RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 17-07-2015



ՀՈԳՈՎ ՄԻԱՍԻՆ

Տեղադրվել է` 2015-07-16 20:41:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 694, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԻԼՅԱ ՍԱՐԿԻՍՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԹՎՈՒՄ Է, ԹԵ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՄ ՏՈՒՆ...»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Այս ամիս երեւանյան հանդիսատեսը երկու օր անընդմեջ ցնցվեց եւ խորապես հուզվեց Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բեմում իր տեսածից: «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման (բեմադրիչՙ Արսեն Մեհրաբյան) պրեմիերան անմոռանալի տպավորություն թողեց ոչ միայն սուր դրամատիկ սյուժեի, այլեւ բալետմայստերի եւ մենակատարների բացարձակ վարպետության շնորհիվ: Վերջինների թվում էին մեր բալետասերին քաջ ծանոթ եւ սիրելի պարողներ Արսեն Մեհրաբյանը (Արշիլ Գորկի), Վահե Մարտիրոսյանը (Գորկու ընկեր), Տիգրան Միքայելյանը (Գերմանիա), ՀՀ վաստակավոր արտիստուհի Մարիա Դիվանյանը (Գորկու մայր), «Բարեկամություն» պետական համույթի մենակատար Անժելիկա Դավթյանը (տեսիլք), ինչպես նաեւ երեւանցիներիս համար հայտնություն դարձած Ժնեւի Մեծ թատրոնի մենապարուհի Անժելա Դի Ռեբելոն (Գորկու կին) եւ Բավարիայի պետական բալետի մենակատար Իլյա Սարկիսովը: Երիտասարդ, շիկահեր Սարկիսովըՙ դասական պարողի փայլուն տվյալներ ունեցող այդ պարողը, թեեւ ոչ մեծ դերին (Արշիլ Գորկու տեսիլք), նույնպես դարձավ հասարակության սիրելինՙ հիացնելով իր ճկունությամբ եւ ոգեղենությամբ:

30-ամյա Իլյա Սարկիսովը բալետային ընտանիքից է. հայրը Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնի երբեմնի մենակատար Վյաչեսլավ Սարկիսովն է, մայրըՙ պարուհի եւ թատերագետ Ելենա Գուսեւան: Հոր նախնիները եղել են Թիֆլիսից, Իլյան ծնվել է Մոսկվայում, մեծացել Իսրայելում, 16 տարի էՙ ապրում է Գերմանիայում, որտեղ սովորել է Ալեքսանդր Պրոկոֆեւի մոտ (Մոսկվայում նրա մոտ է ուսանել նաեւ իր հայրը): Ելույթներ է ունեցել ժամանակակից ականավոր բալետմայստերներ Կիլիանի, Աշթոնի, Դուատոյի, Ֆորսայթի, Ռոբինսի, Նոյմայերի բեմադրություններում: Մի քանի տարի առաջ բրիտանական Dance Europe ամսագիրը Սարկիսովի անունն ընդգրկել է թատերաշրջանի հարյուր լավագույն արտիստների ցանկում: Համեստ եւ ընկերական Իլյան շատ հետաքրքրական զրուցակից է, ում հետ կարելի է ժամերով խոսել բալետի եւ առհասարակ արվեստի մասին...


- Իլյա, ինչպե՞ս ես զգում քեզ համար նոր մի երկրում...

- Թեեւ առաջին անգամ եմ Հայաստանում, բայց ինձ թվում է, թե վերադարձել եմ տուն, ավելինՙ մանկություն, քանի որ այստեղ շատերը գիտեն իմ ծնողներին: Մեր առաջին ելույթից հետո ինձ մոտեցան հայ բալետի ականավոր գործիչներ Էլվիրա Մնացականյանը, Վիլեն Գալստյանը եւ ասացին, որ ծանոթ են ծնողներիս հետ, նրանց հետ 1974-ին հյուրախաղերի են մեկնել Կանադա: Ես միշտ սերտ կապեր եմ ունեցել հայերի հետ: Դեռ Իսրայելում ճանաչել եմ հայր եւ որդի բալետի պարողներ Արմեն եւ Արման Գրիգորյաններին, իսկ Մյունխենում ունեի հայ դասընկերներ: Անձամբ ճանաչում եմ Եվրոպայում աշխատող գրեթե բոլոր բալետի հայ պարողներին, իսկ մեր թատրոնի պրեմիեր Տիգրան Միքայելյանի հետ արդեն տասը տարի է մտերիմ ընկերներ ենք, ավելինՙ եղբայրներ: Հունիսի 22-ին Տիգրանը Մյունխենում համերգ կազմակերպեցՙ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, որի ընթացքում պարի լեզվով ներկայացրինք պատերազմի, կորստի, բաժանման, փնտրտուքների թեմաները: Ես պարեցի մի հատված «Արշիլ Գորկիից», իսկ եզրափակիչ համարում ելույթ ունեցա դուդուկի երաժշտության ներքո: Այդ պահին իմ զգացմունքները ճիշտ նույնն էին, ինչ որ իմ հայ ընկերներինը, թեեւ ես մեծացել եմ բոլորովին այլ իրականության մեջ: Իմ կարծիքովՙ հայ եւ վրացի ժողովուրդները անսահման տաղանդավոր են, երկուսն էլ ապրում են անսովոր իրականության մեջ, նրանց արվեստըՙ բեմականը, կերպարվեստը թե կինոն, բխում են սրտից ու հոգուց: Հայ պարողները շատ վառ խառնվածք ունեն, ինչը հաճախ պակասում է Եվրոպայում, այդ հատկանիշն էլ նրանց ինքնատիպ է դարձնում: Զգացվում էր, որ այդ տղաները, առաջին անգամ հայտնվելով Եվրոպայում, գալիս են մի բոլորովին այլ իրականությունից, բայց տարեցտարի աշխատելով իրենք իրենց վրա, ծանոթանալով պարային տարբեր դպրոցներին, փոխելով այն, ինչը պիտի փոխեն, նրանք հաջողապես ներգրավվեցին եվրոպական խորեոգրաֆիկ աշխարհի մեջ: Բայց նրանք մշտապես հիշում են իրենց ակունքները, իրենց ներշնչումների աղբյուրը, հանդես են գալիս ազգային նախագծերովՙ բարձրացնելով Հայաստանի հեղինակությունը ողջ պարարվեստի աշխարհում:

- Այս անգամ մենք բացահայտեցինք Արսեն Մեհրաբյան բալետմայստերի վառ տաղանդը: Ի՞նչ կասես նրա մասին:

- Որպես բալետմայստեր Արսենը մեծ ապագա ունի: Երիտասարդ խորեոգրաֆներից շատերն այսօր բեմադրում են վերացական, ոչ բավականաչափ իմաստավորված բալետներ: Արսենը մշտապես առանձնանում է բալետի մեջ իր խորը փիլիսոփայական հասկացություններով ու գաղափարներով, թեմատիկ բեմադրություններով, որոնցում փորձում է ներթափանցել զգացմունքների ամենախորքը: Նա ընտրեց հայ ժողովրդի համար թանկագին Արշիլ Գորկու կերպարը, որի ողբերգական ճակատագիրը ժամանակակից բալետի լեզվով չէր կարող չհուզել: Հանդիսատեսների 99.9 տոկոսն արտասվում էր:

- Նախընտրում ես դասակա՞ն, թե՞ ժամանակակից բալետը:

- Դասական բալետն իմ մեջ օրորոցից է, այն ինձ շատ հարազատ է, քանի որ ես մեծացել եմ թատրոնում: Շատ պարողներ ասում են, որ մոդեռն բալետ պարելով իրենց մեջ բացահայտում են այնպիսի բաներ, որոնց մասին մինչ այդ չգիտեին, որ կարողանում են վերաիմաստավորել իրենց գաղափարները բոլորովին այլ ձեւով: Օրինակ, դասական բալետում սիրո խոստովանությունը կարելի է կատարել արիստոկրատ ժեստերով, որպես արքայազն, իսկ մոդեռնումՙ աղավաղված ձեւով, որը հասարակությունը կտեսնի այլ տեսանկյունից: Կարող է տարօրինակ հնչել, բայց ժամանակակից խորեոգրաֆիայից հետո սկսեցի ավելի լավ պարել դասականներին: Մոդեռն բալետն ազատագրում է մարմինը, նրան տալիս է որոշակի ճկունություն, օգնում շտկել դասական պարում ունեցածդ թերությունները:

- Ի՞նչ դեր կառանձնացնես քո երկացանկից:

- Բալետմայստեր Թերենս Քոլերը հատուկ ինձ համար բեմադրել է «Հերոսներ եւ հակահերոսներ» բալետը, որտեղ կատարել եմ Պրոմեթեւսի եղբորՙ Էպիմեթեոսի դերապարը: Այստեղ Պրոմեթեւսը գողանում եւ մարդկանց պարգեւում է ոչ թե կրակը, այլ նոր տեխնոլոգիաները: Եվ նրա եղբայրը միակն է, ով չի հավատում դրա օգտակարությանը, քանի որ նրա համար կարեւորը սիրո, բարեկամության մարդկային որակներն են, որոնք մեծ արագությամբ անհետանում են տեխնոլոգիաների ազդեցությամբ: Այս բալետը պարեցինք ընդամենը երկու թատերաշրջան, բայց նա ինձ տվեց աճՙ որպես արվեստագետ:

- Ինչպե՞ս ես գնահատում երեւանյան ելույթներդ:

- Ես շատ զգացված եմ հայ հանդիսատեսի ջերմությունից, ինձ համար մեծ պատիվ եւ հաճույք է լինել այստեղ, եւ շատ հուսով եմ, որ սա սկիզբն է իմ հայաստանյան ելույթների...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 17-07-2015

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ