RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 10-10-2014



ՏՈԻՆ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Տեղադրվել է` 2014-10-09 23:22:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1524, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՀԻՆ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀՈՒՅԶԵՐԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՄԵՂԵԴԻՆԵՐՈՒՄ

Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ

Իմ առջեւ հին Երեւանի մի քանի լուսանկարներ են, որոնց նայելովՙ փորձում եմ մտովի համեմատել մեր մայրաքաղաքի ներկա տեսքի հետ: Անշուշտ, հիմա շատ գեղեցիկ է մեր քաղաքը, բայց ուրիշ հմայք ուներ հին Երեւանն իր յուրահատուկ կոլորիտով, կենցաղով ու հետաքրքրական մարդկանցով: 1920-30-ական թվականների Երեւանի ընդհանուր համայնապատկերին մի առանձին շուք էին հաղորդում Զանգուի բարձրաբերձ ափից վեհորեն վար նայող Ս. Սարգիս եկեղեցին ու Արարատյան թեմի առաջնորդարանի հին շենքը, Ղանթարը (շուկան) քաղաքի կենտրոնում, պարսկական Կապույտ մզկիթն ու նրա բակում գտնվող «Նալբանդ» սրճարան-թեյարանը: Սա հիմնական վայրն էր, որտեղ երեկոյան ժամերին երեւանաբնակ մտավորականներ էին հավաքվում մեկ գավաթ սուրճի կամ թեյի շուրջ, զրուցումՙ անդրադառնալով նորաստեղծ Պետկոնսերվատորիայի կամ Պետհամալսարանի, Պետթատրոնի (այժմՙ Գ. Սունդուկյանի անվան թատրոն) կամ նոր կառուցվող Ժող. Տան (այժմՙ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոն) խնդիրներին, քննարկում գիտության ու մշակույթի զարգացման հեռանկարները: Դրա համար էլ այս վայրը կատակով «Հայկական ակադեմիա» էին անվանում:

Այսպիսին էր Երեւանը, երբ 1924 թ. հեռավոր Ղրիմից եկավ ու Մայր հայրենիքում հաստատվեց կոմպոզիտոր, խմբավար ու մշակութային գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանը: Նա եւս դարձավ «Հայկական ակադեմիայի» անդամներից մեկը եւ ստեղծագործական բուռն գործունեություն ծավալեց:

Ալ. Սպենդիարյանի անունն ամեն հայի հոգում անկեղծ հպարտության զգացում է արթնացնում, նրա անզուգական «Ալմաստ» օպերան, սքանչելի ռոմանսներն ու սիմֆոնիկ երկերը մեր ազգային երաժշտական մշակույթի մնայուն գանձերից են: Եվ պատահական չէ, որ Երեւանի Նալբանդյան փողոցի համար 21 շենքի այն բնակարանը, որտեղ կյանքի վերջին տարիներին (1926-28 թթ.) ապրել ու ստեղծագործել է մեծանուն կոմպոզիտորը, այժմ տուն-թանգարան է: Ի դեպ, Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով կառուցված այս շենքը, որը Խորհրդային Հայաստանում առաջին բազմաբնակարան շենքերից է, հիմա որպես հանրապետական նշանակության հուշարձան ընդգրկված է Երեւանի պատմության ու մշակույթի հուշարձանների պետական ցանկում: Այդ շենքում Սպենդիարյանին բնակարան հատկացնելու առաջարկությունն արել է կոմպոզիտորի ընկերըՙ ճարտարապետ, ՀԽՍՀ Ժողկոմխորհի Գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ՀԽՍՀ Կերպարվեստի գործիչների եւ Ճարտարապետների միության նախագահ, ԽՍՀՄ Ժող. Ճարտարապետ (1926-ից) Ալեքսանդր Թամանյանը: Մեր մյուս մտավորականների պես նա էլ, հասկանալով ու գնահատելով Սպենդիարյանի ստեղծագործական գործունեության կարեւորությունը հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում, ամեն կերպ ջանում էր օժանդակել կոմպոզիտորին:

Ղրիմից Հայաստան տեղափոխված Սպենդիարյանը տնտեսական բազում դժվարություններ էր հաղթահարում. ապահովված չէր բնակարանով, մշտական աշխատանք չուներ, բայց նրա համար թերեւս ամենադժվարը ստեղծագործական աշխատանքով զբաղվելու անհնարինությունն էր: Դրա համար էլ հենց Թամանյանի միջնորդությամբ սկզբում որպես աշխատասենյակ կոմպոզիտորին է տրամադրվում Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդարանի շենքի սենյակներից մեկը: «Ցանկանալով թեթեւացնել նրա դրությունը,- իր հուշերում գրում է ճարտարապետը,- ես փորձում էի տեղ գտնել նրա համար, եւ իմ մեջ միտք ծագեցՙ առաջարկել թեմական տան սենյակներից մեկը, որ թեպետ Երեւանի ծայրամասում էր, բայց հրաշալի դիրք ուներ: Ես դա արեցիՙ գիտենալով Ալեքսանդր Աֆանասեւիչի սերը Արարատի նկատմամբ»: Հենց այս սենյակում էլ ստեղծվել է Սպենդիարյանի լավագույն երկերից մեկըՙ «Երեւանյան էտյուդներ» սիմֆոնիկ պատկերը:

1926 թվին Նալբանդյան փողոցի նորակառույց շենքում Սպենդիարյանի համար բնակարան ընտրելիս դարձյալ կարեւորվել է այն հանգամանքը, որ պատուհանից Արարատն է երեւում: Այդ մասին կոմպոզիտորի դուստրըՙ Մարինա Սպենդիարովան, իր հուշերում գրում է. «Մի անգամ, 1925 թվականի գարնանը, Ալեքսանդր Աֆանասեւիչի մոտ եկավ ճարտարապետ Թամանյանը եւ բերեց առաջին սովետական տան պլանը, որտեղ Սպենդիարյանին խոստացել էին բնակարան տալ: Նրանք երկար ժամանակ զննում էին պլանը եւ, վերջապես, քառակուսիներից մեկի վրա խաչ դրեցին. այս բնակարանը նայելու է դեպի Արարատը»:

Կյանքի հայաստանյան շրջանը (1924-28 թթ.) կոմպոզիտոր Սպենդիարյանի համար կարեւորվեց նաեւ նրանով, որ իր համար նորովի բացահայտելով հայկական մեղեդիների իրական հմայքըՙ նա խանդավառված շարունակեց «Ալմաստ» օպերայի գործիքավորման աշխատանքները: Մտերմությունը հայաստանաբնակ հայ մտավորականների հետ նոր եռանդ ու ոգեւորություն էր հաղորդել կոմպոզիտորինՙ ծնունդ տալով նոր գաղափարների ու մտահղացումների: Դրանք նա քննարկում էր Պետկոնսերվատորիայի դասատուների, անվանի երաժիշտների, հատկապես «Թիֆլիսյան թափառումների» իր հին ընկերոջՙ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի հետ, որը գործերի բերումով Թիֆլիսից հաճախ Երեւան էր գալիս: Սպենդիարյանը նրան նույնիսկ առաջարկեց մի քանի ամիս իր հետ ապրել երեւանյան իր նոր բնակարանում: Այդ մասին Ռ. Մելիքյանը հետագայում գրում էր իր հուշերում. «Մենք շատ համերաշխ էինք ապրում: Ալեքսանդր Աֆանասեւիչը շատ վաղ էր արթնանում, եւ ինքն էլ թեյ էր պատրաստում: Այնուհետեւ արթնացնում էր ինձ: Այդ թեյով էլ, ըստ էության, սահմանափակվում էր մեր տնային տնտեսությունը: Թեյից հետո մենք նստում էինք գործիքի մոտ: Սպենդիարյանն ուշի-ուշով ուսումնասիրում էր Կոմիտասի երկերը, ծանոթանում շարականներին»:

Կոմպոզիտորն ամեն կերպ ջանում էր մասնակցել հայրենի երկրի մշակույթի զարգացման գործին, խանդավառվում էրՙ տեսնելով օրեցօր բարեկարգվող ու գեղեցկացող մեր մայրաքաղաքը, անկեղծորեն հավատում, որ շուտով օպերային թատրոն ու մշակույթի այլ օջախներ էլ կունենանք: Հայտնի չէՙ անձամբ ճանաչո՞ւմ էր ճարտարապետ Բունիաթյանին, թե՞ ոչ, բայց կասկած չկա, որ բարձր էր գնահատում նրա ճարտարապետական ինքնատիպ մտահղացումները: Իսկ Բունիաթյանն իսկապես շնորհալի ճարտարապետ էր: Թիֆլիսում ծնված (1878 թ.), Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտը (1914 թ.) հենց սկզբից մեծ հետաքրքրություն էր ցուցաբերել հայկական հին ճարտարապետության նկատմամբ: 1914-16 թթ. մասնակցելով ակադեմիկոս Ն. Մառի ղեկավարած հնագիտական արշավախմբիՙ Անիում կատարվող աշխատանքներինՙ նա հնարավորություն էր ունեցել հանգամանորեն ուսումնասիրելու այդ տարածքի ճարտարապետական հուշարձանները: Ավելի ուշ, ուսումնասիրելով նաեւ Գառնիի հեթանոսական տաճարը, Բունիաթյանը կազմել է այդ շինության նախնական հատակագիծն ու ճակատային ընդհանուր գծապատկերը: Մինչեւ 1924 թվականը ճարտարապետն ապրում եւ աշխատում էր Մոսկվայում: 1924-ին հրավիրվելով Երեւան ու դառնալով քաղաքի գլխավոր ճարտարապետը (մինչեւ 1938 թ.)ՙ Թամանյանի հետ միասին Բունիաթյանը վճռորոշ դեր ունեցավ հայ ճարտարապետական նոր դպրոցի ձեւավորման գործում: Նրա ստեղծած կառույցները շատ ինքնատիպ են եւ աչքի են ընկնում պլաստիկ ու հարուստ ձեւերով, յուրօրինակությամբ ու հատակագծային լուծումների մտածվածությամբ: Բունիաթյանի նախագծով են կառուցվել Երեւանի լավագույն շենքերից մի քանիսըՙ «Երեւան» եւ «Սեւան» հյուրանոցները, Նալբանդյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի բնակելի շենքերի մեծ մասը: 1926-30 թթ. հենց Բունիաթյանի եւ Թամանյանի շնորհիվ մշակվեց ու հաստատվեց Երեւան քաղաքի նախագիծը եւ հետագա կառուցապատման պլանըՙ նախատեսված 500000 բնակչի համար: Կյանքի վերջին տարիներին (1938-43 թթ.) Բունիաթյանն ապրում ու աշխատում էր Ռուսաստանում, ԽՍՀՄ Ճարտարապետական ակադեմիայի ասպիրանտուրայի բաժնի ղեկավարն էր, դասավանդում էր մի քանի բուհերում:

Բայց միայն ճարտարապետներ Բունիաթյանի եւ Թամանյանի հիասքանչ կառույցներով չէր, որ գեղեցկանում ու բարեփոխվում էր մեր մայրաքաղաքը: «Հայկական ակադեմիայի» խանդավառ անդամների ջանքերով կազմակերպվող գիտական, կրթական, մշակութային ու արդյունաբերական հաստատությունների շնորհիվ էր նաեւ, որ Երեւանն աստիճանաբար դառնում էր գիտության ու մշակույթի կարեւորագույն կենտրոն:

Տարիների ընթացքում մշակույթի շատ օջախներ ստեղծվեցին, որոնցից մեկն էլ կոմպոզիտոր Սպենդիարյանի տուն-թանգարանն է: Այս հաստատության պատմությունն սկսվում է դեռեւս 1929 թվականից, երբ կոմպոզիտորի դուստրըՙ երաժիշտ, նկարիչ, գրող-հրապարակախոս ու մշակույթի գործիչ Մարինա Սպենդիարովան, հետագայում թանգարան ստեղծելու նպատակով սկսեց հավաքել եւ ուսումնասիրել հոր արխիվը, նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող հոդվածներ, փաստաթղթեր եւ այլ նյութեր: Հետագայում այդ ամենը նա հանձնեց ՀԽՍՀ կառավարության 1963 թ որոշման համաձայն 1967 թ. բացված տուն-թանգարանին, որի տնօրենն էր կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: Բարձր գնահատելով Մ. Սպենդիարովայի դերը թանգարանն ստեղծելու գործումՙ Վլ. Բալյանն իր հոդվածներից մեկում գրում է. «Մշտական շփումները Սպենդիարովի դուստր Մարինա Սպենդիարովայիՙ խորապես կրթված, տաղանդավոր, հոր մասին իր հուշերով մեզ հետ կիսվող, քառասուն տարվա ընթացքում ջանասիրությամբ իր հավաքածՙ կոմպոզիտորի արխիվը թանգարանին նվիրաբերած, Սպենդիարյանի տուն-թանգարան ստեղծելն իր կյանքի գործը համարող վառ անհատականության հետՙ նպաստեցին ցուցադրության վերաբերյալ մեր մտադրությունների իրագործմանը»:

Սա փաստորեն Հայաստանում առաջին երաժշտական, հուշային թանգարանն է, որն զբաղվում է ոչ միայն կոմպոզիտոր Սպենդիարյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող թանգարանային առարկաների ձեռքբերման, ուսումնասիրության, պահպանության ու ցուցադրության աշխատանքներով, այլեւ ծավալում է ակտիվ կրթամշակութային գործունեություն: Անկասկած, տուն-թանգարանի կայացման գործում կարեւոր էին հիմնադիր- տնօրեն Վլ. Բալյանի վճռականությունն ու նվիրվածությունը: Համագործակցելով կոմպոզիտորի դստեր հետՙ նա կարողացավ ստեղծել մի հաստատություն, որն իր պատվավոր տեղն ունի մեր մշակութային կյանքում: Թանգարանի գործունեության պատմության մեջ ուշագրավ է նաեւ հաջորդ տնօրեն կոմպոզիտոր Ծովակ Համբարձումյանի դերը, որի շնորհիվ այստեղ մշտապես կազմակերպվում էին հետաքրքրական միջոցառումներ, համերգներ ու դասախոսություններ: Հենց Ծ. Համբարձումյանի ջանքերով թանգարանին կից ստեղծվել ու գործում էր նաեւ ավանդական նվագարանների մշտական ցուցահանդես (մինչեւ 1992 թ.):

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանն արդեն 50-տարվա գործունեության պատմություն ունի: Վերանորոգված, ժամանակի պահանջներին համահունչ նոր ցուցադրությամբ այսօր էլ այն տնօրեն Մարինե Օթարյանի ղեկավարությամբ ակտիվ մշակութային գործունեություն է ծավալում: Մեծ է թանգարանի դերը հատկապես երիտասարդության գեղագիտական դաստիարակության գործում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 10-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ