RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 21-08-2015



Տեղադրվել է` 2015-08-20 22:02:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 599, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՆԱԺԻ ՆԱԱՄԱՆ. ԳՐՔԻ ԵՎ ԲԱԶՄԱԶԳ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՐԴԸ

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Լրագրող
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
Հատուկ` «Ազգ»-ի համար

Բեյրութից մի քանի տասնյակ կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Ջունի քաղաքը իմՙ հաճախ Լիբանան այցելող հայաստանցուս համար եղել է ծով գնալու հարմար վայր: Միջերկրականի ջուրը եւ լողափը այստեղ համեմատաբար մաքուր է, քաղաքի բնակչությունը գերազանցապես արաբ քրիստոնյաներ են: Ջունին գողտրիկ բնակավայր է, որտեղ կողք կողքի ապրում են հինն ու նորը: Երկհարկանի, կղմինդրե տանիքներով ծածկված տների հարեւանությամբ վեր են խոյանում բարձրահարկերը: Նեղ, բայց քայլելու հարմար փողոցների վրա բաց սրճարաններ են: Հուլիսի 21-ի շոգ ու խոնավ կեսօրին լիբանանահայ Գրիգոր Դաքեսյանի հետ Ջունի էինք գնում հանդիպելու մի մարդու, որին չէի ճանաչում, սակայն լսել էի, որ հայերի մասին գրքեր է հրատարակում:

Այդ մարդու անունը Նաժի Նաաման էՙ գրող, հրատարակիչ եւ բազմազգ մշակույթը տարածող մտավորական: Հանդիպումից օրեր առաջ Դաքեսյանը ինձ նվիրել էր Նաամանի գրքերից մեկըՙ հավանաբար ամենից հատափորըՙ «Հարյուր ... եւ շարունակվում է ցեղասպանությունը»: 500 էջանոց այս գիրքը արաբերեն է, սակայն բովանդակությունը հասկանալի է, եթե անգամ արաբերեն տառ ու բառ անգամ չգիտես:

Ընդարձակ առաջաբանից հետո Նաամանը գրքում ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին ոչ հայ նշանավոր գործիչների վկայություններն ու մեջբերումները: Եթե այդ գործիչը ֆրանսիացի է, ապա մեջբերումը արված է ֆրանսերենով, իսկ հետո տրված է արաբերեն թարգմանությունը:

Հատորում առաջինը հանդիպում է Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարակ Օբաման: Նրանից ներկայացվել է մի քանի մեջբերում, այդ թվում, երբ Օբաման սենատոր էր: Գրքում ներառվել են հարյուրավոր հանրաճանաչ մարդիկ, որոնց շարքում Ժորժ Կլեմանսոն, Յասեր Արաֆաթը, Գամալ Աբդել-Նասերը, Ռոնալդ Ռեյգանը, Ջեմալ փաշան ու նրա թոռ Հասան Ջեմալը, Վալերի Բրյուսովը, Նիկոլա Սարկոզին, Օրհան Փամուկը, Թաներ Աքչամը, Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը, Մարիա Ջակոբսոնըՙ «Մամա»-ն, Արմին Վեգները եւ այլ նշանավոր անուններ:

Այս գիրքը հանրամատչելի է եւ ունի նաեւ հանրագիտարանային նշանակություն, քանի որ ամփոփում է Հայոց ցեղասպանության մասին ոչ հայ նշանավոր գործիչների գրեթե բոլոր վկայությունները: 100-ամյակի տարում լույս տեսած այս հատորըՙ «Հարյուր... եւ շարունակվում է ցեղասպանությունը», կարեւոր ներդրում է Հայոց Մեծ եղեռնի մասին արաբական աշխարհինՙ նոր սերնդին, իրազեկելու տեսանկյունից:

Նաժի Նաամանը հայության եւ հայկական աշխարհի մասին նախկինում այլ գրքեր էլ է հրատարակել, այդ թվումՙ Գեւորգ ծայրագույն վարդապետ Եղիայանի «Օրեր եւ տեսիլներ», Իգնատիոս Մալոյանի «Մարդը, նահատակը եւ երանելին», «Քրիստոնեաները արեւելքի թթխմորն ու գինին» հատորները:

Նաամանիՙ ճաշակով ձեւավորած գրասենյակը Հայ կաթոլիկ եկեղեցուՙ Զմմառի միաբանությանը պատկանող շենքերից մեկի երկրորդ հարկում է: Նրա հետ կարճ զրույցից հետո համոզվում ես, որ այս մարդը ծնվել է գրքեր հրատարակելու եւ դրանք անվճար բաժանելու, ժողովուրդների մշակույթը տարածելու համար: Նրա ստեղծած ոչ կառավարական կազմակերպությունը, որ շահույթ չի հետապնդում, կրում է «Նաժի Նաամանի անվճար մշակույթի հիմնադրամ» անունը: Նաամանի նշանաբաններից էՙ «Մշակույթը չի կարող գնվել կամ վաճառվել», կամՙ «Ազատ եւ բաց մշակույթը խաղաղություն է կերտում»:

Դեպի Միջերկրականը նայող գրասենյակի սենյակներից մեկը Նաամանը նվիրել է ծնողներին: Նրա հայրը եղել է բանաստեղծ, թարգմանիչ, իսկ մայրը` գրականության գիտակ: Մեկ այլ սենյակ հատկացվել է այն գրողներին ու հեղինակներին, ովքեր Նաամանին են փոխանցում իրենց հրատարակած բոլոր գրքերըՙ ամբողջական հավաքածուն: Գրասենյակի ամենամեծ հատվածումՙ ընդունարանում, կազմակերպվում են շաբաթական քննարկումներ, որոնց հրավիրվում եւ մասնակցում են գրողներ, հրատարակիչներ, դիվանագետներ, դասախոսներ, լրագրողներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ: «Չորեքշաբթի» անունը կրող այս բաց երկխոսության ընթացքում ծնվում են նոր գաղափարներ ու մտահղացումներ:

Նաամանը հեղինակել եւ հրատարակել է տասնյակ անուն հատորներ բազմաթիվ լեզուներով, այդ թվումՙ հայերեն: Նա հրատարակում է գրքեր նշանավոր մարդկանց, հանրաճանաչ հասարակական եւ մշակութային գործիչների մասին, արաբական գրականություն, բառարաններ: Այդ հատորները նա անվճար տրամադրում է բոլոր նրանց, ովքեր հետարքրված են: Նրա գրասենյակի մուտքի մոտ դրված է մի գրադարակ, որտեղից կարող ես վերցնել գրքերըՙ առանց հարցնելու եւ մտնելու է «Նաժի Նաամանի անվճար մշակույթի հիմնադրամ»-ի գրասենյակ:

2013-ին Նաամանը նախաձեռնել է «Գրողների թանգարան-մատնադրոշմ» ծրագիրը, որի էությունը հետեւյալն է. աշխարհի որեւէ գրող կարող է Ա 4 ձեւաչափի թղթի վրա իր ձեռագրով գրել իր ստեղծագործություններից մի փոքրիկ հատված, դրա տակ դնել իր մատնադրոշմը ու ուղարկել Նաամանի հիմնադրամ:

Նաժի Նաամանը, ով փոքր տարիքից շփվել է հայերի հետ, երբեք Հայաստանում չի եղել: Մեր զրույցի ընթացքում նա ասաց, որ այս աշուն պատրաստվում է գալ, տեսնել եւ զգալ քրիստոնյա Հայաստանը:

Ես եւ Գրիգոր Դաքեսյանը Նաժի Նաամանին հրաժեշտ տվեցինք կրկին հանդիպելու պայմանավորվածությամբՙ Հայաստանում կամ Լիբանանում: Նա մեզ նվիրեց իր հրատարակած հատորներով երեք տրցակ: Այս գրքերից մեկըՙ «Հարյուր... եւ շարունակվում է ցեղասպանությունը» հատորը, այսօր իմ գրասեղանին է եւ տեղ է զբաղեցնելու ընտիր գրքերից կազմված իմ անձնական փոքրիկ գրադարանում:

Ջունի (Լիբանան)-Երեւան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 21-08-2015

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ