RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 24-07-2015



NOSTALGIE

Տեղադրվել է` 2015-07-23 21:49:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1150, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԿԻՆՈ «ՄՈՍԿՎԱ»

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Սկիզբը` նախորդ համարում

***

Ամենից շատ սիրում էինք մեր դպրոցի (Չայկովսկու անվան, երաժշտական) վերջին դասերից փախչել եւ գնալ կինո «Մոսկվա», որն ամենամոտն էր մեր դպրոցին: Ինչ ֆիլմ էլ լիներ, մեզ համար հետաքրքրական էր: Սովորաբար վերջին դասից մենք «ծլկում էինք» երկուսովՙ ես եւ իմ համադասարանցի շատ տաղանդավոր ջութակահար Հայկազ Մորճիկյանը: Հայկազն ինձ պես կինոյի, հատկապես իտալական կինոյի մեծ սիրահար էր: Նրա խոսակցության առարկան միշտ կինոն էր, ժամերով կարող էր խոսել «Կորսված անուրջներ» («Утраченные грезы») ֆիլմի մասին, որի գլխավոր հերոսուհին էր գեղեցկուհի Սիլվանա Պամպանինին... Սիրում էր նաեւ ֆիլմերից մեղեդիներ երգել կամ դաշնամուրի վրա դնդնացնել:

Մեր դպրոցից, որը գտնվում էր Լենինի (այժմՙ Մաշտոցի) պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում, հինգ րոպեում հասնում էինք կինո «Մոսկվա»: Կինո «Մոսկվայում» հաճախ էին փոխում ֆիլմերը, հաճախ տարբեր դահլիճներում տարբեր ֆիլմեր էին ցուցադրում: Սովորաբար մենք գնում էինք առավոտվա ժամը 10.00 կամ 11.00-ի սեանսներին: Այդ ժամերին տոմս գնելու համար հերթ չէր լինում: Տոմսերը սկզբնական շրջանում, մինչեւ 1967 թվականը, վաճառում էին երկու դրամարկղներից, որոնք գտնվում էին շենքի ճակատի մասումՙ աջ եւ ձախ անկյուններում, հատուկ փոքր պատուհաններից: Իսկ երեկոները միշտ մեծ հերթ էր գոյանում: Երբ տեսնում էիր, որ հերթը մեծ է, ուրեմն ֆիլմը հաջող էր, եւ արժեր այն դիտել, հերթ կանգնել: Սովորաբար հանդիսատեսը անսխալ էր լինում: Չհաշված հնդկական ֆիլմերը, որ մեր երեւանցիք չգիտես ինչու շատ էին սիրում, բնականաբար եւ Ռաջ Կապուրին ու նրա երգերը: Իսկ ինձ ու Հայկազին առավել սիրելի էին իտալական, ֆրանսիական, հետո նոր միայն ամերիկյան ֆիլմերը: Յուրաքանչյուր իտալական ֆիլմ դիտելը մի տոն էր: Ինչո՞ւ: Առաջին հերթինՙ որ այդ ֆիլմը մի մեծ սիրո պատմություն էր, եւ որ հերոսուհիներն էլ որպես օրենք գեղեցկուհիներ էինՙ Ջինա Լոլոբրիջիտա, Սիլվանա Պամպանինի, Ստեֆանա Սանդրելի, Կլաուդիա Կարդինալե, Վեռնա Լիզի, Սոֆիա Լորեն, Անտոնելլա Լուալդի, Մոնիկա Վիտտի, Սանդրա Միլլո... Այնպես եմ հիշում, կարծես թե երեկ տեսած լինեմ նրանց մասնակցությամբ ֆիլմերը: Իսկ իտալացի հերոսները, մեծահռչակ «սիրտ նվաճողները» (сердцееды)ՙ Մարչելլո Մաստրոյանին, Ջուզեպպե Մորանդին, Նինո Մանֆրեդին, Ալբերտո Սորդին, Ուգո Տոնյացին, Ռալֆ Վալոնեն, հապա նշանավոր կոմիկ Տոտոն... Եվ այս ամենը դու կարող էիր դիտել ՍՄԿԿ պատմության, երկրաչափության կամ սոլֆեջիոյի ձանձրալի դասերի փոխարեն (ես թվարկեցի այն առարկաները, որոնք առավել չէի սիրում), եւ ընդամենը 15 կոպեկով:

Ուրեմն գնում էինք մեր տոմսերը եւ առաջ...

Երբ շոգ էր, անպայման առաջին հարկում վաֆլիի բաժակով պաղպաղակ էինք գնում եւ պաղպաղակը ձեռքներիս մտնում դահլիճ: Այդ տարիներին ֆիլմից առաջ անպայման պետք է ցուցադրեին վավերագրական քրոնիկոն, որը կոչվում էր «журнал»: Եթե բախտներս բերում էր, ապա դա լինում էր այսպես կոչված «Иностранная кинохроника», որն այն միակ պատուհանն էր, որ հնարավորություն էր տալիս դիտելու օտար աշխարհը: Եվ թեեւ դրա 90 տոկոսը գործադուլներ, բանվորների բողոքի միտինգներ կամ բնության աղետներ էին, բայց, միեւնույն է, մի բան հասկացվում էր, որ կար եւ ուրիշ աշխարհ, բարձրահարկ շենքեր, ուրիշ մեքենաներ, ուրիշ խանութներ, ուրիշ հագուստներ եւ այսպես շարունակ...

Մեկ էլ տեսար, «Иностранная кинохроника»-ի ժամանակ ցույց կտային, թե ինչպիսի հաջողություն ունի, օրինակ, Большой театр-ը Լոնդոնում, եւ ցույց կտային մի հատված Լոնդոնի այսինչ շքեղ հրապարակից եւ այնինչ շքեղ դահլիճից: Եվ կամ թե որեւէ կլոր տարեթվի կապակցությամբ ցույց կտային Պիկասոյին, Չապլինին, Հեմինգուեյին, կամ մի հատված աշխարհահռչակ որեւէ ֆուտբոլային թիմի խաղից:

Իսկ եթե բախտներս չբերեր, պիտի տեսնեինք տեղական այսպես կոչված «Новости дня», ուր ամեն ինչ հակառակն էր «Иностранная кинохроника»-ի: Այստեղ, մեզ մոտ ծաղկում է, ծլում է, կառուցվում է ու հզորանում, իսկ այնտեղՙ հակառակը... Կինոժուռնալից հետո մեկ րոպեով դահլիճի լույսերը կրկին վառվում էին, եւ «կոնտրոլյորները» (բոլորը կանայք էին, կապույտ խալաթներով) «жук» կոչվող ձեռքի լապտերների օգնությամբ ուշացածներին օգնում էին գրավել իրենց տեղերը, եւ վերջապես ֆիլմը սկսվում էր...

Որպես օրենք բոլոր ֆիլմերը լինում էին ռուսերեն լեզվով: Այնպես որ, մեր ժողովուրդը ուզենար-չուզենար ռուսերենը կսովորեր: Դրանից լա՞վ լեզու սովորելու մասսայական ձեւ: Ամեն օր մի քանի հազար մարդ համակ ուշադրություն դարձած լսում էր էկրանից իրեն դիմող կինոհերոսներին.

Велика Россия, да отступать некуда, позади Москва.

- Жди меня и я вернусь, только очень жди...

- Скажи, что любишь меня...

- Не уходи, мой дружочек, сердце сохнет без тебя...

- Москва слезам не верит...

- Все девчата с парнями, только я одна...

- А я ждала и верила сердцу вопреки...

- Ой, Самара городок, беспокойная я, беспокойная я, успокой ты меня...

- Восток дело тонкое...

- Ларису Ивановну хочу...

- Комсомолка, спортсменка и наконец красавица...

Բոլոր արտասահմանյան ֆիլմերը թարգմանվում էին ռուսերեն, այդ գործը տրված էր բարձրորակ մասնագետների, դերերի կրկնօրինակումը կատարում էին կինոյի եւ թատրոնի անվանի դերասաններ: Եվ եթե հանկարծ տիտրերում հանդիպում էր հայկական ազգանուն, ապա ամբողջ դահլիճը ծափահարում էր: Հաղթության դափնին առավել հասնում էր մոսկվայաբնակ հայ դերասան Արտյոմ Կարապետյանին: Ում ասես իր դերասանական երկարատեւ գործունեության տարիներին չի կրկնօրինակել Արտյոմ Կարապետյանը, երեւանյան հանդիսատեսի սիրելին:

Դե, բնականաբար, օտար ֆիլմերին զուգահեռ ռուսական եւ ՍՍՀՄ երկրների բոլոր ֆիլմերը էկրան էին դուրս գալիս նույնպես ռուսերեն: Շատ հաճախ երաժշտական ֆիլմերն ու օպերա-ֆիլմերն էլ էին թարգմանվում ռուսերեն:

1960-ական թվականների կեսերից «Հայֆիլմում» սկսեցին լավագույն ռուսական ֆիլմերը կրկնօրինակել: Հենց առաջիններից մեկը այդ գործով սկսեց զբաղվել հայրս, որը 1935 թվականից աշխատում էր «Հայֆիլմում», իսկ 1965-ից մինչեւ 1985 թվականը ֆիլմերի կրկնօրինակման (дубляж) ռեժիսոր էր: Այս բնագավառում նրա լավագույն աշխատանքն էր «Կովկասյան գերուհին», ուր նշանավոր Товарищ Саахов-ին (դերասան Էտուշ) կրկնօրինակել է անմոռանալի Մամիկոն Գեւորգյանըՙ Սունդուկյանի անվան թատրոնի երբեմնի տնօրենը: (Այսքանը որպես ծանոթություն ֆիլմերը հայերեն թարգմանելու առաջներում եղած պրակտիկայից):

Իսկ հիմա կրկին վերադառնանք կինո «Մոսկվայի» դահլիճ:

Կինո «Մոսկվան» ուներ երկու դահլիճ` առաջինը (մեծը) եւ երկրորդըՙ մի քիչ փոքր: Ֆիլմերը ցուցադրվում էին երեկոյան ժամերինՙ 18.00, 20.00, 22.00 եւ 17.00, 19.00, 21.00: Երկսերիանոց ֆիլմերն ունեին իրենց առանձին ժամանակացույցը:

Վայ այն կինոմեխանիկին, որի աշխատանքի ժամանակ հանկարծ կինոժապավենը կտրվեր կամ այն թարս դրած լիներ: Ինչպես հսկայական ստադիոնում, այնպես եւ այս դահլիճում, մեկեն բոլորն աղաղակում էինՙ «Փինաչի», «Ռամկա», «Сапожник», «Механика на мыло»: Եվ հաշված վայրկյաններում սխալը պիտի ուղղվեր: Իմիջիայլոց, ցերեկային սեանսները ավելի հանդարտ էին ընթանում, իսկ երեկոյան ժամերին հանդիսատեսը չգիտես ինչու ավելի ագրեսիվ ու պահանջկոտ էր: Ռեպլիկները անդադար էին դառնում մանավանդ էկրանին ցուցադրվող սիրո տեսարանների ժամանակ: Թեեւ դրանք մեր օրերի ֆիլմերի համեմատ այնքան զուսպ էին եւ անմեղ, բայց չմոռանանք ի՜նչ տարիներ էին եւ ի՜նչ երկրում էինք ապրում: Ահա էկրանին Սոֆիա Լորենը համբուրվում է Մարչելլո Մաստրոյանիի հետ: Եվ դահլիճի այս ու այն կողմից լսվում էին զանազան` դաստիարակչական ցենզին համապատասխան արձագանքներՙ «Տաք-տաք պիրաշկի», «Ատամը հանեց», «Сорук» եւ իհարկե միահամուռ «Горько»-ն:

Կինո «Մոսկվան» կինո «Մոսկվա» չէր լինի, եթե չլինեին այդ կենդանի ռեպլիկները, երեւանյան կինոհանդիսատեսի յուրօրինակ «հատկանիշները»: Եվ պետք է ասել, որ, օրինակ, կինո «Նաիրիի» հանդիսատեսը ավելի զուսպ էր եւ կիրթ: Այնտեղ էլ դահլիճը լուռ չէր, բայց ոչ այդքան բուռն եւ անմիջական:

Կինո «Մոսկվայի» դահլիճն ուներ եւ իր բույրը. դա զարմանալի խառնուրդ էր կանացի «Красная Москва» եւ տղամարդկանց «Шипр» օծանելիքների, պուդրայի եւ քաղցրահոտ էժան օդեկոլոնների: Թեեւ մարդիկ կինո «Մոսկվա» (մանավանդ երեկոյան սեանսներին) հատկապես պատրաստված էին գալիս, հագնում էին իրենց լավագույն զգեստները, իսկ կանայք օգտագործում էին իրենց լավագույն օծանելիքները: Բայց ի՜նչ կարող էր հայ կինը մեր «ունիվերմագի» ՁԻ բաժնում ձեռք բերել ավելի, քան «Свобода» ֆաբրիկայի արտադրած «Красная Москва» օծանելիքը (որն, ի դեպ, շատ դուրեկան հոտ ուներ): Եվ այն ոչ բոլորին էր մատչելի բարձր գնի պատճառով (50 ռուբլիՙ մինչեւ 1961 թվականը): Բայց էլի շատ հաճելի էր, երբ կինո «Մոսկվայում» հանդիպում էիր գեղեցիկ կանանց, եւ մեզՙ 15-18 տարեկան տղաներիս ուշադրությունը ավելի շատ գրավում էին ոչ թե հասակակից աղջիկները, այլ գեղեցիկ կանայք, որոնք կարծես այլ աշխարհից լինեին: Իրենց գեղեցիկ երկարավուն զգեստներով, բարձրակրունկ լաքապատ սեւ կամ կարմիր կոշիկներով, ձեռքի գեղեցիկ, փոքր պայուսակներով, շքեղ սանրվածքով, այն տարիներին գերակշռողը հայուհիների համար մազերի սեւ գույնն էր, ճաշակով շպարված, խնամված դեմքերով, սեւ ու խորունկ աչքերով, որոնք զարմանալի մրցման մեջ էին վառ կարմիր շրթներկ քսած իրենց իսկ շուրթերի հետ... Երեւանյան գեղեցկուհիների սիրելի վայրն էր կինո «Մոսկվան»: Որքա՜ն չգրված սիրո վեպեր են այնտեղ կայացել կամ թե մնացել «Կորսված անուրջների» եւ «Խաբված երազների» տիրույթում...

Այո, կինո «Մոսկվա». ամեն քաղաք մի կինո «Մոսկվա» ունի իր պատմության մեջ:

Մարդիկ կինո «Մոսկվա» էին գնում սովորաբար կա՛մ ընկերներով, կա՛մ ամուսնական զույգերով, այստեղ ոչ մի երեւանցի չէր գա այսպես ասած իր «սիրածի» հետ, քանզի քաղաքը փոքր էր, եւ այդ լուրը տվյալ համարձակ տղամարդու տիկինը շատ շուտ կիմանար եւ այլեւս նրա ձեռքից պրծում չէր լինի: Եվ եթե տղան աղջկա հետ էր գնում կինո «Մոսկվա», ուրեմն դու քաղաքի այս նշանավոր հասարակական վայրում հաստատում ես քո ապագա ընտրությունը, սա էլ նշանվելու պես մի բան էր: Կրկնակի ծանր էր դրությունը աղջիկների համար: Եթե մի աղջիկ այսօր սիրտ աներ գալ մի տղայի հետ, իսկ վաղը` մեկ ուրիշի, կասեին այդ աղջիկը «ման եկող է»: Ուրեմն մեր աղջիկները մեծ մասամբ չէին հանդգնում տղայի հետ կինո գնալ մինչեւ ձեռքն ուզելը: Ուրիշ բան էր, երբ գնում էին չորս-հինգ հոգանոց խմբով. դե արի գլուխ հանիր: Այնպես որ, կինո «Մոսկվան» էլ ուներ իր չգրված օրենքները: Դրանցից մեկն էլ այն էր, որ դահլիճում չէր կարելի ծխել, չէր կարելի հարբած վիճակում մտնել դահլիճ, սա ո՛չ ռեստորան էր, ո՛չ էլ բուֆետ: Եթե չեմ սխալվում, կինո «Մոսկվայում» միակ ոգելից խմիչքը, որ վաճառվում էր, դա հենց նշածս կաֆեում երկարավուն գավաթների մեջ լցրած «Սովետական շամպայնն» էր, որն, ի դեպ, շատ էր սիրում Պարույր Սեւակը:

***

Յուրահատուկ ճարտարապետական կառույց էր կինո «Մոսկվան» թե՛ արտաքինից, թե՛ ներսից: Մարդ եթե անցնում էր կինո «Մոսկվայի» կողքով, ակամա հայացքը գցում էր շենքին: Այդ «խորհրդային մոդեռնի» ոճով կառուցած շենքի հեղինակներն էին տաղանդավոր ճարտարապետներ Տիրան Երկանյանը եւ Գեւորգ Քոչարը: Ի դեպ, Գեւորգ Քոչարը 1937 թվականին ձերբակալվում եւ աքսորվում է Նորիլսկ, եւ գծում է այդ քաղաքի գենպլանը, որը լավագույնն է ճանաչվում ողջ Հեռավոր Հյուսիսում: Կինո «Մոսկվան» կառուցվել է 1935-36 թթ. Սուրբ Պողոս-Պետրոս քանդած եկեղեցու տեղում: Երկար ժամանակ կինոթատրոնի առջեւի հրապարակում դրված էր փարիզահայ տաղանդավոր քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանի հեղինակած Խ. Աբովյանի արձանը, որը նայում էր դեմքով դեպի ռուսական թատրոնը: Սա մեր քաղաքի մինչպատերազմյան շրջանի այն բնույթի շինություններից էր, ինչպես օրինակ Կենտրոնական Ունիվերմագը, Պետբանկը, «Երեւան» հյուրանոցը, Հայպետհրատը, բնակելի շենքը Պարոնյան փողոցի, որոնք անմիջապես տպավորվում են մարդու հիշողության մեջ: Կինո «Մոսկվայի» յուրաքանչյուր ճարտարապետական մասնիկը արձագանքում են իրար, լրացնում, շենքը շատ օդային է, թեթեւ, անբռնազբոսիկ, հենց արտաքին տեսքից երեւում է, որ սա ուրախության, տոնի վայր է: Մուտքի հյուրընկալ կիսակլոր աստիճանները, նուրբ ու գրավիչ բազալտե սյուները, մեծադիր ապակեպատ դռները, լուսաշատ եւ թեթեւ, մանավանդ մոդեռնին հատուկ շենքի վերին հարկի ռոմբաձեւ թեք պատուհանները: Այս պատուհանները, իրոք, շատ բնորոշ են կինո «Մոսկվային», դրանք ասես նոր շունչ էին տալիս շենքին: Եվ կարծես ուրիշ ոչ մի տեղ Երեւանում չկային:

Շարունակելի 2/3

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 24-07-2015

AZG Daily #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ