RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 19-12-2014



Տեղադրվել է` 2014-12-18 21:45:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1107, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՆԴԻՆ

Հարցազրույցը վարեցՙ ՍԵՐԳԵՅ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

1963 թվականին օրերից մի օր Երեւանի օպերային թատրոնից լսվում է մի նրբաբույր ձայն. Թիֆլիսից Երեւան է ժամանել երիտասարդ երգչուհի Էլվիրա Ուզունյանը: Անկրկնելի արտիստականություն, մոմե նազանք, կարկաչուն ձայն, ընտրյալ դերերի շքերթ - ահա այս ամենը դարձան Հայաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանի հաջողության բանալիները:

Եվ այսօր կրկին բեմում է հմայիչ երգչուհին, ով իր սերը, հուզմունքն ու կարոտը մեկ արած, քայլելով հիշողության արահետներով, մեկ-մեկ թերթում է օպերային թատրոնի իր սիրելի էջերը: Այժմ փորձենք բացահայտել արտիստուհու կյանքի նաեւ մյուսՙ «չընթերցված» էջերը:


- Բարդ է համապատասխան խոսք գտնելՙ բացատրելու իմ զգացողությունները հոբելյանական երեկոյի ժամանակ: Սակայն առաջին խնդիրը, որ ինքս իմ առջեւ դրել էի, այն էր, որ պետք է անսահման անկեղծ լինեի, քանի որ անկեղծությունը միշտ տեղ է հասնում: Դա ամենուր է եղել իմ կյանքի կարգախոսըՙ մարդկանց հետ շփվելիս, տանս, քաղաքիս, Հայաստանիս հետ: Մեր ընտանիքում այդ հարցում շատ հետաքրքիր մի բարոմետր կարՙ մենք անկեղծ մարդկանց լավ էինք զգում: Ես երեւի դա ընդօրինակել եմ իմ ծնողներից: Երբ ես բարձրացա բեմ, ձեռնափայտը մի կողմ գցեցիՙ ասելով. «Այս բեմը թույլ չի տա, որ ես ընկնեմ, բեմի վրա ես կքայլեմ»: Ռուսական մի ասացվածք կա. «Տանը պատերն են օգնում»: Նույնը կլինի բեմումՙ մտածեցի: Տարիների հետ մենք կորցնում ենք մեր ճկունությունը, բայց վերեւումՙ Աստված, ներքեւումՙ իմ բեմը: Շնորհակալ եմ Աստծուն, 80 տարեկան եմ, քիչ բան չէ:

- Մարդիկ կան, որ տարիք չունեն. երբեք չես մտածի, թե այդ մարդը կարող է լինել 60, 70 կամ 80 տարեկան: Հաճելիորեն դուք եւս այդ մարդկանց թվում եք: Այնուամենայնիվ, ո՞րն է ձեր սիրելի տարիքը:

- Իմ սիրելի տարիքը 40-ից 50-ն ընկած շրջանում է, երբ ես եղել եմ ստեղծագործական պիկի մեջ, երբ ունեցել եմ ուժ եւ հնարավորություններՙ իրականացնելու իմ ցանկությունները: Այդ ժամանակ ինձ արդեն պայքարել պետք չէր, ունեի անուն, հաստատուն քայլերով առաջ էի գնում: Սակայն այն, ինչ ես ստեղծագործական առումով կարող էի անել երիտասարդ տարիքում, երբ ես երգում էի բարձր նոտաներ եւ դրանից հաճույք ստանում (Լուչիա, Տրավիատա), այդ տարիքում ավելանում էր նաեւ փորձառությունս: Այդ տարիների իմ հաղթանակները ինձ համար շատ թանկ են: Ես մեծ սիրով տրվեցի նաեւ ռոմանսներին ու երգերին: Ամեն տարի ներկայանում էի նոր ծրագրով, ունենում մենահամերգներ, հյուրախաղեր ամբողջ Միությունով: Այդ տարիներին է, որ ծնվեց «Թերթելով օպերայի էջերը» համերգային շարքը:

- Կինոն Ձեր կյանքում...

- Եսՙ որպես կինոդերասանուհի, բոլորովին բավարարված չեմ, քանի որ շատ չնչին էին իմ դերերը (խաղացել է Երվանդ Մանարյանի, Արուս Ազնավուրյանի, Արմեն Ջիգարխանյանի, Խորեն Աբրահամյանի եւ ուրիշների հետ- Ս.Մ.): Էկրանը, կինոն շատ հնարավորություններ էին բացում արտիստի առջեւ, եւ դա ինձ գրավում էր: Սակայն կինոդերասանությունը մնաց իմ երազանքը: Մայրս էլ ժամանակին երազում էր դառնալ դերասանուհի, բայց պապս արգելել էր նրան: Եթե Թիֆլիսում լիներ թատերական ինստիտուտ, ապա ես առանց երկմտելու կընդունվեի այնտեղ: 9-րդ դասարանում էի սովորում, երբ Թիֆլիսի Ալ. Գրիբոյեդովի անվ. ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները դպրոցներում խմբակներ էին բացում: Այդ օրերին գրականությունից մենք անցնում էինք Մաքսիմ Գորկու «Պառավ Իզերհիլը» պատմվածքը: Մեր խմբակի վարիչը խնդրեց, որ մի հատված կարդանք. «Դե, Էլվիրա, հիմա կկարդաս դու»: Եվ սկսեցի. «խ՚ՊՌ ցրՑՈՉՔՌպ, ջսօպ, րՑՈսՌ րցՊՌՑ ԺՈվՍՏ։ Ձօ ջսՏռ, Ցօ վպ ւՏՐՏՔՌռ փպսՏՉպՍ,- րՍՈջՈսՌ ՏվՌ,- Ցօ վՈր տՏՉպս.»: Հետո կարդաց խմբակի վարիչը եւ ասաց. «Դու պիտի մտնես կերպարի մեջ եւ ինքդ խոսես այդ մարդկանց փոխարեն, ովքեր հայտնվել էին մթության մեջ եւ քննադատում էին Դանկոյին, որ սխալ ճանապարհով էր տանում նրանց: Եվ այդ պահին Դանկոն բաց է անում կուրծքը եւ հանում իր սիրտը, որը բռնկվելով դառնում է ջահ եւ մարդկանց դուրս բերում մթությունից»: Այդ օրվանից ես ցանկանում էի դառնալ դերասանուհի:

- Ձեր խորհուրդը օպերային երիտասարդ երգիչներին:

- Երբ մայրս ինձ մանուկ հասակում ոտանավորներ էր սովորեցնում, ես այնպես էի արտասանում բառը, կարծես առաջին անգամ էի արտաբերում: Նույնը ռոմանսների երգեցողության ժամանակ է: Լսի՛ր ամեն մի բառը, որովհետեւ դու պարտավոր ես 3 րոպեի ընթացքում երգել այնպես, կարծես ամբողջ օպերա ես երգում: Օպերային երգչին առաջին հերթին անհրաժեշտ է ձայն, որին նա տիրապետում է: Ձայնը ունի տարբեր երանգներ, որը պետք է փոխանցես ունկնդրին: Ձայնը քո զենքն է: Շատ կարեւոր է նաեւ ասելիքը, քո ներքին հուզաշխարհի արտահայտումը, բեմական հմայքը: Դու կհասնես հաջողության այն ժամանակ, երբ այս բոլորը կլինեն մի ճանապարհի վրա:

- Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա մարդուն...

- Մարդիկ շատ մերկացած են հիմա: Ես սիրում եմ, երբ աչքերն են խոսում: Մարդու ձայնից, ինտոնացիայից կարող էիր զգալ նրա հոգին: Հիմա վատաբանում են իրար... Մենք հայերս շատ ենք սիրում մեկս մյուսին դաստիարակել մեծ մասամբ: Հայերը սիրում են նաեւ «յոլա տանել», իսկ դա խանգարում է որպես մարդ կայանալու հարցում: Այս ամենից զատ, սակայն, մի բան կա, որ շատ եմ սիրում հայերի մեջ. գիտեքՙ ինչ միամիտ հավատքով միանգամից լցվել գիտեն: Քեզ այնպիսի ուշադրությամբ կարող են լսել ու նվիրվել: Դա ես այլ ազգերի մեջ չեմ տեսել: Ես իմ հայ մարդուն այդպիսին եմ սիրում: Պայքարող ենք, աշխատասեր ենք: Յուրաքանչյուր հայի մեջ մի ներքին ուժեղ հավատք կա, որ մենք ունենք առաքելություն, եւ դրանից ոչ ոք չի հրաժարվում: Գենն է խոսում: Այս հատկանիշն ունեն նաեւ հրեաները:

Ես ամեն տարի եմ գալիս Երեւան: Սա է իմ տունը: Եթե այն ժամանակ գնում էինք ամառանոց, հիմա ձմեռանոցն է:

- Իսկ ի՞նչ ընտանիքում եք մեծացել: Չէ՞ որ անգնահատելի է ընտանիքի դերը անհատի ձեւավորման գործում:

- Տատիկիս ձայնն եմ լսում. «Ղայդին ընտանիք պիտի լինի»: Ընտանիքը մեր ազգի գոյության հիմքն է: Հայերիս համար այն մեծ նշանակություն ունի: 1948թ. Սփյուռքից Թիֆլիս գաղթած շատ ընտանիքների ուղարկեցին Ղազախստան, Ալթայի երկրամաս եւ այլուր: Իբրեւ թե այնտեղից եկած հայերին ցանկանում էին ավելի «ապահով» տեղ տանել, քանի որ մենք մի օր կարող էինք մեր գլուխը բարձրացնել եւ պահանջել մեր հողերը: Մենք ունեինք երկու պայուսակՙ լցված անհրաժեշտ պարագաներով, եւ ամեն երեկո սպասում էինք, որ մեզ կարող է տանեն: Այդ տարիներն էլ անցան: Ուզունյանները «ֆըռընջի» (հացթուխներ) են եղել: Ապրում էին Խոտորջուրում: Տատս շատ երեխաներ է ունեցել, բոլորը տղա, բայց բոլորն էլ մահացել են: Մնացել էին միայն առաջին տղանՙ հայրս, եւ վերջինըՙ Հակոբը: Մերոնք պատմում էին, որ Լեւոն պապիկս Էրզրումում ջութակը քամանչայի պես է նվագել: Բոլորը կանչում էին. «Լեւո՜ն, Լեւո՜ն, մե կլոր պարըմ»: Եվ իրենց ամբողջ գերդաստանը կլոր պար էր բռնում: Իսկ մամիս չտեսնված ձեռագործեր էր անում... Հայրս լավ ձայն ուներ եւ երգում էր Թիֆլիսի կաթոլիկ եկեղեցում: Ես եւ քույրս շատ բան ենք սովորել մեր ծնողներից: Հայրս եւ մայրս ամեն ինչին հետաքրքրությամբ էին նայում, միշտ կատակներով միմյանց հետ, միշտ լավատեսությամբ: Եվ այս ամենը մեզ սովորեցնում էին գաղթից եկած երեխաներըՙ մեր ծնողները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 19-12-2014

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ