RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 10-04-2015



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2015-04-10 00:02:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 644, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԷԿՐԱՆԻ «ԿՈՇՏ» ՏՂԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ռիչարդ Բաքալյանի մահվան առթիվ

Փետրվարի վերջին, Նյու Յորք նահանգում 84 տարեկան հասակում մահացավ ամերիկահայ դերասան Ռիչարդ (Դիք) Բաքալյանը: Հեշտ մտապահվող նրա խստահայաց դեմքը բազմիցս գործածվել էր հոլիվուդյան բեմադրիչների կողմից հատկապես 19501960-ական թվականներին: Դերասանի կինոկերպարները կազմում են հիմնականում բացասական հերոսների մի «համաստեղություն»ՙ ամեն տեսակի գանգստերներ, կողոպտիչներ, նաեւ պատերազմական ֆիլմերի (հակա)հերոսներ: Իր կարիերայի սկզբում նա հիմնականում կերպավորել է ճանապարհից շեղված երիտասարդներիՙ Ռոբերտ Ալթմանի «Իրավախախտները» (1957), «Նրբազգաց մեղավորը» (1957)ՙ հայտնի կատակերգու Ջերի Լյուիսի հետ, «Ռիկո եղբայրները» (1957) եւ այլ շարժանկարներում: Երբեմն մարմնավորել է նաեւ ոստիկանների: Բաքալյանի կերտած ոստիկան Լոաչն է Ռոման Պոլանսկու «Չինական թաղամասում» բռունցքներով մենամարտում Ջեք Նիքոլսոնի հետ եւ ֆիլմի վերջում կրակում Ֆեյ Դանաուեյի հերոսուհու վրա: Դարձյալ Բաքալյանն է գնդացրով հնձել (ողջ ֆիլմի ընթացքում առանց մի բառ արտասանելու) «Սուրբ Վալենտինի օրվա կոտորածը» ֆիլմում (1967), «Բեթմեն» հեռուստատեսային ֆիլմաշարում մարմնավորել մի քանի ավազակների: Իսկ «Երբեւէ պատմված մեծագույն պատմությունը» ֆիլմում (1965 թ.) Ռիչարդ Բաքալյանը կատարել է այն գողի դերը, ում խաչ են բարձրացնում Հիսուսի կողքին...

«Մայրս մի անգամ ինձ ասաց. «Դու ի՞նչ է, չե՞ս կարող լավ հերոսների խաղալ: Հարեւաններն ի՞նչ կասեն»: Ես ասացի. «Մայրիկ, ես դերասան եմ, ինձ հանգիստ թող»: Բայց երբ նկարահանվում էի «Երբեւէ պատմված մեծագույն պատմությունը» ֆիլմում, զանգահարեցի մորս ու ասացի. «Մայրիկ, ես նորից ավազակի դեր եմ կատարում, բայց այս անգամ ճիշտ մարդկանց շրջապատում եմ»:

Եվ հարեւանների կարծիքներով այդքան մտահոգ կինոդերասանի մայրը հայ չէր: Ռիչարդ Բաքալյանն առաջին կես-հայ ամերիկյան կինոդերասանն է: Ծնվել է 1931-ին, Մասաչուսեթսի հայաշատ Ուոթերթաուն քաղաքում, որի անունը հումորով թարգմանվում է Ջրաշեն: Դերասանի հայրըՙ Ուիլյամ Նշան Բաքալյանը, եղել է ծնունդով Դիարբեքիրից, մայրը կանադուհի Էլսի Ֆլորանս Ֆենսի Բաքալյանն էր: Ընտանիքում եղել է եւս երկու որդիՙ Ուիլյամ Սուրենը եւ Ջերալդ Քիթը, իսկ Ռիչարդի հայկական անունը եղել է Տիգրան: Ինը տարեկանում կորցրել է հորը: Մանկուց խաղացել է ֆուտբոլ, զբաղվել բռնցքամարտով, դարձել Նյու Ինգլենդ նահանգի «Ոսկե ձեռնոցներ» բռնցքամարտի մրցաշարի չեմպիոն: Հետագայում Ռիչարդ-Տիգրանը մասնակցել է Կորեական պատերազմին, ծառայել օդուժում, բռնցքամարտ պարապել օդաչուների հետ: 1950 թվականի օգոստոսին Թեքսասում Բաքալյանը պատահաբար ականատես է դարձել բանկի կողոպուտի, կրակել է, սակայն ինքն էլ վիրավորվել է ձախ ուսից եւ կորցրել ձեռքի աշխատունակությունը: Հրաժեշտ տալով բռնցքամարտինՙ աշխատանքի է անցել ճարտարագիտական ընկերությունում եւ ինքնաթիռաշինական գործարանում:

Հայտնվելով Հոլիվուդումՙ սկսել է փոքր դերերից, իսկ տուժած ձեռքի ապաքինումից հետո Բաքալյանին սկսել են վստահել պատասխանատու դերեր: Նրա առաջին գլխավոր դերը զինվոր Չարլին էրՙ «Պարաշյուտիստների հրամանատարը» ֆիլմում (1959, բեմադրիչՙ Ուիլյամ Ուիթնի): Ի դեպ, այս ֆիլմը շատ բարձր է գնահատում Քվենտին Տարանտինոն: Բաքալյանի ֆիլմագրությունը ներառում է «Դինո» եւ «Լավ լսիր ինձ» (1957), «Խուճապ զրո տարում» (1962), «Չարլին եւ հրեշտակը» (1973), «Աշխարհի ամենաուժեղ մարդը» (1975), «Բոգարթի դեմքով մարդը» (1980), «Մի մարդու խոստովանությունը» (1994), «Տարաձայնությունը» (2001) եւ բազմաթիվ կինոնկարներ, ինչպես նաեւ մի քանի տասնյակ հեռուստատեսաֆիլմեր: «Լավ դերասանը դերակատարություն չի անում, այլ վերցնում եւ ուսումնասիրում է մի տիպարի հատկանիշներից մի քանիսը, մի առիթով ասել է Բաքալյանը: Պայման է, որ դերասանը լավ ճանաչի իր ներկայացնելիք տիպարը, ինչպես նաեւՙ ինքն իրեն: Ուզում եմ գնահատվել որպես դերասան եւ վաճառքի հանել տիպարը, ոչ թե իմ անձը: Երբ գանգստերի դեր եմ խաղում, ջանում եմ այնքան ատելի դարձնել անձս, որ ոչ մի երեխա չուզի ինձ նմանվել»:

Բաքալյանի դերասանական գործունեության զվարճալի էջերից մեկը կապվում է Ուիլյամ Ուիթնիի «Քոքվածն ու խփնվածը» (The Cool and the Crazy) ֆիլմի հետ (1958, ի դեպ, սցենարիստը Ռիչարդ Սարաֆյանն էր): Քանզաս Սիթիում նկարահանումների ընդմիջմանը Ռիչարդը եւ իր խաղընկեր Դիքի Ջոնսը զբոսնել են քաղաքում եւ ձերբակալվել տեղական ոստիկանության կողմից:

Դե, նրանց տեսքը չափից ավելի գանգստերական էր, անգամ նկարահանման հրապարակից դուրս... մինչդեռ իրականում Դիք Բաքալյանը եղել է բարեսիրտ, համեստ, դյուրահաղորդ անձնավորություն: Մի քանի ժամ է տեւել, մինչեւ որ նկարահանող խումբը կարողացել է ձերբակալությունից ազատել երկու դերասաններին:

Սակայն Բաքալյան դերասանի առավելությունը եղել է ոչ միայն իր գանգստերական արտաքինը: Կինոն գործածել է նաեւ նրա սոսկ ձայնը: Նա է եղել Դիսնեյի «Դժվար է թռչուն լինել» (1969) ուսուցողական անիմացիոն ֆիլմի խոսնակը. այս գործն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին: Բաքալյանը ձայնագրվել է նաեւ «Դիսնեյ» ստուդիայի 24-րդ լիամետրաժ անիմացիայիՙ «Աղվեսը եւ որսաշունը» ֆիլմի (1981) հերոս Սերինոսի համար:

Բաքալյանը գիտեր, որ իր ներկայությունն էկրանին գերիշխող չէ, սակայն դա չի անհանգստացրել նրան: «Հանդիսատեսները հերթ չեն կանգնում ինձ էկրանին դիտելու համար, բայց նրանց դուր է գալիս այն, ինչ ես անում եմ, քանի որ ես խճանկարի մաս եմ կազմում», ասել է նա:

Դերասանուհի Նենսի Սինաթրան Բաքալյանին կնքել է Դիքի Բի մականունով, երբ վերջինս իր հորՙ հռչակավոր Ֆրանք Սինաթրայի հետ նկարահանվել է «Ռոբինը եւ յոթ Հուդերը» (1964), «Ֆոն Ռայանի ճեպընթացը» եւ «Ոչ մեկըՙ քաջից բացի» ( 1965) ֆիլմերում: Հայազգի դերասանը երկար տարիների բարեկամությամբ կապված է եղել Սինաթրա ընտանիքի հետ: Բաքալյանը եղել է նաեւ հայտնի ամերիկյան երգիչ, ռոք-ն-ռոլի եւ քանթրիի վարպետ Բոբի Դարինի մտերիմ ընկերը, միասին նկարահանվել են կինոյում եւ հեռատեսիլում, եւ Ռիչարդը եղել է վերջինը, ում տեսել է 37-ամյա Դարինը իր վաղաժամ մահից առաջ:

Ռիչարդ Բաքալյանը նաեւ գրել է սցենարներ: Սիրել է պարել, զբաղվել հին դրամներ հավաքելով: Չնայած չի խոսել հայերեն, բայց լրջորեն հետաքրքրվել է հայ ժողովրդի պատմությամբ, մշտապես ձեռք բերել հայոց պատմությանը վերաբերյալ գրականություն եւ սիրել իր ծանոթ հայերի հետ զրուցել հայոց անցյալի ու ներկայի մասին: Հոլիվուդում նրան առաջարկել են փոխել իր ազգանունը Բաքալի (այդպիսով, նա կունենար հոլիվուդյան կինոաստղ Լորեն Բաքալի հետ միեւնույն ազգանունը), սակայն նա գերադասել է մնալ իր հայկական անվամբ: Ամուսնացած է եղել Բեթի Լի Բաումանի հետ: Ռիչարդ Բաքալյանի անունը հիշված է «Անունները, որոնք երբեք չեն հիշվում, դեմքեր, որոնք երբեք չեն մոռացվում» ցանկում:

Դերասանը վերջին անգամ նկարահանվել է Էն-Բի-Սի հեռուստատեսության «Իմ անունն է Ըրլ» կատակերգական շարքի մի ֆիլմում (2008): Շոու բիզնեսում ավելի քան կես դար աշխատած բնութագրական դերասան Ռիչարդ Բաքալյանը, ամերիկյան էկրանի այդ «կոշտ տղան», իր անունը թողեց 144 հոլիվուդյան կինոնկարներում եւ 1950-2000-ականների հեռուստատեսային բազմաթիվ ֆիլմերում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 10-04-2015

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ