RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 06-03-2015



ԱԿՆԱՐԿ

Տեղադրվել է` 2015-03-05 20:14:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1307, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ ՄԻՋՆԱԴԱՐԱԳԵՏԸ

Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր

Հայ միջնադարյան գրականության ուսումնասիրությունը չափազանց դժվարին եւ միաժամանակ հետաքրքրական բնագավառ է, որը պահանջում է նաեւ գրաբարի, միջին հայերենի, բարբառների իմացություն: Թերեւս այս է պատճառը, որ մեզանում միջնադարագիտությունը սկսել է նահանջել, սակայն տագնապը փարատողներից մեկն էլ Հենրիկ Բախչինյան միջնադարագետն էՙ համեստ, աշխատասեր, տաղանդավոր գիտնականը, որի ապրած կյանքը եւ կատարած գործը իսկական հայրենասիրության դաս է մեր իրականության համար: Իմանալ սեփական ժողովրդի պատմությունը եւ գրականությունը, իմաստավորել այն բազմաթիվ գրքերում, հոդվածներում, դասագրքերում, որոնցով կրթվելու են բազմաթիվ սերունդներ. ահա՛ այն առաջադիր նպատակը, որն իր ամենօրյա գործով ի կատար է ածում գիտության անխոնջ մշակը, ճշմարիտ մտավորականը եւ հայը:

Լայն է Հենրիկ Բախչինյանի հետաքրքրությունների ոլորտըՙ հայոց միջնադարից մինչեւ ֆրանսիական գրականության թարգմանություն ու տեսական հարցերի քննություն: Ասեմ, որ Բախչինյանի գործը ինձ հիշեցնում է Արշակ Չոպանյանին, որի հանգույն Բախչինյանը մեծ դեր ունի հայ-ֆրանսիական գրական կապերի մերձեցման առումով, հայ միջնադարյան գրականության մեծագույն սիրահարն է, նաեւ բանաստեղծ է: Բախչինյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը Գողթան երգերից ձգվում է մինչեւ Սայաթ-Նովա, սակայն առանցքային են եղել Հովհաննես Դրասխանակերտցին, Սարգիս Բալուեցին, Պաղտասար Դպիրը եւ հատկապես Սայաթ-Նովան: Միջնադարագետ գիտնականը համակողմանի քննության է ենթարկել հայ միջնադարյան ձեռագրերի հիշատակարանները, բնութագրել հիշատակարանի ժանրային առանձնահատկությունները, որն առանձին գրքով տպագրել է 1980թ., ապա համառոտված տպագրվել «Հայ միջնադարյան գրականության ժանրեր» գրքում: 1986 թ. հրատարակվեց «Հայ միջնադարյան գրականություն» գրքույկը` համահեղինակությամբ Վաչե Նալբանդյանի, Վարագ Ներսիսյանի եւ Հենրիկ Բախչինյանի, որը թարգմանվեց նաեւ ռուսերեն ու ֆրանսերեն: Բախչինյանն անդրադարձել է նաեւ Պարույր Սեւակի բանասիրական ժառանգությանը` «Պատմաբանասիրական հանդեսում» տպագրելով մի հոդված: Ի դեպ, Սեւակից հետո Սայաթ-Նովայի մասին գրելն այնքան էլ հեշտ գործ չէր, սակայն Բախչինյանի «Սայաթ-Նովա» մենագրությունը իսկապես նոր խոսք էր, մասնավորապես խաղերի արվեստի եւ տաղաչափության հարցերի բախչինյանական քննությունը այսօր էլ մնում է եզակի սայաթնովագիտության մեջ: Բախչինյանը խնամքով կազմեց, առաջաբանով, ծանոթագրություններով, բառարանով հանդերձ 1984 թ. հրատարակեց Սայաթ-Նովայի հայերեն խաղերի ժողովածուն, ապա 1987 թ. թուրքերեն եւ վրացերեն խաղերի տողացի թարգմանությամբ լույս ընծայեց Սայաթ-Նովայի խաղերի լիակատար ժողովածուն: Ավելի ուշ տպագրեց Դավթարի ուսումնասիրությունը: Սայաթ-Նովան Բախչինյանի գիտական հետաքրքրությունների առանցքն է, նրա մասին գրելիս գիտնականը զգացնել է տալիս նաեւ իր անթաքույց սերը մեծ սիրերգակի հանդեպ:

Ուշ միջնադարի մեկ այլ բանաստեղծիՙ Պաղտասար Դպիրի ժառանգությունը եւս համակողմանիորեն ուսումնասիրվել է Բախչինյանի կողմից: 1999-ին տպագրվեց Դպիրի տաղերի լիակատար ժողովածունՙ ընդարձակ առաջաբանով եւ ծանոթագրություններով: Բախչինյան գիտնականը հանդես եկավ նաեւ շատ հետաքրքրական եւս երկու գրքով, որոնցում առաջնորդվել է գրականության ուսումնասիրության ժամանակային կտրվածքի սկզբունքով: Խոսքը «1718-րդ դարերի հայ գրականությունը» եւ «15-րդ դարի գրականությունը» գրքերի մասին է, որոնցում խոսվում է նաեւ նշված դարերում գրականության ժանրային առանձնահատկությունների մասին: 2006-ին արեւմտահայերեն փոխադրությամբ տպագրվեց Բախչինյանի «Հայ միջնադարյան գրականություն» գիրքը, որի 24-րդ էջում կարդում ենք «4-րդ դարու գրականությունը» համարձակ ենթավերնագիրը: Բանն այն է, որ հայագիտության մեջ ընդունված է հայ գրականության սկիզբը համարել Ե դարը, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ հայերս շատ ավելի վաղ ունեցել ենք ե՛ւ գիր, ե՛ւ գրականություն: Ողջունելի է Բախչինյանի համարձակ քայլը, որով պիտի փոխվի նաեւ ավանդական դարձած թյուր պատկերացումը մեր գրականության սկզբնավորման հարցի շուրջը: Որ Բախչինյան գիտնականը չի կաշկանդվում ավանդույթի ուժից, նկատելի է նաեւ նրա հայ գրականության 9-րդ դասարանի դպրոցական դասագրքի «Հայրեններ» բաժինն ընթերցելիս, ուր պարզ է դառնում, որ հայրենների հարուստ երգաշխարհը Նահապետ Քուչակի ստեղծագործությունը չէ: 2010 թ. Բախչինյանը հրատարակեց «Սայաթ-Նովայի կյանքը եւ գործը» գիրքը, ապա 2012 թ. «Շարականի գրապատմական ուղին» արժեքավոր ուսումնասիրությունը` հընթաս 2010-2012 թթ. տպագրելով Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթեւի, Մովսես Խորենացու, Ստեփանոս Սյունեցու, Հովհան Մանդակունու, Ներսես Շնորհալու օրհներգերի բնագրերը:

Այս ամենից բացի Բախչինյանը տպագրել է մեկ տասնյակից ավելի ուսումնասիրություններ, երկու տասնյակից ավելի բնագրեր, բազմաթիվ թարգմանություններ ֆրանսերենից եւ ռուսերենից, նրա խմբագրությամբ տպագրվել են շուրջ երեք տասնյակ գրքեր:

Հենրիկ Բախչինյանը մեր օրերի ամենաարդյունավոր միջնադարագետներից մեկն էՙ շնորհիվ համակ աշխատասիրության, բնատուր տաղանդի, գրականության հանդեպ մեծ սիրո: Բազմաբեղուն գիտնականն այսօր էլ ստեղծագործում է, ունի մի շարք անտիպ ուսումնասիրություններՙ «Սայաթ-Նովայի բանաստեղծական ժառանգությունը», «Գրիգորիս Աղթամարցի. բանաստեղծական ժառանգությունը, ձեռագրեր եւ ուսումնասիրություններ», «Ֆրիկի բանքերը. տեքստեր եւ քննություն», «Կոստանդին Երզնկացի. բանքեր եւ քննություն» եւ այլն, որոնց լույսընծայմամբ մեծապես կհարստանա հայ մշակույթի եւ գրականությանՙ դեռեւս ուսումնասիրության կարոտ անդաստանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 06-03-2015

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ