RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 03-10-2014



Տեղադրվել է` 2014-10-02 21:19:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1198, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՔԱՋԱԶԻ ՎՐՁԻՆԸ ԿՅԱՆՔ ԱՌԱՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու

Քաջազի արվեստը ջերմ է, գունառատ, յուրատիպ եւ ի վերջո խիստ հայկական: Ահա իմ տպավորությունները նրա գործերի մասին: Նրա բոլոր ժանրերի գործերում էլ` բնանկարներում, դիմանկարներում եւ նատյուրմորտներում թաքնված են հայն ու Հայաստանը: «Եթէ նոյնիսկ Նիւ Եորք նկարեմ, Երեւան կը ստացւի, եթէ ամերիկացի նկարեմ, հայ կը ստացւի...»,- մի առիթով ասել է Քաջազը:

Գեղանկարիչ եւ գրաֆիկ Քաջազը` Քաջազունի Քեչեճյանը, որն արդեն 10 տարի է մեզ հետ չէ, եզակի այն արվեստագետներից է, որի տաղանդը բացահայտվել է միայն հայրենիքում. կարծես հայրենի հողի առաքելությունն էր նրան մտքի թռիչք ու հոգու խոր ապրումներ տալը:

Ինքնուս նկարիչը ծնվել է 1924 թ. Բեյրութում, ապա 1947 թ. հայրենադարձվել Երեւան: Քաջազը սկսեց աշխատել Երեւանի տպարաններից մեկում` որպես լուսափորագրիչ: Մինչ այդ ծննդավայրում սկսել էր գործունեությունը գրականության ասպարեզում: Այստեղ տարիներ շարունակ նրա ձեռքի տակով են անցնում հայ գեղանկարիչների գործերի վերատպությունները: Հաճախ էլ գունավոր տպագրության համար նրա աշխատասենյակում էին հայտնվում կտավների բնօրինակները: Գուցե եւ պատճառներից մեկը սա եղավ, որ նրա մեջ արթնացավ թաքնված տաղանդը: 1958 թ. նկարեց առաջին անգամ եւ այլեւս վրձինը վայր չդրեց: Մեկ տարի անց ներկայացավ հանրությանը` Երեւանում, հետագայում նաեւ Լատվիայում, Լիբանանում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում:

Քաջազի նկարչական առաջին ստեղծագործություններին ծանոթացել է գեղանկարիչ Հարություն Կալենցը եւ գնահատել: Սակայն նրա տաղանդը բացահայտելուն եւ զարգացնելուն նպաստել է քանդակագործ Երվանդ Քոչարը, ով իր հուշերում գրում է. «Քաջազն իր աշխարհ գալուց ավելի առաջ է ծնվել եւ իր մեջ ամփոփել է հին հայկական արվեստի ոգին, հայ արվեստի հատկանիշները, նրա էական եւ անկրկնելի արժանիքները»: Եվ իրապես, Քաջազ նկարչի գործերն ակնհայտորեն հարուստ են ժողովրդական արվեստի տարրերով:

Քաջազի արվեստում իրար են ձուլված գույնը, ձեւը, բովանդակությունը, նաեւ ներդաշնակորեն այս ամենին են միացել նրա մտքերը, զգացմունքները եւ նկարչի ինքնավստահությունը: Այդ գործերում հաճախ կտեսնենք հայկական ձեռագործեր, գյուղական տարաբնույթ տեսարաններ («Օրօրոցի մոտ», «Փոքրիկ երաժիշտը», «Բուրդ մանող կինը», «Հովվերգություն» եւ այլն), նաեւ հայկական ճարտարապետական կոթողներ կամ դրանց որոշակի մանրամասները, հայ մեծերին` Կոմիտաս, Չարենց, Փափազյան...: Նրա ստեղծագործության ամենացայտուն առանձնահատկությունն այն է, որ կտավներն առաջին հայացքից խճանկարի տպավորություն են գործում: Քաջազը վրձնելու այնպիսի ոճ է կիրառել, որ քիչ ենք հանդիպում հայ արվեստում: Նկարիչի սիրած կարմիր, դեղին, կապույտ վառ գուներանգները, որոնք համեմված են սեւ կետագծերով, տուֆակերտ շարվածքի տպավորություն են ստեղծում: Դիտելով գեղանկարիչի գործերը, համոզվում ենք, որ այս ձեւամտածողությունը նրա ձեռագրին խորհրդավորություն է հաղորդում:

Քաջազի արվեստը ինչքան որ խորն է ու փիլիսոփայական, այնքան էլ պարզ է ու մարդամոտ: Այս մտքին գալու համար բավական է մեկ անգամ դիտել նրա կտավներից մի քանիսը` «Մայրը մանկան հետ», «Առավոտ լուսո», «Աղբյուրը», «Վերջին երգը» եւ շատ ուրիշ աշխատանքներ:

Շատ մտածողներ են ասել, որ կտավում նկարածից ավելի չնկարվածն է կարեւոր, եւ այդտեղ է թաքնված նկարչի վարպետությունը: Արվեստագետ Քաջազի շատ կտավներ ուժեղ են հենց դրանով. զարգացնում են դիտողի երեւակայությունը, քանի որ ասելիքը նա ոչ բոլոր կտավներում է առարկայորեն վրձնել: Նկարիչը սովորություն ուներ մտահղացումը կամ կերպարը կտավին հանձնելուց առաջ նախ ճանաչել միջավայրը, բնորդին, նրա մտահոգությունները, ներքին աշխարհը:

Քաջազունի Քեչեճյանն իր ստեղծագործական կյանքի գերակշիռ մասն անցկացրեց հայրենիքից դուրս` ԱՄՆ-ում, բայց այդ հանգամանքը չանդրադարձավ նրա ազգային կողմնորոշման վրա: Նա մտովի միշտ մնաց իր հայրենի եզերքներում: Միեւնույն ժամանակ. «Նրա արվեստը լինելով հայկական, խոսում է համաշխարհային արվեստի լեզվով եւ մտնում է այդ արվեստի ընտանիքի մեջ»: Այսպես է բնութագրել նրա ստեղծագործությունը հանճարեղ Երվանդ Քոչարը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 03-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ