RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-26 21:30:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1220, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԲԵՄՈՒՄ ԵՎ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Նաիր ՅԱՆ

«Ես կարող էի եւ չծնվել...ծնվեցի»:

Ծնվեց, որ փարատի մանկահասակ որդի կորցրած, արեւմտահայ վաղուց արդեն ոչ երիտասարդ ծնողների ցավը: Ծնվեց Ռումինիայում: Անունը դրեցին Վարդուհի: Դեռ մանկուց զգաց որբության դառը համը. հորը կորցրեց: Հետո նավն ու գնացքը իրեն, մորն ու ավագ քրոջը բերեցին Հայաստան: Հեռվից Հայաստան բառը քաղցր էր հնչում, մինչդեռ հայրենադարձ ընտանիքները, ոտք դնելով այստեղ, առաջին իսկ պահից հիասթափվում էին. սով, սոցիալական ծանր վիճակ, բնակարանային սարսափելի պայմաններ, իսկ ստալինյան վարչակարգի ճնշումներն ու հալածանքները շատերին հասցնում էին Սիբիրՙ «ժողովրդի թշնամի» պիտակով:

Վարդերեսյանների ընտանիքը սկսեց ապրել հայաստանաբնակների նման ծանր, վախով ու սարսափով լի կյանքով: Քույրերից կրտսերըՙ Վարդուհին, մի փափագ ուներՙ դերասանուհի դառնալ: Բեմական սանդուղքի սկիզբը Նուբարաշենի թատրոնը եղավ. Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսումՙ Մարգարիտ: Ցերեկը խաղում էր, իսկ գիշերը չքավորության ճիրաններից դուրս պրծնելու համար կոշիկի երեսներ կարում:

Երիտասարդ աղջիկը հաստատակամորեն վճռել էրՙ բեմն իր համար է, ինքըՙ բեմի: Այդ որոշումով էլ ընտանիքով տեղափոխվեց Գյումրի, որը երկրորդ հանգրվան դարձավ ռումինահայ հայրենադարձների համար: Վարդուհուն քայլերը տարան դեպի Գյումրու դրամատիկական թատրոն: Գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Աբարյանը հավանեց աղջկա խաղը եւ վստահեց առաջին դերերը:

Սկսնակ դերասան Մհեր Մկրտչյանը սիրահարվեց Վարդուհուն: Մի գիշեր էլ արծաթ լուսնի շողերի ներքո սիրած աղջկա պատուհանի տակ սերենադ նվագելու փոխարեն ընկերոջըՙ դերասան Արտավազդ Փաշայանին «Լուսնյակ գիշեր, բոլորովին քուն չունեմ»-ը երգել տվեց, բայց Վարդուհու սիրտը նվաճել չկարողացավ: Գեղեցկուհու ընտրյալը Ֆրունզը չէր, այլ նույն թատրոնի մեկ ուրիշ դերասանՙ Գեւորգ Աբաջյանը, որը հետո թողեց բեմն ու զբաղվեց թատերագիտությամբ:

«Գյումրին այն հողն էր, ուր արմատակալել, կանաչել էի ես: Իմ կյանքի հեքիաթի պայծառ առավոտը բացվեց Գյումրիում, երգը հյուսվեց այնտեղ, բուն հեքիաթըՙ Երեւանում»,- անցյալը թերթելիս հիշում էր դերասանուհին:

Մայր թատրոնն անմեկնելի ուժով ձգում էր նրան: Այնտեղ էր Վարդան Աճեմյանը: Սունդուկյանի բեմում ու ֆիլմերում մեկը մյուսի հետեւից կերտվեցին դերերՙ Մարգարիտ («Պատվի համար» պիեսում եւ ֆիլմում), Մարգրիտ («Խաթաբալա»), Անույշ («Պաղտասար աղբար»), Թագուհի մորքուր («Կարինե» օպերետում), Մարթա («Մորգանի խնամին»), Նաստասյա Ֆիլիպովնա («Ապուշը»), Յոթծովիմերան («Հացավան»), Ռանեւսկայա («Բալի այգին»), Կարենինա («Անմեղ մեղավորներ)» ու էլի մի քանի տասնյակ դերեր: Սունդուկյանի բեմում իսկական բոհեմ էր, արտիստների աստղաբույլ, երանելի ժամանակներ, որ այլեւս չէին կրկնվելու. այստեղ էին Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը, Օլգա Գուլազյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Արուս Ոսկանյանը, Արման Կոթիկյանը, ինքնատիպ, տաղանդավոր, ուրույն ձեռագիր ունեցող էլի մի շարք արվեստագետներ:

1960 թվականին Վարդան Աճեմյանը բեմադրում է Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը: Մեք Գրեգերի դերում Հրաչյա Ներսիսյանն էր, Մարենՙ Արուս Ասրյանը, իսկ Ջոնիի դերում Վարդան Աճեմյանը պատկերացնում էր Վարդուհի Վարդերեսյանին: Ի դեպ, այս պիեսն առաջին անգամ բեմ է բարձրացել Նյու Յորքի «Գիլդ» թատրոնում 1939 թվականին: Մարեի դերը խաղացել է դերսանուհի Հեստեր Սանդերզանդըՙ այն էլ հայերեն: Իսկ Ջոնիին ամերիկացի տղա է մարմնավորել: Սարոյանը, երբ տեսել է Աճեմյանի բեմադրությունը, ասել է. «Իմ պստիկ գործեն Վարդան մեծ ու փառավոր բան մը շինած է»:

Երբ Վարդան Աճեմյանը Ջոնիի դերն առաջարկում է Վարդուհի Վարդերեսյանին, նա սպասում էր երկրորդ զավակին: Դերասանուհին, անդրադառնալով իր կյանքի այս փուլին, պատկառանքով ընդգծում էր Վարդան Աճեմյանի հաստատակամությունն ու նվիրվածությունը: Ռեժիսորը սպասում է այնքան, մինչեւ Վարդուհի Վարդերեսյանը մի քիչ մեծացնում է նաեւ իր երկրորդ որդուն: Ու երկու երեխաների մայրը վերջապես խաղում է մանչուկ Ջոնի: Եվ այդպես տասնյոթ տարիՙ տանսհինգամյա Ջոնի:

Վարդուհի Վարդերեսյանը հետո նաեւ իր գրքում է գրում «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման հետ կապված դիպվածների մասին: Որքան հարազատ էր նրան սարոյանական պիեսն ու իր իմաստուն Ջոնին, նույնքան այն միստիկ էր ու խորհրդավոր: Հրաչյա Ներսիսյանն ընդամենը մի քանի ներկայացում խաղաց: 1961-ին մահացավ: Այնուհետեւ Մեք Գրեգորի դերում բեմ բարձրացավ Վահրամ Փափազյանը: Այդ դերը կլանեց նրա վերջին ուժերը, վերջին ճիգերը: Վարպետի առողջական վիճակը լավ չէր: Նա երազում էր մեռնել հենց բեմի վրա, բեմական հանդերձանքով: 1967-ի տարեվերջին Փափազյանը վերջին անգամ բեմ բարձրացավ: «Մեռնի՛մ նե, պիտի՛ խաղամ: Ճիշտըՙ կուզեմ բեմին վրա մեռնիլ, հենց այս երեկո»,- ասել է Վարպետը: Խաղն ու իրականությունն ուզում էր նույնացնել:

Փափազյանը մի կերպ է խաղում ու ներկայացման վերջում գրեթե անշնչացած փլվում: Բեմից հնչում է. «Վկա է Աստված, որ նա մեր ժամանակների շեքսպիրյան ամենամեծ դերասանն էր»: Իսկ փոքրիկ Ջոնին բացականչում է. «Ոչ, ճիշտ չէ, նա խաղում է»: Վարդուհի Վարդերեսյանը հիշում է. «Այդ օրն իմ սիրելի իմաստուն մանչուկ Ջոնին բոլորովին ուրիշ կերպ գոչեց. «Ինչ-որ տեղ, ինչ որ բան սխալ է» սարոյանական թեւավոր արտահայտությունը: Փափազյանի երազանքը չիրականացավ, նա չմահացավ բեմի վրա, բայց այլեւս բեմ չբարձրացավ ու մի քանի ամիս հետո մեր հանճարեղ Վարպետը մահացավ»:

«Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը 1977-ին անմեղ գուժեց նաեւ Վարդան Աճեմյանի մահը: Դերսանուհին հիշում է, որ այդ երեկո բեմադրիչը սովորականի պես կենսախինդ չէր, ընդհակառակըՙ մռայլ ու թախծոտ էր: Օթյակից հետեւել է ներկայացմանը, իսկ լուսաբացինՙ մահացել:

Վարդուհի Վարդերեսյանն իր կյանքը հեքիաթ էր անվանում, ամեն դիպված, ամեն հանդիպում համարում ճակատագիր: Ճակատագրի կամոք էր, որ նրա ընտանիքը վերադարձավ Հայաստան, թեեւ դեպքերը հակառակ ընթացքով էին շարժվում, եւ ինքը, մայրն ու քույրը պատահականորեն են հայտնվում հայրենադարձների ցուցակում: Այդպես անկանխատեսելիորեն նրա անունը ջնջվում է աքսորյալների ցուցակից, որտեղ հայտնվել էր հազարավոր հայրենադարձ արվեստագետների ու մտավորականների հետ:

Արտիստուհին կրկնում էր, որ գոհ է իր կյանքից. դժգոհելու պատճառ չունի: Ապրել է ստեղծագործական, ընտանեական լիարժեք կյանքով, եղել երջանիկ կին, մայր ու հաջողակ դերասանուհի, վայելել իր բազմահազար հանդիսատեսի սերն ու համակրանքը, լավագույն ռեժսորների ու դերասանների հետ աշխատել: «Բախտս իսկապես բերել է, որ ապրել եմ այնպիսի ժամանակներում, երբ արվեստն ու արվեստագետը գնահատված էին: Շատերն են քննադատում, քարկոծում սովետական ժամանակաշրջանը, բայց ես ինձ բեմի վրա լիարժեք եմ զգացել հենց այդ տարիներին: Այդ տարիների հանդիսատեսը շատ ճաշակավոր ու գիտակ էր: Պիեսը խաղում էինք բեմի վրա, նա դահլիճից խոսքերը կրկնում էր մեզ հետ: Խաբել, կեղծել, գլուխ պահել չէր կարելի. անմիջապես կանվանազրկվեիր, որովհետեւ ինտելեկտուալ, զարգացած, կարդացած մարդկանց հետ գործ ունեիր: Իսկ հիմա ի՞նչ է: Ո՞վ է ինձ ճանաչում. քչերը, միայն միջին ու ավագ սերունդը: Իսկի ավագ սերունդ մնացե՞լ է որ: Ես չեմ ասում, թե գան թատրոնՙ ինձ, իմ խաղը տեսնելու: Ո՛չ, ի սեր Աստծո, դա չէ ասածս: Բայց թող գան, ներկայացում նայեն, թեկուզ չհավանեն, քննադատեն, սեւացնեն մեզ, բայց թող գան, գոնե գան, մի քիչ թատրոնին, արվեստին տեղյակ լինեն ախր»,-մեկ-մեկ դառնանում էր արտիստուհին:

Երբեմն քննադատաբար էր մոտենում իրեն: Ասում էրՙ չհաջողված դերեր էլ ունի, բայց չէր նշում, թե որոնք են: Ափսոսում էր, որ այդպես էլ շեքսպիրյան Ջուլիետ չխաղաց: Ափսոսում էր, որ կինոյում մնայուն դերեր չունեցավ: Մինչեւ վերջ էլ նեղացած մնաց Հենրիկ Մալյանից, որ «Կտոր մը երկինք» ֆիլմում Թուրվանտա քորոյի դերն իրեն չի տվել, այլ վստահել է վրացուհի Սոֆիկո Ճիաուրելիին:

Նա դերասանուհի էրՙ բառի բոլոր իմաստներով: Բեմից դուրս եւս կերպար ուներ, որ հաճախ բեմականին էր նման: Մենքՙ հայերս, սովոր ենք մեր դերասաններին առօրյա կյանքում տեսնելՙ որպես սովորական մարդ, սովորական քայլվածքով ու կեցվածքով, պահելաձեւով ու խոսելաձեւով, իսկ Վարդուհի Վարդերեսյանն իր մարդ-կին-քաղաքացու կերպարով համառորեն դարձյալ դերասանուհի էր, որին դժվար էր անկեղծության, անմիջականության մեջ բռնել: Իսկ բռնելու դեպքում նա այլեւս դերասանուհի չէր, բարեբախտաբարՙ ո՜չ: Դառնում էր նրբանկատ, սաստիկ փխրուն ու զգայուն, իր ժողովրդի ապրած դառնություններն ինքնակամ ճաշակող խոցելի մի արարած: Այդպիսին նա լինում էր հազվադեպ, բայց լինում էր: Նրա համար երեւի այդ ժամանակ էին մարում բեմի լույսերն, ու վարագույրը դանդաղ իջնում էր:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 27-11-2015

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ