RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 03-07-2015



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2015-07-02 22:54:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 736, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՍԵՐԺ ՎԵՆՏՈՒՐԻՆԻ. «ՀԻՐԱՎԻ, ԱՐՑԱԽԻՑ ԵՄ ԳԱԼԻՍ: ԻՆՉՔԱ՜Ն ԵՄ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԱՅԴ ԵՐԿԻՐԸ»

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ, Փարիզ

Ֆրանսիացի հանրաճանաչ բանաստեղծ, թարգմանիչ, Լ՛Հարմաթան հրատարակչության «Հայ գրարվեստ» մատենաշարի տնօրեն Սերժ Վենտուրունու հետ ծանոթացել եմ Փարիզի հայկական ռադիոյում (AYP FM): Դա 2006 թվականին էր, Սերժ Վենտուրինին իր տիկնոջՙ թարգմանչուհի Եղիսաբեթ Մուրադյանի հետ իմ «Au fil des pages» հայտագրի հյուրն էին: Հայտագիրն սկսվեց Եղիշե Չարենցի բանաստեղծությամբ, կարդում էր Սերժ Վենտուրինին, եւ ընթացքում պարզ դարձավ, որ Չարենցի բանաստեղծություններից մի շարք թարգմանել ու ֆրանսերեն լեզվով գիրք են հրատարակել: Վենտուրինին իր ստորագրությամբ մի գիրք էլ նվիրեց ինձ: Ջերմ ու բարեհամբույր ամուսինները հետագայում դարձան իմ լավ բարեկամները:

Սերժ Վենտուրինին հաճախ է լինում Հայաստանում, այս տարի նրան հաջողվեց լինել նաեւ Արցախում, այս պատեհ առիթով ես զրուցեցի նրա հետ եւ համոզված եմ, որ այն կհետաքրքրի շատ-շատերին:


- Պարոն Վենտուրինի, Դուք Հայաստանում ճանաչված ու սիրված անձնավորություն եք, առաջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում:

- 1986 թվին, այսինքն 28 առաջ, ես 31 տարեկան էի... (ծիծաղ): Երեւանի Բրյուսովի անվան ինստիտուտում ֆրանսերենի դասախոս էիՙ ուղարկված իմ երկրի արտաքին գործերի նախարարության կողմից: Խորհրդային Միության վերջին տարիներն էին. ահռելի ցույցերը շուտով ցնցելու էին Հայաստանը: Եղիսաբեթ Մուրադյանին հանդիպեցի Լենինականի երկրաշարժի օրերին: Իտալացի փրկարարներն առաջիններից էին, որ հասան օգնության: Ես իտալերեն իմացողներ էի փնտրում: Պատահաբար հանդիպեցի Երեւանի կոնսերվատորիայում իտալերեն դասավանդողի:

Մարդկային կյանքեր փրկելու համար մի ամբողջ շաբաթ մնացել եմՙ անքուն եւ կիսաքաղց այդ քաղաքի ավերակներում, անտեսելով իհարկե առանց «սպրավկա» (առանց օրինական թույլտվության ) այդ քաղաք գնալու արգելքը: Միշտ հիշում եմ այդ ցրտաշունչ օրերի փոշոտ ու մշուշապատ մթնոլորտը: (Հուզմունք ու լռություն):

Լենինականը նմանվում էր ռմբակոծված քաղաքիՙ փողոցներում ցեխի մեջ հայտնված կարմրապաստառ դագաղներով: Մենք սպասում էինք բարձրաբերձ մեքենաներ, բուլդոզերներ, տրակտորներ, սակայն ի մեծ զարմանս մեզ, մի վաղ առավոտ հայտնվեցին սովետական տանկեր...

- Հայացք դրսից, Հայաստանը ինչպիսի՞ երկիր է, կարելի՞ է համեմատել Ֆրանսիայի հետ:

- Համեմատելը միշտ էլ տանում է անճշտության. այնպես չէ՞: Ես ավելի շուտ կասեմ, որ այս երկու երկրներն էլՙ չնայած իրենց յուրահատուկ ավանդույթներին եւ իրենց պատմության տարբեր ընթացքին, ունեն ընդհանուր գծեր ու հատկապես կապված են մի հրաշալի բարեկամությամբ, որն ակունք է առնում շատ հեռու անցյալից. սա է նրանց միավորումը տարածքից ու ժամանակից վեր: Հիշում եմ Սայաթ-Նովայի խաղերը, որոնցից մի շարք թարգմանել ենք ու որտեղ խոսվում է 18-րդ դարի Ֆրանսիայի մետաքսից ու թանկարժեք հյուսվածքներիցՙ նաղշած արծաթյա, ոսկեթել նկարներով...

Եղիսաբեթին եւ ինձ ամենից առաջ գրականությունն է հետաքրքրումՙ մասնավորապես Չարենցը. ճանաչել տալ այս մեծ բանստեղծին Ֆրանսիայում, Եվրոպայում:

Այս պահին պատրաստում եմ մի հակիրճ ուսումնասիրությունՙ ելնելով չարենցյան իմ տեսակետից, այլ գրողներին համահունչ ու թարգմանոթյունների լայն ընտրանիով:

- Դուք նոր եք վերադարձել Արցախից, ընթեցողներին կհետաքրքրեն մանրամասները:

- Հիրավի, Արցախից եմ գալիս: Ինչքա՜ն եմ ես սիրում այդ երկիրը: Այնքան գործ կա անելու. հատկապես այնքան մեծահոգի ու մարտական արցախցիների հետ: Ճիշտն ասածՙ ես այնտեղ կմնայի հաճույքով... հատկապես Ստեփանակերտում ֆրանսերեն լեզվի մասնաճյուղ բացելու նպատակով, որն ահավոր պակասում է: Այնտեղ էի «Գրական տապան-2014-ի» շրջանակներում, ուր հանդիպեցի բազում գրողների, ինչպես նաեւ ինձ շատ հարազատ Դավիթ Մուրադյանին ու Հովիկ Վարդումյանին: Նաեւ շատ բանասատեղծների, որոնց հետ կուզենայի աշխատել: Միեւնույն ժամանակ ուզում եմ շնորհակալությունս հայտնել Դավիթինՙ Հրանտ Մաթեւոսյանի որդուն, ինչպես նաեւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին այս հրաշալի ճանապարհորդության համար:

- Դուք ֆրանսիացի բանաստեղծ եք, ներշնչվել եք Պիեր Ռեվերդիի, Ռենե Շարի ստեղծագործություններով, գրում եք խոհափիլիսոփայական բանաստեղծություններ. ե՞րբ, եւ ինչպե՞ս ծնվեց Սայաթ-Նովայի եւ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ֆրանսերեն թարգմանելու միտքը:

- Շատ պարզ. քանի որ ֆրանսերեն թարգմանությամբ համարյա ոչինչ չկար... (ժպտում է): Կարծում եմ, որ այսօրվա մեր «սուրբ» թարգմանիչները պիտի մի քիչ ավելի ուշադրություն հատկացնեն այս գրականությանըՙ երիտթուրքերի կողմից իրագործված ցեղասպանությունից հետո: Դա իսկական զե՛նք է բարբարոսության դեմ ուղղված (բռունցքը սեղանին խփելով): Իմ շնորհակալությունն եմ հայտնում Հայաստան աշխարհին, որ տվել է այնպիսի դեմքեր, ինչպիսին են Տիգրան Մեծը, Գրիգոր Նարեկացին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան, Կոմիտասը եւ շատ ուրիշներ, ինչպես Եղիշե Չարենցը... Հույս ունեմ, որ եւրոպացիները ավելի ու ավելի մեծաթիվ կգան Հայաստան եւ հատկապես Արցախ (ժպտում է): Եւ ի՜նչ գանձեր կտեսնեն (աչքերը փայլում են):

- Պատմեք խնդրեմ, Ձեր ապագա ծրագրերի մասին, եթե գաղտնիք չէ...

- Եթե մոտակա տարիներին թարգմանենք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը, ապա դա շատ մեծ գործ կլինի: Ինչպե՞ս կարող է ֆրանսիացի ընթերցասեր հանրությունը գաղափար կազմել ժամանակակից հայ նոր գրականության հոր հետ, եթե նրան իր սեփական լեզվով չի կարող կարդալ:

- Ձեր կինըՙ Եղիսաբեթ Մուրադյանը, թարգմանել, իսկ Դուք խմբագրել եք իմ «Ճշմարտության պարտադրանքով» գիրքը, որի համար երախտապարտ եմ ձեզ, որ լինելով չափազանց զբաղված մարդիկ, հանձն առաք այդ դժվարին աշխատանքը:

- Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակական դարձնելը անհրաժեշտություն է: Դա ձեզ համար, Անժելա, որպես հայ լրագրող, պարտավորվածություն ու լուրջ պատասխանատվություն է. ի մի բերել լրացուցիչ վկայություններ 20-րդ դարի մեծ Աղետի մասին: Այն պետք է անհրաժեշտություն լինի բոլոր ժողովուրդների համար. սկսած հենց ցեղասպանից: Ամո՛թ է. հարյուր տարի՞ է պետք փաստերը ընդունելու համար: Ապտակ մարդկությանը: Այդ ջարդարարներն իրենց ամբորջ պատմության ընթացքով ապացուցել են, որ հիվա՛նդ են հենց իրենց սեփական պատմությամբ: Ապացույցները երբեք բավականաչափ չեն: Հատկապես երբ գործ ունենք այնպիսի կառավարությունների հետ, որոնք հետզհետե անհետացրել են հիշողություն ու փաստեր, եւ հիմա փորձում են ամեն գնով ջնջել իրենց ցեղասպան գործողությունները: Ավելին. նրանք պնդում են, որ տեղի է ունեցել թուրքերի ցեղասպանություն հայերի կողմից... (քմծիծաղ է տալիս): Ահա՛ ցինիզմի գագաթնակետը: Յուրաքանչյուր վկայություն հաշվի է առնվում եւ ձերը, սիրելի Անժելա, արժեքավոր է: Դա կառույցի վրա մի նոր քար է ավելացնում...

Սերժ Վենտուրունիի հետ իմ զրույցը երկար տեւեց, նա ոգեւորված էր իր արցախյան ուղեւորությունից... Լինելով արցախցի, նրա պատմածից այլ կերպ էի ընկալում ամեն ինչ: Նրա համոզիչ խոսքերը մեր պատմամշակութային արժեքների մասին, եւս մեկ անգամ փաստում են, որ նման մարդկանց ներկայությունը Արցախում շատ կարեւոր են:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 03-07-2015

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ