RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 02-10-2015



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2015-10-01 21:01:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1388, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՆԱԳՈՒՅՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ

Նաիր ՅԱՆ

Հայկական լեռնաշխարհում հնագիտական արշավախմբերի ուսումնասիրությունների ու պեղումների արդյունքում ուրարտական ժամանակաշրջանին թվագրվող շերտեր հաճախ են հայտնաբերվել: Ինչ վերաբերում է նախաուրարտական ու հատկապես հետուրարտական շրջաններին, համապարփակ հետազոտություններ դեռեւս չեն կատարվել, հետեւաբար այդ ժամանակահատվածների պատմամշակութային նկարագիրը մենք չունենք: Սա հնագիտության ու պատմագրության ամենակնճռոտ ժամանակահատվածն է, որի ընթացքում Երվանդունիների թագավորությունն է կազմավորվել:

2014 թվականին հայ-իտալական արշավախումբը մասնավոր անձանց հովանավորությամբ Սեւանի ավազանում պեղումներ է սկսել. աշխատանքները շարունակվել են նաեւ այս տարի: Ծովինար գյուղի մոտակայքում, որը հայտնի է Օձաբերդ անունով, դեռ նախորդ դարում հետուրարտական շերտեր են հայտնաբերվել, սակայն մինչեւ վերջ չեն բացվել ու բացահայտվել: Դեռեւս 19-րդ դարակեսին ազգագրագետ, պատմաբան Երվանդ Լալայանը, 1934-ին հնագետ Բորիս Պիատրովսկին են հետաքրքրվել հողի շերտերում թաքնված ուրարտական եւ վաղբրոնզեդարյան հնագիտական ժառանգությամբ: 1904 թվականի մի լուսանկար է պահպանվում, որտեղ հնագետ Սեդրակ Բարխուդարյանը, պարաններով կապկպված, իջնում է ժայռն ի վար: Ներքեւում Սեւանի ջրերն են: Այն ժամանակ լիճը մինչեւ ժայռն է հասնելիս եղել, ու հնագետը ստիպված վերեւից պարանով իջել է, որպեսզի ժայռի վրայի ուրարտական սեպագիր արձանագրությունը կարդա:

Հայ-իտալական արշավախումբն արդեն մեր օրերում պեղումների ժամանակ գրավոր վկայությունը կարդացել ու վերծանել է, իհարկե, ոչ էքստրեմալ պայմաններում, որովհետեւ լիճը տարիների ընթացքում բավականին հետ է քաշվել, ու ժայռի տակ վաղուց ցամաք հող է: Արձանագրությունը պատկանում է Ռուսա Առաջինին: Նա հիշատակում է իր նվաճումների մասին, մասնավորապես նշում, որ գրավել է այդ տարածաշրջանում գտնվող 4 եւ լեռներից այն կողմ տարածվող 19 երկիր: Արքան հիշատակում է, որ Ուրտեխե երկիրը միացրել է իր թագավորությանը, իսկ Ուրտեխեն պատմաբանների հավաստմամբ Արցախն է: Սա ամենավաղ հիշատակությունն է Արցախի մասին: Առհասարակ, այս արձանագրությունը հնագետներն ու պատմաբանները չափազանց կարեւոր են համարում, որովհետեւ այն մեկ անգամ եւս վկայում է մեր նախնիների հզոր պետականության, Հայկական լեռնաշխարհում բնիկ-տեղաբնակ լինելու, տարածաշրջանում իշխող, հեղինակավոր դեր ունենալու մասին: Պեղումների արդյունքներից պարզ է դառնում, որ գործ ունենք մի քաղաքակրթության հետ, որը պատկանում է Ք.ա. 10-6-րդ հազարամյակներին:

Եվս մի կարեւոր արդյունք. մեր երկրի տարբեր հատվածներում տեղի ունեցած պեղումների ժամանակ ամրոցներին կից տեղակայված բնակավայրեր հազվադեպ են հայտնաբերվել: Միջնաբերդեր, ամրոցներ շատ կան, բայց դրանց հարեւանությամբ հազարամյակներ շարունակ գոյություն ունեցած բնակատեղիներ շատ քիչ են հայտնաբերվել: Այնտեղ, որտեղ դարեր առաջ ապրել է հասարակ ժողովուրդը, ամբողջական ու լիարժեք պատկերացում է տալիս տվյալ ժամանակաշրջանի քաղաքակրթության մակարդակի մասին: Իսկ Օձաբերդի պարագային պեղումների արդյունքում հնագետներին հաջողվել է հստակ տարանջատել կողք-կողքի գտնվող միաժամանակ երեք տեղանքՙ ամրոց, միջնաբերդ ու բնակավայր: Երեքը միասին համապարփակ տեղեկություններ են հաղորդում նախաուրարտական, ուրարտական ու հետուրարտական ժամանակաշրջանների սոցիալական տարբեր շերտերի կենցաղավարության, քաղաքակրթության, ճարտարապետության, մշակույթի մասին:

Ամրոցին կից, փաստորեն, բնակավայր է եղել, որտեղ կյանքը եռացել է. մարդիկ հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվել: Հետազոտությունը հստակ տեղեկություն է տալիս, որ բնիկները նստակյաց կյանք են վարել: Հայտանբերվել են երեք տարբեր ժամանակաշրջանների շերտեր, որոնք ուղղակի հաջորդել են միմյանց: Մինչեւ ուրարտական թագավորության անկումըՙ (Ք.ա. 2-1-ին դարեր) այս բնակավայրը գոյություն է ունեցել: Փողոցներ, անցումներ, կիսակիկլոպյան շինություն, սենյակներ, նաեւ այրված, հրդեհի մատնված տարածքներ, կենդանիների, բույսերի մնացորդներ. պեղումների վերջնական եզրակացությունը մի քանի ամիս անց պարզ կդառնա, երբ գտածոների լաբորատոր ուսումնասիրություններ կատարվեն Հռոմի հեղինակավոր կենտրոններում: Կենդանաբանական եւ բուսաբանական ուսումնասիրությունները, հնագետների համոզմամբ, ամբողջական տեղեկություններ կհաղորդեն հատկապես հետուրարտական շրջանի պատմական շերտերի մասին:

Համագործակցությունն իտալացիների հետ հենց այդ նպատակն է հետապնդում, որպեսզի պեղված նյութերն Իտալիայում ուսումնասիրվեն. մեր երկրում տեխնիկական նման պայմաններով լաբորատորիաներ չկան:

Հայ-իտալական արշավախմբի համաղեկավար Միքայել Բադալյանն ու նրա գործընկերները սպասում են հետազոտությունների արդյունքներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 02-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ