RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Ու՜Ֆ եսիմ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 12-12-2014



ՄԵԾԵՐԸ` ՄՏԵՐՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Տեղադրվել է` 2014-12-11 22:00:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1168, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՆԱԲՈԿՈՎԻ «ԵԹԵՐԱՅԻՆ» ՆԱՄԱԿՆԵՐՆ ՈՒ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԱԶՆԵՐԸ

Թարգմանեց եւ հրատարակության պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Մաս 2: Ժամանակի հորինվածքները

«Թայմսի» գրական հավելվածի նույն համարում (հոկտեմբերի 31, 2014 թ.) Գենադի Բարաբտառլոն (*) քննության է առնում հիսուն տարի առաջ Վլադիմիր Նաբոկովի անձնական նախաձեռնությամբ սկսված «երազների մեկնության փորձը», որը տեւել է երկու ամիս (հաշվի առնելով գրառումների քանակը, 64 հատ, որոնք ներկայիս գտնվում են Նյու Յորքի հանրային գրադարանի «Բերգ» (Berg) կոչված հավաքածուում): Ամեն առավոտ նա գրի է առել այն ամենը, ինչ իր գիշերվա երազից մնացել է հիշողության մեջ: Հաջորդող օրերին նա սկսել է որեւէ կապ որոնել տեղի ունեցող երեւույթների, դեպքերի եւ իր գրառումների միջեւ, պարզելու համար, թե այդ երազները նախաիմացակա՞ն, նախազգուշակա՞ն, ապագային միտվա՞ծ, թե՞ հետահայաց, կատարվածի որպես անմիջական արդյունք կամ հետեւանք հանդիսացող բնույթ ունեն: Երազները կարող են, ըստ այդ հարցում որոշ տեսաբանների, նաեւ լինել անցյալ եւ ապագա իրադարձությունների միաձուլումը, քանի որ ժամանակի հոսքը միակողմանի չէ: Տեսությունը, կամ համենայն դեպս դրա կարեւորագույն մասը, առաջ էր քաշել Ջ.Վ. Դանըՙ վաղ 20-րդ դարի իռլանդացի ավիաինժեները, նորարար մտածողը եւ գրողը: 1927-ին գրած նրա «An Experiment with Time» գիրքն էր, որ Վլադիմիրին մղել է փորձարկել նրա տեսությունը: Հետաքրքրականն այն է,որ Վլադիմիր Նաբոկովը իր ամբողջ կյանքի ընթացքում տառապել է անքնությունից: Այնպես որ, նա երազներ պետք է տեսած լիներ արշալույսից քիչ առաջ, քնաբերների ազդեցության վերջին փուլում: Տեսությունը հարազատ էր թվացել նրան: Այդ փորձը նոր դուռ էր բացել նրա առաջ, սկսել էր գրել իր «Մոնտրո» վեպերի շարքը, որոնցից է «Էյդը» (Ada) հատորը, հրատարակված 1969-ին (սեւագիր օրինակըՙ 1959-ին):

Երազների մեկնաբանման իր փորձը սկսելուց մոտ հինգ օր անց նա արձանագրում է «իր առաջին անառարկելի հաղթանակը»: Նա հավատացած է եղել, որ իր երազներից մեկում տեսել է երեք օր անց հեռուստատեսային մի ֆիլմի ընդհանուր գծերը, եւ եզրակացրել, որ ֆիլմը հետեւել է իր երազին: Այսինքն նա կանխատեսել է ապագան: Բայց նրանից վրիպել է այն փաստը, որ երազը անմիջական արդյունքն էր իր նախկինում (1939-ին) գրած կարճ պատմվածքի («Այցելություն թանգարան») երկու տեսարանների: Այստեղ բացահայտորեն տեսնում ենք ժամանակի կապը ինչպես անցյալի, այնպես էլ ապագայի հետ:

Վլադիմիրը վեց տեսակի է դասակարգել իր երազները. ա) պրոֆեսիոնալ, մասնագիտական (այսինքնՙ գրական-ուսուցողական), բ) աղոտ, ճակատագրական (մղձավանջներ, սպառնալիքներ, հանելուկներ), գ) տպավորությունների ազդեցություններ (օլիմպիական խաղեր, եւ այլն), դ) անցյալի հիշողություններ (մանկություն, ծնողներ, դպրոցական կյանք եւ վտարանդիություն), ե) նախաճանաչողական, նախաիմացական, եւ զ) էրոտիկ քնքշական:

Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք «երազների մեկնության փորձ» գրառումներից մի քանիսին: Հոդված 1-ին` նամակների մասը ներկայացրել ենք մեր նախորդ համարում:

Հոկտեմբերի 14-ը, 1964 թ., Մոնտրո (Շվեյցարիա)

Երկուսս վազում ենք ասֆալտի վրայով: Վերան իմ հետեւից: Փորձում ենք առաջ անցնել մի ձիակարգից: Ինքս ինձ եւ Վերային (որն այժմ հետեւում չէ այլեւս) հարցնում եմ, թե ո՞ր կողմից վազողը պետք է առաջ անցնի ձիակարգից: Մի օտարական կլոր դեմքով եւ բավական ծեր կառքի միջից ինձ հարցնում է ռուսերենով (կամ գերմաներենով), թե փող ունե՞մ արդյոք: Քննադատում է հագուստս: Բացատրում եմ, որ շալվարիս վրայի բծերը հետեւանք են այն բանի, որ ջրափոսի վրայով եմ անցել: Չեմ կարողանում գտնել ճանապարհը կամ հիշել անունը Բեռլինում այն հրապարակի, որտեղ Վերան (հիմա արդեն ինձնից առաջ) ցանկանում է այցելել մի թանգարան: (Բացատրություն: Մի քանի օր առաջ մենք այցելել էինք Լոզանում արդի նկարչության մի ցուցահանդես: Բայց մթնոլորտը երազումս տարբեր էր: Ինչ վերաբերում է Վերայի ետ ու առաջ անցնելուն, հիշեցի, որ երբ քայլում էինք փողոցով, նա իմ առջեւում էր, ես հետեւում էի, եւ մեր մոտից արագ անցնում էին ավտոմեքենաներ):

Հոկտեմբերի 16-ը, 1964 թ.

Պարում եմ Վերայի հետ: Ամառային բաց հագուստ է հագել: Նրան մի անծանոթ, կողքով անցնելիս, համբուրում է: Ես նրա գլխից բռնում եմ եւ այնպես ուժգին հարվածում երեսին, որ նա դիմացի պատից համարյա կախվում է մսի կտորի նման: Հետո իրեն արձակելով արյունլվա դուրս է գալիս դահլիճից: (Բացատրություն: Հինգշաբթի երեկոյան հեռուստատեսությամբ ցույց էին տալիս, թե ինչպես էին հաշվեհարդար տեսնում եւ կախում Հիտլերի դեմ մահափորձ կատարողներին):

Հոկտեմբերի 23-ը, 1964 թ.

Կրկնվող երազներ: Հատվածներ դրանցից մեկից:

Կարծես մարզարանում եմ կամ վարսավիրանոցում: Ինձանից մի փոքր հեռավորության վրա Դմիտրին է սավանի մեջ փաթաթված. կա՛մ մերսումներ է ընդունում, կա՛մ մազերն է կտրել տալիս: Կողքին ֆոնոգրաֆ է դրված:

Լսվում է իրեն զվարճացնելու համար ձայնագրված իմ ելույթը: Երգում եմ մի հատված (հավանաբար «Բորիս Գոդունովից»): Ակնկալածիցս նվազ զվարճալի է: Մեղեդին անճանաչելի է եւ նույնիսկ վերջավորությանը հնչող «հա-հան» կեղծ է հնչում:

(Բացատրություն: Դմիտրի Նաբոկովը օպերային երգիչ (բասսո) էր: Երազից երեք տարի անց պետք է կատարեր «Բորիսի մահը» արիան Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերայից: Իսկ ինը տարի անց Վ. Նաբոկովը պետք է գրեր ծանոթագրությունները ռուսական երգերի եւ ռոմանսների մի ալբոմի, որն իր որդին այնուհետեւ ձայնագրել տվեց BASF ֆիրմայի համար):

Հոկտեմբերի 31-ը, 1964 թ.

Մի քանի երազների միջից այս մեկը մանկությանս հիշողությունների մասին իրոք ապշեցնող էր: Ես վատ տրամադրության մեջ էի դարձյալ եւ լացում էի: Մենք արտասահմանում էինք: Ես 4-5 տարեկան էի, եւ մայրս ստիպված էր տանել իմ այդ սարսափելի քմահաճույքները: Երազում բավական լավ էր պատկերված աղետալի վիճակի զգացողությունը, երբ ես ինքնամոռաց լաց էի լինում, բայց միաժամանակ զգում, որ յուրաքանչյուր հեկեկանքի եւ տնքոցի հետ առավել հեռանում եմ անօգնական մայրիկիս հետ հաշտվելու հնարավորությունից:

Այս անգամ երազումս այնպիսի փոթորկալից վիճակում էի, որ դուրս վազեցի իմ եւ Ս.ի հյուրանոցային սենյակից դեպի միջանցք եւ փորձեցի մտնել մայրիկիս սենյակը: Նա ինձ ներս չթողեց: Գոռաց իմ վրա ասելով, որ ինչ-որ հագուստ է փորձում: Ներխուժեցի զուգարան եւ կանգնելով կափարիչի վրա ձգվեցի դեպի բաքըՙ բռնվելով դեպի վեր սլացող խողովակից, եւ դեմքս խրեցի բաքի մեջ: (Երազը տարօրինակ ձեւով իմ հասակս էր կարծես փորձում չափել): Մայրս կարմրած դեմքով եւ փայլփլուն աչքերով դուռը բացեց եւ մտավ այն սենյակը, որտեղ հեկեկում էի: Այդ րոպեին եղբայրսՙ Ս-ն, ում անգլիացի դաստիարակչուհին փորձում էր հագցնել, լսելով իմ ձայնը, միացավ ինձ, եւ խնդիրը բարդացավ: Հետեւանքում Մ-ն փոխանակ ինձ մխիթարելու եւ հանգստացնելու, սկսեց ինքն էլ լաց լինել: (Բացատրություն: Ս-նՙ Սերգեյ Նաբոկովն է, Վլադիմիրի կրտսեր եղբայրը (1900-1945), ով մահացել է Գերմանիայում համակենտրոնացման ճամբարում: Մ-նՙ Ելենա Նաբոկովան է (ծնյալ Ռուկավիշնիկովա, 1876-1939) Վլադիմիրի մայրը: 1954-ին Նաբոկովը վերանայել է եւ ռուսերենի թարգմանել իր «Խոսիր, հիշողություն» ինքնակենսագրական հատորը, որ հրատարակվել է «Դրուգիե բերեգա» («Այլ ափեր») վերնագրով):

Նոյեմբերի 5-ը, 1964 թ.

Մորս ճանապարհ եմ դնում: Ժամը կեսօրվա 1-ից տաս րոպե է պակաս: Գնացքը շարժվելու է ուղիղ 1-ին: Տաքսի ենք վերցնում եւ կայարան հասնում մեկից 4 րոպե պակաս: Բայց գնացքի գաղափարը արդեն մտքներիցս դուրս է եկել, եւ մայրս պետք է բլրակն ի վեր բարձրանալով նստի ճոպանուղի: Մի պահ ես օգնում եմ նրան, վերցնելով նրա երկու ճամպրուկներից մեկը: Հետո հիշելով, որ տաքսու վարձը չեմ վճարել, թողնելով մորս հետ եմ գնում, բայց տաքսին արդեն մեկնած է լինում: Գիտեմ, որ կվերադառնա եւ հավելյալ գումար կպահանջի: Փորձեք կռահել, թե երբ կգա, քանի որ բավական երկար ճանապարհ է: Մինչ այդ մայրս բեռնակրի օգնությամբ արդեն բարձրացել է բլուրն ի վեր դեպի ճոպանուղու կլոր խցիկը: Նրան ցտեսություն չեմ ասել եւ դա ինձ անհանգստացնում է: Բայց մինչ սկսում եմ բարձրանալ, զգում եմ, որ ամբողջ բլուրը կամ կղզիանման բլուրը սկսում է շարժվել: Զարմանում եմ, որ մարդիկ չեն շարժվում, քանի որ զգուշացված չեն դուրս գալու խցիկից: Նրանք հիմա են այդ անում: Սկսում եմ սահել ցած, զգալով, որ անսովոր այդ վայրում վտանգավոր բան եմ նախաձեռնում: Հույս ունեմ, որ կտեսնեմ մորս նախքան որ ամբողջ հարմարանքը տեղաշարժվի: Ըստ երեւույթին արդեն շարժվում է, եւ ես մտահոգվում եմ, որ ոտքերիս տակ ճեղքվածք կառաջանա: Հիմա ժայռի կտորի վրա եմ եւ ներքեւում ջուր է: Մենք հաստատ տեղաշարժվում ենք: Ես պետք է դուրս գամ այդտեղից, բայց չեմ ուզում թրջվել: Մի դուրս ցցված ճյուղ օգնում է ինձ, որ ճոճվեմ եւ ապահով վայրէջք կատարեմ առանց ոտքերս թրջելու: Քայլում եմ մացառոտ մի արահետով: Երիտասարդ մի կին փոքրիկ տղայի ընկերակցությամբ, հետո նաեւ մի հասակով կին հայտնվում են եւ քայլում դեպի վայրէջքային գոտի: Կինը ֆրանսերենով ասում է մորաքրոջը. «Գիտես, նա հանգիստ կքնի այդ տաք վայրում»: Փոքրիկ տղան մի տեսակ ձանձրանում է երկու կանանց ուղեկցելով: Նա ազգակցական կապ չունի նրանց հետ: Բայց քաղաքավարի է եւ լավ բնավորության տեր: Ուրիշ շատերի եմ տեսնում, բայց ոչ մորս:

(Բացատրություն: Երազի սկիզբը նման է «Սեբաստիան Նայթի իրական կյանքը» (The Real Life of Sebastian Knight) գրքի երրորդ գլխում նկարագրված պատկերին, որտեղ Վլադիմիրը եւ մայրը խելահեղորեն չափչփում են պլատֆորմըՙ չկարողանալով բարձրանալ գնացքը, որով հույս ունեն փախչել բոլշեւիկյան Ռուսաստանիցՙ առանց Սեբաստիանի, ով չափազանց ուշանում է:

Երազի երկրորդ մասը հիշեցնում է նույն վեպի վերջավորությունը, որտեղ մահամերձ մի մարդ պատկերացնում է, թե ինչպես կյանքի «նավահանգրվանը» մեղմորեն սլանում է ոտքերի տակից եւ ինքն արդեն հայտնվում է «մյուս կողմում»: Երազի ճոպանուղու հատվածը ժամանակի հակառակ ուղղության հետ կապ ունի: 1975-ին երբ Ալպերում թիթեռնիկներ էր որսում, Նաբոկովը ցած է գլորվում թեք լանջից եւ անօգնական պառկում այնտեղ որոշ ժամանակ, մինչ ճոպանուղու վագոնները գլխավերեւում անցնում են որոշակի ընդմիջումներով):

Նոյեմբերի 11-ը, 1964 թ.

Կիսաքուն վիճակում որոշեցի գրի առնել այս մեկը: Անցյալ օրը մտածում էի, թե տարօրինակ է, որ երազներում շատ հազվադեպ է, որ տեսնեմ մի բան հորինելիս: Բայց այս գիշեր, երազիս վերջում ես բախտն ունեցա նման մի բան տեսնելու: Բազմոցին պառկած եմ եւ Վերային թելադրում եմ, հավանաբար ձեռքիս պահած գրված քարդերից: Հետո առանց քարդերին նայելու սկսում եմ հորինել տողեր կապված «Նվերը» հատորիս նոր, վերամշակված տարբերակի հետ: Երիտասարդ Ֆ-ն խոսում է իր ճակատագրի մասին: Ես ռուսերենով թելադրում եմ. «Ինչի մասին էլ մտածեմ, միեւնույն էՙ յուրաքանչյուր մտքից իմ մեծ ապագան էր դուրս ցցվում ստվերի նման ու ձգվում դեպի հոգուս խորքը»: Շատ դանդաղ եմ թելադրում, շեշտելով «հոգու խորքը» բառերը, կշռադատելով ամեն մի բառ, մտածելով օգտագործել «մեծ» թե «հրաշալի» բառը եւ վերջում կանգ առնելով մեկի վրա: Մտածում եմ, որ ոչ ոք ինձնից լավ չի ներկայացրել կարոտախտի թեման, որ ես նրբորեն որոշակի գաղտնի լարվածություն եմ հաղորդել դրան (մի ամբողջ երեւակայական հատված «Նվերում»): Նախքան, որ որեւէ մեկը ընդմիշտ թողնի այդ դաշտերն ու պողոտաները, այլեւս երբեք այդ վայրերը չվերադառնալու զգացումը դրոշմված է լինում նրանում:

Ես նաեւ գիտակցում եմ, որ «Ֆյոդորի» նախադասությունը դանդաղ թելադրելիս, հրճվանք եմ պատճառելու (եւ զարմանք) Վերային, որովհետեւ ընդհանրապես ես լավ չեմ հանպատրաստից թելադրելու մեջ: Սովորաբար քարդերի վրա գրածից եմ թելադրում: Ավելին, ինձ միանգամայն դուր է գալիս այն փաստը, որ կարողացա Ֆյոդորի յուրաքանչյուր մտքից ծնված ապագան, կամ ապագայի ստվերը այլաբանական իմաստով ետ, դեպի իր հոգու խորքը ուղղորդել, եւ ոչ թե թողնել անորոշ, ինչպես սովորաբար ընդունված է:

Պետք է նշեմ, որ մոտ 25 տարի առաջ Նյու Յորքում ես իմ «Նվերը» (The Gift) գիրքը շարունակելու մասին էի մտածում, ուզում էի Ֆ-ի եւ Զ-ի կյանքի շարունակությունը տեսնել Փարիզում:

(Բացատրություն: Նաբոկովը սովորություն ուներ ձեռագրերը թելադրելու կնոջըՙ Վերային, ով մեքենագրում էր եւ վերստին մեքենագրումՙ սրբագրություններից հետո: «Նվերը» (ռուսերենՙ «Դար», Վլադիմիրի վերջին ռուսական վեպն է, որն ավարտել է 1937-ին: Գիրքը հրատարակվել է 1952-ին, իսկ անգլերենով լույս է տեսել 1963-ին: Գլխավոր կերպարը եւ մերթ ընդ մերթ պատմողը Ֆյոդոր Գոդունով-Չեռդինցեվն է: Զինաիդա Մերցը, նրա սիրած կինը: Երազում նշված նախադասությունը կարմիր գծի նման անցնում է ողջ ստեղծագործության միջով: Նաբոկովի վեպի շարունակության մասին նշված ակնարկը իրականության համապատասխանում է: Տպագրված է թե ոչՙ հայտնի չէ, բայց դրա մի որոշ հատված պահպանված է, այնտեղ վերոնշյալ զույգը նախապատերազմյան Փարիզում է, սակայն նրանց համատեղ կյանքը դժբախտ ավարտ է ունենում, երբ Զինաիդան ավտոմեքենայի վթարի զոհ է դառնում):

Նոյեմբերի 22-ը, 1964 թ.

Դասախոսական դահլիճում եմ գտնվում: Ամբիոնի վրա, փոքրիկ սեղանի առաջ նստած հայրս կարդում եւ քննարկում է ինչ-որ բան: Ուրիշ մարդկանց թվում դահլիճում նստած ուշադիր լսում եմ հորս: Մայրս իմ առաջ նստած 4-5 մարդկանց շարքում է: Հայրս ինչ-որ բան է լուսաբանում: Ես լսում եւ բարձր եմ գնահատում նրա ասածը եւ կոկորդս մաքրում մի փոքր ավելի բարձրաձայն, քան պետք էր: Միաժամանակ փորձում եմ ամբողջությամբ գրի առնել հորս ասածը: Հանկարծ հայրս բեմից ինձ է ուղղում խոսքերը եւ ասում. «Նույնիսկ եթե ձանձրանում ես, դու պարտավոր ես պատշաճությունը պահպանելով հանգիստ նստել տեղում»:

Ես ինձ խորապես վիրավորված եմ զգում եւ պատասխանում. «Կարծում եմ նկատողությունդ անարդար էր: Ես ուշադիր լսում էի, մեծ հետաքրքրությամբ»: Ապա վեր եմ կենում եւ պատրաստվում դուրս գալ դահլիճից, հույս ունենալով, որ ինձ հետ կկանչեն: Բայց փոխարենը լսում եմ հորս ձայնը, որ շարունակում է իր զեկուցումը, գուցե մի փոքր նվազ ուժգնությամբ, քան առաջ: Պատկերացնում եմ հաջորդ առավոտյան թերթերում հայտնված հարցազրույցը նրա հետ: Նա կանդրադառնա՞ արդյոք այս միջադեպին: Ես փիլիսոփայորեն որոշում եմ, որ ժամանակը ցույց կտա: (Հետաքրքրական է, որ ապագայի զգացումը կար իմ մտքում): Տարօրինակ է, որ հայրս միշտ իմ երազներում խոժոռ ու մռայլ էր հանդես գալիս, չնայած ինքը սովորաբար շատ ուրախ եւ լավ բնավորության տեր անձնավորություն էր:

(Բացատրություն: Նաբոկովի հայրը սպանվել է 1922-ին դասախոսությունների դահլիճում: Նա ուրիշի համար նախատեսված գնդակի զոհ է դարձել):

Հ.Գ.- «Թայմս» գրական հավելվածում տպագրված նյութերը սիրահոժար տրամադրել է «Վլ. Նաբոկով» հաստատությունը, որի համար շաբաթաթերթը շնորհակալություն է հայտնում:

(*) Գենադի Բարաբտառլոն Միսուրի համալսարանի ռուս գրականության պրոֆեսոր է, Նաբոկովի մասին մի շարք գրքերի հեղինակ:

Նկար 1. Նաբոկովը կնոջ` Վերայի հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 12-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ