RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 05-12-2014



Տեղադրվել է` 2014-12-04 22:38:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1136, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 2

«ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ» ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ

Մ.Բ.

Երեւանի կենտրոնում, Իսահակյան փողոցի վրա, Գեղարվեստի պետական ակադեմիայի անմիջական հարեւանությամբ այսուհետեւ կգործի եւս մեկ մշակութային օջախ` «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը, որի բացումը կատարվեց օրեր առաջ:

Մեր քաղաքը մասնավոր պատկերասրահներով եւ ընդհանրապես մշակութային վայրերով հարուստ չէ: Հետանկախության շրջանում հանրային կյանքի այս կարեւոր ոլորտը ամենից ավելի անուշադրության մատնվեց, սկզբնական տարիներին օբյեկտիվ պատճառներով, հետագայում դարձավ սովորական, եւ դրա պահպանումն ու զարգացումը շատ առումներով ստանձնեցին առանձին մտավորական խմբեր, անհատներ, նաեւ սփյուռքահայ ձեռներեցներ: Այդպես, քաղաքում հայտնվեցին մասնավոր պատկերասրահներ, որոնցից շատ քչերին է հաջողվում դիմադրել ներկա պայմաններին, զարգացնել իրենց բիզնեսը արվեստի հայաստանյան դեռես չձեւավորված շուկայում, եւ դրանք հաճախ փակվում են:

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահը բացվել է նկարչի դուստրերի նախաձեռնությամբ, ավագ դուստր Զարուհի Մուրադյանի ջանքերով եւ նրա ամուսնու` Հակոբ Ճաղարյանի աջակցությամբ, որն իր գրասենյակային տարածքը տրամադրել է ցուցասրահ ստեղծելու նպատակին:

Բացման խոսքում Զարուհի Մուրադյանը ներկայացնելով կատարված աշխատանքը, նկատեց, որ ներկա ցուցադրությունը մշտական չի լինելու, փոփոխվելու է, եւ քանի որ նվիրված է վերջերս կյանքից հեռացած իրենց մայրիկի հիշատակին, ցուցադրության կոնցեպցիան փոխվել է, համապատասխանացվել այդ նպատակին, ներկայացվել են նկարչի` կնոջ կերպարին, բնությանը, ընտանիքին նվիրված գործեր: Նա նաեւ նշեց, որ Սարգիս Մուրադյանը ըստ արժանվույն գնահատված չէ, եւ նրա աշխատանքների մշտական ներկայացմամբ պատկերասրահը կնպաստի նկարչի արվեստը հանրությանը առավել ճանաչելի դարձնելուն:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ընդգծեց ոչ պետական թելադրանքով գործող մշակութային օջախների կարեւորությունը քաղաքային կյանքում` երեւույթը դիտելով որպես արվեստի ազատ դրսեւորման վկայություն եւ հնարավորություն: Նա ներկայացրեց նկարչի խառնվածքի ընդգծված ըմբոստ ու պայքարող բնույթը, մասնավորապես վերաբերմունքը եւ ուշադրությունը հանրային կյանքին, անհրաժեշտ պահերին անձնապես ակտիվ մասնակցության գործելակերպը: Այդպես հիշեց Սարգիս Մուրադյանին նաեւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը , գնահատելով մտավորականի քաղաքացիական ակտիվ պահվածքն ու գաղափարական հստակ կողմնորուշումները, նրան համարելով Երեւանի մշակութային կյանքի իր ժամանակի խորհրդանիշներից, նկարագրով` քաղաքի մշակութային մթնոլորտ ստեղծողներից մեկը:

Նոր պատկերասրահի մուտքը երեւանյան մշակութային կյանք ողջունեց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը ` խոսելով նկարչի արվեստի մասին, նրան համարեց 60-ականների սերնդի լավագույն ներկայացուցիչներից, որի ամեն ստեղծագործություն միջավայրի հետ համահունչ է եւ ժամանակի արձագանք, եւ որ պատիվ ու հարգանք է Երեւանում ունենալ Սարգիս Մուրադյանի անվան պատկերասրահ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 05-12-2014

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ