որը բարձր գնահատում ստացավ Լոնդոնում:

Վեհափառ հայրապետի առաջարկով Շահեն Խաչատրյանը 2006-ից աշխատում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի «Խրիմյան» թանգարանում, իրագործում է նկարահավաքչական աշխատանքներ եւ ցուցահանդեսներ կազմակերպում: Արդեն հասցրել է 80 նկար հայթայթել, վերջին հինգը անձամբ է նվիրել: Թանգարան հարստացնելը իր հոգեկան բավարարումն է, իր ներքին պահանջը...

Վերջին տարիներին նրա ձեռնարկած «Ճանաչիր եւ սիրիր» մատենաշարը խորհրդանշական բնույթ է կրում: Խորքում այն պատգամ է` ուղղված մասնավորապես ուսանողությանը: Նպատակն է ճանաչել տալ վրձնի հայ վարպետներին, բացահայտել նրանց նկարչական լեզվի ինքնատիպությունը: Ճիշտ ժամանակին ձեռնարկված աշխատանք` արվեստի դասական արժեքների նահանջի այս օրերին: 20 պրակով նախատեսված մատենաշարի 8-րդը` նվիրված Վարդգես Սուրենյանցին, շուտով լույս կտեսնի:

Ճշմարիտ է` իրական գնահատման ու սիրո արմատը իմացականությունն է, ճանաչողությունը: Փորձեցի համառոտ եւ հնարավորինս ամբողջական ներկայացնել գործունեությունը մի հայորդու, որի համար, ինչպես Ժան-Լուի Անդրալն է գրել` «Արվեստը ոչ միայն կյանքի իմաստ է, այլեւ երջանկություն», եւ իր հոգու սերը` ծառայություն է հայրենի երկրին, հայրենի արվեստին:

Թանկ նվիրում: Միշտ սպասված, ապրեցնող ու գնահատելի ...

Նկար 1. Սարյան, հատընտիր, Ֆրանսիա, 2004

Նկար 2. Մարտիրոս Սարյանի հետ

Նկար 3. «Եղեռնի անդրադարձը հայ կերպարվեստում»

Նկար 4. Մարտիրոս Սարյան «Քայլող կինը» 1911

Նկար 5. Հ. Այվազովսկի. «Բայրոնի այցը Սբ Ղազար կղզի», 1899

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ