RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 05-06-2015



ԱՆՁՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2015-06-04 21:11:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1326, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 4

«ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Զրույցը վարեց ՄԱՐԻՆԵ ԿԱՐՈՅԱՆԸ

«Նարեկացի» արվեստի միությունը մեկն է այն արվեստի կենտրոններից, որոնք հիմնադրվել են նորանկախ Հայաստանում: Ինչպես արդեն նշել ենք, մեր ներկա շարքում լուսաբանվող արվեստի կրթության ու ցուցադրման այս կենտրոնները շատ յուրահատուկ են: «Նարեկացի» կենտրոնի գործունեությանը ավելի սերտ ծանոթանալու համար զրուցեցինք միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի եւ կենտրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, դաշնակահար, «Գյուրջիեւ» համույթի ղեկավար Լեւոն Իսկենյանի հետ:


- Նարեկ, խնդրեմ մի փոքր պատմեք Ձեր մասին: Վստահ եմ, որ ինչ-որ բաներ Ձեզ կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար նախապատրաստել են այնպիսի մի նախաձեռնության, ինչպիսին «Նարեկացի» արվեստի կենտրոնի հիմնադրումն էր:

Ն.Հ. - Ծնվել եմ Լիբանանում 1966թ-ին: Երկու ծնողներս էլ ցեղասպանությունից փրկվածների զավակներ են: Հայրս շատ հոգեւոր անձնավորություն էր, երիտասարդ տարիներին քսան տարի եկեղեցում դպիր է եղել: Մայրս էլ շատ հայրենասեր ուսուցչուհի էր: Երկուսն էլ շատ լավ ձայն ունեին, տանը միշտ Կոմիտաս էր հնչում: Հայրս հաջողակ գործարար էր, եւ հաճախ Հայաստանից զանազան արվեստագետներ էր հրավիրում, որոնք մնում էին մեր տանը, ինչը հեշտացնում էր նրանց հետ սերտ շփումը: Մտավորականներով ու արվեստագետներով շրջապատված էինք: 1988թ.-ին տեղափոխվեցի ԱՄՆՙ ուսումս շարունակելու: Չնայած բիզնես էի սովորում, բայց իմ տունը արվեստն էր:

- Իսկ Դուք արվեստով զբաղվու՞մ եք:

- Ես երաժշտական, նկարչական կամ քանդակելու ձիրք չունեմ: Երիտասարդ տարիներիս հետաքրքրություն ունեի թատերական ներկայացումների նկատմամբ: 90-ականներին համագործակցություն կար «Երանգունի» թատերական խմբի հետ: Ընկերներիցս մեկըՙ Մհեր Գարագաշեանը կինոռեժիսոր էր, որն ինձ մտցրեց կինոյի աշխարհ, Արթուր Մեսչեանի հետ իրականացրի առաջին պրոդյուսերական նախագիծը, որ կապված էր նրա «Կատարսիս» ստեղծագործության ձայնագրման հետ: Ինձ համար դա մեծ փորձառություն էր: Իսկ 2003թ-ից սկսեցի լուսանկարչությամբ զբաղվել, եւ մի քանի տարվա ընթացքում գտա իմ յուրահատուկ ոճը:

- Ինչպե՞ս ծնվեց արվեստի միություն ստեղծելու գաղափարը:

- Ամեն ինչ սկսվեց Արտո Չաքմաքչյանի հետ շփումից: Ինքը հրավիրված էր Նյու Յորքՙ արտ-էքսպոյի մասնակցելու համար: Այդ արտ-էքսպոն մի հսկայական տարածություն էր զբաղեցնումՙ լի տաղավարներով: Այդպիսի մի տաղավարում ի թիվս այլ արվեստագետների, բավական անհաջող ձեւով ներկայացված էին նաեւ Արտոյի գործերը: Շատ արագ հասկացա, որ արվեստագետի նկատմամբ այսպիսի մոտեցումը հեռու էր հարգանքից: Դա մաքուր բիզնես էրՙ զուրկ արվեստագետի նկատմամբ որեւէ երկյուղածությունից, հատուկ վերաբերմունքից: Դա ինձ դրդեց որոշում կայացնելՙ ստեղծել մի հարթակ, գործունեության սեփական դաշտ, եւ ներկայացնել բարձրարժեք արվեստագետների ստեղծագործություններ, նպաստել երիտասարդների կայացմանը: Բռնկվեցի, սկսեցի զբաղվել, լրջորեն ուսումնասիրել: Որոշեցի ստեղծել շահ չհետապնդող հասարակական կազմակերպությունՙ բարեգործական հիմունքներով:

- Եվ այդպես էլ արեցիք:

- Այո: 2003թ-ին Նյու Յորքում Արտո Թունջբոյաջյանի, երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի, Վահան Արծրունու, գրող, Ցեղասպանությունից Հակոբ Ասատուրյանի, նկարչուհի Թամար Ասատուրյանի, Հրայր Բազեի, Կարեն Պետրոսյանի եւ «YY sisters»-ի հետ կազմակերպվեց «Նարեկացի» արվեստի միության առաջին միջոցառումը: Դա ապրիլ 24-ի ոգեկոչումն էր: Իսկ 2004թ. սեպտեմբեր 5-ին բացեցինք «Նարեկացի» արվեստի միության երեւանյան մասնաճյուղի դռները: 2006թ. օգոստոսի 31-ին էլ բացեցինք «Նարեկացի» միության Շուշիի մասնաճյուղը:

- Նարեկ, ինչպե՞ս կձեւակերպեք «Նարեկացի» արվեստի միության կրեդոն:

- Եթե հակիրճ ձեւակերպեմ, ապա պիտի ասեմ, որ «Նարեկացի»-ն ստեղծված է ծառայելու հայ մշակույթինՙ արվեստի ու արվեստագետների միջոցով: Եվ քանի որ մենք հայ ենք եւ քրիստոնյա, մենք միշտ ունեցել ենք նաեւ մեր հոգեւոր ուղղվածությունը: Առաջնորդվում ենք վեհ, պարկեշտ հավատքով: Այդ է պատճառը, որ մի առիթով Տիգրան Մանսուրյանը «Նարեկացի»-ն անվանեց «հոգեւոր տուն»:

Կցանկանայի հատուկ նշել նաեւ, որ «Նարեկացի» արվեստի միության թե՛ Երեւանի եւ թե՛ Շուշիի մասնաճյուղերում ամեն ինչ անվճար էՙ լինի դա խմբակ, համերգ, հրատարակած գիրք կամ խտասկավառակ, եւ այլն: Սա սկզբունքային հարց է մեզ համար:

Ի տարբերություն մյուս համերգասրահների կամ կենտրոնների, որոնք արվեստագետներին առաջադրում էին նախապայմաններ, «Նարեկացի» արվեստի միության հիմքը արվեստագետին նյութականապես անկաշկանդ պահելն է եղել, նրան ամբողջ կազմակերպչական աշխատանքից ազատելը: Դա շատ կարեւոր է հատկապես երիտասարդ արվեստագետների հետ աշխատելիս: Երիտասարդ երաժիշտներին, վիզուալ արտիստներին կամ կինոռեժիսորներին սրահը, ձայնագրման, վիդեոձայնագրման հնարավորությունները, ազդագրերը, լրատվամիջոցների հետ կապը ամբոջությամբ տրամադրվել են անվճար: Սա ճանապարհ էր բացում թե՛ արվեստագետի եւ թե՛ ներկայացվող ստեղծագործության համար: Այդ արվեստագետներից շատերը այս խտասկավառակների միջոցով կարողացել են առաջ գնալ, ակտիվ գործունեություն ծավալել:

- Նարեկ, ես այնպես եմ պատկերացնում, որ որպեսզի ամեն ինչ անվճար լինի, բավական գումար պիտի ծախսվի: Բացի այդ Ձեր միությունը աշխատողներ ունի: Միայն Դո՞ւք եք գումար ներդնում, թե՞ ունեք նաեւ աջակիցներ, համագործակիցներ:

- Անշուշտ դա այդպես է: Հիմնական ներդնողը ես եմ եղել: Ընտանիքս էլ օգնել է, եւ հատկապես մեծ եղբայրսՙ Սարո Հարությունյանը: Երբեմն եղել են փոքր նվիրատվություններ:

- Քանի՞ աշխատակից ունի միությունը:

- Երեւանում եւ Շուշիում միասին «Նարեկացի» արվեստի կենտրոնն ունի մոտ 50 աշխատակից:

- Ներդնելով սեփական գումարըՙ նախընտրած նախագծերի մեջ, կասեի, հազվադեպ երջանիկներից եք, որի գործունեությունը կախված չի դրամատուների տրամադրությունից կամ ճաշակից:

- Դա, անշուշտ, իր առավելությունն ունի: Սակայն դժվարության պահին էլ մենակ ես մնում: Սա է խնդիրը:

- Նարեկ, իսկ ինչո՞ւ այսպիսի մեծ ներդրումներ անել հայաստանյան արվեստի ոլորտում: Արդյո՞ք սփյուռքում դրա կարիքը ավելի մեծ չէրՙ հայապահպանության իմաստով:

- Երկու տեղում էլ դրա կարիքը կա: Բայց կարծում եմ, ճիշտը նախ հայրենի հողի վրա սկսելն է, հատկապես Շուշիումՙ որպես ազատագրված տարածք: Մեր մասնաճյուղով մենք մեր լուման ներդրեցինք Շուշիի վերակառուցմանըՙ վերականգնելով կենտրոնի փլուզված շենքը:

- Գործունեության իմաստով որեւէ տարբերություն կա՞ արդյոք Երեւանի եւ Շուշիի կենտրոնների միջեւ:

- Շուշիում մեր կենտրոնը ավելի շատ կրթօջախ է: Նկարչության, երաժշտության, մանրանկարչության, պարի, համակարգչային, լեզուների, լուսանկարչության եւ այլ խմբակներ ունենք Շուշիում ապրող երեխաների համար: Տարվա ընթացքում իրականանում են զանազան ծրագրեր, սակայն կենտրոնը ավելի ուսուցողական ուղղվածություն ունի:

- Երեւանում ինչի՞ց սկսեցիք Ձեր գործունեությունը:

- Ինտերնետի աշխարհը նոր էր մտել մեր կյանք: Ստեղծեցինք ոչ միայն «Նարեկացի» կենտրոնի, այլեւ մի շարք արվեստագետների կայքէջեր, ինչը այդ ժամանակի համար մեծ առաջխաղացում էր ու օգնություն արվեստագետներին: Կազմակերպվում էին համերգներ, ցուցահանդեսներ:

- Լեւոն, որպես միության երակարամյա գեղարվեստական ղեկավար, խնդրեմ ասեք, թե ընդհանրապես ի՞նչ ուղղվածությամբ են տարվել աշխատանքները:

Լ.Ի.- Ունեինք մոտ 100 միջոցառում տարվա կտրվածքով, դրան զուգընթաց հայտեր էինք ընդունում եւ ընտրություն կատարում, թե ովքեր կարող են օգտվել սրահից: Արդյունքում տարվա մեջ 150-300 միջոցառումներ են իրագործվել:

- Ունեիք նաեւ հատուկ ծրագրեր, այնպես չէ՞:

- Այո, միության նախաձեռնած ծրագրերից էինՙ ամենամսյա հանդիպումը որեւէ հայ կոմպոզիտորի հետ, նրա ստեղծագործության քննարկումն ու վերլուծությունը, նոր կամ հանրությանը քիչ ծանոթ ստեղծագործությունների ունկնդրումը, հանդիպումները կինոռեժիսորների հետ: Տարվա մեջ պարտադիր ցուցահանդեսների շարք ունեինք, որին մասնակցել են տարբեր մարզերի արվեստագետներ: Մշտապես ունեցել ենք ֆիլմերի ցուցադրություններ մանկական, անդամալույծ արվեստագետների ծրագրեր: Վերջինիս շրջանակում «Փարոս» երգչախմբի հետ համագործակցությունը մշտական բնույթ է կրել: Ունեցել ենք կոմիտասյան միջոցառումների շարք:

- Մի փոքր պատմեք հրատարակչական աշխատանքների մասին:

Ն.Հ. - Հրատարակչական աշխատանքներին վերաբերվել ենք շատ ուշադիր: Հրատարակել ենք արվեստի գրքեր, խտասկավառակներՙ Արտո Չաքմաքչյանից երկու ալբոմ, Հրայր Բազեի «Երկիր» գիրքը, Գագիկ Գինոսյանի «Ողջույն տղերք» բանաստեղծությունների ժողովածուն, Վահան Արծրունու «Տաս հայտնություններ»-ը, Լուսինե Գրիգորյանի կատարմամբ Կոմիտասի ստեղծագործությունների, Աննա Մայիլյանիՙ Գրիգոր Նարեկացու հոգեւոր երգերի, Արտո Թունջբոյաջյանի եւ ուրիշ շատ խտասկավառակներ, ալբոմներ ու գրքեր: Մենք միշտ փորձել ենք այնքան մանրամասն աշխատել մեր հրատարակությունների վրա, որ թե՛ նվիրողը հպարտ լինի, եւ թե՛ ստացողը զմայլված ու շոյված:

- Իրականացվե՞լ են արդյոք խորացված, մասնագիտացված ծրագրեր:

Լ.Ի.- Տարիների ընթացքին եղել են տարբեր կոնցեպտներ, ստեղծվել է միության երաժշտական ընկերակցությունը, որը զբաղվում էր կամերային երաժշտության ջատագովությամբ: Կազմակերպվել են բարոկ եւ ժամանակակից երաժշտության փառատոներ: Ջոն Հոդյանի հետ համատեղ ստեղծվեց ձայնագրման ստուդիա, որը պիտի լիներ մի տեղ, ուր կարող են երիտասարդները էքսպերիմենտներ անել էլեկտրոնային երաժշտության բնագավառում: Սա առաջին ստուդիան էրՙ հագեցած ժամանակի լավագույն տեխնիկայով եւ ծրագրերով: Հոդյանը մեկշաբաթյա դասընթացներ կազմակերպեց: Դժբախտաբար հետագայում այն չունեցավ շարունակություն:

- Դժվար չէ՞ր արդյոք այդպես բազմավեկտոր աշխատելը: Ի՞նչ հիմնարար սերմեր է ցանել «Նարեկացի» կենտրոնըՙ ապագայի կտրվածքով:

Լ.Ի.- «Նարեկացի» միության տարատեսակ նախաձեռնությունները փոփոխություն են մտցրել արվեստի շատ ոլորտներումՙ թե՛ հրատարակչական աշխատանքում, թե՛ նեղ մասնագիտական տարբեր ոլորտներում: Դրանք կայծեր են եղել, որտեղից հետո բռնկվել է տվյալ ուղղության շարունակությունը, զարգացումը: Եվ նույնն էլ երիտասարդ արվեստագետների դեպքում երբ նրան կայծ ես տալիս (ձայնագրում ես, վիդեո ես անում, ձեռքը պատրաստի ապրանք ես տալիս), ինքը կարողանում է դա վերցնել, մի ուրիշ կարեւոր տեղ ներկայանալ:

- «Նարեկացի» արվեստի կենտրոնը բոլորել է իր տասնամյա պատմությունն ու մտել երկրորդ տասնամյակի մեջ: Լինելով արվեստի մարդ, ես շատ լավ գիտեմ, որ չնայած շատ հանդարտ ու թեթեւ եք պատմում, այդ կարգի աշխատանք կատարելը արյուն-քրտնքի գործ է: Արդյո՞ք եղել են այնպիսի սայթաքումներ, որոնք փոխել են կենտրոնի գործունեության վեկտորը:

Ն.Հ.- Անշուշտ ամեն քայլափոխին եղել են խոչընդոտներ: Մեր կողմից իրականացված յուրաքանչյուր նախագիծ ունի իր դժվարությունների պատմությունը: Բայց մենք չարի վրա չենք կենտրոնանում: Հենց այդ պատճառով էլ քաղում ենք մեր աշխատանքի պտուղը: Հիմա մեր երիտասարդ հայրենիքն էլ ունի լուրջ դժվարություններ, մեծ խնդիրներ: Բայց մենք իրավունք չունենք դրանց տրվելու, այլ պիտի պայքարենք լույսի համար:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 05-06-2015

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ