RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 12-12-2014



ՆՈՐ ԳԻՐՔ

Տեղադրվել է` 2014-12-11 22:00:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 768, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՏԱՍՆԵՐԿՈՒ ՍՅՈՒՆԵՐԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Ռոբեր Տեր-Մերկերյանը շուրջ 30 տարի Էքս-Մարսելի համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչն է եղել: Հայաստանից 70-ականներին տեղափոխվելով Ֆրանսիա` նա իր գործունեությունն ուղղել է սփյուռքում հայկական մշակույթի եւ լեզվի պահպանման ազգանպաստ գործին, հիմնադրել է հայագիտական այդ ամբիոնը, որտեղ հազարավոր ուսանողներ հայոց լեզու եւ պատմություն են սովորում, ծանոթանում հայկական մշակույթին: Նա զբաղվել է արեւմտահայերենի եւ արեւելահայերենի փոխառնչությունների հարցերով, մամուլում հանդես է եկել հոդվածներով, հրատարակել է գրքեր: Մեծ է նրա վաստակը հատկապես երիտասարդ սերնդին մեր հոգեւոր-մշակութային արժեքները փոխանցելու առումով: Եղբոր` նշանավոր ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի հետ նրանք նվիրված են արտերկրում հայ մշակույթի պահպանման գործին:

Վերջերս Փարիզում գործող «ԹԱԴԵ» հրատարակչությունը լույս է ընծայել Ռոբեր Տեր-Մերկերյանի «Հայոց ինքնության տասներկու սյուները» խորագրով գիրքը, ֆրանսերեն լեզվով: Վերնագրիՙ սյուն եւ ինքնություն բառերը ընտրված են հատուկ նշանակությամբ:

Գրքում ներկայացված յուրաքանչյուր սյուն համապատասխանում է հայոց պատմության այն կարեւորագույն, արտակարգ իրադարձություններին, բացառիկ անհատների գործունեությանը եւ խորհրդանիշներին, որոնք կերտել են հայոց ազգային ինքնության կառույցը:

Հայոց ինքնության սյուները տասներկուսն են, դրանցից յուրաքանչյուրը բացառիկ, եզակի տեղ է գրավում հայոց պատմության մեջ: Ամեն մեկ սյուն նոր էջ է բացում հայ ժողովրդի կյանքում, նոր փուլի սկիզբ դառնում նրա պատմության մեջ:

Ինքնության` հատկապես ազգային ինքնության գաղափարը բավական բարդ հասկացություն է: Նախ անհրաժեշտ է տարբերել անձի անհատական ինքնությունը հավաքական ինքնությունից: Յուրաքանչյուր անձ ունի ուրույն ինքնություն, այն ամենը, ինչը հատուկ է միայն իրեն, որով նա ինքնարտահայտվում է եւ տարբերվում մյուսներից:

Հավաքական ինքնությունը` որպես նախապայման, ենթադրում է ընդհանուր մշակութային արժեքներին հարելու գաղափար: Հավաքական ինքնության բոլոր անդամներն ունեն ազգային հավաքական պատկանելիության գիտակցություն, նաեւ համերաշխության զգացում, որոշակի վերաբերմունք` կապվածություն, նվիրվածություն հավաքականության հանդեպ:

Ինչպե՞ս է մոտեցել այս հարցին Ռ. Տեր-Մերկերյանը, որո՞նք են ազգային ինքնության սյուներն ընտրելու նրա չափանիշները: Դրանք պատմական այն իրողությունները, այն հայորդիների գործունեություններն են, որոնք արմատապես փոխել են հայ ժողովրդի պատմական ընթացքը, շրջադարձային են եղել հայության կյանքում, նորովի իմաստավորել այդ ընթացքը, ապագայի ուղիներ բացել: Ներկայացնենք հայոց ազգային ինքնությունը կերտած այդ տասներկու սյուները:

Առաջինը, անկասկած, հայոց ազգային ինքնության հիմնադիր Հայկ Նահապետն է: Նա հայոց ծննդյան վկայականի հեղինակն է, Հայոց էթնոսը ծնվել է Հայկ նահապետի եւ Բաբելոնի Տիտանյան Բելի մենամարտից: Հաղթանակած Հայկը իր ցեղի հետ բնակություն է հաստատում Արարատ լեռան փեշերին:

Ամբողջ աշխարհի հայությունը միավորող, կապակցող խորհրդանիշը Արարատ լեռն է: Արարատը հավերժական Հայաստանի խորհրդանիշն է:

Հայոց ազգի ինքնությունը կերտող հսկա սյուներից է Տիգրան Մեծը, ում հիմնադրած կայսրությունը հայության հպարտությունն է:

Քրիստոնեության դարձը շրջադարձային իրադարձություն եղավ հայ ժողովրդի կյանքում, ոչ միայն որպես հոգեւոր ինքնության գերարժեք, այլեւ դրացի ժողովուրդներից տարբերվելու հզոր զենք:

Դժվար է գերագնահատել հայոց լեզվի ու այբուբենի դերը հայ ժողովրդի կյանքում, դա այն հզոր սյունն է, որի խաթարման դեպքում հայոց ինքնության ամբողջ կառույցը կարող փլուզվել:

Ավարայրի ճակակատամարտը անկյունադարձային իրադարձություն է հայոց պատմության մեջ, նախ` ամեն գնով քրիստոնեական հավատը պահպանելու ձգտում, միաժամանակ հայկական առաջին համաժողովրդական շարժումն է: Վարդան զորավարի եւ նրա զինակիցների անձնական զոհաբերությունը` հերոսական վարքը հայոց խիզախության խորհրդանիշը դարձավ: Ահա մի սյուն, որն անհնարին է հանել հայոց ինքնության կառույցից:

«Սասնա Ծռերը» հայ ժողովրդի ստեղծագործական մտքի, դարերով նրա կուտակած հիշողությանն արգասիքն է, սերնդե-սերունդ փոխանցված հերոսապատում է: Դյուցազներգի հերոսները հայ ժողովրդի կյանքում այսօր էլ ներկա են այնպես, ինչպես հազար տարի առաջ` որպես խիզախության, քաջության, իմաստնության մարմնավորում:

Երգն ու երաժշտությունը ազգային ինքնությունը բնորոշող կարեւոր արժեքներից են: Հայոց ազգային երաժշտությունը երկու ականավոր դեմք ունիՙ Սայաթ -Նովա եւ Կոմիտաս: Արդեն ավելի քան երկու դար Սայաթ -Նովայի տաղերը ներկա են հայ ժողովրդի երաժշտական հիշողության մեջ, նրա երաժշտական մշակույթի անքակտելի մասն են կազմում: Կոմիտասը մոռացությունից փրկեց հարյուրավոր ժողովրդական երգեր, մշակեց դրանք, ուսումնասիրեց հայ երաժշտության ակունքները եւ ստեղծեց նոր երաժշտական իրականություն Հայաստանում: Սայաթ- Նովան ու Կոմիտասը հայոց ինքնության երաժշտական արժեքների կարեւորագույն սյուներն են:

20-րդ դարում հայ ժողովուրդը ցեղասպանության զոհ դարձավ, այդ սարսափելի եղեռնը փոխեց համայն հայության ճակատագիրը, ցնցեց նրան արմատապես, անբուժելի վերք թողեց սերունդների հիշողության մեջ, ազգային նոր հավաքականություն ստեղծեց` ի դեմս սփյուռքահայության:

Հայոց ինքնության վերջին կարեւոր սյունը 1918 թ. մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետությունն է` որպես ազգային վերածննդի խորհրդանիշ:

Գրքում ներկայացված տասներկու սյուներից յուրաքանչյուրը անվերապահորեն նոր էջ է բացել հայ ժողովրդի կյանքում: Գիրքը ուղղված է ֆրանսախոս ընթերցողներին, որոնք ցանկանում են ճանաչել, ծանոթանալ հայոց ազգային ինքնությունը ձեւավորած պատմական իրադարձություններին եւ բացառիկ նշանակություն ունեցող անհատների գործունեությանը:

Գիրքն ուղղված է նաեւ ֆրանսահայ համայնքի երիտասարդ սերնդին, հատկապես 3-րդ 4-րդ սերունդներին, որոնք կտրված են իրենց ազգային արմատներից: Սփյուռքի պայմաններում հայապահպանման ամենաազդեցիկ միջոցը երիտասարդ սերնդին մեր մշակութային արժեքների փոխանցումն է: Սա է հեղինակի նպատակը, գրքի նշանակությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 12-12-2014

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ