RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-26 21:30:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1101, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 2

«ՆՐԱՆՔ ԱՐԺԱՆԻ ԷԻՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ»

«Չարտասանված Նոբելյան ճառեր». ֆիլմ, որտեղ ներկայացվում է արեւմտահայ չորս նահատակ մտավորականներիՙ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի եւ Ռուբեն Սեւակի ենթադրյալ Նոբելյան ճառերը` վավերական հիմքերով: Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ լրագրող, սցենարիստ Լեւոն Գալստյանի եւ ռեժիսոր Արթուր Բախտամյանի ՙ «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ընկերակցությամբ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի:

Արեւմտահայ հեղինակների կենսագրական ու ստեղծագործական փաստերը, նրանց մտորումները, ապրած ժամանակը, իղձերն ու հիասթափությունները ֆիլմում համադրված են համարժեք պատկերաշարով. վայրեր, որոնք ձեռք են բերում բոլորովին ուրիշ խորհրդանշական իմաստ ու նշանակություն:

Յուրաքանչյուր գրողի Նոբելյան ճառն ավարտվում է 1915 թվականին տվյալ հեղինակի նահատակության հանգամանքների պարզ ու հակիրճ արձանագրումով:

Գեղարվեստական հյուսվածքն ամբողջովին կառուցված է գրողների ստեղծագործության հիման վրա. նրանք խոսում են իրենց իսկ բառերով եւ նախադասություններով, եւ այդ ենթադրյալ ճառերը միահյուսված են մի տեղ, ու դառնում են նրանց յուրատեսակ փիլիսոփայական մանիֆեստը, ինչը պահանջում է Նոբելյան մրցանակաբաշխության կանոնակարգը:

«Այս գրողներն իրոք արժանի էին, որ ժամանակին ստանային Նոբելյան մրցանակ: Շատ կարեւոր է, որ այս նյութը հետագայում թարգմանվի, որն էլ կնպաստի դրա ավելի լայն տարածմանը: Կարծում եմ, որ այս նյութը, ինչու ոչ, կարելի է ուղարկել Նոբելյան կոմիտե, թող որեւէ մրցանակի չարժանանա, սակայն այս խոսքը համապարփակ ձեւով կներկայացվի այդ հարթակում: Այս ֆիլմը դեռեւս իր ճանապարհը կանցի եւ կհանգեցնի այն հետեւանքներին, որոնց մասին մեզանից յուրաքանչյուրն այսօր մտածում է»,-ֆիլմի դիտումից հետո ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը :

«Մենք պարտավոր ենք մեր հոգեւոր հարստության տերը լինել եւ դրանով զորանալ, մեր անցյալի ուժը մեզ վերադարձնելու, որպեսզի ավելի կենսունակ լինի մեր մշակույթն ու մշակութային գիտակցությունը: Մենք հիշեցնում ենք մարդկանց իրենց ունեցվածքի մասինՙ համազգային այդ հզոր ժառանգության մասին, որ կոչվում է արեւմտահայ գրականություն: Նրանց խոսքում արտացոլված է ե՛ւ ժամանակի լույսն ու ստվերը, ե՛ւ ցավը, ե՛ւ երազանքները. սա արդեն իրենց ճառի գրական հավատամքի բովանդակային բաղադրիչներ են: Ֆիլմի նպատակը բոլորիս եւս մեկ անգամ հիշեցնելն է, թե ինչ ունենք եւ ինչ ենք կորցրել, ընդ որում ոչ թե մենք, այլ նաեւ աշխարհը»,- ասաց ֆիլմի սցենարի հեղինակ, ՀՊՄՀ հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը:

Սցենարիստը նկատեց, որ այս ֆիլմով նաեւ լսարանի ուշադրությունն են հրավիրում տվյալ հեղինակների ստեղծագործությանն ու առհասարակ այդ ժամանակաշրջանին:

«Նրանցից յուրաքանչյուրը լիարժեք կարող էր կանգնել Ստոկհոլմի բեմում: Մենք ցույց ենք տալիս այն հետեւողական ու մեծագույն ոճիրը, որը տեղի է ունեցել եւ այն մեզ մի քանի տասնյակ տարիներով հեռացրել է համաշխարհային քաղաքակրթության մեջ երեւալու իրավունքից»,- ասաց ֆիլմի բեմադրող ռեժիսոր, ՀՊՄՀ դասախոս Արթուր Բախտամյանը:

Նկարահանումների աշխարհագրությունը շատ լայն է եղելՙ Սուրբ Փրկիչ հիվանդանոցից մինչեւ Իշխանաց կղզիներ, Սեւ ծովի եզերքին կառչած Սարիգյուղ ձկնորսական ավան, Կեդրոնական վարժարան, Հայ Կաթողիկե պատրիարքարան, Ղալաթիայի ոլորագլոր փողոցներով դեպի հնագրավաճառի խանութ եւ այլն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 27-11-2015

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ