RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 20-11-2015



ԳԵՐՄԱՆԻԱ

Տեղադրվել է` 2015-11-19 20:55:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1090, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԲԵՌԼԻՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՐԸ

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ, Արվեստագիտությունների թեկնածու

2015-ի մայիսին ծրագրված մոտ երեքշաբաթյա հայկական մշակութային օրերը վերածվեցին ամիսներ շարունակվող մեծաթիվ միջոցառումների: Վերջինս «Հայ եւ եվրոպացի մասնագետների ասոցիացիայի»` ՀԵՄԱ-ի նախաձեռնությունն էր` հիմնականում Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով:

«Սկզբում մենք պլանավորել էինք Բեռլինում գերմանա-հայկական մշակույթային օրերն անցկացնել մայիսի 3-ից մինչեւ մայիսի 27-ը, սակայն պահանջարկն այնքան աճեց, որ մեր վարչությունը որոշեց այն երկրորդ մասով շարունակել սույն թվականի սեպտեմբերի 21-ից մինչեւ նոյեմբերի 2-ը: Այս անգամ վերստին հաճույքով համաձայնվեցին հովանավորությունը ստանձնել Գերմանական Բունդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդը եւ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու տիկին Կերստին Բոյերիխը: Իսկ գլխավոր հովանավորությունն իր վրա վերցրեց Գերմանիայի արտաքին գործերի գերատեսչությունը` ցուցաբերելով ֆինանսական բավականին հասուն օժանդակություն»,- մեզ հետ զրույցում պատմեց ՀԵՄԱ նախագահ Միքայել Մինասյանը :

Հայկական մշակութային օրերի շրջանակներում Բեռլինի տարբեր կառույցներում տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ: Գերմանացի հանրությունը դիտեց եւ վայելեց հայ գեղանկարչություն, երգ ու պար, թատրոն, բալետ, հոգեւոր երաժշտություն, դասախոսություններ տարբեր թեմաներով, գրական ներկայացումներ, բանախոսություններ եւ անգամ հայկական խոհանոց:

Միջոցառումներին մասնակցեցին մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ, նախկին եւ ներկա դեսպաններ, հոգեւորականներ եւ բազմաթիվ գերմանացիներ ու հայկական համայնքների ներկայացուցիչներ:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակումը ամբողջ աշխարհում, իսկ մեր պարագայում այստեղՙ Գերմանիայում, գերմանացիների եւ հայերի համատեղ ջանքերով, չէր կարող չունենալ իր ազդեցությունը անկեղծ հողի վրա բարեկամության եւ փոխադարձ համակրանքի խորացման համար: Մայիսին միջոցառումների բացման օրվա գագաթնակետը կազմեց Բեռլինի Հայ առաքելական եկեղեցու հովիվ Տեր Գնել Գաբրիելյանի եւ Ավետարանական եկեղեցու պատվելի տիկին Սափնա Յոշիի համատեղ էկումենիկ աղոթքըՙ նվիրված 1915-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»,- նշում է պրն Մինասյանը:

Նույն օրը հանդիսատեսը մասնակից եղավ «Կոչ միասնության» երգի պրեմիերային, որը հեղինակ Սրբուհի Մարտիրոսյանի ստեղծագործական մտքով հայ նորագույն պատմության ակնարկային ընթացքն է ներկայացնում:

Հանդիսատեսն աշխույժ հետաքրքրություն դրսեւորեց հատկապես մշակութային օրերը եզրափակող միջոցառումանը: Երեկոյի բանախոսները ժամանել էին Հայաստանից: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը հանդես եկավ դասախոսությամբ` «Փաստերի եւ ականատեսների վկայությունների հիման վրա 21-րդ դարում ցեղասպանական հանցանքների կանխարգելիչ միջոցառումներ» թեմայով:

Ըստ բանախոսի, այս հարցում մեր կողմի անելիքը համաշխարհային հանրությանը իրազեկելն է: «Հայության ֆիզիկական բնաջնջման վտանգը դեռ չի վերացել: Հատկապես օրեցօր սրվում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ ճանաչելու Արցախի հայության ինքնորոշման իրավունքն, այլեւ ավելի ու ավելի է հակվում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ավանդական մեթոդներին: Ուստի Արցախում եւ հայկական այլ տարածքներում առաջիկայում ցեղասպանական նոր քայլերը կանխելու համար կենսական անհրաժեշտություն է խնդրի շուրջ համաշխարհային հանրության իրազեկումը, միջազգային ջանքերի օգտագործումը եւ Արցախի հայության ազատ ապրելու իրավունքի հարգումը...», իր խոսքում նշեց պրն Մելքոնյանը:

Երեկոն իր բանախոսական շարունակությունը գտավ Հայաստանից ժամանածՙ Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ խաղաղապահ զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հայ խաղաղապահների առաքելության մասին զեկույցով, որի նպատակներից մեկն է առաքելության երկրներում կանխարգելելու ցեղասպանական հանցարարքները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 20-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ