RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 13-11-2015



Տեղադրվել է` 2016-01-17 20:37:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 900, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ ԼՌՈՂ ՊՈԵԶԻԱՆ

Նաիր ՅԱՆ

Գիրք կարդո՞ւմ եք, իսկ բանաստեղծություննե՞ր. պոեզիայի հոգեւոր պահանջի դեպքում շատերը վերընթերցում են դասականներին. «Մեկ է, դասականներից լավը չկա. փորձված թանն անփորձ մածունից լավ է»,- ասում ենք ու ձեռքներս գցում Թումանյանին, Չարենցին, Պուշկինին, Եսենինին:

Դասականըՙ դասական, բան չունենք ասելուՙ ծանրակշիռ են, թրծված, դարերի քննությունն անցած, բայց բնական է, չէ՞, որ ուզում ես մատդ դնել այսօրվա պոեզիայի զարկերակին, զգալ նրա տրոփյունը, հանգի ու ազատ հանգի տարբերությունը: Ուզում ես նոր շունչ զգալ, նոր բառամթերք համտեսել, ուզում ես, որ խորթ ու տարօրինակ, անգամ մի քիչ անթույլատրելի սահմաններ անցնել, նոր լեզվամտածողություն ու պատկերներ, նոր արտահայտչամիջոցներ բացահայտել, դրանց հեղինակին սիրահարվել ես ուզում:

Պոեզիա չեմ սիրում, իմն արձակն է: Չքարկոծեք. Սեւակ չեմ սիրում, իմը Համո Սահյանն է: Բայց պոեզիային տուրք չտալով հանդերձՙ հետաքրքրական է, թե ժամանակակից բանաստեղծներն ինչպես են ակոսում իրենց ճանապարհը: Իսկ դրա համար հարկավոր է հետեւել մեր գրական դաշտին, որտեղ հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ են տեղի ունենում: Ամեն գրքի ծնունդ բարձրացնում է հեղինակի գրական վարկանիշը, նրա «պոետական ուսադիրներին» նոր աստղ ավելացնում:

Երիտասարդ բանաստեղծ Նշան Աբասյանն օրեր առաջ իր երրորդ գրքի ծնունդը տոնեց: Մտերմիկ միջավայրում հավաքվել էին նրա գրչակից ընկերները, մտրիմներն ու հարազատները: Լինելով լրագրողՙ Նշանին շնորհավորելու էին եկել նաեւ նրա գործընկերները: Մշակութային ամենատարբեր նախաձեռնությունների պարագայում անգամ դժվար է պատկերացնել նման մտերմիկ, անկեղծ, առանց պաճուճանքների ու շինծու գովեստների հանդիպում, որպիսին Նշանի գրքի շնորհանդեսն էր: Նորատիպ «Ուրիշ լռություն» ժողովածուն իր ձեռքն առնելով ու առաջին իսկ բանաստեղծությունն ընթերցելովՙ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն իրեն հատուկ հրճվանքով ինքնաբուխ արտահայտվեց. «Էս ի՜նչ հետաքրքիր է. բառեր եւ ընթացք. ընթացքը շատ կարեւոր է արվեստում: Իրար ժխտող, իրար հետ չկապվող բաղաձայներ. այստեղ ձայնավորները չէ, որ գունավորում են բանաստեղծության մարմինը: Ռոմանտիկ շերտերը թանձրանում են, ու հակադրությունների շփումից գրականությունը շահում է: Մի տեսեք ինչքան մաքրություն ու պարզություն կա»:

Նշանն էլ իրեն հատուկ լռությամբ մատնեց, թե ինչքան զգացված է մաեստրոյի խոսքերից: Նա ուրիշների գրվածքների մասին կարող է ժամերով խոսել, գովաբանել, բայց երբ խոսքն իր մասին է, շատ բան չունի ասելու:

- Նշան, հիմա շատ տարածված դժգոհություն կաՙ գիրք չեն կարդում: Գաղտնիք չէ, որ ժամանակակից գրողները եւս չեն ընթերցվում, մարդիկ նրանց չեն էլ ճանաչում: Դու քեզ ընթերցված համարո՞ւմ ես:

- Մի հինգ տարի առաջ ես էլ էի նույն դժգոհությունը հայտնում, բայց հիմա հակառակն եմ ասումՙ ես ընթերցված եմ: Կա այն միջավայրը, որն ինձ գնահատում է, որտեղ բոլորը մեկը մյուսին հարազատ են: Դա գրական ընտանիք կոչվածն է, որտեղ բոլորը հավաքվում են, իրար գտնում, ավելի մտերմանում: Տեսեք, գրքիս շնորհանդեսի այս տոնն ինձ համար շատ կարեւոր է. գալիս են շատ հարազատ մարդիկ, ու ստեղծվում է ջերմ ու անկեղծ մթնոլորտ: Իմ ընկերներից, հարազատներից ջերմություն ու լույս ստանալովՙ ես այդ լույսը նորից նրանց եմ փոխանցում: Ի վերջո, գրողն ինչո՞ւ է ուզում ճանաչված լինել, որովհետեւ ուզում է սիրված լինել:

- Ճանաչվելու միջոցները շատ են, իհարկե, գրականությունը գովազդելն ու արդյունքի հասնելն, այնուամենայնիվ, դժվար է:

- Անկեղծ ասածՙ ես այդ ձգտումը չունեմ: Չեմ ուզում, որ բոլորը ճանաչեն ինձ: Ինչքան անհայտ ես մնում, այնքան գտնելու հիացումը մեծ է լինում: Քո մեջ անընդհատ նոր բան տեսնելու եւ բացահայտելու ցանկություն ես ունենում, չէ՞: Օրինակՙ ընկերներիցդ մեկը լավ հումոր, պատմելու մեծ շնորհք ունի, որով հիացրել է բոլորին: Մեկ էլ խնջույքի ժամանակ սկսում է շատ լավ երգել: Զարմանում ես. «Ո՞նց, դու երգե՞լ էլ գիտես»: Բացահայտման բերկրանքը պետք է չափաբաժիններով լինի:

Քանի որ իմ բանաստեղծությունները փոքրիկ են, վերջերս առաջարկ եղավ դրանք վերածել նկարազարդ գեղեցիկ պաստառների եւ գովազդային վահանակների նման փակցնել քաղաքի տարբեր անկյուններում: Եթե այդ առաջարկը տասը տարի առաջ ստանայի, կոգեւորվեի. դրանից է՞լ լավ բան. ճանաչում կբերեր ինձ: Բայց երբ պատկերացրի այդ պահըՙ իմ բանաստեղծություններըՙ պաստառներ, պարզեցի, որ մասսայականացում չեմ ուզում, որովհետեւ այդպես էժանանում, կոտրվում է բանաստեղծությունը:

- Հիշում եմՙ խորհրդային տարիներին ծնողներս հաճախ էին ինձ տանում ասմունքի երեկոների: Ասմունքի շնորհիվ շատ պոետներ ճանաչում ու հռչակ էին ձեռք բերում: Այսօր եվրոպական երկրներում ասմունքը զուգորդվում է կիթառի կամ ջութակի, կամ էլ ֆլեյտայի նվագակցությամբՙ դարձյալ ծառայելով պոեզիայի տարածմանը: Դու բեմական ընթերցման կարիքը չունե՞ս:

- Ասմունքը պոեզիայի տարածման ձեւերից մեկն է միայն, վիդեոպոեզիանՙ եւս: Բայց ասմունքի երեկոների համամետՙ վիդեոպոեզիան համացանցի միջոցով ավելի մեծ լսարան ունի: Ճիշտ ընտրված երաժշտության ու բնապատկերների համադրությամբ ներկայացվում են բանաստեղծությունները, բայց դերասանը ոչ թե ասմունքում է, այլ բնական հնչերանգով պոեզիա է կարդում: Իմ որոշ գործեր վիդեոպոեզիայի միջոցով ներկայացվել են. լավ արձագանքներ եղան: Այդ կերպ պոեզիան ինքն է թակում մարդկանց դռները: Բայց մի բան է, երբ որոշակի մատուցմամբ պոեզիան հնչում է էկրանից. դա հրաշալի է, սիրուն է, բայց մեկ այլ բան է, երբ պոեզիան թղթի վրա է, եւ հեղինակը դրա ընկալումը թողնում է ընթերցողին: Մեկ այլ խորք է բացվում, երբ քո սենյակում նստածՙ խաղաղ լռության մեջ սահում ես տողերի վրայով. մանավանդ իմ ձեռագրի դեպքում, երբ հանգավոր, որոշակի վերջավորությունների պարբերական կրկնություններ չկան, ավելի շատ բառի եւ լռության, ձայնի եւ դադարի, խոսքի եւ դրա բացակայության հարաբերություն է: Հաճախ ասում ենՙ ընթերցողն էլ է գրող. հաճոյանալու համար չի ասվում, այլ իսկապես այդպես է: Եթե ես գրում եմ ծաղիկ բառը, ընթերցողն ինքն է պատկերացնում, թե ինչպիսին է այդ ծաղիկը, ու նա դառնում է իմ համահեղինակը: Այդ առումով կամերային ընթերցանությունն ինձ համար անփոխարինելի է:

- Ներշնչանքի աղբյուր, մուսա. ի՞նչ բացատրություն ունես դրանց համար:

- Դրանց մասին հատորներ են գրվել: Փորձեմ պարզ ձեւակերպմամբ նշել հիմնական սկզբունքները: Հիացում եւ զարմանք: Քայլում ես փողոցով. մի դեպք, մի ծաղիկ, մի պատմություն անսպասելիորեն ու հաճելիորեն հիացում ու զարմանք է պատճառում քեզ: Կուտակում: Երբ մի ցավ, անարդարության զգացում ցավեցնում, վիրավորում է քեզ ու ժամանակի ընթացքում կուտակվելով, հասունանալովՙ ժայթքում է: Լինում են պահեր, երբ մարդն այնքան է հիանում իր գտածով, որ մոռանում է առաջ գնալ: Որպեսզի մարդը կարողանա մշտապես նորոգել իր միջի եղածը, պիտի կարողանա ինքն իրենից հրաժարվել:

Նշան Աբասյանի գրքերը տպագրվում են 400-500 օրինակով: Դրանց մեծ մասը նա նվիրում է: Անտեսել ենք, ստորադասել գիրք գնելու մշակույթը: Ու դրա հիմնական պատճառն այն է, որ հոգեւոր արժեհամակարգ այլեւս չենք կրում. հրաժարվել ենք:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 13-11-2015

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ