RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 07-11-2014



ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ-100

Տեղադրվել է` 2014-11-09 00:50:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2158, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՀԱԽՈՒՌՆ ՏԱՐԵՐՔԻ, ՀԵՐՈՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՔՆԱՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

«Նկարչություն: Ի՜նչ անսահման հաճույք, երբ միտքդ գալիս է ու մատիտի սուր ծայրի միջով նկարվում սպիտակ թղթի վրա... շարժվում է ձեռքդ, եւ գծերը գրկվում են, բաժանվում, վազում, ընկնում...»:

Էդուարդ Իսաբեկյան


Ժամանակակիցները նկարագրում են նրան որպես էությամբ ազատ, խառնվածքով ըմբոստ, մտածողությամբ ինքնատիպ անհատականության, գրեթե այնպես, ինչպես ինքնադիմանկարներում նկարիչն է պատկերել իրեն` ամրակազմ, շիտակ կեցվածք, շեշտակի հայացք:

Հիշողություններս Էդուարդ Իսաբեկյանի հետ կապված թանկ պատառիկներ են արթնացնում` Վարպետի 90- ամյակի առիթով Աշտարակի իր առանձնատան աշնանային հանդիպումը, երեկոյացող օրվա նկարչական ավարտը` ծառերի մերկացող ճյուղերի միջից մաղող մանրիկ անձրեւ, պատշգամբի բազրիքին հենված նկարիչը, կողքին` շունը, ու... ու մի զրույց, որ ոչ սկիզբ ունեցավ, ոչ ավարտ... Շատ բան ուներ ասելու Վարպետը, սիրտը բացելու, կիսվելու պահանջ: Հիշողությունը նրան մերթ տանում էր ծննդավայր` Իգդիր, հիշում էր զարմանալի մանրամասներ եւ այնպես գունեղ էր պատմում, այնքան նկարեն, որ ժամանակը, քաղաքի կյանքը, մարդիկ, շարժումը, ռուս զինվորականները, նրանց կանայք ու կառքերը աչքիդ առաջ կինոպատկերի պես գնում- գալիս էին, հետո միտքը վերադառնում էր ներկա օրերին, մարդկանց հոգսերին, ապա դառնում էր արվեստի, նկարչության, գույնի, լույսի ու ստվերի խնդիրներին, խոսում իմպրեսիոնիստների արած հեղափոխության մասին. նրանցից հետո, ասում էր, նկարչության մեջ ավելին չարվեց:

Լսում էի ուշադիր, դիտում.- շարժումներ, ձայնի տոն, ձեռքեր... հիշողությանս մեջ դաջվում էր պատկառելի ալեհեր գեղեցկությունը նրա... Չթաքցնեմ` զարմացած էի ներքին ուժի ու մտքի սթափության վրա, հիացած քաղաքացիական կեցվածքով` 90-ամյա տարիքում նրա չխամրող հետաքրքրասիրությամբ, այն մտահոգությամբ ու ցավով, որ ուներ այս հողի, իր երկրի ու այնտեղ ապրող ժողովրդի ճակատագրի, դրկից պարզ մարդու, հողագործի, նրա առօրյայի, ապրուստի, վաղվա օրվա համար:

Էդուարդ Իսաբեկյանի խորապես ազգային արվեստը օրինակ էր ժամանակակիցների համար, պատգամ` ապագա սերունդներին: Նրա` այս ազատ ու անհանգիստ էությամբ անհատի ստեղծագործական սկիզբը համընկավ խորհրդային իշխանության ամենադժնի շրջանին` արվեստի համար հատկապես, ազատ գաղափարների, ազգային իդեալների բռնադատման, խորտակման տարիներին: Թիֆլիսում ակադեմիական կրթություն ստացած նկարիչը հետպատերազմյան հայաստանյան կյանքում փորձելու էր գնալ իր ճանապարհով, ընդդեմ տիրող մտայնությունների, երբ նկարչության մեջ պարտադրված ավանդույթներ ու կանոններ կային, որոնց բնույթին ու ձեւերին խորթ իսաբեկյանական հոգին ոչ միայն չընտելացավ, այլ մերժեց հենց սկզբից: Նա ընտրեց գույնի իր «տակտիկան», բերեց ներքին աշխարհից թելադրված գունային իր մտածողությունը, իր ճշմարտությունը, եվրոպական նկարչության`Վերածննդի գեղեցկությունների, ֆրանսիական ռոմանտիկների ոգեղենության, իմպրեսիոնիզմի գունային խաղի` ներքին հարազատության իր ձեւերն ու շարժումները` ժամանակի իրողությունները, մարդկային կյանքն ու ապրումները ենթարկելով նկարչական այդ մտածողությանը: Ստեղծագործական տարերքը, գաղափարական որոնումները նրան հաճախ տանում էին ետ, դեպի անցյալ` դեպի հայ ժողովրդի պատմության հերոսական էջերը, որտեղ նա գտնում էր իր իդեալները, իր երազները մարմնավորող իրողություններ, հերոսներ ու դրվագներ: Տակավին երիտասարդ, դիմելով հայոց հոգեւոր լինելության մեծ փորձությանը` Ավարայրի ճակատամարտին ու Վարդան Մամիկոնյանի հերոսական կերպարին (եւ հետագայում էլ բազմիցս անդրադարձավ այդ թեմային), հայտնի դարձրեց աշխարհայացքային կողմնորոշում, նկարչական մտածողության կերպ ու դավանանք` դինամիզմ, ներքին ուժի խտացում, էքսպրեսիա: Իհարկե, երկրում տիրող ծանր վիճակները, ռազմաճակատից թիկունք` պատերազմի` գրեթե նույն ուժով տարածվող շունչը, հաղթանակի կամքը, կյանքի զարկերակը պահող այսպիսի տրամադրությունները ունեցել են ազդեցություններ` կտավները պայքարի, դրամատիզմի ուժով, կերպարները հերոսական գծերով առավել օժտելու: Ինքը` նկարիչը, էությամբ ըմբոստ ու ազատակամ, գիտակցում էր արժանապատիվ գոյության, երկիր ու ժողովուրդ պայքարի ճանապարհով պահելու գինը:

Անցյալը հիշողություն ունի, պատմությունը` դասեր: Իսաբեկյանի նշանավոր` «Պատասխան Հազկերտին» մեծածավալ կտավը, որպես ծրագրային գործ, ժամանակային զուգահեռումների եւ առաջադրված համաբնույթ խնդրի գտնված լուծում է, գաղափարական հավատամքի դրսեւորում, որով նկարիչը գաղափարակիցն է դառնում ազգային ազատագրական պայքարի բոլոր ժամանակների ջատագովների: Հայ ժողովրդի հերոսական անցյալը բերելով ներկա` նա ոգի ու կամք է հաղորդում իր ապրած ժամանակին, վերափոխում մարդկանց մտածողությունը, հավատ ներշնչում: Հեշտ չէր առաջադրված խնդիրը` պատմական միջավայրի ու մթնոլորտի ստեղծում, համաժողովրդական տագնապի, ճակատագրական որոշում կայացնելու պատասխանատու վիճակներ, պատմական դեմքեր ու նրանց կերպարների անհատականացում, եւ այս ամենը ներկայացնել կոմպոզիցիոն համաչափությամբ, ամբողջական ու համոզիչ, եւ որ ամենակարեւորն է` փոխանցել դա այնպես, որ այդ ներգործությունը չկորցնի ուժը ժամանակների մեջ, ինչը արվեստը գնահատելու, արժեւորելու ամենակայուն չափանիշն է: Էդ. Իսաբեկյանի արվեստը վաղուց հատել է այդ սահմանը, դիմագրավել ժամանակի փորձությանը: Մեր այս օրերում, երբ անցյալի հերոսական ոգին բացառապես վիպական է թվում, եւ պատմական կերպարները հիշողությունից դուրս են մղվում, դառնում սիմվոլներ, Իսաբեկյանի նկարչության մեջ դրված պայքարի ոգին սթափեցնող հիշեցում է` մշտապես արդիական ու անհրաժեշտ, որովհետեւ մարդու ազատության ձգտումը դեռ իր նախա-նախա վիճակներից է գալիս:

Թեմատիկ ընտրությամբ ու աշխարհայացքային ընդգրկումով արդեն իսկ նկարիչը որոշեց արվեստի իր ուղին, մտավորականի իր դերը մեր ազգային կյանքում: Հիրավի մեծ ճանապարհ անցավ գունանկարչության մեր Վարպետը: Չնայած կարծիքներին, որ երբեմն չհասկացված էր, թերեւս լիարժեք չգնահատված իր ստեղծագործության որոշակի մի շրջան, հախուռն խառնվածք, հակասական բնույթ, կամք ու հաստատուն ձեռագիր, որ երբեմն անհարթ էր դարձնում ճանապարհը, նրա անձը եւ արվեստը գնահատված են եղել թե՛ սերնդակիցների, թե՛ երիտասարդ արվեստակիցների եւ ուսանողների, թե՛ անցյալի ու ներկայի իշխանությունների կողմից, որովհետեւ այդ արվեստը ճշմարիտ է, հետեւորդը` արվեստի դասական սկզբունքներին, կրողը` համամարդկային, ազգային արժեքների: Այս առումով դժվար է պատկերացնել, որ Էդուարդ Իսաբեկյանի վրձինը չներշնչվեր մեր ազգային էպոսի հերոսական ոգով: Նրա նկարչությանը բնորոշ էպիկականությունը այստեղ դրսեւորվել է բազմաշերտ երանգներով, Դավթի կերպարի մեջ խտացված են համաժողովրդական ձգտումներ` ազատության, ուժի, հերոսականության մասին նրա իդեալական պատկերացումները: Մտավորականին, հերոսին նկարիչը հաճախ է պատկերում բնության հետ ներդաշնակ, միջավայրի հետ այդ կապը ընդգծում է կերպարի անհատականությունը, որոշակի դեպքերում հոգեբանական վիճակների սրացում հաղորդում: Դավթի կերպարը այնպես է ձուլված բնությանը, որ ասես այդ լեռների մի մասն է, հողից եկող կանչը:

Ներքին ըմբոստ տարերքը նկարչական արտահայտության ճանապարհ գտնում է ոչ միայն պատմական- հերոսական թեմատիկայի մեջ. այդ տարերքը գրեթե ամենուր է` վարարած գետի ջրերում, ձիերի անսանձ վարգի մեջ, գալարվող ծառերի արմատներում. խենթացնող այս վազքը որոշակի հոգեվիճակի արտահայտություն է, ներքին ապրումների, հակասությունների, փախուստի, նկարչության մեջ ինքն իրեն վերագտնելու տրամադրություններ («Վարարած Քասախը գարնանը», «Գիշերային աշտարակ»):

Էդ. Իսաբեկյանը դիմել է նկարչության բոլոր ժանրերին`թեմատիկ- կոմպոզիցիա, բնանկար, դիմանկար, գրաֆիկա, նատյուրմորտ, էտյուտ, գծանկար, գրքի ձեւավորում. իր ձեռագրի կնիքը ամենուր է` ստատիկ վիճակ նա չի սիրում, շարժումը նրա նկարչության հիմնական առանձնահատկությունն է, նկարի գույնը հոսում է, լուսաստվերի վարպետ խաղը ստեղծում է շարժման իլյուզիա, որով անշարժ կտավը մոտենում է կյանքին` բնության անվերջ շարժումն իր մեջ կրելով:

Կյանքն ամբողջության մեջ զգացող, կյանքը բուռն ապրող մարդ էր Վարպետը, ընկերների, արվեստակիցների միջավայրում սիրված. սերնդակիցները հուշագրություններ շատ են թողել, սակայն դրանք չկարդացած էլ նկարները պատմում են հեղինակի մասին: Ինքնանկարներն արդեն բավական են տպավորությունն ամբողջացնելու, որտեղ կերպարի զարգացումը ժամանակային անցումների փոփոխություն գրեթե չի արձանագրում` անհատական նկարագիրը, ներքին դիմանկարը նույնն է` նույն շիտակ հայացքը, նույն հպարտ կեցվածքը: Թվում է` ինքնաճանաչողության բարդ ընթացքը նկարչին տրվել է ավելի վաղ ու ավելի հեշտ:

Հայ երկու գրողների` Դեմիրճյանի եւ Բակունցի կերպարների բնանկարային տպավորիչ ֆոնը ընտրված է որպես հոգեվիճակի բացահայտման միջոց: Եթե Դեմիրճյանի հետ նկարիչը շփումներ, կապեր է ունեցել, ապա այլ է Բակունցի պարագան: Կերպարի դրամատիզմը ավելի խորը ընկալելու համար պետք է կարդալ Իսաբեկյանի «Իսկ այգեպաններ միշտ կլինեն» էսսեն: Իսկ Իսաբեկյանի գրիչը նույնքան կոլորիտային - հյութեղ է, որքան` նրա վրձինը: Պատահական չէ, որ նա Բակունցի կերպարին է դիմել. ուրիշ ով է գրողի արձակը այսպես նկարչական, ծննդավայրը` այդքան բանաստեղծորեն նկարագրել` «Նկարիչ է իր ստեղծագործությունների կոմպոզիցիոն կառուցվածքի կոնստրուկտիվ հստակությամբ եւ խստությամբ: Բնանկարիչ` իմպրեսիոնիստի անխառն, զրնգուն գույների ներկապնակով, Կլոդ Մոնեի, Պիսսարոյի թրթռուն գույների կոլորիտով»: «Առավոտը շատ վաղ էր, եւ Խնձորեսկը կապույտ մշուշի մեջ էր, ոչ մի տուն չէր երեւում, ձորից միայն ծերպերի ծայրերն են ցցված` հայտնի ու անհայտ կենդանիների տեսքով: Հետո կատարվեց հրաշքը, արեւը դուրս եկավ, մշուշը ահռելի կապույտ վիշապի նման սկսեց գալարվել ու քաշվել գյուղից: Աչքերիս չէի հավատում, չէի հավատում, որ հեքիաթ չէ տեսածս»:

Վարպետի նկարչական թեմատիկայում կինը առանձնահատուկ, բազմախորհուրդ դեր ունի` ներկայացված ամենատարբեր ասպեկտներով` իբրեւ մայր, իբրեւ մտերմուհի, քույր կամ սիրուհի, կամ էլ` զուտ գեղեցկություն:

Մարմնաձեւերի ընտրության մեջ նա անթերի հղկվածություն չի փնտրում, նրանք այնքա՜ն բնական ու կյանքով լի են, սեր, կիրք ու ջերմություն են բուրում: Մարմնի պլաստիկան, շարժումը, անկաշկանդ վիճակները անմիջական, ձգողական դաշտ են ստեղծում. Լուիզայի ճոխ գեղեցկության առինքնող հմայքը` հեռացող ու մերձեցող` երկվության տրամադրություն, իսկ մարմնի ճիչը կարոտի արձագանք ունեն:

Իսաբեկյանի նկարներում Արփենիկ Նալբանդյանի կերպարը ամենազգայունն է, մերթ խոհուն ու խոնարհ, մերթ տրտում, անրջող` հարազատորեն նրան միշտ ուղեկցող: Կնոջ վաղաժամ հեռացումը կյանքից չսպիացող վերքի պես նկարներում արտահայտված ցավ ու ափսոսանք է, այստեղ զգացմունքները փոխում են գույներ ու գծեր, դառնում փխրուն ու հնազանդ, անտեսանելի, սահուն, ինչպես հեռացող ձայն, դառնում խոհական, ավելի մեղմ, ավելի զգույշ...

Իգդիրը... Իսաբեկյանի համար Իգդիրը միայն ծննդավայր չէ, դա արյան կանչ է, ավելի քան սերը, ավելի քան պաշտամունքը, որ վրձնի, ապա գրչի տակ հասել է գույնի, ձեւի, բառի, հույզի ու ապրումի այնպիսի խտացման, որ չգիտես աչքիդ առաջ նկար է, կամ գիր է արդյոք. այն կարծես ծես է, ծիսական խորհուրդ: Իգդիրը փնտրվող երազ է, մայրամուտի վերջին այն գեղեցկությունը, որից հայացքդ ակնթարթ իսկ չես ուզում հեռացնել` բոսորագույն հրաշքը չկորցնելու համար: Ինձ թվում է` նա ամբողջ կյանքում է նկարել Իգդիրը, արթմնի ու քնած գրել է ծննդավայրի վեպը. գրել է հրճվանքով, ուրախությամբ ու սիրով, փայփայելով հիշողության ամեն ծվեն, գրել է ցավով, մորմոքով ու տենդով: «Իգդիրը»` նկարաշար թե վեպ, ծննդավայր- բնության ձոն- օրհնանք է, հոգու խրախճանք, բառի, գույնի սահմաններում չտեղավորվող զգացում է. շատ է, ափերից դուրս է գալիս:

Իգդիրի լուսաբացնե՜րը... ի՜նչ սիրով է պատմում մարդկանց, նրանց կենցաղի, բարքերի, սովորույթների մասին, հապա այդ հողում աճող խաղողի տեսակները, հասունացած խաղողից գինի սարքող իգդիրցին, ի՜նչ հյութեղ գույն է հոսում գրքի էջերից. գիր ու գույն խառնված են իրար- նկարը պատմում է, գիրը` հայացքդ գունանկարում:

Իգդիրը կարոտ է, շարունակվող զրույց`

«Եվ իմացիր նաեւ, որ զրույցս քեզ հետ` սրտիս ու հոգուս թելադրանքով էր, քանի որ հոգիս շատ էր ծանր, որ մենակ կարողանայի տանել, առանց քո օգնության:

...Եվ պատճառը վերջին քո հանգիստը խանգարելու, սիրելիդ իմ Իգդիր, այն քար անտարբերությունն էր քո նկատմամբ, որից կարող էր աղբյուր ցամաքել, հացը կուլ չգնալ, արյունը լերդանալ երակներում, նրանց, որոնց երջանկություն էր վիճակվել ծնվելու քո հողածածկ կտուրների տակ:

Իսկ նրանք, ովքեր հետո ծնվեցին Երեւանի թիթեղապատ տանիքների տակ, առավել եւս թող ներողամիտ լինեն, եթե նրանց երակներում դեռ խլրտում է քո մովուզի գինու թանձր-բոսորակարմիր անհանգիստ արյունից... Գոնե մի կաթիլ: Իսկ եթե չկա, չի մնացել այդ կաթիլն էլ, կամ մակարդվել է, սպիտակել` լինելու բան չէ: Դու էլ չհավատաս, սիրելիդ իմ Իգդիր: Դու ամեն օր արեւածագին նայիր Արազի կողմը, դեպի Մարգարայի կամուրջը, ավելի հեռուն, դեպի Սարդարապատ, ուշիմ եղիր, զանգերն են ղողանջելու. կախված են բարձր սյուների վրա եւ կղողանջեն մի օր, ինչպես հրացանը պատից կախ, որ պիտի պայթի, եթե բլթակը չքաշեն անգամ, կլսես ու կտեսնես պատանիների` հագած-կապած, որ անցնելու են Արազը եւ դիմեն դեպի Լյառը մոտի...»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 07-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ