RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 05-12-2014



ՄԵԾԵՐԸ` ՄՏԵՐՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Տեղադրվել է` 2014-12-04 22:38:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 654, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԲՈԿՈՎԻ «ԵԹԵՐԱՅԻՆ» ՆԱՄԱԿՆԵՐՆ ՈՒ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԱԶՆԵՐԸ

Թարգմանությունըՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

«The Times Literary Supplement» (Թայմսի գրական հավելված) շաբաթաթերթում Էրիկ Նայմանը (*) գրախոսում է Վլադիմիր Նաբոկովի «Նամակներ Վերային» (Letters to Ve՛ra) հատորը

(864 էջ)ՙ հրատարակված «Penguin Classics» հրատարակչատան կողմից: Նամակների թարգմանությունները կատարել են Օլգա Վորոնինան եւ Բրայան Բոյդը: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք հատվածներ այդ հոդվածի առաջին մասից: Երկրորդ մասը` հաջորդիվ:

Տեղեկանք: Վլադիմիր Վլադիմիրովիչ Նաբոկովը ծնվել է 1899-ին Սանկտ Պետերբուրգում: Հայրը ընդդիմադիր կադետների կուսակցության անդամ է եղել եւ 1919-ին իր ընտանիքի հետ հեռացել է Բոլշեւիկյան Ռուսաստանից եւ երեք տարի անց սպանվել Բեռլինում: Պատանի հասակից Վլադիմիրը ծանոթացել է Ուելսի, Պոյի, Քիթսի, Ֆլոբերի, Վեռլենի, Տոլստոյի, Չեխովի, Կոնան Դոյլի եւ Ժյուլ Վեռնի ստեղծագործություններին: Ուսումնասիրել է սլավոնական եւ ռոմանո-գերմանական լեզուներ Քեմբրիջի Տրինիտի քոլեջում: Այնուհետեւ 18 տարի ապրել է Բեռլինում եւ Փարիզում: Ամուսնացել է Վերա Սլոնիմի հետ 1925-ին, բախտավորվել մեկ զավակով, որին անվանել են Դմիտրի: 1940-ին հեռանալով Ֆրանսիայից հաստատվել է Մ. Նահանգներում, դասավանդել Ուելսի, Հարվարդ եւ Կոռնել համալսարաններում: Այնուհետեւ ափսոսանքով հրաժարվել է ռուսերեն (իր բնութագրմամբ հարուստ, անսահման եւ դյուրըմբռնելի) լեզվից եւ որդեգրել անգլերենը: Հեղինակել է «Bend Sinister» (1947), «Lolita» (1955), «Pnin» (1957) եւ «Pale Fire» (1962) գրքերը: Մեզ ծանոթ է «Լոլիտան», որն առաջին անգամ ֆիլմի է վերածվել 1962-ին Ստենլի Կուբրիկի կողմից (դերակատարՙ Ջեյմս Մեյսոն): Նաբոկովը վախճանվել է Մոնտրոյում (Շվեյցարիա) 1977-ին:

Մաս 1: Ինչպիսի՜ բռնկուն երջանկություն

1926 թվի հունիսի 1-ին Վերա Նաբոկովան մոր ուղեկցությամբ դուրս գալով Բեռլինից ուղեւորվում է Սեւ Անտառ կոչված վայրը Արեւմտյան Գերմանիայի հարավում, որտեղ հույս ուներ առողջարանում մնալով բուժվել դեպրեսիայիցՙ ճնշված հոգեկան վիճակից: Նա թողել էր ամուսնուն, ում հետ ամուսնացել էր մեկ տարի առաջ: Թողել էր նաեւ մի նոթատետրՙ համարակալված եւ թվագրյալ էջերով: Վլադիմիր Նաբոկովը խոստացել էր ամենօրյա հաշվետվություն ներկայացնել նրան այն մասին, թե ինչ է գրում, ինչ է ուտում եւ ինչ հագուստ է կրում:

Այդ ժամանակ ընդամենը քսանյոթամյա գրողի նամակները պարունակում են նրա կողմից երբեւէ գրված ամենահուզիչ տողերը` լի մերթ իմպրեսիոնիստական հայացքներով, մերթ գերազանց մանրամասնություններով շրջապատող աշխարհի, որը նրա պատկերացմամբ «ցավալիորեն գեղեցիկ» է: Մենք սովոր ենք առողջ, ուրախ, պնդակազմ ընթերցողի համար գրող Նաբոկովին: Այս տողերում մենք տեսնում ենք կատակող, չարաճճի Նաբոկովին, ով պատրաստ է ընթերցողի առաջ փռելու իր կախարդական գորգը, որպեսզի նա կարողանա սավառնել: Նաեւ բռնակալը, ով հանդգնում է արհամարհել Ֆրեյդի, Սարտրի եւ Մաննի նման կուռքերին: Նաբոկովը այս նամակներում, որոնցից մի քանիսն են միայն տպագրված ռուսերենով, բոլորովին տարբեր է: Նա այլեւս այն մոլեռանդ անձնավորությունը չէ, ով փորձում է խորամանկությամբ խաբել, այլ մի հեղինակ, ով ցույց է տալիս իր թույլ սեռի ընթերցողին լուսաշող մի աշխարհ, որը դադարել է լինել հաճույքի ու զմայլանքի աղբյուր:

Նամակներից մի քանիսը բանաստեղծություններ են պարունակում: Ուրիշներ բանաստեղծություններ գրելու մասին են, իսկ երրորդ խումբը հիմնականում արձակ պոեմներ են: 1926ի ամռանը գրված նամակների մեծ մասը իրերը տեսնելու կարեւորության մասին է եւ ինչպես «Նվերը» (The Gift) վեպում, երախտագիտություն է արտահայտում, որ գեղեցկությունը ամենուրեք է գտնվում, նույնիսկ զզվանք առաջացնող պատկերներում, տեսարաններում: Նաբոկովի համար յուրաքանչյուր օրվա եղանակը յուրօրինակ ներկապնակ է («եղանակն այս առավոտ ձանձրալի էր, բայց տաք, երկինքը նման էր եռացող կաթի, որի երեսը եթե գդալով մի կողմ տանեիր, արեւը կերեւար: Դրա համար էլ ես իմ սպիտակ շալվարը հագա»:) Նա ուշադիր լսում է տեղացող անձրեւի ձայնին եւ հրաշալի տողերով նկարագրում ջրափոսերը, որոնք հետագայում ավելի էր կատարելագործելու իր «Թագավոր, թագուհի, վալետ» (King, Queen, Knave) վեպում:

Վերայի մեկնումից հետո գրած առաջին նամակում Նաբոկովն իրեն ներկայացնում է անկողնում պառկած, խորհրդային գռեհիկ մի կարճ պատմվածք կարդալիս: Այնուհետեւ նա բացում է պատուհանը եւ նայում, թե ինչպես են մի խումբ դպրոցական աղջիկներ իրենց ուսուցչուհու ղեկավարությամբ մարմնամարզություն պարապում: «Մի աղջիկ միշտ հետ էր մնում, շփոթված էր երեւում եւ թեթեւակի հազում էր», գրում է նա:

Այս նամակների հեղինակը հեռու է իր իսկ վեպերում հանդես եկող եսասեր, սեփական անձը կարեւորող կերպարներից: Դրանք սիրով եւ համակրանքով են հագեցած եւ համարյա զուրկ են կիրքից եւ տարփանքից: Դրանք եթերային են եւ ոչ երկրային: Ամենակրքոտ նամակը երեւի 1925-ին գրվածների մեջ պետք է գտնել, որտեղ նա այսպիսի տողեր է շարադրել. «Ես զգում եմ քո քաղցրիկ երկար սրունքները, քո պարանոցը, քո դողդողացող թարթիչները եւ այնուհետեւ երջանկություն եմ ապրում, այնպիսի բռնկուն երջանկություն իմ երազներում, որ պարզապես ինձ շնչահեղձ է անում»: Մյուսներում նա ընդհանուր առմամբ բավականին զուսպ է: «Ես պաշտում եմ քո մտքի փոքրիկ թելերը, քո երկարացված ձայնավորները, քո ամբողջ էությունըՙ ոտից գլուխ»:

Այս Նաբոկովը կարծես հեռավոր ազգականը լինի այն Նաբոկովին, որ հետագայում հանդես է գալու «Փլեյբոյի» էջերում: Եթե թերություն ցանկանանք գտնել 1926-ի նամակներում, ապա պետք է նշել, որ դրանք երբեմն այնքան հոգատար են, որ անլուրջ են թվում: Նա Վերային փոքրիկ խաղալիք կենդանիներ է գնում, հնարում կախարդական էակներ, ուղարկում նրան բառախաղեր եւ գլուխկոտրուկներ, որոնք ոմն «Պարոն Սիրելին» է պատրաստել: Նույնիսկ անեկդոտներ է պատմում նրան: Յուրաքանչյուր նամակ հասցեագրված է եղել փաղաքշական մի փոքրիկ կենդանու, օրինակՙ «սագիկս», կամ «պապուսիկս» (Puppy շնիկ, շան ձագ եւ Pussy (փիսիկ) բառերի միաձուլումից ստացված բառ):

Վերան ոչնչացրել է ամուսնուն գրած իր նամակները: Մենք նրա տրամադրությանը եւ նամակների ոճին ծանոթանում ենք Վլադիմիրի պատասխաններից: Նա հաճախ ողորմելի վիճակում է եւ ցանկանում է տուն վերադառնալ, բացյ Վլադիմիրը վախենում է ժամանակից շուտ տուն վերադառնալու հետեւանքներից: «Փոքրիկս, խնդրում եմ դիմանաս եւս երկու-երեք կարճատեւ շաբաթ... զգում եմ, որ առողջանում ես», «հասկացիր, սիրելիս, չենք ցանկանում, որ դու լրիվ չապաքինված տուն վերադառնաս», «Աղաչում եմ, սիրելիս, վանիր վհատությունը... եւ ինչ որ ապաստարան գտիր վերջապես քեզ համար», գրում է նա:

Վլադիմիրը շատ հաճախ նախադասությունների մեջտեղում կամ այլ խոհեր արտահայտելու ընթացքում «սիրում եմ քեզ» բառերն է մեջբերում, դա ե՛ւ հուզիչ է, ե՛ւ խոսում է նրա հոգացողության մասին, բայց միաժամանակ տպավորություն է ստեղծում, որ դրանքՙ այդ բառերը անհրաժեշտ են իրենց սերը վառ պահելու համար:

Վերայի կենսագիր Ստեյսի Շիֆը 1999-ին գրած իր գրքում շատ հարեւանցիորեն է անդրադառնում 1926-ի ամռանը, չնայած ծանոթ էր այս նամակներին եւ Վերայի ընկճվածությանը: Նամակներում ամուսինների կերպարների հակասությունը ընդգծված ձեւով երեւում է: Վլադիմիրը զվարթ է, կենսասեր: Վերանՙ հուսահատ, ընկճված:

Մի երեկո Վլադիմիրը ընկերներից մեկի տանը ներկա է գտնվում մի հավաքույթի, որտեղ յուրաքանչյուրը պետք է աֆորիզմներ պատրաստեր «հաճույքի» եւ «տառապանքի» թեմայի շուրջ: Հետագայում նա Վերային գրում է. «Իմ սիրելի էակ, ես չգիտեմ ինչ բան է «հաճույքը» կամ «տառապանքը»: Ես գիտեմ միայն, թե ինչ է «երջանկությունը», եւ երջանկությունը դու ես, քո մասին մտածելն է»:

1926-ից հետո գրված նամակները նվազ կենսունակ են: Իսկ 1932-ին գրվածները ընդհանրապես բացակայում են: Դրանք գոյություն ունեն միայն Բոյդի երկհատորյակի (1990-1991) համար պատրաստված ձայներիզների վրա, երբ Վերան նրան բարձրաձայն կարդում էր դրանք, մերթ ավելացնելով, մերթ պակասեցնելով հատվածներ ըստ իր հայեցողության: Նշենք, որ 1932-ին Վլադիմիրը տոնում էր իր հաղթական մուտքը Փարիզ: Վերջին շրջանի նամակները ավելի գործարարական բնույթ ունեն եւ զուրկ են իրերի գեղեցկությունը որոնելու իր նախկին հետաքրքրությունից, բայց երբեմն-երբեմն դրանցում էլ հանդիպում ենք հրաշալի նկարագրությունների եւ կենդանիների հետ համեմատությունների: «Չաղլիկ մոդեռնիստ Ալեքսեյ Ռեմիզովը ներքինիի տեսք ունի, կարծես գերված շախմատի ֆիգուրա լինի», «Իվան Բունինը կարծես հյուծված ծերունի կրիա լինի, որն իր ջլուտ մոխրագույն վիզը դուրս է ցցում» եւ այլն:

Այս վերջին շրջանի նամակներում հրաշալի տողերով են նկարագրված Փարիզը, Լոնդոնը, Քեմբրիջը: Հատկանշական է, որ դրանցում քաղաքականությունը քիչ է արծարծվում: «Քենսինգտոն պարտեզներում ծաղկած դեղին զառ-մանուշակները նման են փոքրիկ հիտլերյան դեմքերի»: Հիմնական միտքը հետեւյալն է. նա գնալով ավելի է համոզվում, որ կյանքում արվեստն է ամենից կարեւորը: Վերային գրած նամակները դրա վառ ապացույցն են: 1937-ին մենք նրան տեսնում ենք Փարիզում «անտանելի» պսորիազով տառապելիս: Նա այնտեղ փորձում էր ֆրանսերեն թարգմանությամբ հրատարակել իր գիրքը: «Հրեշային քորից էի տառապում.... երկու ամիս անընդհատ... ոչ մի րոպե չդադարող քորից... արհեստական լույսի բուժումները մի փոքր հանգստանցում էին»: Բայց այդ շրջանում լուրեր են պտտվում, որ նա սիրուհի է պահում: Իր գրած նամակներում Վերայից, իր հրեա կնոջից խնդրում է հեռանալ Բեռլինից եւ միանալ իրեն: Բայց Վերան, հավանաբար տեղյակ լինելով բամբասանքներին, վարանում է: Որոշ ժամանակ անց պարզվում է, որ բամբասանքները հիմնավոր են: Վլադիմիրը իրոք սիրային կապ է հաստատել երիտասարդ Իրինա Գուադանինի հետ, որին Բոյդը ներկայացնում է որպես «կես դրույքով աշխատող պոետի, որն իր ապրուստն է վաստակում շներ խնամելով»:

Վլադիմիրն իր այս շրջանի նամակներում նախատում է Վերային նրա անվճռականության համար. «Քո անվճռականությունը սպանում է ինձ: Ի՞նչ է կատարվում քեզ հետ: Ներիր... բայց այսպես չի կարելի շարունակել»:

«Նամակներ Վերային» գրքում շատ քիչ բան է ներառված զույգի Ամերիկայում ապրած տարիներից, հավանաբար որովհետեւ նրանք գրեթե միշտ միասին են եղել: Այդ հատորը առավելապես հետաքրքական է Նաբոկովի կյանքն ու ստեղծագործությունները ուսումնասիրողի համար: Բոյդի եւ Օլգայի թարգմանությունները հրաշալի են: Մեծ աշխատանք է տարված նաեւ ծանոթագրությունների հարցում: Մի խոսքով հատորը «տպավորիչ ձեռքբերում» է:

(*) Էրիկ Նայմանը Բերքլիի Կալիֆոռնիա համալսարանի Սլավոնական լեզուների եւ գրականության ֆակուլտետի պրոֆեսոր է: Նաբոկովի մասին մենագրություն է հրատարակել 2010-ին:

Նկար 1. Նաբոկովը հերթական գործն է թելադրում Վերային:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 05-12-2014

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ