RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 24-07-2015



ԱՆՀԱՏԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2015-07-23 21:49:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1202, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

Ջ. ԳԱՖԵՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ

Մարինե ԿԱՐՈՅԱՆ

Ջերարդ Լ. Գաֆեսճեանը (1925-2013)` Ցեղասպանությունից վերապրածների զավակ է: Կյանքի հատկապես վերջին երկու տասնամյակները հայության մի շարք խնդիրներին նվիրած այս բարեգործը հիմնադրել է «Գաֆեսճեան ընտանիք» հիմնադրամը, «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամն ու Գաֆեսճեան արվեստի կենտրոնը, որոնց հիմնական նպատակն է աջակցել հայությանը, նպաստել հայ ազգի զարգացմանը: Իր կյանքի մի շրջափուլում Ջ. Գաֆեսճեանը որոշեց տարբեր ծրագրեր իրականացնել Հայաստանում: Ի համալրումն տարբեր ֆինանսական ձեռնարկների, նրան հետաքրքրում էր նաեւ մշակութային ուղղվածությունը, որ առնչվում էր իր անհատական հավաքածուի հետ:

Ջ. Գաֆեսճեանի բարեգործական ձեռնարկումների թերեւս ամենամնայուն արտահայտությունը 2002թ. Հայաստանի կառավարության հետ փոխհամաձայնությամբ Երեւանի գլխավոր ճարտարապետական կառույցներից մեկի` Կասկադ համալիրի եւ նրա դիմացի Թամանյան պուրակի տարածքում ժամանակակից արվեստի կենտրոնի ստեղծումն էր: Երեւանի սրտում գտնվող ճարտարապետական այս կառույցը Ալեքսանդր Թամանյանի (1878-1936) նախնական նախագծի եւ Ջիմ Թորոսյանի (1926-2014) ճարտարապետական նոր մոտեցումների հիման վրա ստեղծված յուրահատուկ մի վայր է ո՛չ միայն հայերիս համար: Այնուամենայնիվ, այն գրեթե մեկ տասնամյակ հայաստանցիներիս հետ միասին ուս-ուսի տանում էր նորանկախ հայրենիքի տնտեսական ծայրահեղ դժվարությունների բեռը:

2002-2009 թթ. համալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մի մասը լիովին վերափոխվեց` վերածվելով արվեստի կենտրոնի, որի պաշտոնական բացմանը ականատես եղանք 2009թ-ին:

Կենտրոնը մինչ օրս անդավաճան գործում է Ջ. Գաֆեսճեանի տեսլականի համաձայն, այն է` Հայաստանում ցուցադրել համաշխարհային արվեստի լավագույն միտումները, ինչպես նաեւ աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը:

Կենտրոնն ակտիվ արվեստային վայր է, որը ցուցադրություններին զուգընթաց ունի կրթական ծրագրեր, կազմակերպում է համերգաշարեր, ֆիլմերի ցուցադրություններ եւ դասախոսություններ: Գործունեության վեց տարիների ընթացքում կենտրոնը դարձել է մշակութային ակտիվ մի օրրան, որտեղ աշխատանքը եռում է:

Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, որոնց ցուցանմուշները մեծավ մասամբ Ջերարդ Գաֆեսճեանի անձնական պատկառելի հավաքածուից են:

Ավելի քան հինգ հազար արվեստանմուշ պարունակող այս հավաքածուում ներկայացված են անվանի արվեստագետներ Դ. Չիհուլիի, Բ. Էլիասի, Պ. Հլավայի, Յ. Ռիբակի, Ի. Շռամկովայի, Բ. Վալիենի, Լ. Թալիապիետրայի, Մ. Պեյզերի եւ Հ. Յամանոյի, Ս. Լիբենսկու, Յ. Բրիխտովայի եւ այլոց ստեղծագործություններ:

Ամեն ինչ սկսվում է Գաֆեսճեան քանդակների պարտեզից, որն ընդգրկում է Կասկադի դիմաց գտնվող Թամանյան պուրակի տարածքը: Այստեղ ներկայացված է աշխարհի մոնումենտալ քանդակների լավագույն հավաքածուներից մեկը: Պարտեզի հատուկ նախագծված ընդարձակ ծառուղիները ստեղծում են ժամանակակից միջավայր` մեծածավալ քանդակների տեղակայման համար: Այստեղ կարելի է տեսնել հեղինակավոր արվեստագետներ Ֆերնանդո Բոտերոյի, Լին Չեդուիքի, Ժաումե Պլենզայի եւ Բարրի Ֆլանագանի ստեղծագործությունները:

Քանդակների պարտեզում, ինչպես նաեւ կենտրոնի հարթակների վրա տեղակայված քանդակներից բացի, կենտրոնի վեց ցուցասրահներից երեքում ներկայացված են հիմնական ցուցադրություններ, իսկ մյուս երեք սրահները նախատեսված են ժամանակավոր, փոփոխվող ցուցադրությունների համար: Վերջիններիս մեջ հատկապես առանձնանում են «Արշիլ Գորկի. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆեսճեան մասնավոր հավաքածուից», «Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը», «Վիկտոր Վազարելի. օպտիկական հեռանկարներ», «Իվանա Շրամկովա. երկրաչափական ձեւեր եւ պատկերներ», «Դագ Արգյու. գեղանկարներ հավերով», «Ֆրիդենսրայխ Հունդերթվասեր. Ռեգենթագ», «Փոփ հաղորդակցում. ընտրանի Ջերարդ Գաֆեսճեան հավաքածուից», «Բնության հրաշքներ» «Կերպափոխվող իրականություն. նորարարությունն ու երեւակայությունը իտալական դիզայնում», «Լիբենսկի Բրիխտովա. լույս տարածության միջով» ցուցադրությունները:

Գաֆեսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսային կարեւորագույն նախաձեռնություններից է միջթանգարանային համագործակցությունը տեղի թանգարանների հետ, որի շրջանակներում կենտրոնը համագործակցել է Ռուսական արվեստի, Երեւանի պատմության, Կալենցի, Երվանդ Քոչարի թանգարանների հետՙ համատեղ կազմակերպելով հիշարժան ցուցադրություններ:

Կենտրոնի առանցքային նախաձեռնություններից է նաեւ համագործակցությունը երեւանաբնակ կոլեկցիոներների հետ, որի նպատակն է բացահայտել եւ հանրությանը ներկայացնել արվեստի մասնավոր հավաքածուները:

«Ջերարդ Լ. Գաֆեսճեան մասնավոր հավաքածուն ցուցադրելուն զուգահեռ, կենտրոնը մեծ ուշադրություն է հատկացնում նաեւ հայ արվեստագետներին եւ նրանց արվեստը ներկայացնելուն: Առանձին ցուցահանդեսներով արդեն ներկայացրել ենք Երվանդ Քոչարի, Հակոբ Հակոբյանի եւ Հարություն Կալենցի ստեղծագործությունները: 2015 թվականը առանձնահատուկ տարի է Գաֆեսճեան արվեստի կենտրոնի համար: Այս տարվա ցուցահանդեսային ծրագիրն ամբողջովին նվիրված է հայ արվեստին եւ ներկայացնելու է հայ ժամանակակից արվեստագետներ Հայաստանից եւ Սփյուռքից»,- մեզ հետ զրույցում պարզաբանում է կենտրոնի գործադիր տնօրենի ժ/պ Վահագն Մարաբյանը :

2015թ. կենտրոնում բացվել են Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» եւ «Սարգիս Համալբաշյան. Հայկական թաղամաս» ցուցադրությունները, որոնց համապատասխանաբար հաջորդել են «Տիգրան Ձիթողցյան. Հայելիներ» եւ «Արտո Չաքմաքչյան. Վերածնունդ» նորաբաց ցուցադրությունները:

«Ցուցադրություններին զուգընթաց կենտրոնը խիստ կարեւորում է կրթական ծրագրերի կազմակերպումը: Հայտնի է, որ մերօրյա համաշխարհային պրակտիկայում թանգարանները հանդես են գալիս ոչ միայն որպես հավաքածուների ցուցադրողներ եւ դրանց պահպանողներ, այլեւ մեծ ուշադրություն են հատկացնում թանգարանը կրթական միջավայր դարձնելուն, եւ այցելու-արվեստանմուշ փոխշփումը ավելի ինտերակտիվ, սերտ ապահովելուն, ինչպես նաեւ թանգարանը` հանրության համար հետաքրքրական ժամանցային միջավայր դարձնելուն: 2010թ նոյեմբերին մեկնարկեց կենտրոնի առաջին կրթական ծրագիրը` «Ստեղծագործականություն եւ երեւակայություն», հիմնված «Իվանա Շրամկովա. երկրաչափական ձեւեր եւ պատկերներ» ցուցադրության վրա: Այն նախատեսված էր 5-13 տարեկան երեխաների համար: «Ծրագրի շրջանակներում համագործակցել ենք արվեստագետիՙ չեխ ապակեգործ Իվանա Շրամկովայի հետ, ում մտահղացմամբ ստեղծվեց անիմացիոն ֆիլմ, որտեղ արվեստագետն իր գաղափարներն ու մտքերն էր փոխանցում երեխաներին: Ծրագիրն ընթանում էր անմիջապես ցուցասրահում, որտեղ ցուցադրության եւ տեսաֆիլմի դիտումից հետո սկսվում էր ստեղծագործական փուլը: Օգտագործելով արվեստագետի թե՛ ֆորմալ եւ թե՛ գաղափարական մոտեցումները, երեխաները տարատեսակ նյութերով ստեղծում էին իրենց կենդանակերպ աշխատանքները եւ նույնիսկ պատմություններ գրում դրանց մասին: Իհարկե սկզբնական շրջանում կային որոշակի խնդիրներ լսարանի ստեղծման հետ կապված: Այժմ դրությունը բոլորովին այլ է: Ստեղծվել է շատ սերտ համագործակցություն դպրոցների հետ: Վստահ կարող ենք ասել, որ այսօր մենք ունենք կայուն լսարան», -պարզաբանում է Վ Մարաբյանը:

Հավելենք, որ մինչ այժմ կենտրոնն իրակացրել է շուրջ երեք տասնյակ ուսումնական ծրագրեր, որոնք ոչնչով չեն զիջում միջազգային կրթական փորձին: Բոլոր այս ծրագրերը հիմնված են թանգարանի համապատասխան ցուցադրության վրա եւ ասես կամուրջ են դառնում տվյալ արվեստագետին եւ ցուցադրությունն ավելի տեսանելի ու հասանելի դարձնելու համար: Ծրագրերը նախատեսվում են տարբեր տարիքային եւ սոցիալական խմբերի համար: Բնականաբար ներկայացման լեզուն եւ միջոցները տարբերվում ենՙ ըստ տարիքային խմբերի:

«Հանդիպում արվեստի հետ» շարքը մեծահասակների համար նախատեսված կրթական նախաձեռնություններից է, որն ընթանում է դասախոսությունների կամ ֆիլմադիտումների ձեւաչափով: Այս շրջանակներում կենտրոնը համագործակցում է տվյալ ոլորտի լավագույն մասնագետների հետ: Կենտրոնի այս տարվա կարեւորագույն նախաձեռնություններից դարձավ նաեւ Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի բացումը Պատկերասրահ I-ում, որը յուրատեսակ ընթերցարան-գրադարան է, որտեղ զետեղված են մոդեռն եւ ժամանակակից արվեստին առնչվող եզակի գրքերի ընտրանի Ջերարդ Լ. Գաֆեսճեան հավաքածուից, ինչպես նաեւ հայ արվեստին եւ արվեստագետներին վերաբերող ցուցահանդեսային պատկերագրքեր եւ մենագրություններ Գաֆեսճեան արվեստի կենտրոնի գրադարանից: Գրեթե 600 գիրք, ցուցահանդեսային կատալոգ եւ մենագրություն անվճար հասանելի են հետազոտողների, արվեստով զբաղվող ուսանողների եւ հանրության համար: Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում նաեւ գործում է հատուկ անկյուն ընտանիքների համար, որտեղ ծնողներին ու երեխաներին առաջարկվում են երեւակայությունը խթանող ստեղծագործական գրքեր եւ զարգացնող խաղալիքներ:

Ամռան ընթացքում կենտրոնն առաջարկում է նաեւ բացօթյա միջոցառումներ, որոնցից արժանահիշատակ է «Կարին» համույթի կողմից ավանդական պարերի ուսուցումը Գաֆեսճեան քանդակների պարտեզում: Համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, յուրաքանչյուր հանդիպմանը քանդակների պարտեզում ներկայացնում է տվյալ պարի պատմական հենքը, նաեւ տալիս է ավանդական տարրերի մեկնաբանությունը: Համույթի անդամներն իրենց հայկական ավանդական տարազներով համախմբում են հանրությանը տոնական շուրջպարի ներքո` սովորեցնելով նրանց ավանդական պարերի նրբությունները: Մեծ շուքով է տոնվում նաեւ Երեխաների պաշտպանության միջազգային օրը հունիսի 1-ին, որին յուրաքանչյուր տարի մասնակցում են տասնյակ հազարավոր երեխաներՙ Հայաստանի տարբեր շրջաններից:

Գաֆեսճեան արվեստի կենտրոնի առաջարկած ծրագրերի մեջ հատկապես առանձնանում են համերգային ծրագրերըՙ Երաժշտության կասկադ եւ Գաֆեսճեան դասական երաժշտության համերգաշարերը, որոնք տեղի են ունենում կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում: Գաֆեսճեան դասական երաժշտության համերգաշարի պարագայում հայ երաժիշտներից կազմված խորհուրդն ապահովում է համերգային նախագծերի ընտրությունը. համերգների հայտերը խստորեն ընտրվում են եւ վերահսկվում: Այս համերգաշարի շրջանակներում բարձրակարգ դասական երաժիշտների կողքին ելույթ են ունենում նաեւ սկսնակ տաղանդավոր երաժիշտներ: «Երաժշտության կասկադ» համերգաշարը ներառում է ջազ, լատինո, ռոք ոճերի համերգներՙ ապահովելով բարձրակարգ ժամանցային երաժշտություն: Այս սրահում յուրօրինակ մթնոլորտ է, ինչը հաստատում են թե՛ այցելուները եւ թե՛ երաժիշտները: Ամեն բան արված է ինտելեկտուալ, մշակութային միջավայր ստեղծելու համար:

Մեր զրույցի ընթացքում Վ. Մարաբյանը նշեց, որ կենտրոնը ոչ մի ֆինանսական շահ չի հետապնդում այս ծրագրերից ֆինանսավորումը կատարվում է բացառապես Գաֆեսճեան թանգարան-հիմնադրամի կողմից: Կենտրոնն, անշուշտ, փորձեր ձեռնարկում է` ծրագրերի համար հովանավորներ գտնելու առումով: Օրինակ, կրթական ծրագրերի շրջանակներում կենտրոնը համագործակցում է Բիլայն ընկերության հետ:

Ես անհանգստացած էի հասարակության լայն շերտերի համար կենտրոնի հնարավորինս լիարժեք տեսանելիության, նրա PR գործողությունների առնչությամբ: Սրա պատճառը, նախ եւ առաջ, կապված է որեւէ «երեւացող շինություն», որպես այդպիսին, չունենալու հետ (քանի որ կենտրոնը տեղակայված է Կասկադի ժայռափոր հատվածում): Լինելով Գաֆեսճեան արվեստի կենտրոնի բրենդը, այս յուրահատկությունը, միեւնույն ժամանակ, պետք է որ խնդիրներ առաջացնի կենտրոնի գործունեության «տեսանելիության» իմաստով:

Վ. Մարաբյանը այդ իմաստով հանգիստ է, քանզի «մշակութային ուղղվածություն ունեցող հանրությունը կենտրոնի գործունեության մասին տեղեկացված է»: Հասարակության հետ կենտրոնի աշխատանքի թերեւս ամենակարեւոր օղակներից մեկը կարելի է համարել նրա առաջարկած` կենտրոնին անդամակցության փաթեթները: Սա մի ներքին մշակութային խումբ ստեղծելու գաղափար է: Փաթեթներն առաջարկվում են ոչ միայն անհատներին, այլեւ կազմակերպություններին, որոնք անդամակցելու պարագայում առավելություններ են ստանում թե՛ իրենց աշխատակիցների եւ թե՛ կազմակերպության տարբեր միջոցառումների համար:

Վերջում կուզենայինք ներկայացնել նաեւ մեր կարճ հարցազրույցը «Գաֆեսճեան ընտանիք» հիմնադրամի նախագահ, Ջերարդ Գաֆեսճեանի դուստրՙ տիկին Քեթլին Գաֆեսճեան Բարադարանի հետ:

- Հայաստանն, անշուշտ, բոլոր հայերի հայրենիքն է, սակայն այն, իհարկե, Ձեր հոր ծննդավայրը չէ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն էր այն շարժիչ ուժը, որ ստիպեց Ձեր հորը այդպիսի մեծ ակտիվություն սկսել Հայաստանում:

- Կարծում եմ, հորս մոտ նախնյաց հազարամյա պատմությունը մի տեսակ կարոտի զգացում էր արթնացրել Հայրենիքի նկատմամբ Հայրենիք, որը պատմության ոլորաններն հաղթահարած քաղաքակրթության եզակի մշակութային ինքնության պահպանողն է:

- Դուք Ջերարդ Գաֆեսճեանի իրավահաջորդն եք: Կիսո՞ւմ եք արդյոք Հայաստանի հետ կապված նրա նպատակներն ու մտադրությունները (գուցե նաեւ մտավախությունները):

- Այո, ամբողջովին: Ինձ համար պատիվ է Գաֆեսճեան ժառանգության շարունակողը լինել: Ուրախ եմ Հայաստանի ժողովրդի հետ կիսել արվեստի նկատմամբ իմ սերըՙ միեւնույն ժամանակ խրախուսելով նրա ստեղծագործական հանճարը ապագա սերունդների համար:

- Դուք ժամանակակից արվեստի ճոխ հավաքածու ունեք, որտեղ, սակայն, հայազգի արվեստագետների ստեղծագործությունները հազվադեպ են: Դուք հետաքրքրվո՞ւմ եք հայ արդի եւ ժամանակակից արվեստով:

- Ինձ հետաքրքրում են արվեստի տարբեր ձեւերը, այդ թվում նաեւ ժամանակակից արվեստը: Արվեստն իմ կյանքի ու կրթության անբաժանելի մասն է եղել միշտ: Նրա հետ շարունակական շփումը միշտ լի է նորանոր հայտնագործություններով ու զգացումներով:

- Հավանո՞ւմ եք Արվեստի այս կենտրոնի այժմյան ձեւաչափը: Կցանկանայի՞ք որեւէ բան փոխել:

- Կասկադըՙ որպես մոնումենտալ ճարտարապետության օրինակ, եզակի է մեր ժամանակների համարնման բան որեւէ այլ տեղ չկա: Կարծում եմ, այն մի գանձ է, որ պետք է պահպանել: Իմ տեսլականում Կասկադի այլեւայլ վերաձեւակերպություններ կհանգեցնեն նրա առաջընթացինՙ դարձնելով այն արվեստի համաշխարհային կարգի կենտրոն: Նմանօրինակ ձեռքբերումը շարունակական հաջողության գրավական կարող է լինել:

- Ինչպիսի՞ն եք տեսնում կենտրոնի ապագան: Ի՞նչ նոր մտահղացումներ ունեք:

- Այսօր կենտրոնը ներկայանում է որպես ժամանակակից արվեստի, երաժշտության եւ արվեստային կրթության առաջնակարգ մի վայր: Ապագային վերաբերող բազմաթիվ նոր մտահղացումներ կան, սակայն մեկ բան հստակ էՙ չպետք է խախվի Կասկադի առաջնային տեսքը: Դա նույնպես նպաստում է հայաստանյան արվեստի բնագավառում Գաֆեսճեան արվեստների կենտրոնի բարձր գնահատանքին:

Մեր կողմից հավելենք, որ Գաֆեսճեան արվեստի կենտրոնի բարձր գնահատականը, անշուշտ, սերտորեն կապվում է նաեւ նրա աշխատակազմի չափազանց նվիրված, հոգատար ու սրտացավ աշխատանքի հետ, ինչն, անշուշտ գնահատում է ե՛ւ հայաստանցին, ե՛ւ օտարը: Այս ամենի շնորհիվ այսօր այս ամբողջ համալիրը դարձել է քաղաքի կարեւորագույն մշակութային կիզակետերից մեկը: Ցանկանք, որ Երեւանի այս յուրահատուկ անկյան տարածքները մեծանան` հնարավորություն ընձեռելով իրականացնել ավելի մեծ նախագծեր, ընդլայնելով Հայաստանի դիսկուրսի շրջանակները համաշխարհային ժամանակակից արվեստի բնագավառում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 24-07-2015

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ