RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-09-2014



Տեղադրվել է` 2014-09-25 20:57:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 864, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԶՈՀԵՐ ԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Կիզակետում կանայք են

Բավական երկար ժամանակ է, ինչ արձակագիր, ռեժիսոր եւ պրոդյուսեր Պարետ Մարոնյանը իր բնատուր տաղանդը դրսեւորում է տարբեր բնագավառներում, այդ թվում նաեւ Ֆլորիդայի Հանրային հեռուստատեսությունում: Վերջերս, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, նա սկսել է զբաղվել վավերագրական ֆիլմերով, որոնք պատմում են Մեծ եղեռնի քիչ հայտնի եղելությունների մասին:

«Սկզբում 10-15 րոպեանոց ֆիլմեր նկարահանեցի հայկական թեմաներով եւ ցուցադրեցի համայնքային փոքրիկ հանդիպումների ժամանակ: Մարդիկ, մոտենալով ինձ, խնդրում էին ընդարձակել թեման, ավելի խորանալ դրանց մեջ: Վերջին հինգ տարիների ընթացքում դա եմ փորձում անել: Ամենահաջողվածը անցյալ տարի թողարկված «Ցեղասպանության որբերը» ֆիլմն է», պատմում է Մարոնյանը:

Բեյրութի Հայկազյան համալսարանը ավարտելուց եւ որոշ ժամանակ որպես ֆոտոլրագրող աշխատելուց հետո նա տեղափոխվում է Մ. Նահանգներ լիբանանյան քաղաքացիական պատերազմի օրերին: Դժվարությունները հաղթահարելով նա ընդունվում է Ֆլորիդայի "Broadcast Career" ինստիտուտը, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում PBS տեղական հեռասփռման կայանում: Այնտեղ աշխատում է 21 տարի եւ արժանանում չորս տեղական «Էմմի» մրցանակների: «Բախտավոր էի: Դրանք ինձ վստահություն ներշնչեցին», հիշում է նա:

Նրա խոսքերով «Ցեղասպանության որբերը» ֆիլմի վրա սկսել է աշխատել Անթուրայի (Լիբանան) հայկական որբանոցի մասին Ռոբերտ Ֆիսկի հոդվածը կարդալուց հետո: Ֆիլմը, որի վրա աշխատել է ավելի քան երեք տարի, ցուցադրվել է PBS-ի չորս տարբեր կայաններով, եւ աշխարհի տարբեր կինոփառատոների (Նյու Յորք, Տորոնտո, Կանն եւ Երեւան) ընթացքում: 2015-ին ցուցադրվելու է Ժնեւի միջազգային կինոփառատոնի օրերին:

Ներկայումս, Մարոնյանը ուշադրությունը բեւեռել է կանանց վրա, կանայք, որոնք Ցեղասպանության զոհ դարձան եւ կանայք, որոնք Ամերիկայից եւ Եվրոպայի տարբեր երկրներից օգնության ձեռք մեկնեցին փրկելու համար մազապուրծ վերապրողներին:

«1915-ի կանայք» (Women of 1915) ֆիլմը պատրաստ է լինելու առաջիկա տարվա աշնանը:

«Երկու տարբեր տեսակի կանանց (զոհերի եւ փրկարարների) միջեւ ստեղծված յուրահատուկ բարեկամության մասին է ֆիլմը: Բարեկամություն, որ փրկեց հազարավոր կյանքեր, պատմում է Մարոնյանըՙ ավելացնելով. իշխանությունները «հոգ էին տանում» տղամարդկանց, թողնելով երեխաներին եւ կանանց մարդասպանների եւ բախտի քմահաճույքին»:

Ֆիլմը, բացի Զաբել Եսայանին, Կարեն Յեփփեին եւ Կլարա Բարտոնին անդրադառնալուց, պատմելու է նաեւ իսլամացած հայ կանանց մասին:

«Այժմ, երբ Մոսուլի դեպքերի շուրջ տեսարաններ եմ դիտում, պատկերացնում եմ մեր հայ կանանց տառապանքները: Տարբերությունն այն է, որ մեր պարագայում կոտորածը ծրագրված եւ իրականացված էր կառավարության եւ ոչ թե մի ինչ-որ խմբավորման կողմից: Նպատակս է մարդկանց գիտակցության վրա ազդել եւ վերջ դնել նման արարքներին, որոնք այսօր էլ, 2014 թվին, կատարվում են մեր աչքերի առաջ», եզրափակում է Պարետ Մարոնյանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ