RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 03-10-2014



ՀԱՅԵԼԻ

Տեղադրվել է` 2014-10-02 21:19:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1155, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՍԻՐՈ ԵՎ ՆՎԻՐՈՒՄԻ ՔԱՆԴԱԿՆԵՐ

Սյուզաննա ՓԻԼՈՍՅԱՆ, Արվեստաբան

Անվանի քանդակագործ եւ մանկավարժ Յուրի Հովհաննիսյանի ստեղծագործությունը վաղուց հայտնի է արվեստասեր հասարակայնությանը: Նրա ստեղծած ժողովրդական հերոսների կերպարները, լիրիկական ստեղծագործությունները հարազատ են դիտողին: Քանդակագործի ստեղծագործական անհատականությունը ձեւավորվել է երկար եւ համառ աշխատանքի, երբեմն` հակասական փնտրտուքների արդյունքում: Արգասիքը. նրա արվեստն աչքի է ընկնում թարմությամբ, վարպետությամբ եւ ուրույն նկարագրով:

Յուրի Հովհաննիսյանը ծնվել է 1948 թ-ին ԼՂՀ-ի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: Մասնագիտական կրթությունը ստացել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (ավարտել է 1974 թ-ին)` ուսանելով հայտնի քանդակագործ-մանկավարժներ Թերեզա Միրզոյանի եւ Սուրեն Նազարյանի արվեստանոցներում:

Պահպանելով հայկական քանդակագործական դպրոցի եւ իր իսկ ուսուցիչների գեղարվեստական ավանդույթները, հեղինակը ստեղծել է մտահղացմամբ եւ կատարման եղանակով ուշագրավ գործեր:

Յու. Հովհաննիսյանն աշխատում է քանդակի տարբեր ժանրերում, (հուշարձան, դիմաքանդակ, մանրաքանդակ) ամենատարբեր նյութերով (բրոնզ, թրծակավ, մարմար, տուֆ, բազալտ, գիպս, կավ եւ այլն) :

Երբ դիտում ես արվեստագետի ստեղծագործությունները, առաջին իսկ հայացքից աչքի է զարնում դրանց ստեղծողի անսահման սերը դեպի հայրենիքը, դեպի հարազատ Արցախը, իր ժողովրդի պանծալի զավակները, որոնց սխրանքները հպարտություն ու ակնածանք են արթնացնում: Հովհաննիսյանը կերտել է իր ժամանակակիցների կերպարների մի մեծ պատկերասրահ: Ակնառու է, որ իր «բնորդներին» երկար տարիներ ճանաչել եւ շփվել է նրանց հետ:

Յուրի Հովհաննիսյանի ստեղծագործական պատկերաշարում գլխավորը արցախյան հերոսամարտի թեման է: Առհասարակ Արցախը առանձնահատուկ տեղ է գրավում քանդակագործի սրտում:

Նուրբ ու քնքուշ զգացմունքներով են ստեղծված «Թելման Հարությունյան», «Պարգեւ Սրբազան», «Բագրատ Ուլուբաբյան», «Կոմանդոս», «Կոմիտաս Հակոբյան», «Զորի Բալայան» եւ այլ դիմաքանդակները: Դրանք այն մարդիկ են, ովքեր կյանքը չեն խնայել եւ պայքարել են հանուն հայրենիքի, հանուն ազատության վեհ գաղափարի: Հովհաննիսյանը բարձր է գնահատում նրանց կատարած գործը, հիանում սխրագործություններով:

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը հայ ժողովրդի սիրելի հերոսներից է: Նրա ղեկավարությամբ 1992-ին իրականացվեց Շուշի քաղաքի ազատագրումը: Հովհաննիսյանը բազմիցս դիմել է նրա կերպարի ստեղծմանը:

«Կոմանդոսը» (2013, գուն. գիպս) դիմաքանդակում տեսնում ենք ուժեղ բնավորությամբ, հավասարակշռված ու զուսպ մարդուն: Ազգային շահը սեփականից վեր դասող մարդը լի է վճռականությամբ, պատրաստ կյանքը հանուն հայրենիքի զոհելու: Սակայն արտաքին խստության տակ թաքնված է խոհուն մարդու նուրբ ու զգայուն հոգին, ում համար թանկ է յուրաքանչյուր հայ զինվորի կյանքը, ով ծնողի հոգատարությամբ է հետեւել ամեն մեկին, փորձել խնայել, պահել ու պահպանել նրանց:

Դիմաքանդակը կատարված է դիմագծերի մանրակրկիտ մշակմամբ, մոդելի նմանությունը պահպանելու մտահոգությամբ:

Կոմանդոսի մեկ այլ, թեթեւ, կարծես մեկ շնչով արված դիմաքանդակում (2013, գիպս) տեսնում ենք համեստ ու զուսպ մարդուն, իր կատարված սխրանքը ի ցույց չդնող հայրենիքի զինվորին: Հետաքրքրական է դեմքի մշակումը, պարզ հայացքը, գլխարկի ու հասարակ հագուստի հարթ ֆորմայի ընդհանրությունը: Ճիշտ ընտրված նյութը նպաստել է «բնորդի» լուսավոր կերպարի բացահայտմանը:

Արցախի դարավոր հողը ծնում է քաջ ու անվախ մարդկանց: Հովհաննիսյանը հիացած է իր ժողովրդի պանծալի զավակներով, ովքեր ամեն վայրկյան պատրաստ են աներեւակայելի հերոսության: Այդ մարդկանցից է Թելման Հարությունյանը (2012, գուն.գիպս): Ոգեւորված հարազատ ժողովրդի զարթոնքով, այլեւս չհաշտվելով պատմական անարդարության հետ, Թելմանը 1988-ին առաջինը բարձրացրեց հայոց եռագույնը Արցախում:

Վճռական մարդու, արդարության համար պայքարի ելած անվեհեր քաղաքացու կերպարը ներկայացված է ստեղծագործական մեծ ներշնչանքով, հերոսին բնորոշ հատկությունների ընդգծումով,:

Չբավարարվելով ստեղծածով` Հովհաննիսյանը նյութը փոխելով կրկին դիմում է այդ սրտամոտ կերպարի (2012,մարմար) ստեղծմանը: Հարթ ծեփվածքով դեմքը մշակելու հնարանքը օգնել է դիմագծերի գեղակերպ արտահայտչությանը, արդիական շունչ հաղորդել քանդակին: Հեղինակը վստահ է` կանցնեն տարիներ, սակայն լուսավոր մարդու, հայրենիքի արժանավոր զավակի անունը վառ կմնա ժողովրդի սրտում:

Հովհաննիսյանի գեղարվեստական աշխարհում իր ուրույն տեղն ունի Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կերպարը: Իր երկրին ու ժողովրդին անմնացորդ նվիրված հոգեւորականին պատկերելիս քանդակագործը կենտրոնացել է նրա մարդկային էության, հարուստ ներաշխարհի բացահայտման վրա: Քանդակի կոմպոզիցիան, գլխի շարժումը, կծկված հոնքերը, թեթեւ շեշտված կնճիռները հուշում են նրա անհանգիստ հոգեվիճակի մասին: Դեպի վեր ուղղված իմաստավոր հայացքը, արտահայտիչ դիմագծերը խոսում են լայնախոհ, հեռատես մտավորականի, ուժեղ կամքի տեր մարդու մասին: Արվեստագետը ներկայացրել է մի անհատի, ով վստահ է կատարած գործի ճշմարտացիության մեջ եւ իր գործունեությամբ այսօր էլ ապացուցում է, որ մարդու ամենամեծ կոչումը հայրենիքին ծառայելն է:

Աշխատանքը կատարված է հոգեւոր մղումների մաքրությամբ:

Վերը նշված գործերում Յուրի Հովհաննիսյանը հավատարիմ է մնում իր առջեւ դրված խնդրին` աշխատելով բացահայտել մարդու էությունը, նրան բնորոշ հատկությունները, փորձելով էլ ավելի կատարելության հասցնել արտահայտչամիջոցները:

Մեծ սիրով է կերտված վաղամեռիկ բանաստեղծ, Արցախի Քերթ գյուղի ինքնապաշտպանության հրամանատար Կոմիտաս Հակոբյանի կերպարը: Դեմքի մտազբաղ ու թախծոտ արտահայտությունը, հղկված դիմագծերը, խոհուն հայացքը խոսում են նուրբ ու զգայուն հոգու մասին: Կյանքով լեցուն արվեստագետը, ով զոհվեց հանուն հայրենիքի, շարունակում է ապրել մարդկանց սրտերում:

«Սողոմոն Թեհլիրյան» ստեղծագործությունը կերտված է լակոնիկ, հարթ- ծավալային լուծումով, նկարագրի կոնկրետությամբ: Արվեստագետին հաջողվել է բացահայտել ազգի տառապանքն ու ցավը իր հոգում ամբարած վրիժառուի քաջությունը, համարձակ բնավորությունը, հաստատակամությունն ու ազատատենչ ոգին: Գլխի դիրքը, կենտրոնացած հայացքը, խոժոռ հոնքերը, ամուր սեղմած շրթունքները նկատելի են դարձնում հերոսի վերոնշյալ հատկությունները:

Կերպարի անմիջական ընկալմամբ են ստեղծված նաեւ եղբոր` Ալեքսանդրի, հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանի, վաստակավոր ուսուցիչ Վիգեն Հայրապետյանի, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի եւ այլոց դիմաքանդակները:

Առհասարակ Յու.Հովհաննիսյանը խորին հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր մարդուն եւ ամեն մոդելի համար գտնելով տեխնիկական համապատասխան հնարանքներ` երբեմն մանրակրկիտ, երբեմն ընդհանրացված, խոր անկեղծությամբ ու ճշմարտացիությամբ է ներկայացնում նրանց: Տարատեսակ նյութերը, պլաստիկական տարբեր եղանակները չեն խանգարում, որ այդ աշխատանքները միավորվեն մեկ գլխավորի մեջՙ անսահման սեր դեպի մարդը եւ հայրենիքը:

Ստեղծագործական լիաշունչ վարպետությամբ են կերտված «Գարուն», «Պատանեկություն», «Խոնարհում», «Հովհարով աղջիկը», «Երաժշտություն» եւ այլ հորինվածքները, որոնց մեջ կիրառելով դեկորատիվ տարբեր հնարանքներ, հեղինակը հասել է մտահղացման լիարժեք բացահայտման:

Ուշագրավ է «Թավջութակահարուհին» (1980, բրոնզ) ստեղծագործությունը, որտեղ խտացված են երաժշտի զգայուն խառնվածքն ու հուզական խոր ներաշխարհը: Քանդակն այնքան կենդանի եւ խոսուն է, որ թվում է լսում ես հոգեպարար երաժշտությունը:

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում «Շուշիի վերադարձը հայությանը», եռաֆիգուր կոմպոզիցիան: Այն բաղկացած է երեք` «Քրիստոնեության վերադարձը», «Արվեստի վերադարձը» եւ «Փառքի պսակ հաղթողներին» մանրաքանդակներից: Դիտողին դրանք պարուրում են հաղթանակի հպարտությամբ, հայրենասիրական խոր զգացումով:

2007 թվականին Աշան գյուղում Յուրի Հովհաննիսյանը տեղադրում է «Խոնարհում» հուշարձանը, որը նվիրված է զոհվածների հիշատակին: Կոշտ, չենթարկվող քարից` բազալտից կերտված այս հուշարձանը աչքի է ընկնում հավաք կոմպոզիցիայով, ճշգրիտ գտնված չափերով: Քանդակագործը կարողանում է պարզ սյուժեն` որդու մահը ողբացող մոր կերպարը ներկայացնել յուրահատուկ ձեւով: Խոր վշտից կուչ եկած, անսահման ցավն իր մեջ ամփոփած կինը ողբում է ոչ միայն որդու, այլեւ բոլոր զոհվածների մահը: Հեղինակը բաց թողնելով մանր դետալներըՙ հասնում է կնոջ ուրվապատկերի արտահայտիչ ռիթմի:

Մեծ ներշնչանքով է կատարված նաեւ «Տիրամայր» (2000, մարմար) ստեղծագործությունը: Դիտողի առջեւ ամբողջ հասակով կանգնած է թախծոտ, ինքնամփոփ Մարիամը, ով երկու ձեռքերը միացրած, փակ աչքերով, ասես աղոթք է մրմնջում: Գեղեցիկ գծված հոնքերը, նուրբ շուրթերը, հայկական դիմագծերը առանձնահատուկ հմայք են հաղորդում մոր կերպարին:

2005 թվականին Արտաշատ քաղաքում կազմակերպվեց քանդակի սիմպոզիում` նվիրված գրերի գյուտի 1600-ամյա տարեդարձին: Այդ միջոցառման շրջանակներում Յուրի Հովհաննիսյանը ստեղծեց «Մաշտոց» մոնումենտալ քանդակը: Տուֆից կերտված աշխատանքը հիացնում է ինքնատիպ մտահղացմամբ, կատարման բացառիկ վարպետությամբ եւ ձեւի ու բովանդակության փոխկապակցվածությամբ:

Մաշտոցի գլխավերեւում քանդակված ժայռափոր հայկական հինավուրց եկեղեցին ասես ուժ ու զորություն է հաղորդում առաջին ուսուցչին, ով մտքերի մեջ խորասուզված երկնում է հայոց գրերը: Հրաշալի են ներկայացված գլխի դիրքը, լուսապսակը, հագուստի ծալքերը: Քանդակագործը մինչեւ վերջ չի հղկում քանդակի մակերեսը, այլ թողնում է անհարթ` ընդգծելով տուֆ քարի բնական գեղեցկությունը:

Այս գործերում հեղինակը ներկայանում է որպես մասնագիտական հնարանքներին վարժ տիրապետող, կերպարի բուն էությունն ու հուզականությունը վարպետորեն արտահայտող քանդակագործ:

Յուրի Հովհաննիսյանը այսօր էլ եռանդուն աշխատում է եւ հենց ստեղծագործելիս իր մտահղացումների համար գտնում նոր ներշնչանքներ: Շուշիի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի հիմնադիրն ու ղեկավարը տարիների ընթացքում ձեռք բերած փորձն ու գիտելիքները սիրով հաղորդում է իր ուսանողներին, նրանց համար դառնալով աշխատասիրության, ստեղծագործական մտահղացումների իրականացման լավագույն օրինակ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 03-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ